Գրքեր

«Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները»

- Հա՛յր, Ձեզ համար ի՞նչ է նշանակում աղոթքը:

- Ազդանշան եմ ուղարկում և օգնություն խնդրում: Մշտապես օգնություն եմ խնդրում Քրիստոսից, Աստվածածնից, սրբերից՝ ինձ և այլոց համար: Եթե չխնդրեմ, չեմ էլ ստանա: Հիշում եմ, քաղաքացիական պատերազմի ժամանակ խռովարարները շրջապատեցին մեզ՝ հազար վեց հարյուր հոգի: Մերոնք ընդամենը հարյուր ութսունն էին: Մենք սարի ետևում էինք ամրացել: Եթե նրանք մեզ բռնեին, ապա բոլորիս կսպանեին: Ես փորձում էի ալեհավաքը տեղակայել՝ կենտրոնի հետ կապվելու համար: Բայց ոչինչ չէր ստացվում. ընկնում էր կրակոցներից: Կապիտանը գոչում էր. «Թո՛ղ դա, այստե՛ղ արի, օգնի՛ր նռնակները տանել»: Ժամանակ առ ժամանակ նա գնդացիրների մոտ էր վազում՝ ստուգելու, թե գործերն ինչպես են ընթանում: Եվ հենց նա հեռանում էր, ես միանգամից վազում էի հեռակապի մոտ: Մինչ նա հրամաններ էր արձակում, ես փորձում էի ալեհավաքը տեղադրել, իսկ հետո կրկին վազում էի՝ նռնակներով արկղերը քարշ տալու, որպեսզի հրամանատարը չբարկանար: Ի վերջո, փայտի ու ականազերծման բահի օգնությամբ կարողացա ալեհավաքը բարձրացնել ու կապ հաստատել: Ընդամենը երկու բառ ասացի: Եվ վերջ, դա բավարար էր: Առավոտյան ավիացիան օգնության հասավ և մեզ փրկեցին: Կատա՞կ բան է, հարյուր ութսուն հոգի շրջապատված լինեն հազար վեց հարյուր հոգու կողմից և կարողանան դուրս պրծնել:

Այդ ժամանակ էր, որ հասկացա վանականի բարձրագույն կոչումը՝ օգնել աղոթքով: Աշխարհիկ մարդիկ ասում են. «Վանականներն ինչո՞վ են զբաղված: Ինչո՞ւ չեն գնում աշխարհ՝ մարդկանց օգնելու»: Դա նույնն է, թե ռադիստին ասես. «Ի՞նչ ես ռադիոկապը բզբզում: Թո՛ղ, հրացանը վերցրու և գնա՝ կրակելու»:

Եթե մենք նույնիսկ աշխարհի բոլոր ռադիոկայանների հետ կապ հաստատենք, ոչ մի օգուտ չենք քաղի, եթե երկնային շփում չունենանք Աստծու հետ, չխնդրենք և օգնություն չստանանք Նրանից: Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները և բարեպաշտության միջոցով Աստծու հետ շփման մեջ գտնվողները:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյան

16.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․