Գրքեր

Երբ Քրիստոս քեզ համար կդառնա ամեն ինչ, մաս 2-րդ

Չե՞ս հասկանում, թե ուրիշներն ինչու են լալիս: Ի՞նչը ստիպեց այդ կնոջն արտասվել, նախքան նրան որևէ բան ասելը: Նա արտասվում է, որովհետև զգում է, որ Տիրոջ առջև է կանգնած, սուրբ խորհրդի՝ խոստովանության, Սուրբ Պատարագի, Սուրբ Հաղորդության առջև, կանգնած է Եկեղեցու խորհրդի առջև և հաղորդակից է լինում դրան: Քրիստոսն է: Քրիստոսը պետք է սիրտդ մտնի, հասկանո՞ւմ ես, որպեսզի յուրաքանչյուր բջիջդ արթնացնի, որպեսզի փոփոխի քեզ, որպեսզի կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելու ուժ տա: Այլապես ինչպե՞ս պիտի հաղթահարես: Ախր կխելագարվես: Խելագարվում են առանց Քրիստոսի: Ոչ միայն վիշտն է առանց Նրա գալիս, այլև աննկարագրելի վշտի գագաթնակետը՝ հուսահատությունը: Սպանում ես ինքդ քեզ՝ առանց Քրիստոսի ապրելով, հիվանդանում ես:

Եթե Քրիստոսի՛ն կյանքիցդ ներս չթողնես, ապա ո՞ւմ պիտի թողնես: Դատարկություն է ներսումդ և փորձում ես ինչ-որ բանով լցնել այն, բայց այդ դառնահամը միևնույն է մնում է: Հուսահատորեն փոփոխություն ես փնտրում, ինչ-որ նոր բան, բայց ինչ էլ, որ փոխես՝ մնում ես նույնի մեջ: Եվ կրկին նույն ապրումներն ու դրանցից փախչելու փորձերն են մնում, ուզում ես փոխարինել ինչ-որ բանով, բայց նախկին դառնությունը մնում է, բերանի այն նույն դառնահամն ու չորությունը:

Բայց չէ՞ որ մենք նման կյանքի համար չենք ստեղծվել: Աստված մեզ ավելիի համար արարեց: Դու սքանչելի կյանքի ես արժանի, օրհնության: Մեկնի՛ր ձեռքերդ ու զգա, թե Քրիստոս ինչպես է քո տուն մտնում: Եվ ահա արդեն անսահման ուրախություն ես զգում քո սրտում: Դու արժանի ես այն երջանկությունն զգալու, որ ներսից է դեպի դուրս հորդում, այլ ոչ թե հակառակը: Հասկանո՞ւմ ես ինչ ասել է ներսից դուրս: Եվ այն ուրախությունն ես զգում, որ չգիտես էլ, թե որտեղից հայտնվեց: Քրիստոսն է: Քրիստոս հայտնվեց քո մեջ: Հիսո՛ւսը: Ես չեմ հոգնում այդ անունն արտասանելուց: Իսկ դո՞ւ:

Մի անգամ ծանոթներիցս մեկը հարցրեց.

- Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու եմ ուրախանում այն մտքից, որ երեկոյան պիցցա եմ ուտելու և զովացուցիչ խմելու, իսկ Քրիստոսի մասին մտածելիս նույնը չեմ զգում: Հիսուս իմ, Քրիստոս իմ: Ինչո՞ւ չեմ ուրախանում աղոթելու մտքից: Ինչո՞ւ է ուտելիքն ու նույնիսկ դրա մասին մտածելը, սպորտային թիմը կամ աշխարհիկ որևէ իրադարձությունն ուրախություն պատճառում ինձ: Առավոտվանից անհամբեր երեկոյին եմ սպասում, որ սրճարան գնամ ու համեղ սնվեմ: Բայց այն մտքից, որ Աստված ու Փրկիչ ունեմ, որ ինձ դրախտն, Աստծո Արքայությունն է սպասում, որ շուտով Սուրբ Պատարագի եմ գնալու՝ չեմ ուրախանում: Ինչո՞ւ ուրախությամբ չեմ լցվում այդ ամենից:

- Որովհետև Քրիստոսը չի մտել մեր կյանք: Այդ պատճառով:

Սուրբ Աթոս լեռան ծերերից մեկը՝ Իոսիֆ Իսիխաստիսը պատմում էր. երբ նա գիրք ընթերցելիս հասնում էր «Հիսուս», «Հիսուս իմ», «Քրիստոս իմ» բառերին, ապա չէր կարողանում շարունակել ընթերցանությունը: Իսկ մենք կարդում ենք առանց որևէ խնդրի: «Հիսուս» բառն այնպես ենք կարդում, կարծես խոհարարական գրքում ենք հանդիպել: Հապա լսիր այդ բառերը. «իմ Հիսուս, իմ Քրիստոս, իմ Արարիչ, իմ Սեր, իմ Լույս, իմ Հովիվ»: Այս բոլորը Քրիստոսն է: Զգո՞ւմ ես: Զգա՛, որպեսզի կյանքդ Քրիստոսով լցվի, հագենա, հոգիդ ամբողջանա Նրա միջոցով: Որպեսզի մարդկանցից սեր չխնդրես՝ ձանձրացնելով նրանց ու ինքդ էլ նրանցից հոգնելով: Բոլորս էլ հոգնում ենք և ուրիշներին հոգնեցնում: Որովհետև, եթե հույսդ Տիրոջ վրա չես դնում, Ով սիրո Աղբյուրն է, ապա միշտ էլ սրանից-նրանից սեր կխնդրես: Իսկ մարդն ի՞նչ կարող է քեզ տալ, եթե չունի այն, ինչ խնդրում ես: Ամուսնուցդ (կնոջիցդ) ես սեր սպասում: Բայց կգտնե՞ս նրա մոտ, կտա՞ քեզ: Ունի՞: Չէ՞ որ մարդիկ կան, որ նույնիսկ իրենց ծնողներին էլ այնքան չեն սիրում: Եվ միայն Տիրոջը մոտենալով կգտնես սիրո Աղբյուրն ու կխաղաղվես: Եվ այնժամ ինքդ քեզ կասես.

- Ուրախ ու շնորհակալ եմ, եթե սիրում են ինձ: Սակայն շատ չեմ անհանգստանում, եթե չեն սիրում: Որովհետև ես եմ սիրում: Ես ուրախության, զորության ու սիրո աղբյուր ունեմ: Ես գտել եմ Նրան, Ով ամեն ինչի Սկիզբն է, և ես երջանիկ եմ:

Հակառակ պարագայում ստիպված կլինես մշտապես խնդրել:

Բոլոր զրույցներն ու խոստովանություններն էլ են սիրո փնտրտուքներ: Զգում եք, որ մարդն ինչ-որ բան է ուզում ձեզնից՝ ջերմություն ու սեր է ակնկալում: Բոլորս էլ սեր ենք փնտրում և այդ պատճառով էլ նկատում ենք, թե ով մեզ քնքշությամբ նայեց, ով մի բարի, քաղցր, քնքուշ, սիրով լի խոսք ասաց, որ ջերմացրեց մեզ: Բայց ի՞նչ թաքցնես, այդ ամենն արտաքուստ է միայն, որովհետև ամեն ինչ Տիրոջից պետք է գա: Ոչ ոք չի կարող հոգիդ լցնել, ոչ ոք միայն ինքն իրենով չի կարող երջանկացնել քեզ: Միայն Աստծով կարող ենք լիարժեք լինել, կարող ենք ինքներս ունենալ և ուրիշներին տալ: Եվ եթե նույնիսկ ոչ ոք էլ մեզ չսիրի՝ դա այլևս խնդիր չի լինի մեզ համար:

Հիշո՞ւմ ես մի անգամ ինչ պատմեցիր ինձ:

- Մի օր երեկոյան նստել ու հեռախոսազանգի էի սպասում, կարևոր չէր ումից, միայն թե մեկը զանգահարեր: Սակայն ոչ ոք չէր զանգում: Ոչ ոք: Ոչ ոք չէր հետաքրքրվում ինձնով՝ ո՞ղջ եմ, թե մեռած: Մի՞թե ոչ ոք ինձ չի սիրում: Բայց հանկարծ հեռախոսը զանգեց: Ուրախացած նետվեցի դեպի այն ու մտածեցի. «Ահա՛, հիշեցին ինձ»: Բայց գիտե՞ս ինչ էր: Ինչ-որ մեկը դեղատուն էր զանգահարում և սխալմամբ իմ համարին էր միացել… Սխալմամբ էին ինձ զանգել: Ինչ-որ մեկը սխալմամբ էր հիշել ինձ:

Իսկ ես քեզ ի՞նչ ասացի այն ժամանակ:

- Ինչ-որ Մեկը կա, Ով սխալմամբ չէ, որ սիրում է քեզ, Ով իրապես, միշտ, ցերեկը և գիշերը, օրը քսանչորս ժամ սիրում է քեզ, նայում է քեզ ու սպասում, որ ուշադրություն դարձնես Իրեն: Բայց դու դա չես հասկացել և այդ պատճառով էլ տանջվում ես: Այս ու այնտեղ սեր ես խնդրում: Բայց չէ՞ որ իսկական սեր կա և այն մեր շուրջբոլորն է, դա Քրիստոսի սերն է: Այն այնքան խոնարհ է, այնքան համբերող և հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ մի քիչ ժամանակ կգտնես Նրա համար: Երբ ուշադրությանդ թեկուզ մի փոքր մասնիկը Նրան կտրամադրես, որպեսզի ասի, որ սիրում է քեզ: Ե՞րբ ես գոնե մեկ րոպեով հեռուստացույցն անջատելու և հոգուդ աչքերը բացելու, որ տեսնես Նրան: Ե՞րբ ես սկսելու Սուրբ Գիրքը կարդալ, որ լուսավորվես: Ե՞րբ ես համրիչը ձեռքդ առնելու և աղոթելու, որպեսզի Աստծո բարեշնորհությունը ստանաս: Տերը դրան է սպասում և ասում քեզ.

- Հեռախոսազանգի ես սպասում, բայց Ես քեզ հեռախոսը հայտնագործելուց առաջ սիրեցի, նախքան աշխարհի արարումը սիրեցի: Ես միջոց գտա սրտիդ ասելու դրա մասին: Բայց սիրտդ երբեք էլ հարկ եղածին պես չի աշխատել, այն երբեք չի մտածում Իմ մասին: Դու անընդհատ զբաղված ես ու երբ խոսում եմ քեզ հետ՝ Ինձ լսելու ժամանակ չունես: Նույնիսկ մեկ րոպեով կանգ չես առնում, որպեսզի լսես, թե ինչպես եմ քեզ ասում. «Զավա՛կս, մի անգամ, երկու հազար տարի առաջ, կեսօրին, արյունս քեզ համար հեղեցի Գողգոթայի վրա: Ուրիշ ո՞վ կմեռներ հանուն քեզ: Ո՞վ թույլ կտար, որ իրեն խաչեն հանուն քեզ: Ո՞վ կտառապեր քեզ համար: Ո՞վ աստվածային արյամբ կներկեր հողը քո հանդեպ ունեցած սիրուց»:

Հասկանո՞ւմ ես: Եվ ինձ մի ասա, թե դա տեսություն կամ առասպել է, որովհետև եթե այդպես լիներ, ապա այդ սերն այդպես չէր զորացնի այդքան մարդկանց, Աթոս լեռան այն վանականին այդպիսին չէր դարձնի, որ փակվել էր խցում ու այնքան երջանիկ էր: Եթե այն, ինչի մասին խոսում ենք, առասպել լիներ, ապա զորություն չէր հաղորդի փորձությունների, ձախորդությունների, պահքի, կարիքի ու չքավորության մեջ գտնվող մարդուն:

Հիշո՞ւմ ես ինձ ինչ ասացիր, երբ Աթոսում էինք:

- Չեմ ուզում խցից դուրս գալ, թեկուզ ռմբակոծեն դրսից: Այնպիսի ուրախություն եմ զգում խցում, որ չեմ ուզում դուրս գալ այնտեղից:

Իսկ ի՞նչ կար այդ խցում:

Այն փակ է աշխարհիկ ուրախությունների համար: Մի փոքրիկ խուց է, երեքը երեք մետրի վրա, բայց Քրիստոսն է այնտեղ, Սուրբ Երրորդությունը, Աստծո բարեշնորհությունն ու Սուրբ Հոգին: Այնտեղ անհուն երկինքն է ու վարդաբույրով լեցուն անսահման մի սքանչելի հարթավայր: Եվ վանականը չի ուզում դուրս գալ իր խցից: Ո՞վ է նրան այնտեղ պահում: Քրիստո՛սը, Նա՝ Ում դու հեքիաթ ես անվանում: Եթե Քրիստոսին սիրես, ապա քեզ երբեք միայնակ չես զգա: Հնարավոր է, որ ես չհասնեմ դրան, բայց դու կարող ես դրանով ապրել: Թող մենք՝ դրա մասին խոսնողներս, «իսկակական չենք», բայց դա նշանակություն չունի: Հնարավոր է դու ավելի իմաստուն ես, կարող ես միտքն ըմբռնել ու այն քայլն անել, որ մենք դեռ չենք արել: Բայց մենք էլ ենք դա ուզում: Ուզում ենք ու փորձում: Իսկ դու այն մարդն ես, ով ունի այդ ցանկությունը, ծարավը, անկեղծությունը, հոգու բարեհաճությունը, արդ, արա՛ այդ քայլը: Խիզախի՛ր: Մի՛ նայիր ինձ, ուրիշներին, մենք միայն խոսում ենք ու ոչինչ չենք անում: Իսկ քեզ ի՞նչն է խանգարում: Գործի՛ր, աշխատի՛ր, ապրի՛ր, որպեսզի ուրախ լինես, որ զգաս երջանկությունը, դու արժանի ես դրան: Այդ ամենն այնքան սքանչելի է: Բավական է միայն մտածես այդ մասին և սիրտդ ուրախությամբ ու երջանկությամբ կլցվի, խաղաղ կզգա իրեն: Այդ ամենը Քրիստոսը կտա քեզ:

Այդպես ապրող մարդն ի՞նչ կասի: Տիրոջո՞վ եմ ապրում: Այո՛: Բայց նա, ով սիրում է, սովորաբար չի խոսում, այլ աղոթում է: Իր համար է աղոթում, ինձ համար, քեզ համար ու ամբողջ աշխարհի, հետևյալ բառերով. «Տե՛ր իմ, այն մարդը, որ ինձ ասաց, թե դրանով է ապրում, ճիշտ է: Ողորմիր նրան ու այն բոլոր մարդկանց, որ դրանով են ապրում»:

Չես հոգնում Տիրոջ մասին խոսելիս: Տերը թարմացնում է, իսկ ինձնից հոգնում ես, որովհետև ես ուղղակի մարդ եմ: Դու էլ ես մարդ և մենք՝ մարդիկս, հոգնում ենք միմյանցից: Քրիստոսի մասին մտածեցի, հոգիս ուրախացավ, կյանքս իմաստավորվեց, «Տիրոջ մասին մտածեցի և ուրախացա»: Այսինքն չես հոգնում Տիրոջ մասին մտածելուց, ուզում ես խոսել Նրա մասին, ուրախանում ես, երբ մտածում ես Նրա մասին: Կյանքդ կփոխվի: Այդ արբեցման, այդ խենթության մասին Հայր Պորֆիրիոսը մի միանձնուհու ասաց.

- Կաղոթեմ Քրիստոսին, որպեսզի քեզ ոչ թե անխելք դարձնի, այլ «աստվածախենթ», այսինքն Աստծո համար խենթ:

Արդ, խենթ լինենք Աստծո համար: Միտքը դեն նետենք աստվածային երջանկության համար: Բոլորն այս կյանքում ինչ-որ խենթություններ են փնտրում, հարբում են գինով ու հեռուստացույցով, ուզում են հիմարանալ, ամեն ինչ անում են, որպեսզի մոռացության մեջ ընկնեն, իսկ մենք խենթանալու համար Տիրոջն ենք սիրում, որպեսզի աստվածային խենթությամբ խենթանանք: Այլ կերպ այսպես կարելի է ասել. այդ աստվածային արբեցումը երկնային տոնախմբություն է, դրախտում ես, չես հասկանում, թե որտեղ ես գտնվում և չգիտես, թե ինչ է կատարվում, և դրանից հետո ամեն ինչ փոխվում է քո կյանքում…

Երբ Հիսուսը սիրտդ մտնի, այնժամ չես ուզենա ծխել: Ես քեզ չեմ կարող ասել. «Ծխելդ թո՛ղ»: Ես ծխողին ասում եմ, որ աղոթի, երբ վառում է գլանակը: Իսկ նա ասում է.

- Ախր, մի՞թե կարելի է:

- Ի՞նչ է, չե՞ս կարողանում Քրիստոսին կյանքիցդ ներս թողնել:

- Ինչպե՞ս: Նույնիսկ այն ժամանակ, երբ ծխո՞ւմ եմ:

- Խոսքն այն մասին չէ, թե ինչ ես անում: Ես Քրիստոսի մասին եմ խոսում, այլ ոչ թե ծխելու: Արի մեր խոսակցությունը «չցածրացնենք»: Ես քո արարքների մասին չեմ խոսում, այլ ասում եմ. սովորիր ինչ-որ բան անելու ժամանակ աղոթել:

- Եվ այն ժամանակ, երբ մե՞ղք եմ գործում:

- Երբ մե՞ղք ես գործում: Ինչ գործ էլ, որ սկսես, աղոթի՛ր Աստծուն:

- Կկարողանա՞մ:

- Չգիտեմ: Աղոթի՛ր և ինչ ուզում ես արա: Մի՞թե նույնը երանելի Օգոստինոսը չէր ասում: Սիրի՛ր Տիրոջը և ինչ ուզում ես արա: Ասա. «Քրիստո՛ս, սիրում եմ Քեզ, բայց չեմ կարողանում ծխելը թողնել»: Եվ եթե անընդհատ կրկնես, ապա որոշ ժամանակ անց ծխախոտը քեզ համար ավելի պակաս գրավիչ կդառնա, իսկ հետո անտարբեր կդառնաս դրա նկատմամբ: Ինչո՞ւ: Որովհետև ծխախոտից ավելի լավ բան քեզ դուր կգա: Օրինակ՝ ես պանրով կարկանդակ եմ սիրում, բայց եթե մեկն ինձ պիցցա տա ու ես ավելի հավանեմ դա, ապա կարկանդակը երկրորդ պլան կմղվի: Երբ շատ ավելի լավ բան ես տեսնում, ապա ուղղակի լավն արդեն չի ձգում քեզ:

Թույլ տուր հարցնեմ, թե ինչո՞ւ ես մեղք գործում: Ինչո՞ւ շփոթվեցիր: Չէ՞ որ գիտես, թե ինչու ենք մեղք գործում, այնպես չէ՞: Որովհետև մեղքը հաճույք է պատճառում: Այդ պատճառով էլ մեղանչում ենք: Այդպես չէ՞:

Երբ համալսարանում էի սովորում, մի անգամ համակուրսեցիս, որ շատ անկեղծ մարդ էր, այդպես էլ ասաց.

- Լսի՛ր, մեղքի բաժակը քաղցր է և ես այն մինչև հատակը կխմեմ:

Պատասխանեցի.

- Անուշ լինի:

Մինչև հատակը… Նշանակում է բաժակը հատակ ունի: Իսկ հետո ի՞նչ պիտի անես, երբ այդ հատակին հասնես: Հոգիդ ավելին է ուզելու, քանի որ չես հագենալու դրանով: Եվ գիտե՞ս ինչ: Հատակը շատ դառն է: Հաճախ մեղք ենք գործում, քանի որ ինչ-որ բան է մեզ դուր գալիս: Բայց երբ գալիս է Քրիստոս, Ով քաղցրություն է պարգևում, մեղքերը դրանով ավելի լավ են արմատախիլ արվում: Երբեք ոչ ոքի մի ասա. «Արմատախիլ արա կիրքդ, հատի՛ր այն», փորձելով ուժով կանգնեցնել նրա որևէ կիրք, որովհետև կպատասխանի.

- Ինչո՞վ փոխարինեմ այն: Պահանջում ես, որ ծխելը թողնեմ: Իսկ ի՞նչ անեմ, երբ ինձ մոտ հիստերիկա սկսվի: Ի՞նչ անեմ այն ժամանակ: Ուրիշ ինչի՞ն դիմեմ: Ի՞նչը ինձ կտա այն ուրախությունը, որ ծխախոտն էր տալիս: Ու մի բան էլ ասեմ քեզ: Եթե դու չես ծխում, ապա ծխողին չես էլ հասկանա: Ուրեմն մի՛ դատիր ինձ: Չես կարող մտնել հոգուս մեջ ու տեսնել, թե ինչ եմ զգում այդ պահին:

Այո՛, հասկանում եմ, որ ծխելու ժամանակ որոշակի հաճելի զգացում ես ունենում: Եվ երբ որևէ այլ մեղք ես գործում և երբ ես եմ գործում, նման ինչ-որ զգացում ունենում ենք: Բայց երբ Քրիստոս գալիս է ու մեր հոգիները լցնում, ապա այլևս չենք ցանկանում մեղք գործել: Այդժամ կարիք չի լինում, որ ինչ-որ մեկը մեզ ասի. «Մեղք մի՛ գործիր»: Անհրաժեշտություն չի զգացվում:

Ինչո՞ւ ես բամբասում: Որովհետև հաճելի է: Այդ պահին արյան ներհոսք ես զգում, աշխուժություն: Մեծ շարժում է սկսվում շրթունքների վրա և ուղեղում: Տարբեր գաղափարներ են ի հայտ գալիս: Պատահական չէ, որ ասում են «լեզուն շաղ տալ»: Ուրիշներին դատապարտելը քեզ հաճույք ու բավականություն է պատճառում: Ինչո՞ւ ես ինքդ քեզ խաբում, մի՞թե որևէ մեկը քեզ ստիպում է բամբասել: Ուղղակի դա հաճելի է քեզ: Օրինակ՝ տղամարդը զանգեց կնոջն այն ժամանակ, երբ նա քնած էր ճաշից հետո, կեսօրին ու ինչ-որ բամբասանքներ փոխանցեց նրան: Կնոջ քունը միանգամից փախավ, աչքերը լայն բացվեցին: Աշխույժ խոսակցություն սկսվեց: Երկար խոսեցին:

Ինչո՞ւ ես քննադատում: Որովհետև դա քեզ դուր է գալիս: Սակայն, երբ ճանաչես Քրիստոսին՝ կհասկանաս, որ քննադատությունը չի կարող Քրիստոսի քաղցրության հետ համեմատվել: Քննադատության քաղցրությունը չի կարող Քրիստոսի քաղցրության հետ համեմատվել: Ահա՛ երկար ու գեղեցիկ ժամերգության մասնակցեցիր և երկար աղոթքներից հետո գլուխդ պտտվեց, լավ իմաստով պտտվեց: Այդ գլխապտույտն աղոթքից է և Քրիստոսի հանդեպ տածած սիրո արբեցումից: Իսկ ժամերգությունից հետո, ենթադրենք, մյուսների հետ մեքենա ես նստում և նրանք սկսում են բամբասել: Եվ եթե դու ամբողջությամբ ընկալել ես աղոթքը, եթե Տիրոջ նկատմամբ տածած սիրով ես բոցավառվել, եթե Սուրբ Հաղորդություն ես ստացել, եթե չորս-հինգ ժամ տևած եկեղեցական ծառայության ես մասնակցել՝ բազմիցս կրկնելով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ», այնժամ լսելով, թե նրանք ինչպես են քննադատում, հասկանում ես, թե այդ ամենը որքան հեռու է քեզանից: Եվ ամենևին էլ կարիք չկա, որ ինչ-որ մեկը քեզ ասի. «Մի՛ քննադատիր», ուղղակի չես կարողանա որևէ մեկին քննադատել:

Այդպես հատվում են կրքերը, այդպես փոխվում է աշխարհը, այդպես մարդն է փոխվում: Չի կարելի տղամարդուն կամ կնոջը խոսքերով, քարոզներով փոխել՝ ստիպելով կամ ճնշելով: Ինչպե՞ս պիտի փոխվեն: Հարցը միայն այն է, թե Քրիստոս ինչպես կմտնի մարդու մեջ ու կփոխի նրա կյանքը, կփոխի աչքերը, ձեռքերը, միտքը, սիրտը, մարմինը, հոգին: Ինչպե՞ս կմտնի նրա մեջ: Դա է ողջ էությունը: Բայց քանի որ շատերը չեն ուզում անել այն, ինչ դժվար է, ապա անում են այն, ինչ հեշտ է: Նրանք ասում են. «Ծխելը թո՛ղ», «Փոխվի՛ր», «Ուշքի ե՛կ», «Կյանքդ կարգավորի՛ր», բայց այդ ամենը կարող է միայն այն դեպքում պատահել, երբ Տերը մեր մեջ մտնի: Հասկանո՞ւմ ես:

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

25.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․