Գրքեր

«Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա»

«Երանի իցէ ծառայիցն այնոցիկ, զորս եկեալ տէրն գտցէ արթունս»:

«Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա» (Ղուկաս 12:37):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

​Տարեվերջյան այս օրերին յուրաքանչյուրն իր համար ամփոփում է իր անցած տարին: Այսօրվա աստվածաշնչյան ընթերցումներից Եսայու մարգարեության մեջ պատմվող Եզեկիա թագավորի պատմությունը անչափ հուսադրում է մեզ: Եզեկիան իմացավ, որ իր կյանքն ավարտին է մոտեցել, լաց եղավ, աղոթք արեց Աստծուն և շնորհվեց նրան տասնհինգ տարվա կյանք: Այո՛, այս տարեվերջը ևս հուշում է, որ մեզ ևս անընդհատ շնորհվում է կյանք, չգիտենք որքան, բայց շնորհվում է ամեն օր, ամեն ժամ, որի համար մենք՝ Աստծո զավակներս, պարտավոր ենք գոհություն հայտնել մեր Տեր Աստծուն: Մենք ամփոփում ենք տարին և գնահատում մեր ապրած կյանքը: Ամենակարևորն այն է, որ պետք է կենտրոնանալ ոչ թե եղած հաջողությունների ու փորձությունների վրա, որոնք եղել են այս տարվա ընթացքում, այլ այդ փորձությունների ու հաջողությունների ժամանակ մեր դրսևորած վարքագծի վրա, մեր արած և չարած գործերի վրա, պահվածքի փոփոխությունների վրա, մեր ասած և չասած խոսքերի վրա, քանի որ ամեն բանի համար պատասխան ենք տալու:

Եվ լավագույնս ինքներս մեզ գնահատելու համար պետք է գնահատման չափորոշիչ վերցնենք Ավետարանը: Տեսնենք՝ ինչպե՞ս ենք անցկացրել տարին, որքանով ենք կատարել Աստծո պատվիրանները, որքանով՝ ոչ: Հետընթաց ե՞նք ապրել իբրև քրիստոնյա, թե՞ առաքինությունների մեջ առավելացել ենք: Սակայն դա չենք անում, որպեսզի դրա արդյունքում հուսահատվենք, այլ անում ենք, որպեսզի առաջընթաց ունենանք հաջորդ տարում: Ամեն դեպքում հուսահատվել պետք չէ, քանի որ հուսահատությունը օտար և խորթ երևույթ է քրիստոնեությանը: Մեր Տերը չի ցանկանում, որ մենք անվերջ տխրենք, այլ տխրության արդյունքը լինեն զղջումը, ապաշխարությունը և մեղքերի խոստովանությունը, որին էլ հաջորդում է թողությունը: Եվ չկա ավելի քաղցր զգացում մարդու համար, քան մեղքերը թոթափած, մաքրված, խիղճը հանգիստ լինելու զգացումը:

​Տարեվերջյան այս օրերին գնահատելու համար մեր անցած ուղին մեզ պետք է ուղղորդող լինեն Տիրոջ պատմած առակները տարբեր մարդկանց շնորհված տաղանդների, մնասների, քանքարների մասին:

Տասը մնասների առակում մարդն իր երեք ծառաներին հավասարաչափ տասական մնաս է տալիս և պատվիրում. «Շահարկեցե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկաս 19: 13): Մեկը տասը մնասին ավելացնում է ևս տասը, մյուսը ավելացնում է հինգը, երրորդն էլ պահում է այն և նույնչափ վերադարձնում Տիրոջը ու նախատվում նրա կողմից (Ղուկաս 19:12-27):

Երեք ծառաների առակում մարդն իր ծառաներից մեկին հինգ քանքար է տալիս, մյուսին՝ երկու, երրորդին՝ մեկ: Հինգ քանքար ստացողը ևս հինգն է վաստակում, երկուսը ստացողը ևս երկուսն է վաստակում և շահում, մեկ քանքար ստացողը ապահով տեղում պահում է այն: «Շատ ժամանակ անց» ծառաների տերը վերադառնում է, գովում երկու ծառաների արածը՝ իբրև քչի մեջ հավատարմություն, իսկ քանքարը նույնությամբ վերադարձնողին պախարակում է (Մատթեոս 25:14-30): Հետևաբար, սիրելինե՛ր, մեր կյանքի ընթացքը պետք է օգտագործենք մեր քանքարները ավելացնելու համար: Խորհրդանշական է, որ քանքարն ու տաղանդը գրաբարում նշանակում էին և՛ դրամական միավորներ, և՛ շնորհ, ասել է թե՝ մարդը պետք է այլոց ծառայեցնի իր՝ թե՛ նյութական և թե՛ հոգևոր ինչքը: Տարեցտարի պետք է բազմացնենք մեր քանքարներն ու տաղանդները, սակայն քրիստոնեությանը յուրահատուկ ձևով, այն է՝ դրանցից մասնաբաժին հանելով ուրիշներին ևս: Քրիստոնեությունը ինչքն ու ունեցվածքը բազմացնելու իր ուրույն օրենքն ունի, այն բազմանում և ավելանում է՝ ոչ թե խնայողություններ անելով, այլ տալով և ընծայելով, առանց փոխադարձը սպասելու ակնկալիքի: Ի վերջո, ինչ որ մենք ունենք, ամեն ինչ ինքնին շնորհ է մեզ Աստծու կողմից տրված: Եվ քանի դեռ մեր շնորհները հետ վերցնելու պատվեր չի հնչել, մեր պտղատու ծառը դեռևս չորանալու չի դատապարտվել, մենք դեռ հնարավորություն ունենք մեզ շնորհված տաղանդներն ու քանքարները ծառայեցնելու ի փառս Աստուծո և հօգուտ մարդկության:

Այսօր իսկ մենք հնարավորություն ունենք խորհրդածելու տասը կույսերի առակի մասին և ձեռքից բաց չթողնել մեզ տրված ժամանակը և ձեթ վերցնել, այսինքն՝ բարի գործեր կատարել, որպեսզի դատարկաձեռն չներկայանանք Քրիստոսին: Մենք չենք ցանկանում հայտնվել անիծված թզենու դերում, ուրեմն՝ այն, ինչ որ պարտավոր ենք անել, պետք է անենք, պտուղ տանք: Երբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս քաղց զգաց և ցանկացավ թուզ ուտել, թուզ չգտավ ծառի վրա, անիծեց այն. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի» (Մատթեոս 21:19):

Ուշադրություն դարձնենք այն բանի վրա, թե մեր ժամանակը ինչի՞ն ենք առավելաբար հատկացնում: Արդյո՞ք մեր գործերը ամբողջությամբ չեն կլանում մեր ժամանակը, որ մենք մեր ժամանակից էլ կարողանանք բաժին հանել մեր ուշադրության կարիքն ունեցողների համար: Մեզ տրված ամեն բան՝ լինի հոգևոր, նյութական, թե ֆիզիկական, պետք է չխնայենք, չզլանանք բաշխել ուրիշներին ևս: Երևի թե մեր օրերում և առհասարակ միշտ էլ ամենաթանկը եղել են մարդու կյանքն ու ժամանակը: Հատկապես այսօր մենք առաջ ենք պտտվում այս աշխարհի անիվների պտույտով, և մեր ժամանակը շատ կարևոր է մեզ համար: Մենք ցանկանում ենք հասցնել իրականացնել մեր նպատակներն ու ծրագրերը, սակայն չլինի թե, որ մոռանանք նայել մեր շուրջը և այդ վազքի մեջ չնկատենք մեր շրջապատի մարդկանց, որոնք մեր աջակցության կարիքն ունեն: Քրիստոս ասում է. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է» (Ղուկաս 16:10):

​Այսօր հիշում ենք ավետարանական առակները ոչ թե հուսահատվելու համար, այլ ճիշտ ուղիով ընթանալու համար, որովհետև Ավետարանը բարի լուր է, ավետիս է Աստծո Միածին Որդու աշխարհ գալու մասին, փրկության մասին, հետևաբար՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը, հարությունն ու համբարձումը հույս են, Քրիստոսի խոսքերը հուսադրող են, բժշկությունները հուսադրող են, հացի բազմացումը հուսադրող է, ամենուր, որտեղ Քրիստոսն է, ամեն ինչ ճիշտ է ընթանում, լուսավորվում է, կարգավորվում է և իր տեղն է ընկնում, ուստի՝ առակներն էլ ուսուցողական են, բարի նպատակ են հետապնդում, ուստի և՝ հուսադրող են:

Մաղթում եմ այլևս չկրկնեք անցած տարիների մեղքերն ու բացթողումները, նույն սխալները նորից թույլ չտալ, այլ իմաստուն կերպով օգտագործել ժամանակն ու հնարավորությունները՝ պտուղ տալու համար:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

16.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․