Գրքեր

Երաժշտության գաղտնիքները

Տեղեկությունների, ինֆորմացիայի կտրուկ աճի, գիտելիքների զարգացման հետևանքով այսօր մարդկանց մոտ նկատելի է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան գերծանրաբեռնվածություն: Հետևաբար այս պայմաններում կարևոր է օգտվել բոլոր այն միջոցներից, որոնք կարող են օգնել մարդկանց դուրս գալ այդ վիճակից: Այդպիսի միջոցներից մեկն էլ երաժշտությունն է: Այն ամենուր է, բոլորս էլ մեր կյանքի ընթացքում կամա թե ակամա, մեզ շրջապատող ամեն մի վայրում՝ տանը, փողոցում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, երթուղային տաքսիներում, աշխատավայրում, հավաքույթներին լսում ենք երաժշտություն:

Իսկ այն, որ երաժշտությունը ներգործում է մարդու վրա, կարող է և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ թողնել, անգամ՝ բուժել, ղեկավարել, դաստիարակել, փաստում են հետևյալ ուսումնասիրությունները:

Երաժշտության ազդեցությունը բացահայտելու համար կատարվել են բազմաթիվ գիտափորձեր: Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում ռազմագերիների վրա իրականացնում էին փորձարկումներ, որոնք հնարավորություն տվեցին բացահայտելու, որ երաժշտության որոշակի հաճախականության և բարձրության պայմաններում, պարզունակ, միօրինակ բաբախման ռիթմերը մարդկանց վրա թողնում են հիպնոսացնող ազդեցություն, որոշակի տիպի երաժշտություն կարող է մարդու մոտ առաջացնել խուճապ, վտանգի չհիմնավորված զգացողություն, մղել անտրամաբանական քայլերի, զանգվածների դեպքում կարող է առաջացնել մասսայական հիստերիա, մղել բռնությունների: ԱՄՆ-ի Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր Բրայան Պրիմակը մի հետազոտություն է անցկացրել, ըստ որի՝ ռոք, ռեփ և քանթրի երաժշտություն սիրողներն ավելի շատ են օգտագործում նիկոտին և ալկոհոլ: Ըստ վերջինիս տվյալների` 2005-ի ամենահայտնի 279 երգերից 93-ում (33.3%) խոսվում են այդ նյութերի օգտագործման մասին: Նրա կարծիքով ամենից շատ նիկոտինի, ալկոհոլի մասին հիշատակվում է հետևյալ ոճերում` ռեփ (77%), քանթրի (37%), R&B և հիփ-հոփ (20%), ռոք (14%) և փոփ (9%): Շվեյցարացի պրոֆեսոր Բ. Ռաուխը ապացուցում է, որ ռոք երաժշտությունը առաջացնում է այսպես կոչված սթրես-հորմոնների արտադրություն, որոնք ջնջում են ուղեղում պահպանվող տեղեկությունները: Իսկ պարային երաժշտության ազդեցության տակ մարդիկ կորցնում են կենտրոնանալու կարողությունը:

Երաժշտությունը օգնում է նաև բուժվել: Այն բուժիչ ազդեցություն ունի մարդկային օրգանիզմի և հոգեկան աշխարհի վրա: Այդ մասին մարդիկ գիտեին դեռևս անհիշելի ժամանակներից: Դրա բուժիչ ուժի մասին գրել են Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը և ուրիշներ: Ավիցեննան երաժշտության միջոցով բուժում էր հոգեկան հիվանդներին, Հիպոկրատը` անքնությամբ և էպիլեպսիայով տառապողներին, Էսկուլապը` հուզական խանգարումներ ունեցողներին, իսկ Հալենը խորհուրդ էր տալիս այն օգտագործել որպես օձի կծածի դեմ հակաթույն: Հին Չինաստանում էլ բժիշկները կարծում էին, որ երաժշտությամբ կարելի է բուժել ցանկացած հիվանդություն, նրանք անգամ երաժշտական դեղատոմսեր էին դուրս գրում այս կամ այն հիվանդ օրգանի համար: Դեռևս Ք. ա. 3-րդ դարում Պարթևական տերության մեջ գոյություն ուներ հատուկ երաժշտական-բժշկական կենտրոն: Այսօր երաժշտական թերապիան լայնորեն տարածված է ամբողջ Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում:

Երաժշտության միջոցով կարելի է ոչ միայն բուժել, այլ նաև սպանել մարդուն: Արևմուտքում գոյություն ուներ մահապատժի մի տեսակ, որն իրականացվում էր առանց ընդհատումների, բարձր, աններդաշնակ երաժշտության միջոցով: Այն ճնշում և քայքայում էր օրգանիզմը` ազդելով քնի վրա: Արդյունքում` մարդը հասնում էր խելագարության և մահանում: Սուրբ Գրքում ևս կարելի է գտնել երաժշտության` մարդու վրա ունեցած ազդեցության մասին օրինակներ: «Եվ երբ չար ոգին իջնում էր Սավուղի վրա, Դավիթը առնում էր քնարը և նվագում իր ձեռքով, հանգստացնում էր Սավուղին: Սավուղը հանգստանում էր, և չար ոգին նրանից հեռանում էր» (Ա Թագավ․ 16:23):

Հոգևոր երաժշտության ազդեցությունը

Երաժշտության տեսակների մեջ հոգևորը միանշանակ տարբերվում է: Այն յուրահատուկ ազդեցություն ունի մարդու վրա: Վերականգնում է հոգեկան հավասարակշռվածությունը, տալիս է հանգստության զգացողություն: «Աստված Ինքն է խոսել իմ ականջին»,- վկայել է գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը՝ նման այն մեծ արվեստագետների, որոնք ևս երաժշտության արարող ուժն անհամեմատ բարձր են դասել մարդուց:

Եթե ներկայացնելու լինենք երաժշտության պատմության մեջ մի շարք հայտնի անուններ, ապա նրանց թվում դժվար է անվանել մի կոմպոզիտորի, որի ստեղծագործության մեջ ներառված չլինեն հոգևոր երաժշտական կոմպոզիցիաներ, այսինքն՝ հիմնված չլինեին Սբ. Գրքի վրա. Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Շուբերտ, Բրամս, Վերդի, Գլինկա, Մուսորգսկի, Չայկովսկի, Ռիմսկի-Կորսակով, Ռախմանինով և ուրիշներ:

Միջնադարում մեր անվանի երգահանները համոզված էին, որ հոգևոր երաժշտությունը բուժում է մարդու հոգին, իսկ դրա շնորհիվ նաև՝ մարմինը, քանի որ վերջինիս ապաքինումն անմիջականորեն կախված է անձի հոգեվիճակից ու տրամադրությունից: Թերևս պատահական չէ, որ հայերենում «հոգի» բառը նշանակում է նաև «մարդ» (Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»):

Դասական և հատկապես եկեղեցական երաժշտությունը կարող է նպաստել ծանր հիվանդների բժշկմանը: Բացահայտվել է, որ այն ազդեցություն է ունենում նույնիսկ չարորակ ուռուցքներ առաջացրած բջիջների վրա: Փորձ է արվել այդպիսի մի հիվանդի վրա, և նա հերթականությամբ լսել է չորս տեսակի երաժշտություն` դասական, էստրադային-սիմֆոնիկ, ռոք և միջնադարյան հոգևոր երգեր: Ամենադրական և ուժեղ ազդեցությունը թողել է հոգևոր երաժշտությունը, իսկ ամենաբացասականը`ռոքը:

Մարդու վրա հատկապես հիանալի ազդեցություն են թողնում զանգի ղողանջները: Դեռևս Հին Հունաստանի և Հռոմի վարպետներին հաջողվում էր այնպիսի զանգեր ձուլել, որոնց ղողանջը ոչնչացնում էր ախտածին մանրէները: Իսկ միջին դարերում ձուլված զանգերը հակահամաճարակային ազդեցություն ունեին: Դրանք վերացնում էին ժանտախտի, անգամ ծաղիկ հիվանդության հարուցիչները: Ալեքսանդր Գերցենը պատմում է, թե ինչպես Շվեյցարիայի մի քաղաքում պատվանդանին է կանգնեցվել մի շատ հին զանգ, որն իր ղողանջով մահվանից փրկել է այդ քաղաքի և շրջակայքի բնակչությանը ժանտախտի համաճարակից:

Վաղուց, երաժշտության բարերար ազդեցությունն օգտագործվել է նույնիսկ երեխայի ներարգանդային զարգացման համար: Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ պտուղն ակտիվորեն արձագանքում է այն երաժշտությանը, որը մայրը լսում է հղիության ընթացքում: Օրինակ, եթե Մոցարտն ու Վիվալդին հանգստացնում են, ապա ռոքի դեպքում արագանում է երեխայի սրտխփոցը, և նա սկսում է անհանգիստ շարժումներ կատարել: Պ. Հեպպերը հետաքրքիր հետազոտություն է կատարել հղի կանանց խմբի հետ: Սկզբում նա պարզում է, թե նրանցից ովքեր են այդ ընթացքում հոգևոր երաժշտություն լսում և ըստ այդմ բաժանում է նրանց երկու խմբի` լսողների և չլսողների: Այնուհետև ծննդաբերությունից մի քանի ժամ հետո, երբ երեխաները լալիս են, միացնում է նույն հոգևոր երաժշտությունը: Լսելով այն` առաջին խմբի մայրերի երեխաները հանգստանում են ու լռում, իսկ երկրորդ խմբի մայրերի երեխաները ոչ մի կերպ չեն արձագանքում այդ երաժշտությանը:

Պյութագորասը նշում է, որ երգն ու երաժշտությունը ղեկավարում են մարդկանց: Այդ պատճառով էլ այսօր բազմաթիվ կրոնական կազմակերպություններ օգտագործում են այս մեթոդը՝ մարդկանց վրա ներազդելու համար: Արդյունքում՝ վնասում են մարդու թե՛ հոգևոր և թե՛ մարմնավոր առողջությունը: Իզուր չէ, որ Հովհան Գ Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսը իր ժամանակ օրեցօր առավել տարածվող աղանդավորական այլազան հոսանքներին դիմակայելու թելադրանքով է, որ առավել խստապահանջություն է ցուցաբերել հոգևոր երգերի տեքստերի և ելևէջների հանդեպ`զտելով դրանք Հայ եկեղեցու դավանաբանությանն անհարիր տարրերից: Քաջ գիտակցելով երաժշտական արվեստի ներգործության հսկայական ուժը ունկնդիրների վրա` Օձնեցին պաշտոնապես ընդգրկում է այն եկեղեցու արարողակարգ և հոգևոր երգերի միջոցով ժողովրդի լայն շերտերին հասու դարձնում Աստվածաշնչի Հին ու Նոր Կտակարանները:

Մեր օրերում երիտասարդության մեծամասնությունը նախընտրում է լսել անորակ և բացասական լիցքեր հաղորդող երաժշտություն: Այնուամենայնիվ կան երիտասարդներ, որոնց համար երաժշտության մեջ հոգևորն ու դասականն առաջնային են:

«Սաղմոսներն ու շարականները քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստծու հետ» (Հովհաննես Արճիշեցի):

Ուստի հնարավորինս ձերբազատվենք մեր ժամանակներում իշխող էժանագին երաժշտությունից և, ունենալով այնպիսի գանձարան, ինչպիսին հոգևոր երաժշտությունն է, անտարբեր չլինենք և ջանանք այն գտնել մեր կյանքում՝ հարստացնելով մեր ներաշխարհը այդ անսպառ գանձարանից:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

19.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․