20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր

Երեխաների պաշտպանության գրավականը

Ամռան առաջին օրը երեխաների համար դարձել է զվարճանքի և ուրախ տոնախմբության օր: Բացի այն, որ հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, փորձում է երեխաների օրը դարձնել ավելի գունեղ և պայծառ, այն իր հերթին նաև մտորելու այս առիթն է տալիս՝ ինչպե՞ս առավելագույնս պաշտպանել երեխաների իրավունքները: Երեխայի ծննդյան իսկ օրից նրա պաշտպանության մասին նախ հոգում են ծնողները, ովքեր կարևոր է, որ մոռացության չմատնեն իրենց երեխայի ամենամեծ Պաշտպանին՝ Աստծուն: Առաջին քայլը՝ երեխաների պաշտպանությանն ուղղված, մատնանշում է եկեղեցին՝ իր հիմնադրման իսկ օրից. նա հորդորում է ծնողներին երեխային դեռ ութ օրեկանից մկրտությամբ հանձնել Տիրոջ խնամքին և պահպանությանը: Ցավոք սրտի, այսօր կան ծնողներ, ովքեր անտեսում կամ ինչ-ինչ պատճառներով հետաձգում են իրենց երեխայի մկրտությունը՝ մոռացության մատնելով այն կարևոր հանգամանքը, որ երեխան բացի մարմնից ունի նաև հոգի, որ երեխան կարիք ունի ոչ միայն մարմնավոր, այլ նաև հոգևորի սննդի, որ երեխայի մարմինը խնամելուց զատ, հարկավոր է խնամել և սնել Աստծո պատկերն ու նմանությունը կրող անմահ հոգին: Ժամանակավորի մասին հոգ տանելով՝ ծնողը մոռացության է մատնում հավիտենականը՝ կործանարար վնաս հասցնելով իր իսկ երեխային:

Ընտանիքների երջանկության, բարեկեցիկ հասարակության և ազգի ամրության հիմքում ընկած է երեխաների ճիշտ դաստիարակության խնդիրը: Մտային, ֆիզիկական դաստիարակությունների շարքում իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում հոգևոր-բարոյական դաստիարակությունը: Այն համարվում է երեխայի պաշտապանության առաջին գրավականը: Հոգևոր դաստիարակությունը գուցե տեսանելի չէ, բայց լուրջ ջանքեր և անձնվիրաբար աշխատանք է պահանջում ծնողներից և մանկավարժներից: Դարեր են անցել, բազմաթիվ հասարակարգեր են փոխվել, բայց քրիստոնեական դաստիարակության դերն ու նշանակությունը չի փոխվել: Երեխաների քրիստոնեական դաստիարակության հիմքը պետք է դնեն ծնողները, քանի որ ոչ մի լավագույն դաստիարակ կամ դպրոց չի կարող փոխարինել ընտանիքին:

Ս. Հովհան Ոսկեբերանը քրիստոնյա ծնողների պարտականությունների վերաբերյալ ասել է. «Երեխային առաքինության և բարեպաշտության մեջ դաստիարակելը սուրբ պարտականություն է, որը չի կարելի զանց առնել՝ չմեղադրվելու համար հոգևոր մանկասպանության հանցանքի մեջ: Այդ պարտականությունն ընդհանուր է. վերաբերում է թե՛ հայրերին և թե՛ մայրերին: Կան հայրեր, որ ոչինչ չեն խնայում, որպեսզի հաճույք պատճառեն իրենց երեխաներին՝ որպես հարուստ ժառանգների, բայց որպեսզի իրենց երեխաները լինեն բարեպաշտ քրիստոնյաներ, այս առումով շատ քիչ են մտահոգվում: Հանցավոր կուրություն, որից առաջ են գալիս բոլոր տեսակի անկարգությունները, որոնցից էլ ձևավորում է հասարակությունը… Եթե հայրերը ձգտեին իրենց երեխաներին բարի դաստիարակություն տալ, ապա կարիքը չէր լինի ո՛չ օրենքների, ո՛չ դատավարությունների և ո՛չ պատիժների: Դահիճները հարկավոր են նրա համար, քանի որ բացակայում է բարոյականությունը»:

Այսպիսով, ծնողների սուրբ պարտականությունն է հոգալ, որ իրենց երեխան, բացի մարմնավոր աճից, մկրտությամբ և քրիստոնեական դաստիարակությամբ ունենա նաև հոգևոր աճ ՝ վայելելով Բարձրյալի խնամքն ու պահպանությունը:

 

Կարինե Սուգիկյան

01.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․