Գրքեր

Ենթադրություն և իրականություն

Հնում, երբ մարդիկ նոր էին սովորել վայրի ձիերին սանձել, մի երկրի տիրակալ իր սուրհանդակի միջոցով նամակ ուղարկեց մեկ այլ երկրի արքային: Սուրհանդակը ճանապարհին կորցրեց նամակը, բայց լավ էր հիշում, թե այնտեղ ինչ էր գրված:

Տեղ հասնելով, նա վազեց պալատ և դեռ շունչը տեղը չբերած՝ ներկայացավ տիրակալի առջև ու սկսեց իր խոսքը.

- Իմ արքան հրամայեց հայտնել Ձեզ, որ Դուք… իրեն նվիրեք… պուտավոր երկնագույն ձին… Բայց եթե ինչ-ինչ պատճառներով չնվիրեք նրան այդ ձին, ապա…

Թագավորն այդ ժամանակ ընդունելություն էր կազմակերպել և չցանկանալով, որպեսզի հյուրերը լսեն, թե հարևան արքան ինչպես է սպառնում իրեն, ով մինչ այդ բարեկամ էր համարվում, ընդհատեց սուրհանդակին.

- Ամեն ինչ պարզ է: Փոխանցիր քո արքային, որ ես երբևէ նման նժույգ չեմ տեսել, բայց եթե ունենայի նման ձի, ապա…

Արքան հանկարծ սկսեց հազալ, իսկ սուրհանդակը, իրադարձությունների նման շրջադարձից վախեցած, դուրս վազեց պալատից ու հետ սլացավ: Սուրհանդակի բերած կոպիտ պատասխանը լսելով՝ թագավորը խիստ զայրացավ և պատերազմ հայտարարեց հարևան երկրին:

Պատերազմը մի քանի տարի ձգվեց և շատ արյուն հեղվեց այդ ընթացքում: Այն շատ թանկ արժեցավ երկու կողմի համար էլ: Եվ վերջապես, երբ երկու երկրներն էլ ուժասպառ եղան արյունահեղ մարտերից, տիրակալները որոշեցին հաշտություն կնքել: Բանակցությունների ընթացքում արքաներից մեկը մյուսին հարցրեց.

- Ի՞նչ նկատի ունեիր, երբ նման տարօրինակ նվեր էիր խնդրում ինձանից և եթե չտայի, ապա…

- Կարող էիր մեկ այլ նժույգ նվիրել: Իսկ դու ի՞նչ նկատի ունեիր, երբ նման անհարգալիր կերպով պատասխանեցիր:

- Ես ասացի, որ երբեք նման նժույգ չեմ տեսել, բայց եթե ունենայի, ապա ուրախությամբ կնվիրեի քեզ՝ որպես իմ լավ բարեկամի:

 

Այսպես էլ մեր կյանքում է լինում, շատ տարաձայնություններ և նույնիսկ լուրջ բախումները սկսում են տարրական խառնաշփոթից կամ սխալ մեկնաբանությունից: Հատկապես վտանգավոր է հիմնվել ենթադրությունների և վատ պատմողների կողմից փոփոխված պատմությունների վրա:

Պետք է սովորել տարբերել փաստերն ու դատողությունները: Ենթադրության և իրականության միջև եղած տարբերությունը հասկանալու արվեստին տիրապետելով, կարելի է շատ թյուրիմացություններից և նույնիսկ լուրջ միջադեպերից խուսափել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

17.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․