Գրքեր

«Երանելի են նրանք, ովքեր հավատով տեսնում են Անտեսանելին»

«Ես հավատում եմ Աստծուն». դա ուղղակի Աստծո գոյությունը փաստող իմացություն չէ հավատավորի համար, այլ ողջ էությունից բխող խոսքեր: Հավատը դա գործունեություն է և ոչ միայն համոզմունք և աշխարհայացք:

Անհնազանդության մեղքից հետո Ադամն ու Եվան մահկանացու դառնալուց բացի զրկվեցին Աստծո հետ այն ամբողջական և անմիջական փոխհարաբերությունից, որ ունեին դրախտում: Բայց Աստծո մեծագույն սերն այստեղ էլ դրսևորվեց. մարդ-Աստված փոխհարաբերության մեջ Աստված ցույց տվեց մարդուն դեպի Իրեն տանող ուղին, որ կարող է մարդն ունենալ, դա հավատի ուղին է՝ հույսի և վստահության ուղին: Քանի որ. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (Եբրայեցիներ 11:1): Հավատը հնարավոր չէ ապացուցել: Հավատի էությունը խորհրդավոր վստահության մեջ է, այն, որ ինչ գործել և ասել է Քրիստոս, հավատավորի համար որոշիչ նշանակություն ունի: Քրիստոնյան զգում է, որ Աստված իրենից հեռու չէ ո՛չ դարերով, ո՛չ տարածությամբ, այլ հեռու կարող է լինել այն դեպքում, երբ ինքը հեռվանա Նրանից կամ թերահավատություն դրսևորի:

Հովհաննես վարդապետ Երզնկացին նշում է, որ հավատը երկու տեսակ է. առաջինն է` դավանության ու խոստովանության հավատը, երկրորդը՝ հավատալ, որ աստվածային Սուրբ Գրքերն Աստծո Հոգով են խոսել առաքյալները, մարգարեները և սուրբ հայրապետները, և Գրքի խոսքերն Աստծո կողմից մեզ համար են գրվել, որ բոլոր սրբերն Աստծո կողմից միջնորդներ ու պատգամաբերներ են և ուսուցանում են մեզ անցյալը, ներկան և գալիքը:

Իրական և կատարյալ հավատքի հիմքը դա ամբողջական վստահությունն է առ Աստված: Ըստ եկեղեցու հայրերի՝ հավատի ճիշտ ուղիով ընթանում է նա, ով թույլ չի տալիս իրեն մեկ ակնթարթ անգամ կասկածելու այն ճշմարտությանը, որ փոխանցում է մեզ Ավետարանը, և այն ինչ մեզ սովորեցնում է եկեղեցին: Արդարների հավատքը միշտ կապված է եղել հույսի հետ, այն հույսի, որը բացի Աստծո հանդեպ վստահությունից, համոզվածություն էր այն հավիտենական ապագայի հանդեպ, որ խոստացել է Աստված: Այդպիսի հավատքը բարձրանում է առ Աստված աղոթքով. «Աղոթելիս ինչ էլ որ հավատալով խնդրեք, կստանաք» (Մատթեոս 21:22):

Հավատը մարդու սրտին ուղղված Աստծո կոչի պատասխանն է, իսկ անհավատությունն այդ կոչին չհետևելու ցանկությունը:

Անհավատությունը հոգու կուրություն է և հիվանդություն: Որոշ մարդկանց մոտ անհավատությունը գալիս է չիմացությունից: Եթե նրանք ճանաչեն և ընդունեն Ճշմարտությունը, ապա նրանց կյանքը խորապես կփոխվի, չեն ուշանա նաև հավատի պտուղները: Իսկ մարդկանց մի մասն էլ անհավատության մեջ է, որովհետև նրանց հաճելի է ապրել մեղսալից կյանքով:

«Ծանրաբեռնելով խիղճը մեղքերով, վախենալով ու դողալով ապագա հատուցումից և չցանկանալով մխիթարություն գտնել դրական փոփոխության մեջ՝ անհավատը փորձում է իրեն հանգստացնել անհավատության մեջ»,- ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանը: Մեր Տիրոջ խոսքի համաձայն՝ անհավատը արդեն դատապարտված է (Հովհաննես 3:18): Հավատը ենթադրում է փոփոխություն: Որպեսզի մարդն արժանանա աստվածային անգին այդ պարգևին՝ հավատին, նրա առաջին քայլը պետք է դառնա ապաշխարությունը:

«Մի պատանի մեծ դժվարությամբ գտնում է մի ճգնավորի, որ թաքնվում էր լեռներում և հարցնում է. «Հայր, ի՞նչ պետք է անեմ, որ ձեռք բերեմ ճշմարիտ հավատք»: Ճգնավորը նրան չի պատասխանում: Հաջորդ օրը պատանին նորից է այդ մասին հարցնում և նորից մնում անպատասխան: Վերջապես երրորդ օրը ճգնավորը տանում է պատանուն մոտակա գետը, մտնում է այնտեղ և գլխով նշան անում իրեն հետևելու: Հասնելով գետի բավականին խոր տեղը՝ ճգնավորը պատանուն իր ուսերին է վերցնում և ապա ընկղմում նրան ջուրը: Նա այդպես նրան պահում է մի որոշ ժամանակ՝ ուշադրություն չդարձնելով պատանու ազատվելու ջանքերին: Վերջապես, ճգնավորը բաց է թողնում նրան և հետաքրքրվում. «Տղաս, երբ դու ջրի տակ էիր, ի՞նչ էիր ամենաշատն այդ պահին ցանկանում»: Նա, առանց տատանվելու, պատասխանեց՝ Օդ, օդ, ես միայն օդ էի ուզում: «Իսկ դու չէի՞ր նախընտրի հարստություն, հաճույք և իշխանություն, տղաս, չէի՞ր մտածում այդ ամենի մասին,- հարցուփորձ էր անում ճգնավորը»: «Ո՛չ, հայր, ես միայն օդ էի ցանկանում և միայն այդ մասին էի մտածում»: «Այսպես, տղաս,-ասաց ճգնավորը,- որպեսզվի փրկվես, դու պետք է ցանկանաս դա այնքան ուժգին, որքան, որ այս պահին օդ էիր ցանկանում»»:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հարությունից հետո Թովմասին ասաց. «Դու հավատացիր, որովհետև ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանձ Ինձ տեսնելու» (Հովհաննես 20:29): Այս խոսքերի հետ կապված Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Եղբայրնե՛ր, թող այս երանությունը մեզ անցնի, որ չտեսանք և հավատում ենք: Որովհետև երանելի են նրանք, ովքեր հավատով տեսնում են Անտեսանելին: Ովքեր բոլոր տոների և պատարագների ժամանակ տեսնում են Նրան հավատի աչքերով, երկրպագում են Նրան, իրենց բերանով համբուրում ու իրենց ճաշակելիքով ընդունում են Նրան, և սակայն չի հատնում Նա, Ում ճաշակում են: Երանելի՜ են նրանք, ովքեր ճշմարտությամբ ու ամբողջ սրտով խոստովանում են իրենց մեղքերը և այլևս չեն վերադառնում դրան, ինչպես շունը` իր փսխածին»:

 

 

Կարինե Սուգիկյան

30.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․