Գրքեր

Դժվարին ժամանակներ են սպասվում

Այժմ Աստված թույլ է տալիս, որ մի լավ ցնցում ապրենք: Դժվարին ժամանակներ են գալու: Մեծ փորձություններ են մեզ սպասվում: Եկեք դրան լրջորեն վերաբերվենք ու սկսենք հոգևոր կյանքով ապրել: Հանգամանքները ստիպում են մեզ ու ստիպելու են հոգևոր կերպով աշխատել: Սակայն այդ հոգևոր աշխատանքը արժեք կունենա, եթե մենք այն ուրախությամբ կատարենք, ինքնաբուխ կերպով, այլ ոչ թե այն պատճառով, որ վշտերն են ստիպում: Շատ սրբեր կխնդրեին, որպեսզի մեր դարաշրջանում ապրեին՝ սխրանքներ գործելու համար:

Ես ուրախանում եմ, երբ ոմանք սպառնում են ինձ հետ հաշվեհարդար տեսնել, որ ես չեմ լռում ու խափանում եմ իրենց պլանները: Երբ ուշ երեկոյան լսում եմ, որ մեկը ցանկապատի վրայով իմ խցի բակն է թռչում, սիրտս սկսում է քաղցրությամբ բաբախել: Բայց երբ գիշերային եկվորները խնդրում են. «Հեռագիր է եկել, աղոթիր այսինչ հիվանդի համար», ապա ասում եմ ինքս ինձ. «Ահա թե ինչ: Ուրեմն էլի անհաջողություն է»… Ես չեմ հոգնել կյանքից ու այդ պատճառով եմ ասում, այլ որովհետև ուրախ կլինեմ Քրիստոսի համար մեռնել: Եկեք ուրախանանք, որ այսօր այդպիսի բարենպաստ հնարավորություն է ընձեռնվում: Մարտիրոսություն ցանկացողին մեծ վարձք է սպասվում:

Նախկինում պատերազմ էր սկսվում և մարդը գնում էր թշնամու հետ մարտչելու՝ իր հայրենիքն ու իր ազգը պաշտպանելու համար: Այժմ մենք հանուն հայրենիքի չէ, որ մտնում ենք պայքարի մեջ: Մենք կռվի ենք գնում ոչ թե նրա համար, որպեսզի բարբարոսներին թույլ չտանք այրելու մեր տները, անարգելու մեր քույրերին ու պատվազրկելու մեզ: Մենք չենք պատերազմում ազգային շահերի կամ ինչ-որ գաղափարախոսության համար: Այժմ մենք կռվում ենք կամ Քրիստոսի կողմից, կամ՝ սատանայի: Ուժերի դասավորությունը միանգամայն պարզ է, թե ով ում կողմից է: Օկուպացիայի ժամանակ հերոսանում էիր, եթե չէիր ողջունում գերմանացիներին: Այժմ հերոսանում ես, եթե սատանային չես ողջունում:

Այսպես, թե այնպես պետք է սարսափելի իրադարձությունների ականատեսը լինենք: Հոգևոր ճակատամարտեր տեղի կունենան: Սրբերն է՛լ ավելի կսրբանան, իսկ անմաքուրներն է՛լ ավելի կպղծվեն (Հայտ. 22:11): Ես մխիթարություն եմ զգում իմ մեջ: Մեզ ամպրոպ է սպասվում և մեր պայքարն արժեք ունի, որովհետև մեր թշնամին այժմ Ալի փաշան, կամ Հիտլերն ու Մուսոլինին չեն, այլ ինքը՝ սատանան: Եվ այդ պատճառով էլ մեր պարգևը երկնային պարգև է լինելու:

Թող Բարեգութ Աստված ամենայն չարիք ի բարօրություն գործադրի: Ամեն:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

23.11.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․