Գրքեր

Եկեղեցու համայնքն ուխտի մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր

Հունիսի 26-ին՝ Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորները նախ այցելեցին Ենոքավան գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի (19-րդ դ.), ուր մասնակից դարձան եկեղեցու վերաօծման արարողությանը, որ կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ: Սրբազանն իր օրհնության և շնորհավորանքի խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց. «Իմ աղոթքն ու մաղթանքն է, որ սուրբ տաճարը մուտք գործած մոլորված մարդիկ ճշմարտության ճանապարհը գտած դուրս գան, ինքնության կորուստ կամ խոցում ունեցողներն ու Աստծուն մերժողները տաճար մտնեն և ինքնությունը վերագտած ու Աստծուն հանդիպած դուրս գան, անհայրենիք մարդիկ տաճար մտնեն և անդրադարձ ունենան ու հայրենիքին տեր դարձած դուրս գան, ծույլերը, մարդատյացներն ու անհավատները տաճար մտնեն և աշխատասեր դարձած, հավատքով ու սիրով լցված դուրս գան և որ սուրբ տաճարը փրկության նավը հանդիսանա բոլոր այդ մարդկանց համար»:

Այնուհետև Սրբազան Հայրն իր օրհնությունն ու երախտագիտությունը հայտնեց եկեղեցու վերակառուցումը նախաձեռնող բարերարներին՝ Վահե Շամիրյանին և իր ընկերներին՝ նշելով, որ նրանք հանձ առան փրկելու սուրբ տաճարը և այն վերադարձնելու Աստծուն, իրենց ժառանգությանն ու ինքնությանը:

Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, այցելեցին Ենոքավան գյուղի մոտ գտնվող Ս. Սարգիս մատուռը (7-րդ դ.), ուր ընդհանրական աղոթքին մասնակցելուց հետո համախմբվեցին սիրո սեղանի շուրջ և ճաշակեցին մատաղ, որի նախաձեռնողները վերաբացված եկեղեցու բարերարներն էին:

Մինչ հաջորդ սրբավայր մեկնելը Սրբազան Հայրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներին մաղթեց, որ Տերը ի կատար ածի իրենց ուխտը և իրենց աղոթքը տարածվի Հայոց երկրի բոլոր ծագերն ու Արցախ աշխարհը և իրենց գործունեությամբ զորակից լինեն Տեր Գրիգորին, ում հովվությամբ Տերը աստվածահաճո պտուղներ է շնորհում հավատավոր Իր զավակներին: Այնուհետև համայնքն ուխտի իր ճանապարհն ուղղեց դեպի Հաղարծին վանական համալիր, ուր օրվա հիշատակելի սրբերի բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ ողորմությունը հայցեց Հայաստան ու Արցախ աշխարհների անսասանության և խաղաղության համար:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական ուխտի ուղին՝ վերաբացված և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագին մասնակցելը և այլ սրբավայրեր այցելելը, ևս մեկ անգամ փաստեցին այն ճշմարտությունը, որ չկա քրիստոնեություն, չկա Քրիստոս, չկա շնորհ, չկա ճշմարտություն, չկա կյանք, չկա փրկություն՝ ոչինչ չկա առանց Եկեղեցու, և այդ ամենը կա միայն Եկեղեցում:

Որտեղ որ բնակություն է հաստատել հայը, այնտեղ վեր է խոյացրել իր հոգին ու մարմինը սրբագործող իր հավատի տաճարը, որ բոլոր ժամանակներում և այսօր էլ, զորացնելով հայի հավատը, ամրացրել է նրա ոգին՝ հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում իր անգնահատելի նպաստն ունենալով:

 

Կարինե Սուգիկյան

26.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․