Գրքեր

Ձեր սիրո լույսը մի հանգցրեք

Մի կին գանգատվում էր հարևանուհուն իր ընկերուհուց, որն իրեն վիրավորել էր: Հարևանուհին էլ հանգստացնում էր նրան ու համոզում ներել ընկերուհուն:

- Ներե՞մ, այն ամենից հետո, ինչ նա արե՞լ է ինձ: Ոչ, չարիքը չի կարելի ներել,- ասաց կինը:- Եվ ընդհանրապես, ես ինչո՞ւ պետք է սիրեմ ինձ չսիրող մարդկանց, ինչո՞ւ պետք է բարիք գործեմ, երբ շուրջս բոլորը խաբում են, դավաճանում ու ստորություններ անում:

- Լավ, քեզ մի պատմություն կպատմեմ,- ասաց հարևանուհին:- Մի մարդ կար, որ մայր բնությանը խնդրում էր այնպես անել, որ գիշերները լուսավոր լինեն, որպեսզի մոմ չվառի և ձմռանն էլ տաք լինի, որ վառարան չվառի: Բայց բնությունն իհարկե չփոխվեց: Մարդն էլ բարկացավ ու որոշեց. «Այդ դեպքում գիշերները լույս չեմ վառի ու չեմ լուսավորի քեզ: Ձմռանն էլ վառարանը չեմ վառի, որ դրա ջերմությամբ քեզ չտաքացնեմ: Նույնիսկ տան դուռը կբացեմ, որպեսզի տանը ջերմություն չմնա և այնժամ կտեսնես, թե ինչպես կսառչես»:

- Ա՜յ քեզ հիմար,- ասաց կինը,- նա կարծում էր, որ իր լույսով բնությա՞նն էր լուսավորում, իսկ իր ջերմությամբ տաքացնո՞ւմ էր նրան սառնամանիքին: Իսկական ապուշ: Ախր դա առաջին հերթին հենց իրեն էր պետք:

- Այդ դեպքում դու ինչո՞ւ ես նույն բանն անում,- հարցրեց հարևանուհին:

- Ե՞ս,- զարմացավ կինը:

- Այո, դո՛ւ: Ինչո՞ւ ես քո սիրո լույսը հանգցնում, երբ շուրջդ խավարը թանձրանում է, և ինչո՞ւ սրտիդ օջախը չես վառում, երբ շուրջդ սառնություն է փչում մարդկային սրտերից: Մթության մեջ նստելուց և սպասելուց մինչ որևէ մեկը կլուսավորի քեզ, ավելի լավ չէ՞ ինքդ «լույսը վառես» և լուսավորես թե՛ քեզ, թե՛ ուրիշներին: Եվ սառնամանիքին նստելուց և սպասելուց մինչ ինչ-որ մեկը կջերմացնի քեզ, մի՞թե ավելի լավ չէ սեփական սրտի խարույկը վառել և դրա ջերմությամբ տաքացնել քեզ և այլ մարդկանց սրտերը, և այդժամ հնարավոր է, որ նրանց ջերմացած սրտերից այլևս նախկին սառնությունը չփչի:

 


Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

22.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․