19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Երբ «ես»-ը դառնում է բարձրագույն «Ես»

Քրիստոնեական սերն առանձնահատուկ, զոհաբերվող սեր է, այն ընդարձակում է մարդկային անհատականության սահմանները, կյանքը դարձնում է ավելի խորը և հագեցած: Քրիստոնյայի սերն անշահախնդիր է, ինչպես արևի լույսը, այն փոխարենը ոչինչ չի պահաջում և ոչինչ իրենը չի համարում: Այն չի դառնում ուրիշների ստրուկը և իր համար ստրուկներ չի որոնում, այն սիրում է Աստծուն և մարդուն՝ որպես Աստծո պատկեր: Քրիստոնեական սերը մշտապես պայքարում է եսասիրության դեմ, այսինքն՝ պայքարում է մոլությունների դեմ, ինչպես կպայքարեր գիշատիչ գազանների դեմ:

Իսկ մեղքի դեմ պայքարում մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, զորանալու լավագույն օրինակը տվեց. քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց և աղոթեց, որպեսզի մենք էլ, Իր նման, ծոմով և աղոթքով դիմադրենք և հաղթահարենք չարի փորձությունները: Քրիստոսի օրինակի համաձայն՝ եկեղեցին հաստատեց Մեծ պահքի շրջանը, որի ընթացքում քրիստոնյան հրաժարվում է իր «ես»-ից՝ իր մեջ ծնունդ տալով բարձրագույն «Ես»-ին, որն առաջանում է դեպի Գողգոթա ընթացող ճանապարհին: Իսկ մինչ Գողգոթա հասնելը մարդն անցնում է որոշակի հոգևոր ճանապարհ: Այդ ճանապարհին անհրաժեշտ է, որ նա ճիգ գործադրի, խնամի իր հոգին, արթնացնի իր խղճի ձայնը, բարձրանա դեպի Գողգոթա, դեպի հաղթանակ և իր մեջ հաստատի՝ Տեր, թող Քո կամքը լինի և ոչ իմ, այսինքն՝ «Ինչպես երկնքում, այնպես էլ ամբողջ երկրում թող արմատախիլ արվի մոլորությունը, մեղքը և տնկվի ճշմարտությունն ու արդարությունը» (Սուրբ Գրիգոր Տաթևացի):

Հին կտակարանում պահեցողության բազմաթիվ օրինակների ենք հանդիպում, հայտնի են շատ իրադարձություններ, որոնք ուղեկցվում էին աղոթքով և պահքով: Օրինակ՝ Մովսեսը 40 օր ծոմ պահելուց հետո ստացավ Տասը պատվիրանները, Պարսից երկրում գտնվող հրեական մի համայնք փրկվեց իր վրա ծանրացող ոչնչացման սպառնալիքից Եսթեր թագուհու բարեխոսությամբ՝ երեք օր գիշեր-ցերեկ ծոմ պահելով: Բաբելոնյան գերության ժամանակ Դանիելը և իր երեք ընկերները նախանձախնդրորեն կատարում էին Աստծո պատվիրանները, նրանք որոշեցին չուտել թագավորական պալատի համադամ կերակուրներից և չխմել ընտիր գինուց, որպեսզի մեղանչած չլինեն Աստծո դեմ, քանի որ այդ կերակուրները պատրաստված էին կուռքերին մատուցված զոհերի մսից: Փոխարենը կերան պարզ ընդեղեն և բանջարեղեն, իսկ գինու փոխարեն ջուր խմեցին: Աստված օրհնեց այս չորս  պատանիներին իրենց օրինապահության համար ու նրանց տվեց իմաստություն և հանճար, իսկ Դանիելին շնորհեց նաև երազ մեկնելու իմաստություն (Դանիել 1):

Աստվածաշնչից մեզ հայտնի է նաև, որ Ադամը զրկվեց դրախտից կերակուրի պատճառով, կերակուրի պատճառով էր, որ Եսավը վաճառեց իր անդրանիկությունը Հակոբին, իսկ սուրբ մարգարեները, պահք պահելով, արժանացան հրեշտակների տեսությանը, պահք պահեցին նաև առաքյալները, ուստի «Աստվածային Գրքերով մեզ հրամայվեց պնդությամբ պահել, որ մտնենք երկնքի երանությունը, որից զրկվեց Ադամը կերակուրի պատճառով» (Վարդան Այգեկցի):

Եկեղեցին հրավիրում է բոլոր հավատացյալներին խոնարհաբար, անկեղծ ապաշխարությամբ անցնելու պահեցողության ճանապարհը (Ղուկաս 14:15-24): Քրիստոնյայի համար պարբերաբար ներքին աշխատանք է պահանջվում՝ փոփոխելու իր ներքին աշխարհը և այն վերահաստատելու: Պահքը հոգու և մարմնի ներդաշնակությունը վերականգնելու մի միջոց է: Պահքը մի նոր հնարավորություն է ինքներս մեզ գտնելու, մեր մեջ տեսնելու Աստվածային պատկերը, տեսնելու մեր կյանքը այլ դիտանկյունից, իսկ այդ ընթացքում սկսում ենք գնահատել և արժևորել մեր կյանքը: Այն հոգևոր կյանքի համար չափազանց կարևոր մի ժամանակաշրջան է, նրա շնորհիվ խոնարհվում է մեր ներքին մարդը: 

Պահքը չի լինի պահք, եթե սննդի պահքը չզուգահեռվի հոգևոր պահքի հետ, քանի որ սննդի պահքն իմաստազրկվում է առանց հոգևորի: Պահքի մշտական ուղեկիցներն են աղոթքը, զղջումը, ողորմածությունը, առանձնությունը, լռությունը, զսպվածությունը, ներողամտությունը, հրաժարվելը չար մտածումից, քանի որ հակառակ դեպքում մարդը կնմանվի կարիճի, որը կարող է երկար ժամանակ առանց սննդի մնալ, բայց միևնույն ժամանակ մահացու թույն արտադրել: Իհարկե, հոգևոր այս ընթացքը մարդը պետք է ապրի իր ողջ կյանքի ընթացքում, իսկ պահքի ժամանակ այն ավելի ամրապնդի:

Պահքը սովորեցնում է զոհաբերում. առաջին դարում քրիստոնյաները պահքի պատվիրանը միացրեցին ողորմության պատվիրանի հետ: Նրանք ունեին մի սովորություն. այն գումարները, որոնք խնայվում էին պահքի ընթացքում, տոն օրերին բաժանում էին կարիքավորներին: Սուրբ Հովհան Ոսկեբերանը սովորեցնում է մեզ. «Պա՞հք ես պահում. կերակրիր սովածներին, ջուր տուր ծարավյալներին, այցելիր հիվանդներին, մի մոռացիր բանտարկյալներին: Մխիթարիր վշտացածներին և սգավորներին, եղիր ողորմած, հեզ, բարի ու բարեպաշտ, որպեսզի Աստված ընդունի և քո պահքը, և առատորեն պարգևի ապաշխարության պտուղներ»:

Պահքը օգնում է հաղթահարել մոլությունները, ազատում է հոգին ամեն տեսակի արատներից: Այն օգնում է ազատագրել մարդու հոգին նյութականի հետ կապվածությունից՝ շնորհելով աստվածապարգև ազատություն: Պահքն իրենից ներկայացնում է կամային գործողություն: Նա, ով չի կարողանում իրեն սահմանափակել կերակուրներից, չի կարող հաղթահարել և մոլությունները: Ուտելիքի մեջ շվայտությունը տանում է շվայտության նաև մարդկային կյանքի մյուս ոլորտներում: Քրիստոս ասել է. «Երկնքի Արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթեոս 11:12): Առանց մշտական ճիգի և կամքի սխրագործությամբ ավետարանական պատվիրանները կմնան միայն իդեալներ՝ հեռու մարդկային իրական կյանքից:

 

 

Գայանե Սուգիկյան

 

22.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․