11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Եղիա մարգարե

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Հոգեգալուստի մեծախորհուրդ տոնից մեկ շաբաթ անց՝ հաջորդ կիրակին, մեր եկեղեցական սրբազան հայրերը հաստատել են որպես Թեզբացի Եղիա մարգարեի հիշատակության օր և ամենևին էլ ոչ պատահաբար: Այսօր մենք հիշատակում ենք մի փառահեղ արդարի, որը Սուրբ Հոգու ներկայության, Սուրբ Հոգու աստվածային շնորհների կենդանի մարմնավորումն էր:

Ըստ բացատրական բառարանների՝ մարգարեները ապագան տեսնելու աստվածատուր կարողությամբ օժտված մարդիկ էին, որ Աստծու կամքն էին հասցնում ու բացատրում մարդկանց: Այս հավատարիմների շուրթերով խոսում էր Աստված ու գործում՝ նրանց միջոցով: Սուրբ Հոգու անոթ ու տաճար դարձած այս մարդկանց կյանքը շատ բաներ ունի՝ մեզ պատմելու, քանի որ այսօր հենց մենք ենք այն մարդիկ, որ ստանձնել են շարունակելու առ Ամենակալ Աստված սիրո և հավատարմության ուխտի ճանապարհը: Ուստի մեծագույն երկյուղածությամբ և ուշադրությամբ հետևենք սուրբ Եղիա մարգարեի՝ երկինք տանող կյանքի պատմությանը՝ առավելագույն դասեր քաղելով բոցավառ հավատի մեծագույն օրինակներից մեկից:

Թվում է, թե Եղիա մարգարեն բավականին վաղուց է ապրել, որպեսզի նրա կյանքն այսօր հետաքրքրություն առաջացնի գլխապտույտ արագությամբ փոփոխվող այս դարաշրջանում. երեք հազար տարին իսկապես քիչ ժամանակ չէ, համաձայն եմ: Ժամանակը միշտ էլ անողոք է հասարակ մահկանացուների նկատմամբ և այսօր դյուրությամբ մոռանում ենք այն, ինչը դեռ երեկ ցնցող ու անմոռանալի էր թվում: Սա օրինաչափ է ժամանակի ենթակայության տակ գտնվող ժամանակավորի համար, սակայն անզոր է հավիտենականի ու աստվածայինի դեմ: Հենց այդ է պատճառը, որ Սուրբ Գիրքը՝ իր ուսուցումներով, պատմություններով ու կերպարներով հաղթականորեն անցնում է ժամանակների միջով՝ առանց վայրկյան իսկ խամրելու և հետաքրքրությունը կորցնելու: Իսկ երբ խոսքը Եղիա մարգարեի մասին է, ապա ասածս բազմապատկվում ու եռապատկվում է, որովհետև նրա կյանքի զարմանահրաշ պատմությունը Հին կտակարանով չի սահմանափակվում, այլ նրա ներկայությունը տեսնում ենք նաև Նոր կտակարանում, երբ վերջինս Մովսեսի հետ Թաբոր լեռան վրա է հայտնվում Քրիստոսի պայծառակերպության ժամանակ և Հովհաննեսի Հայտնության գրքում կրկին հայտնվում, այս անգամ ապագայում՝ նեռի ժամանակներում, սակայն ամեն անգամ միևնույն առաքելությամբ՝ վկայելու կենդանի ու ճշմարիտ Աստծու մասին և մարդկանց ապաշխարության կոչելու:

«Հնում հրեա ժողովուրդը զարդարված էր մարգարեական ծառայությամբ. արտ էր, որը մշակում էին մարգարեները: Սակայն այժմ նրանք զրկված են դրանից… Անպտուղ ազգին մարգարե-հողագործներ պետք չեն. անմտություն է իրենց մոտ պահել նրանց, որոնց Կանխագուշակածին իրենք խաչեցին…»,- ասել է սուրբ Հովհան Ոսկեբերանը: Եվ որքան էլ այժմ հրեա ժողովուրդն իր սինագոգերում, երեխաների թլպատության ժամանակ հատուկ բազկաթոռ դնի Եղիա մարգարեի համար՝ կարծելով, որ մեծն մարգարեն ներկա է բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ, միևնույն է, այն դատարկ պիտի մնա…

Եղիա մարգարեն առ Աստված հավատի անառիկ ամրոց է, նվիրումի անխորտակելի ժայռ և անկաշառ սիրո բոցաշունչ օրինակ Աստծու բոլոր նվիրյալների համար: Նա վաղ պատանեկությունից անապատ հեռացավ, զգեստավորվեց սուրբ և ճգնավոր կյանքի խիստ հանդերձանքով և երկրի վրա հրեշտակային կյանքով ապրեց՝ վանական ճշմարիտ կյանքի փայլուն օրինակ թողնելով սերունդներին: Աստծու այս մեծ նվիրյալն աստվածաշնչյան ասպարեզում առաջին անգամ հայտնվում է երրորդ և չորրորդ Թագավորաց գրքերում, այն ժամանակաշրջանում, երբ ըստ Սուրբ Գրքի՝ «Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա: [Եվ] Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջև առավել չար գտնվեց, քան իր բոլոր նախորդները» (Գ Թագ. 16:29, 30): Բացի այն, որ նա չար ու մեղավոր կյանքով էր ապրում, նաև կնության առավ կռապաշտ Հեզաբելին, ու սկսեց նրա հետ միասին պաշտել Բահաղ կուռքին՝ ժողովրդին էլ իր հետևից պղծության տանելով: Աբրահամի սերունդները, որ անցել էին Կարմիր ծովի միջով ու Ամենակալի ձեռքից մանանայով սնվել, որ ծնել էին Դավիթ ու Սողոմոն աստվածապաշտ թագավորներ, աստվածային այնպիսի ու այնքան հրաշքների ականատեսն էին եղել, այժմ կրկին մոլորության մեջ էին: Տարբերությունը միայն անունների մեջ էր. ոսկե հորթի փոխարեն ժողովուրդն այժմ գարշելի Բահաղ ու Աստարտե էր պաշտում, սակայն բովանդակությունը նույնն էր մնացել: Իրենց կյանքի Պարգևատուին, իրենց Հորն ու Փրկչին թողած՝ մարդիկ դևի ծառայության էին անցել՝ ոտքից-գլուխ թաթախվելով այն նողկալի ախտերի մեջ, որ իր հետ բերում է կռապաշտությունը: Քանի որ այն միայն մեր սուրբ Եկեղեցուն հատուկ սրբագործ ծեսեր չի ենթադրում, այլ յուրաքանչյուր գարշելի կուռք իրեն հատուկ զոհաբերության ծեսն է պահանջում՝ անառակությամբ ու զեխությամբ ուղեկցվող: Եվ զազրելի մեղքերով պատված կյանքն օրինաչափություն է դառնում Սրբագործ Լույսին դավաճանած մարդու համար, որին մարդ կոչելն էլ արդեն դժվար է դառնում: Հնադարյան Բահաղ թե Աստարտե, ամեն ժամանակների մամոնա թե հարստության մոլուցք, անառակություն թե մարմնական այլ հաճույքներ, փառք, իշխանություն, անուն… այս ամենը կռապաշտության տարբեր անվանումներն են, դևի անունները, որին գիտակցաբար թե անգիտակցորեն պաշտում ենք, երբ հրաժարվում ենք միակ ու ճշմարիտ Աստծու՝ Սուրբ Երրորդության պատշտամունքից՝ մեր կյանքի անգին ու անդարձ ժամանակն այլ բաների վրա վատնելով ու մեր աստվածատուր կյանքը դրանց շուրջը կառուցելով: «Երեխային մի՛ դարձրեք պաշտամունքի առարկա. երբ նա մեծանա, շատ զոհաբերություններ կպահանջի», ի՜նչ ճիշտ է նկատել ֆրանսիացի մտածողը՝ հասկացնելով, որ անգամ սեփական ու այնքա՜ն սիրելի երեխան իրավունք չունի՝ պաշտամունքի առարկա դառնալու: Ուստի, ճշմարիտ հավատքի անձնվեր ջատագովը, կենդանի Աստծու նախանձախնդիր վկան՝ Եղիա մարգարեն, չէր կարող լռել կամ անտարբերություն ու հանդուրժողականություն ցուցաբերել այն պարագայում, երբ պղծվում էր Տիրոջ անունն ու անտեսվում կամքը:

«Կենդանի է երկնային զորությունների Տեր Աստվածը» ամեն անգամ այս վկայությամբ էր սկսվում երանելի այրի խոսքը, և նրա ողջ կյանքն էր այս խոսքի վկայությունը: Նախանձախնդիր Եղիայի սիրտը ցավում էր հայրենակիցների մոլորության համար, բայց ավելի մեծ ցավ էր ապրում Տիրոջ՝ դավաճանված լինելու մտքից: Հրեշտակային կյանքը, անմնացորդ նվիրումն ու աներկբա հավատը Եղիային դարձրել էին աստվածային լույսի բոցավառ ջահը երկրի վրա, և կրակն այնպիսի ուժով էր հորդում այս խիզախ ու անձնվեր այրից, որ անմտություն է անգամ կարծելը, թե նա կարող էր հանդուրժել մարդկանց հավատուրացությունը կամ ներողամիտ լինել նրանց նկատմամբ. ներքին կրակը թույլ չէր տալիս: «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա՛ իսկ կհնազանդվի ձեզ» (Ղուկ. 17:6): Եղիայի հավատի չափը միայն Սրտագետը գիտե, բայց այն, որ ամբողջովին ջրով ողողված ողջակեզը սրբի աղոթքով բոցավառվեց, փաստ է: Նրա իսկ սուրբ շուրթերից հնչած աղոթքով այրու որդին հարություն առավ, երկինքն էլ կապվեց ու կրկին արձակվեց միայն ու միայն մեկ նպատակով՝ Աստծու փառքի ու ճշմարտության հաստատման համար: «Լսի՛ր ինձ, Տե՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենա, թե դու ես Տեր Աստվածը» (Գ Թագ. 18:37): Եվ այստեղ հիշողության մեջ կենդանանում է Քրիստոսի պատվիրանը. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» (Մտթ. 22:37): Եվ այսօր հիշատակելով այս զարմանահրաշ արդարին՝ երանելի Եղիա մարգարեին, որի հավատի ու նախանձախնդրության հուրը երկինք հասնելով՝ պատճառ եղավ, որպեսզի արդարադատ Աստված երկրի վրա երկնաբնակին բոցեղեն կառքով րոպե առաջ հասցնի իր նմանների օթևանները, մեկընդմիշտ հիշենք, որ մեր կյանքի գլխավոր իմաստը, գլխավոր հարստությունն ու գերագույն նպատակը Տեր Հիսուս Քրիստոս է, Նրա հետ միավորումն ու կյանքը Նրա մեջ: Ուստի թող որ ոչինչ ու ոչ ոք այս կյանքում կուռք չդառնա մեզ համար՝ մեզ կտրելով ու հեռացնելով միակ ու ճշմարիտ Աստծուց՝ խաչյալ, հարուցյալ ու համբարձյալ Քրիստոսից: Թող որ մեր տկար հավատի մոմի կրակը, որ թրթռում ու երերում է քամու ամեն փչելուց, զորանա ու պայծառանա բոցաշունչ Եղայի բարեխոսությամբ ու ձգտի՝ նմանվելու նրա հավատի հրե սյանը: Հավատի մեջ նախանձախնդրություն ու հավատարմություն թախանձենք ամենակալ Տիրոջից, որպեսզի մենք էլ, Աստծու ընտրյալի օրինակով, մեր պատվիրանապահությամբ, մեր առաքինի ու բարեպաշտ կյանքով գոնե ինչ-որ չափով փաստենք, որ «կենդանի է երկնային զորությունների Տերը», Որին փառք և պատիվ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

07.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․