Գրքեր

«Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի»

Հիշո՞ւմ եք այն կնոջը, որին ցանկանում էին սպանել ամուսնուն դավաճանելու համար, և Հիսուս ամբոխից պաշտպանում է նրան միայն մի խոսքով՝ ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա (Հովհ. 8:7): Եվ նույնիսկ գլուխը չի բարձրացնում՝ ավազին ինչ-որ նշաններ պատկերելով:

Եկեղեցու ավանդության մեջ ավետարանական այս հատվածի հետաքրքիր մեկնություն կա: Դրա համաձայն՝ Հիսուս մատով ավազին գրում էր մեղադրողներից յուրաքանչյուրի ծածուկ մեղքերը: Գրում էր կարճ, սակայն բացահայտվողի համար շշմելու աստիճան սարսափելի, որովհետև ըստ հուդայականության օրենքի՝ այդ մեղքերից ուրաքանչյուրի համար մահ էր սահմանված: Նիկոլայ Սերբացի սրբազանն այդ մասին գեղարվեստական պատումի ձևով էր պատմում. «Մեշուլամը եկեղեցու գանձերի կողոպտիչ է,- գրում էր Տերն ավազին:- Աշերը շնություն է գործել իր եղբոր կնոջ հետ: Շալունը երդմնազանց է: Եղեդը հորն է հարվածել: Ամարնաքը այրու ունեցվածքին է տիրացել: Մերարին սոդոմական մեղք է գործել: Հովելը կուռքերին է երկրպագել…

Եվ այդպես բոլորի մասին հերթով գրում էր ավազին Արդար Դատավորի մատը: Իսկ նրանք, ում մասին գրում էր, կռացած, անասելի սարսափով կարդում էին գրածը: Նրանց խնամքով թաքցրած բոլոր անօրենությունները, որոնք խախտում էին մովսիսական օրենքը, հայտնի էին Նրան, և ահա այժմ բացահայտված էին նրանց առջև: Նրանց շուրթերը հանկարծ լռեցին: Իրենց արդարությամբ հպարտացող անպատկառ ամբարտավանները, և այլոց մեղքերի ավելի անպատկառ դատավորները քարացած և լուռ կանգնած էին՝ ինչպես տաճարի սյուները: Նրանք դողում էին վախից՝ չհամարձակվելով նայել միմյանց աչքերին, մեղավոր կնոջ մասին չէին էլ հիշում: Նրանք միայն իրենց մասին էին մտածում, իրենց մահվան:

Նրա համար նողկալի էր Իր մաքրամաքուր շուրթերով հայտնել նրանց մեղքերը: Այդ պատճառով փոշու վրա էր գրում: Այն, ինչ այդքան կեղտոտ է, արժանի է կեղտոտ փոշու վրա գրվելու: Տերը ցանկանում էր միայն, որպեսզի նրանք մտածեին սեփական մեղքերի մասին: Ցանկանում էր հիշեցնել նրանց, որպեսզի սեփական անօրենությունների բեռի տակ կքած՝ այլոց մեղքերի դաժան դատավորները չլինեին: Որպեսզի մեղքով բորոտները չշտապեին ուրիշի բորոտությունը բուժել: Որպեսզի հանցագործ լինելով հանդերձ՝ դես ու դեն չհրեին ուրիշներին՝ նրանց ղեկավարելու համար:

Սա էր այն ամենն, ինչ Տերը ուզում էր: Եվ երբ Նա ավարտեց գրել, կրկին հարթեցրեց փոշին, և գրածն անհետացավ»:

Ստուգման արդյունքում պարզ դարձավ, որ «արդար» մեղավորները ոչնչով լավը չեն մեղավոր կնոջից, որի մեղքը զայրույթով բացահայտում էին:

Եվ կրկին նույն ավարտն է, նույն մեղմ, սիրով լցված խոսքը՝ Հիսուս, ցած նայելով և ոչ ոքի չտեսնելով՝ կնոջից բացի, ասում է նրան՝ Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց: Եվ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր: Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհ. 8:10, 11):

Ինչո՞ւ եմ այս ամենը գրում: Ախր սա մենք ենք… Այս ամենը մեր մասին է… Այս ամենը իմ մասին է… Այդ մե՛նք ենք բոլորին մեղադրում. ինքներս խրվել ենք մեղքերի մեջ, ուրիշների մեղքերը տեսնում ենք, իսկ մերը չենք նկատում: Հուսով եմ հասկանում եք, թե ինչ եմ ասում:

«Այնպե՜ս ջանասիրաբար եք ձգտում դատել այլոց մեղքերը: Սկսեք ձեզնից և ուրիշի մեղքերին հերթ չի հասնի»:

«Ով լսելու ականջ ունի, թող լսի»:

 

Քահանա Պյոտր Գուրյանով

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

08.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․