Գրքեր

Եկեղեցին պաշտամունքային վայր

Եկեղեցին տարբեր մարդկանց կողմից դիտվում է տարբեր տեսանկյուններով: Ոմանք եկեղեցին դիտում են որպես միայն ճարտարապետական կոթող: Սակայն եկեղեցական շինությունն առաջին հերթին պետք է ընդունել աղոթավայր լինելու, Աստծո պաշտամունքի վայր լինելու իր նշանակությամբ:

Եկեղեցական մեր տոնացույցում Սուրբ էջմիածնի տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելու հիշատակությունը: Այս հաջորդականությունը ճիշտ է նաև պատմականորեն: Խոր Վիրապից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք տեսավ, ըստ որի` Քրիստոս իջավ Հայոց աշխարհ և ցույց տվեց այն տեղը, որտեղ պետք է տաճար կառուցեին Աստծուն պաշտելու համար: Եվ դրա համար էլ այդ վայրը կոչվեց Էջմիածին, որ գրաբարից թարգմանաբար նշանակում է իջավ Միածինը, այսինքն` Աստծո Միածին Որդին այստեղ իջավ: Սուրբ Գրիգորի տեսիլքը ցույց է տալիս, որ Աստված Ինքը հատուկ ուշադրության արժանի է համարում այն կառույցը, որտեղ մարդիկ պետք է Աստծուն պաշտեն:

Այսպես նաև Հին Կտակարանում Աստված հատուկ ուշադրության է արժանացնում այն կառույցը, որտեղ պետք է պաշտամունք կատարվեր: Աստված հրամայեց Մովսեսին շինել տապանակը` հաղորդելով դրա համար անհրաժեշտ չափսերն ու պարագաները (Ելք 25.10): Դարձյալ Մովսեսին հրամայեց պատրաստել տալ պաշտամունքի համար նախատեսված վրանը, խորանը, զոհասեղանը և պաշտամունքային սպասքները` հայտնելով պատրաստության մանրամասները, նույնիսկ ցույց տալով այն արհեստավորին և արհեստավորի օգնականին, ովքեր կարող էին այդ գործն իրականացնել (Ելք 26, 27, 31.1-11): Աստված նաև Դավիթ թագավորի հետ խոսեց տաճարի կառուցման մասին (Բ Թագ. 7.4-13), Սողոմոնին գովեց տաճարի կառուցման համար (Գ Թագ. 6.11): Եվ ահա նույն կերպ Աստված Սուրբ Գրիգոր Լուսավորչին ցույց տվեց, թե որտեղ պետք է կառուցվի Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Սա ակնհայտորեն վկայում է, որ Աստված հետաքրքրված է աղոթավայրերով ու դրանց շինությամբ և կարևոր է համարում այնտեղ մատուցվող պաշտամունքը: Ահա հենց այս պատճառով էլ աստվածպաշտության կամ հոգևոր արարողությունների համար մենք աղանդավորների նման չենք հավաքվում պատահական դահլիճներում, կինոթատրոններում, թատերական սրահներում, այլ համախմբվում ենք եկեղեցիներում: Եկեղեցական կանոնագիրքն անգամ անվավեր է համարում խիստ անհարկի պատճառներով եկեղեցուց դուրս կատարված արարողությունները, ինչպես օրինակ, եկեղեցուց դուրս պսակ կատարած քահանային պատվիրում է կարգալույծ անել` քահանայական աստիճանից զրկել, պսակը համարել անվավեր և պատշաճ արարողությամբ զույգին պսակել եկեղեցու ներսում (Կանոններ Հովհան Իմաստասերի, ԺԵ): Նման կանոններով մեր հայրերն առաջնորդվել են դարեր շարունակ: Սակայն երբեմն հարգելի կամ մասնահատուկ պատճառներով արարողությունները կատարվում են նաև եկեղեցական կառույցներից դուրս: Օրինակ` երբ երեխան հիվանդ է, և բժիշկները խորհուրդ չեն տալիս նրան տանից կամ հիվանդասենյակից դուրս հանել կամ երբ մարդիկ կան, ովքեր ցանկանում են ամուսնանալ, բայց իրենց հիվանդության պատճառով անկարող են տեղից տեղ շարժվել, ապա այսպիսի մարդկանց վերաբերող արարողությունները կատարվում են նրանց գտնվելու վայրում: Սակայն հավատացյալներն իրենք պետք է փափագեն իրենց առնչվող կրոնական արարողությունները եկեղեցական կառույցներում կատարելու, որովհետև, ինչպես նաև վերոնշյալ օրինակներով տեսանք, Աստված այնքան նախանձախնդիր է աստվածպաշտական նպատակներով կառուցված շինությունների համար:

Այսպիսով, աղոթավայր եկեղեցին պետք է ընդունել իր խորհրդաբանական իմաստով` այն համարելով ավելին, քան ճարտարապետական կառույց ու շինություն:

Հին ուխտի տապանակը

Աստված Մովսեսին պատվիրեց շինել մի տապանակ անփուտ, կարծր փայտից՝ երկու կողմերից ոսկով պատած: Այդ տապանակը պարունակում էր հրեաների ամենանվիրական իրերը՝ տասնաբանյա պատվիրանների երկու քարե տախտակները, Ահարոնի ծաղկած գավազանը, մանանայով լի ոսկե սափորը: Տապանակն ուներ երկուսուկես կանգուն երկարություն, կանգունուկես լայնություն, կանգուն և կես բարձրություն (Ելք 25.10, 37.1): Հին Ուխտի այս տապանակը նախատիպն է Նոր Ուխտի տապանակի, այսինքն՝ Եկեղեցու: Ըստ Եկեղեցական Հայրերի` տապանակը նաև Աստվածածնի խորհուրդն ունի: Անփուտ փայտը անապական կուսությունն է, ներսի և դրսի ոսկին՝ Սուրբ Աստվածածնի հոգու և մարմնի մաքրությունը, տասնաբանյայի երկու քարե տախտակները՝ Քրիստոսի միավորյալ հոգին և մարմինը, մանանան` Քրիստոսի անապական մարմինը, իսկ Ահարոնի ծաղկած գավազանը` Հեսսեի արմատը, այսինքն` Դավիթ թագավորի հոր` Հեսսեի շառավիղը, որից սերեց Քրիստոս: Ճիշտ այսպես էլ երբեմն պատկերացրել են միջնադարյան մանրանկարիչները. Հեսսեի սերուդներին նկարելիս մեջտեղում պատկերել են ծաղկած գավազանը: Ըստ Սուրբ Կյուրեղի` տապանակը նաև Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն է: Անփուտ փայտը Քրիստոսի անապական մարմինն է, իսկ ոսկին` հոգու և մարմնի միավորությունը: Այժմ հրեաները զրկված են ուխտի տապանակից: Երեմիա մարգարեն իր աշակերտի հետ տապանակը գիշերով տարել է այն լեռը, որտեղ բարձրացել էր Մովսեսը Աստծո ժառանգությունը տեսնելու համար, և այն փակել է մի վեմի մեջ` ասելով. «Անհայտ պիտի մնա այդ վայրը, մինչև որ Տերերի Տերը բարեհաճ վերաբերմունք ցույց տա իր արարածների նկատմամբ, և Աստված հրամայի ի մի հավաքել իր ժողովրդին» (Բ Մակ. 2.1-8):

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

15.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․