Գրքեր

«Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է»

«Երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա: Ոչ հայեցաւ նա ի նանրութիւն և ոչ ի մոլութիւն սուտ»:

«Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է, և որը ունայնությանն ու սուտ մոլորությանը ուշ չի դարձրել» (Սաղմոս 39:5):

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր միասնաբար տոնում ենք Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու հիշատակության օրը: Այդ գոտու գտնվելը ցնծություն է պարգևել ողջ քրիստոնյա աշխարհին, և նրա շնորհիվ բազում հրաշքներ են կատարվել: Այն բուժել է բազմաթիվ մարդկանց:

Եկեղեցու համար տոնի առիթներ են հանդիսացել բազմաթիվ իրողություններ, այդ թվում և Տիրամոր գոտու և տուփի գտնվելը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապի մեջ իջեցվելն ու դուրս գալը, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը, սուրբերի նահատակությունները, որոնք, թվում է, թե պետք է տխրության առիթներ լինեին, սակայն եկեղեցական տոնացույցում նշված են իբրև տոն օրեր: Այո՛, դրանք տոնելու օրեր են, քանի որ մարտիրոսված սրբերի արյունը միախառնվել է Տիրոջ զոհաբերվող արյանը: Այո՛, դրանք տոներ են, քանի որ քրիստոնեության մեջ հավերժական տխրություն չկա, մահը անզոր է հարության առջև: Եվ հույսը մի դրդիչ ուժ է, որով առաջնորդվել են սրբերը:

Սիրելինե՛ր, կյանքը Աստծո կողմից մարդուն շնորհված մեծագույն պարգևն է, որը չի սահմանափակվում միայն այս երկրային կյանքով, այլ երկնայինն ու հավիտենականը ևս խոստացված են մարդուն: Եվ այս կյանքը պետք է ապրել հավատով, հույսով ու սիրով: Մնացած բոլոր ուսանելի պատվիրաններն ու կրոնափիլիսոփայական մտքերը, կյանքը ճիշտ ապրելու հորդորներն ու  խորհուրդները աշխարհում կարող են ածանցվել միայն այս երեքից, որովհետև երբ դրանք չկան, կյանքը հիմնասյուներ չունի: Որովհետև երբ մարդը դարձի է գալիս, քրիստոնյա է դառնում և մկրտվում է, Աստծո կողմից նրան տրվում են այդ շնորհները: Եվ անկախ ամեն ինչից, որ կյանքը ինքնին բարդ է և փորձություններով, նեղություններով լի, մարդ պետք է հույսը չկորցնի, որ խավարին հաջորդելու է լույսը, գիշերվանից հետո գալու է առավոտը, ձմեռվանից հետո՝ գարունն ու ամառը, տխրությանը հաջորդելու է ուրախությունը, լացը փոխարինվելու է ծիծաղով: Տերևաթափը հավերժ չէ, այլ գալիս է գարունը, և բողբոջում են ծառի ճյուղերը: Երանելի Հոբն ասում է. «Ծառի համար իսկ գտնվում է հույս, թեև կտրում են, նորից է ծաղկում: Ճյուղերը նրա դեռ չեն պակասում» (Հոբի գիրքը 14:7): Մահը վերջ չէ, այլ կա հարություն: Եվ քրիստոնյան ամեն օր ապրում է հարության հույսով:

Հույսը լուսաբացի սպասումն է: Այն մարդուն տրված է ոտքի կանգնելու և չընկճվելու համար: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար, և մենք ապրում ենք մեղքերից մաքրվելու, արդարանալու և Երկնային Արքայության արժանանալու հույս ու հավատով: Սուրբ Անտոնն ասում էր. «Ես ինձ արժանի եմ համարում դժոխքի, բայց երբեք դրախտի հույսը չեմ կորցնում»: 

Հույսը մարդուն գոտեպնդող, մխիթարող հզորագույն ուժ և շնորհ է: Այն մարդուն չի թողնում հարատև տխրության մեջ և լույս է տալիս խավարում և փորձությունների ժամանակ: Սուրբ Գիրքն ամբողջությամբ հեղեղված է «հույս» բառով, քանի որ Աստված մարդուն երբեք չի լքում: Մենք՝ իբրև քրիստոնյաներ, գիտենք, որ անհուսությունը մեղք է: Դա նշանակում է ուրանալ Ամենազոր Աստծո գոյությունն առհասարակ և Նրա անվերջանալի օգնությունը մասնավորապես: Մարդու փրկության համար Հայր Աստված զոհեց նույնիսկ Իր Որդուն: Լեռան քարոզում Տերն օրինակ է բերում երկնքի թռչուններին, վայրի շուշանին, որոնց մասին հոգում է Աստված, իսկ մարդը ավելին է քան կենդանական և բուսական աշխարհը. «Եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքան առավել ևս ձեզ, թերահավատներ» (Մատթեոս 6:30): Աստված միշտ էլ լսում է մեր խնդրանքները, երբ դիմում ենք Նրան մեր աղոթքներով: Աղոթքը ևս մարդու մեծագույն հույսն է, որ մարդուն կապում է Աստծո հետ, հրաշքներ է գործում և փոխում է մարդու կյանքը: Երբ մարդ անելանելի իրավիճակում է հայտնվում, առաջին բանը, որ օգնության է գալիս նրան, աղոթքն է, որ նախ և առաջ նրան հանգստություն և խաղաղություն է տալիս, հետո՝ հույս:

Միայն անհրաժեշտ է չհամառել անհավատության մեջ և հույսը դնել աշխարհածին երևույթների և մարդկային ուժերի վրա: Հիսուս Քրիստոս մերժեց փարիսեցիներին, որոնք անվերջ փորձում էին նրան: Հոբ Երանելին, ճիշտ է, ունեցավ հուսալքության պահեր, նույնիսկ Հոբի գրքի մի գլուխը վերնագրված է «Անհուսություն», սակայն նա ոչ մի քայլ չձեռնարկեց ընդդեմ Աստծո և չհեռացավ Նրանից: Իր զավակներին կորցնելուց հետո անգամ նա մնաց Աստվածապաշտ: Պետրոս առաքյալի և Հուդայի տարբերությունը հենց հույսի մեջ էր, որ Պետրոսը հույսը չկորցրեց՝ ներվելու Աստծո կողմից, մինչդեռ Հուդան գնաց և ինքնասպան եղավ: Սրբերի անկումների մասին միգուցե շատ քիչ է գրված, բայց աստվածաշնչյան հերոսների անկումներն ու վերելքները թույլ են տալիս հասկանալ, որ պետք է հավատով մոտենալ Տիրոջը և հույսով ակնկալել սեփական մեղքերի ներումը:

Սրբերի բարեխոսությունը, որ Հաղթանակած Եկեղեցին են, ևս մեծ օժանդակություն է Զինվորյալ Եկեղեցու, այսինքն՝ մեզ համար: Աստվածամոր բարեխոսությունը քրիստոնյաներիս համար մեր աղոթքների երկինք վերառաքման առաջին հույսերից է: Իզուր չէ, որ սովորաբար Քրիստոսի աջ և ձախ կողքերին պատկերում են Սուրբ Կույսին և Սուրբ Հովհաննես Մկրտչին, որոնց բարեխոսությանը մենք ապավինում ենք հենց Տիրոջ կամքով:

Սիրելինե՛ր, տիեզերաստեղծ Արարիչ Աստված է մեր հույսն ու ապավենը, հետևաբար մենք երկնչելու ոչինչ չունենք: Ինչպես սաղմոսերգուն է ասում. «Սկզբից ևեթ Տիրոջը մշտապես տեսնում էի իմ առջև. Նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ: Դրա համար ուրախ եղավ սիրտն իմ, և ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կհանգստանա հույսով. քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, և քո սրբին ապականություն տեսնել չես տա» (Սաղմոս 15: 9, 10):

Հույսը լավատեսություն է: Առանց հույսի մարդու կյանքի թե՛ տխուր և թե՛ ուրախ օրերը կզրկվեն իրենց հմայքից: Օրվա բոլոր ժամերին՝ սկսած առավոտից, մարդուն ուղեկցում է հույսը, և երեկոյան մարդն անկողին է մտնում արևածագի հույսով: «Հույսը երբեք չի ամաչեցնում», ասում է Սուրբ Պողոս առաքյալը, որը նշանակում է, որ մարդն աներկբա կարող է հույսը դնել Իր Աստծո վրա և չտարակուսել: Մաղթում եմ գոտեպնդվել հավատքի մեջ և երբեք չհուսալքվել՝ ապավինելով Տիրամոր բարեխոսությանը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

01.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․