Գրքեր

Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովն ավարտեց իր աշխատանքը

Հունիսի 6-8-ը, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը։ Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ և Հայրապետական պատվիրակներ, առաջնորդական տեղապահներ, Նվիրապետական Աթոռների, Հայրապետական պատվիրակությունների ու աշխարհասփյուռ թեմերի հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ:

Մայր Տաճարում Արևագալի ժամերգությանը մասնակցելուց հետո ժողովն սկսեց իր աշխատանքը։

Աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների պատգամավորներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադարձ կատարելով ժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցերին: Խոսելով ժողովի կողմից 2009 թ. կիրառության մեջ դրված թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի, 2014 թ. որդեգրված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության, ինչպես նաև Ազգային-եկեղեցական ժողովի բարեփոխյալ կանոնադրության քննարկվելիք նախագծի մասին` Վեհափառ Հարապետը ընդգծեց դրանց կարևորությունը հոգևոր-եկեղեցական կյանքի կանոնակարգման առումով: Նորին Սրբությունը արձանագրեց, որ եկեղեցական կյանքի հաստատումը կանոնադրական հիմքերի վրա արդյունավորություն է հաղորդելու Եկեղեցու գործունեությանը, քաջալերելու է ժողովրդի ներգրավվածությունը եկեղեցական կյանքում, ավելացնելու է վստահությունը եկեղեցական կառույցների նկատմամբ և ամրապնդելու է լավատեսությունը վաղվա օրվա հանդեպ:

Անդրադառնալով ազգային ինքնության պահպանության գործում Եկեղեցու առաքելությանը` Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Հայոց Եկեղեցու առանձնակի խնամքը պիտի շարունակվի նոր սերնդի կրթության գործում, որպեսզի Սահակ-Մեսրոպյան դպրոցը հավատքի, մայրենի լեզվի և հայրենյաց ավանդներով շարունակ ապրի մեր ժողովրդի կյանքում: Այս առնչությամբ Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց ժողովականներին Մայր Աթոռի կողմից իրականացվող ազգօգուտ կրթական և սոցիալական ծրագրերի և տարբեր այլ ոլորտներ ընդգրկող ընդարձակ գործունեության մասին:

«Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ պետականությամբ ամուր խարիսխ է ողջ հայության համար: Ամենքիս սրբազան պարտքն է պաշտպանել Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, բազմադարյա ու նվիրական մեր սրբությունները, ամեն ջանք ու եռանդ ծառայեցնել հայրենի մեր պետականության ամրացմանը և զորացմանը, մեր երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և այլ բազում խնդիրների դիմագրավմանը», - իր խոսքում ասաց Հայոց Հովվապետը` նշելով, որ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձը պետք է առիթ դարձնել արժևորելու մեր անկախ պետականությունը, նորոգելու սերն ու պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ:

Այս առիթով Նորին Սրբությունը հայրապետական իր գնահատանքը հայտնեց ուխտապահ հոգևոր դասին, թեմական և համայնքային վարչական անդամներին, Հայ Եկեղեցու բարերար ու բարեգործ զավակներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ժողովրդի կարիքներին մշտապես պատրաստակամությամբ աջակցություն ու օժանդակություն ցուցաբերելու համար:

Ողջույնի խոսքով ժողովականներին դիմեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

Ժողովի սկզբում տեղի ունեցավ դիվանի ընտրություն։ Ժողովի ատենապետներ ընտրվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և տիար Լևոն Սարգսյանը (Արարատյան Հայրապետական թեմ), փոխատենապետների պաշտոնը ստանձնեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և դոկտոր Վարուժան Ալթըբարմաքյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ):

Օրակարգի ընդունումից հետո կատարվեց Քննախույզ, Օրինականության, Հաշվեքննիչ, ինչպես նաև Թեկնածուներ առաջադրող, Առաջարկներ ներկայացնող և Կանոնադրական փոփոխությունների հանձնախմբերի անդամների ընտրությունը։

Առաջին օրը ժողովականների ուշադրությանը հանձնվեց Ազգային-եկեղեցական ժողովի 1945 թ. կանոնադրության փոփոխությունների լրամշակված նախագիծը, որի վերաբերյալ Հայ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի անունից զեկույց ներկայացրեց ի. գ. դ. Գևորգ Դանիելյանը։

Ներկայացված նախագծի` հոդված առ հոդված երկօրյա համակողմանի քննարկումներից և առաջարկված լրացումներից հետո ժողովի մասնակիցները քվեարկությամբ ընդունեցին ներկայացված փաստաթուղթը, որը վերջնական հաստատում կստանա առաջիկա Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից։ Վեհափառ Հայրապետը և ժողովի անդամներն իրենց գնահատանքը հայտնեցին հանձնախմբին կատարված աշխատանքի համար:

Հունիսի 7-ի նիստին Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ընտրության առնչությամբ զեկուցեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազանը ներկայացրեց սահմանված ԳՀԽ նոր թվակազմը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երուսաղեմի և Կ.Պոլսի Հայոց Պատրիարքները ու խորհրդի 21 անդամներ: Գերագույն հոգևոր խորհրդի անդամների 1/3-ը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իսկ 2/3-ը ընտրվում Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմից։ Ի պաշտոնե ԳՀԽ անդամ են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը։

Զեկույցից հետո տեղի ունեցած քննարկման արդյունքում Գերագույն հոգևոր խորհրդի անդամ ընտրվեցին տարբեր աշխարհամասերից հետևյալ հոգևորականներն ու աշխարհականները՝

1. Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,

2. Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը,

3. ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը,

4. ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը,

5. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը,

6. Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,

7. Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը,

8. ի. գ. դոկտոր Գևորգ Դանիելյանը (Հայաստան),

9. բ. գ. դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը (Հայաստան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան),

10. տիար Թագվոր Բոյաջյանը (Դամասկոսի հայոց թեմ),

11. ի. գ. դոկտոր Ժոզեֆ Կանիմյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ),

12. դոկտոր Ալեքսանդր Ալավերդյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ)։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԵՆԺ պատգամավորներն այս առիթով շնորհավորեցին ԳՀԽ-ի նորընտիր անդամներին` մաղթելով արդյունավոր աշխատանք Գերագույն հոգևոր խորհրդի կազմում:

Ժողովին նաև անդրադարձ կատարվեց թեմերում թեմական ուղենշային կանոնադրության ներդրման գործընթացի արդյունքներին։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքների և կանոնադրության ներդրման գործում արձանագրված դժվարությունների մասին զեկուցեց Թեմական կանոնադրությունների լրամշակման և խմբագրման հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Զեկույցից հետո փաստաթղթի ներդրման գործընթացը ուշացնող թեմերի առաջնորդները և պատգամավորները բացատրություններ ներկայացրեցին ուշացման պատճառների վերաբերյալ:

Գնահատելով հանձնախմբի կողմից կատարված աշխատանքը՝ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի պատգամավորները կարևոր նկատեցին հանձնախմբի հետագա գործունեությունը։ Քննարկումներից հետո որոշվեց ընդլայնել հանձնախմբի կազմը և լիազորությունների շրջանակը՝ ուսումնասիրելու թեմերում ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացի ուշացման պատճառները:

Հանձնախմբին հանձնարարվեց ուսումնասիրության արդյունքում փաստաթուղթը չորդեգրած թեմերի կողմից գործընթացում կամայականություն արձանագրելու պարագային եզրակացությունը ներկայացնել Վեհափառ Հայրապետին՝ ԳՀԽ-ում հարցը քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Ժողովին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ամփոփ զեկույց ներկայացրեց 2018 թ. երիտասարդության տարի հռչակման ծրագրի վերաբերյալ։ Հանգամանորեն անդրադառնալով անցնող տարիների ընթացքում ՀԵՀԵՄ-ի գործունեությանը՝ Հովնան Սրբազանը տեղեկացրեց 2018 թ. ծրագրվող թեմական, միջթեմական և տարածաշրջանային համաժողովների ու համախմբումների մասին, որոնք կպսակվեն թեմերի կողմից կազմակերպվելիք երիտասարդական ուխտագնացություններով Սուրբ Էջմիածին և ուխտի ս. պատարագներով, ապա նաև «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Մայր Աթոռում գումարվելիք երիտասարդական հավաքով:

Զեկույցից հետո ժողովականների կողմից ծրագրվող միջոցառումների առնչությամբ կատարվեցին առաջարկներ: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց ՀԵՀԵՄ-ի և թեմերի կողմից իրականացվելիք ծրագրերը՝ ընդգծելով, որ երիտասարդության հետ տարվող աշխատանքը պետք է առանցքային տեղ ունենա Հայոց Եկեղեցու առաքելության մեջ։

Վերջում Նորին Սրբությունը և ԵՆԺ պատգամավորները գոհունակություն հայտնեցին ՀԵՀԵՄ-ի գործունեության և արձանագրած արդյունքների կապակցությամբ:

Ժողովին քննարկում տեղի ունեցավ նաև Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձի առիթով Հայոց Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումների մասին։

Հունիսի 8-ի նիստին Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը ժողովականներին զեկույց ներկայացրեց Հայաստանում ծնելիության իրավիճակի մասին։ Վերջինս անդրադարձավ ՀՀ-ում ծնելիության անկման պատճառներին և ծնելիության թվի բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:

Ընդունելով ներկայացված զեկույցը` ժողովն արձանագրեց որդեծնության կարևորությունը ամուսնական նվիրագործված միության և հայ ընտանիքի ամրության մեջ` հորդորելով, որ եկեղեցականներն իրենց հովվական ծառայության ընթացքում էական դեր հատկացնեն ծնելիության խրախուսմանը: Այս առնչությամբ որոշում կայացվեց նաև հայրենիքում ծնելիության աճին նպաստող առողջապահական և բժշկական կենտրոնների պայմանների բարելավման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել։

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ամփոփ տեղեկություններ հաղորդվեցին Երուսաղեմի և Կ.Պոլսի Հայոց Պատրիարքությունների, թեմերի և Հայրապետական պատվիրակությունների ընթացիկ գործունեության մասին։

Ժողովն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը, գոհունակությամբ արձանագրելով ժողովի արդյունավետությունը, իր գնահատանքը հայտնեց աշխարհի բոլոր կողմերից Մայր Աթոռ ժամանած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի հոգևորական և աշխարհական պատվիրակներին դրսևորած նախանձախնդրության համար։ Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Երկնավոր Տերը զորացնի Հայոց Եկեղեցու սպասավորներին և եկեղեցական կառույցներում պաշտոնավարող աշխարհականներին, ովքեր իրենց նվիրյալ ծառայությամբ նպաստում են Եկեղեցու պայծառությանը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօրությանը։

2017 թ. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

08.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․