Գրքեր

«Երջանկության բանալին միմիայն Աստծո մեջ է: Փնտրեք Աստծո՛ւն: Եվ կգտնեք Նրա անսահման սերը, որն էլ ձեզ երջանկություն կպարգևի»:

Երևանում գործող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և ներկայի, Աստծուն ճանաչելու և սիրելու, հոգևորականի դերի, եկեղեցի-հասարակություն կապի, հոգևոր ճանապարհի իր ընտրության շուրջ է զրույցը Այրարատյան   հայրապետական  թեմի  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ:

 

-Տեր հայրարդեն մեկ տարուց ավելի է, որ Դուք Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն եք: Խնդրում եմ համառոտ ներկայացրեք  եկեղեցու և հարակից  Անանիա առաքյալի մատուռի պատմությունը:

- Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է, որ հայտնի է իր հարուստ պատմությամբ, կառուցվել է 1693 թվականին:  Եռանավ բազիլիկների տիպին պատկանող անգմբեթ եկեղեցու եզակի գանձերն են արտաքին պատերի առանձին հարթություններում ագուցված 17-րդ  դարի գեղաքանդակ խաչքարերը,  ինչպես նաև  նկարիչ Նաղաշ Հովնաթանի որմնանկարը՝ Մարիամ Աստվածածնի՝ մանուկ Հիսուսին խաչին զոհաբերելու տեսարանով:

 Հնում  այստեղ փոքրիկ  մատուռ է եղել՝  կառուցված Քրիստոսի 72 առաքյալներից մեկի՝ Սուրբ Անանիայի գերեզմանի վրա: Ըստ մատենագիտական աղբյուրների, եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին: Զորավոր անունը ստացել է ավելի ուշ, քանի որ 13-րդ դարում այստեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը: Այժմ այն գտնվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում: Ըստ մեկ այլ աղբյուրի՝ վերանվանումը կապված է Ս. Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարների հետ, որ ամփոփված են եկեղեցուն կից մատուռում, որի կառուցումը թվագրվում է 9-13-րդ դարերին:  17-րդ դարում Մովսես Տաթևացու (Սյունեցի) ջանքերով հինավուրց, քարուքանդ մատուռի վայրում վերականգնվել է հին վանական համալիրը, ծաղկել անապատական կյանքը: 1635-1636 թթ. թուրք-պարսկական պատերազմի ընթացքում փայտակերտ այդ կառույցներն այրվել են:  Վանքի  հետագա վերաշինությունը կատարվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք: 1679 թ. երկրաշարժից հետո ավերակների են վերածվել նաև նորակառույց քարակերտ վանքն ու կից կառույցները:

Ներկայիս եկեղեցին՝ զանգակատնով, կառուցվել է երկրաշարժից հետո՝ 1693 թվականին, մեծահարուստ վաճառական Խոջա Փանոսի նվիրատվությամբ: Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին, ի վերջո, վերադարձրել են հավատացյալներին: Գործող եկեղեցին  վերանորոգվել, երգչախմբի համար վերնատուն, երիցատան նոր շենք է կառուցվել  1970-ական թվականներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի օրոք: Նշեմ, որ եկեղեցու հիմնանորոգումն ու շրջապատի բարեկարգումը կատարվել է ֆրանսահայ բարերար Սարգիս Պետրոսյանի նվիրատվությամբ: Կցանկանայի ավելացնել, որ այսօր էլ շարունակվում են բարենորոգումները հավատավոր բարերարների միջոցներով:

-Որտեղի՞ց է սկսվում հասարակություն-եկեղեցի կապը: Ո՞րն է եկեղեցու դերը մարդու կյանքում:

- Քրիստոնյաները բոլոր ժամանակներում խնդիր են ունեցել հստակեցնել իրենց վերաբերմունքը այս աշխարհի հասարակական դրսևորումների, բարքերի, սովորույթների նկատմամբ: Անհրաժեշտ է քննել ժամանակի ոգին, հասկանալ դրա հակաքրիստոնեական դրսևորումները և հեռու մնալ դրանցից՝ չաղավաղելու ճշմարիտ քրիստոնեական դիմագիծը: Ժամանակի մարտահրավերներից խուսափելու համար քրիստոնյան պետք է այնպիսի դիրք ունենա հասարակության մեջ, որպեսզի, չմեկուսանալով նրանից, կուլ չգնա հորձանքին:  Իսկ ճիշտ կողմնորոշվելու համար նրա կողքին մշտապես Եկեղեցին է կանգնած:

- Ինչպիսի՞ն է դեպի հավատ տանող ճանապարհը, և ինչպե՞ս Դուք ընտրեցիք հոգևոր ուղին:

- Եթե անկեղծ լինեմ, հոգևորական դառնալու սկզբնական որոշումն իմը չի եղել, այլ՝ մայրիկինս: Երբ արդեն գիտակցական տարիքում էի, մայրս ինձ միշտ ասում էր, որ պետք է հոգևորական դառնամ: Ավելի ուշ իմացա, որ ուխտել էր իր արու զավակին եկեղեցուն նվիրել: Շնորհակալ եմ մայրիկիս իր որոշման համար: Հիմա եկեղեցուց դուրս ինձ չեմ պատկերացնում:

Իսկ հավատի հարցը դիտարկելիս, պետք է շեշտեմ, որ երբևէ որևէ մեկի մոտ հավատը չի ծնվել ապացույցներից կամ փաստերից, ոչ էլ, անգամ հրաշքներից: Հիշո՞ւմ եք աստվածաշնչյան պատմությունը Եղիա մարգարեի մասին, ում ասվել էր, որ նա տեսնելու է Աստծուն: Սկզբում հողմ եղավ, բայց հողմի մեջ չէր Աստված: Հետո կրակ թափվեց, բայց կրակի մեջ էլ չէր Աստված: Եվ վերջապես «մեղմ օդի ձայն» եղավ, և այնտեղ էր Աստված: Տեղի էր ունեցել խորհրդավոր հանդիպումը: Ահա այսպիսի հավատի մասին է խոսում քրիստոնեությունը: Դրանում է նրա էությունը. այն որոտի մասին չէ, հողմի մասին չէ, կրակի մասին չէ: Այն հասնում է միայն նրան, ով կարող է ընկալել, ընդունել այս խոսքերը. «քամին ուր ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում» (Հովհ. 3:8): Եվ, ով ընդունակ է լսել խոնարհ Աստծու մասին անհնարին ավետիսը, նրա սրտին էլ հասնում է հավատի Աստվածային պարգևը:

- Եթե մարդը չի սիրում իր մերձավորին, ապա չի կարող սիրել նաև Աստծուն: Ի՞նչ է հարկավոր Աստծուն ճանաչելու և սիրելու համար:

- Արարաչին ճանաչելու և սիրելու համար բավարար է ընդունել միայն Աստվածային Սիրո մեծագույն դրսևորումն առ Իր արարածները: Մեզ համար դա բացահայտվում է Ավետարանական ոսկե տողերով. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16):  Հիսուս Քրիստոս, Կենդանի Աստծո Միածին Որդին, թողեց երկինքն ու երկիր իջավ, մարդացավ, ուսուցանեց, հիվանդներին բժշկեց, սովածներին կերակրեց, անարգվեց ու խաչի վրա տանջալից մահվան ենթարկվեց, որովհետև սիրում էր: Սիրում էր մեզնից յուրաքանչյուրին առանձին-առանձին, բոլոր մեղավորներին և նույնիսկ իրեն մահվան մատնածներին, քանի որ խաչի վրա գամված խնդրեց Հորը. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34):

Աստված շարունակում է մեզ սիրել, չնայած մեր գործած բազում մեղքերի: Նա սիրում է մեզ անկախ այն բանից, մենք էլ ենք Իրեն սիրում, թե ոչ: Երկնքում ու երկրիս երեսին չկա մի այնպիսի բան, որ ի զորու լինի հաղթել Նրա սիրուն, որովհետև Աստվածային Սերը հաղթահարում է ամեն չարիք ու միավորում է մեզ Եկեղեցու միասնական մարմնի մեջ, որի գլուխն  Ինքը՝ Աստծո որդին է: Առանց մեր սրտերի մեջ Աստծու սերն ունենալու, մենք հոգևոր մահ ենք ապրում, զուրկ ենք լինում աստվածային խաղաղությունից, ուրախությունից ու սփոփանքից, որ միմիայն Կյանքի Աղբյուրն է պարգևում:

- Ո՞րն է հոգևորականի դերը Բարձրյալի խոսքը հավատացյալներին հասցնելու խնդրում:

-Հոգևորականը պետք է քաջ գիտակցի, որ յուրաքանչյուր ոք, ով մտել է եկեղեցի, նա քայլ է կատարել դեպի Աստված: Հնարավոր է՝ ոչ լիովին գիտակցված, անվստահ, կասկածներով լի, բայց այնուամենայնիվ քայլն արել է ճիշտ ուղղությամբ: Հոգևորականի խնդիրն է այդ քայլն ամրապնդել և մարդկանց՝ Քրիստոսին և իր եկեղեցուն մոտեցնել: Որովհետև դեպի Բարձրյալ տանող ճանապարհին նոր ոտք դնողները, ովքեր դեռ չեն ճանաչում Նրան, հենց հոգևոր ծառայողների վարվելաձևից են եզրակացնում, թե ինչպիսին է Աստված:

Հոգևորականի համար ամենակարևորը հոգածությունն է այն մարդկանց նկատմամբ, ում նրան վստահել է Աստված: Նրա պարտականությունն է Տիրոջ խոսքի օգնությամբ առաջնորդել նրանց դեպի փրկություն և նախանձախնդիր լինել իր հոտի փրկության հարցում:

- Նկատել եմ, որ երեխաների ներկայությունը եկեղեցում ավելացել է: Ի՞նչ է դա տալիս երեխաներին:

Երեխաների ներկայությունը եկեղեցում շատ ուրախալի է և խրախուսելի, քանի որ, առաջին հերթին, կարևորագույն պայման է նրանց աստվածահաճո դաստիարակության համար: Ներկայիս ժամանակներում, երբ, ցավոք սրտի, աշխարհը հեռանում է Աստծո պատվիրաններից և արժեզրկվում են բարոյական օրենքներն ու ավանդույթները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ Աստվածային պատգամներին ու մնում է Հայազգի մշակութային արժեքների պահապանն ու կրողը:

Եվ մեր մատաղ սերնդի առողջ հոգեկերտվածքի ձևավորման համար շատ կարևոր նախապայման է նրանց ներկայությունն ու անմիջական մասնակցությունը եկեղեցական ծառայություններին և հատկապես` Սուրբ Պատարագին:

Ծնողներն իրենց անձնական օրինակով պետք է երեխայի մեջ սեր արթնացնեն առ Աստված: Պետք է այնպիսի միջավայր ստեղծեն նրա համար, որ հասկանա հավատի պահպանման կարևորությունը: Ծնողները պետք է հասկանան, որ աստվածպաշտությունը մի ինչ-որ մեխանիկական պրոցես չէ, որին կարելի է վարժեցնել երեխային: Առաջին հերթին իրենց վարքն ու գործերը, և սրտաբուխ աղոթքները պետք է երեխային եկեղեցի բերեն: Եվ պետք է հիշեն որ երեխայի հոգևոր դաստիարակությունը անմիջապես բխում է ծնողի հոգևոր վիճակից: Այսինքն, անհնար է երեխայից պահանջել հոգևոր զարգացում, երբ ինքդ ոչինչ չես անում այդ ուղղությամբ: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել երեխայի համար, որ եկեղեցին նրա համար հարազատ տան պես դառնա, իսկ դրա համար երեխան պետք է մասնակցի ոչ միայն ծառայություններին, այլև` համայնքային կյանքին: Եկեղեցում երեխան պետք է հանգստանա, դաստիարակվի և հոգևոր աճ ունենա: Եվ վերջապես հիշենք, որ երեխաներն Աստծո մեծագույն պարգևն են ծնողներին և նրանք պետք է նախ աշխատեն չփչացնել այդ պարգևը և այնուհետև դաստիարակեն Արարչին վայել արարածներ:

- Տեր հայր, գիտեմ, որ վերջերս ուխտագնացության էիք մեկնել Սուրբ երկիր՝ Երուսաղեմ: Ի՞նչ խորհուրդ ունի ուխտագնացությունը:

- Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո…

  Տեր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան…

Ինչպես վայել է Աստվածահաճո յուրաքանչյուր գործին՝ ուխտագնացությունները ևս սկսվում են աղոթքով: Ըստ էության իրենք էլ աղոթքի գեղեցիկ ու խոնարհ արտահայտություն են՝ ներկայացված գործողության մեջ:

Ուխտագնացությունը միայն ինչ-որ ցանկությամբ սրբավայր հասնելը չէ, այլ՝ մարդ և Աստված հարաբերությունը նորոգելը, իմաստավորելը՝ այդ ճանապարհին կարևորելով մարդ և մարդ հարաբերությունը: Ամեն մի ուխտագնացություն մարդուն քայլ առ քայլ մոտեցնում է Աստծուն, հարստացնում և վերաիմաստավորում է մարդկային կյանքն ու արժեքները, լցնում հոգու դատարկությունը, շատ հարցերի պատասխան է տալիս: Ես շատ եմ կարևորում ուխտագնացությունը քրիստոնյայի կյանքում, քանզի հաղորդակցվելով ուխտավայրերի սրբությանն ու օրհնությանը՝ ներքին մի հզոր փոփոխություն ես ապրում, որ շատ բարերար ներգործություն է ունենում թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգևոր մարմնի վրա: Եվ վերջապես, յուրաքանչյուր սրբավայր ուխտավորին հիշեցնում է մեր Տիրոջ հետևյալ խոսքերը. «Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ, որովհետև ով խնդրում է՝ ստանում է, ով փնտրում է՝ գտնում է, ով բախում է՝ դուռը բացվում է նրա առաջ» (Ղուկաս 11.9-10):

- Տեր հայր, Դուք նաև Այրարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) «Ցերեկային կենտրոնի» տնօրենն եք: Ի՞նչ գործունեություն է իրականացնում այն:

- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Այրարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ, 2011 թ. սեպտեմբերին Երևանում բացվեց ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը», որի նպատակն է նվազեցնել՝  Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործողների թիվը, նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը: Թեև Հայաստանը չի գտնվում համաշխարհային աղետների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման կիզակետում, այդուհանդերձ մեր ազգաբնակչության շրջանում վարակակիրների համեմատական թվերը հարուցում են Հայ Եկեղեցու խորը մտահոգությունը և մղում Հայ Եկեղեցու անմիջական միջամտության:

ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը, հոգևոր դաստիարակության միջոցով, հասարակության մեջ բարոյական և հոգևոր արժեքների ամրապնդման շնորհիվ, իրականացնում է քայլեր՝ հոգևոր և հոգեբանական օգնության տեսքով, որն էլ նպաստում է հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների վերաիմաստավորմանն ու ձեռքբերմանը:

- Ի՞նչ է երջանկությունն ըստ Ձեզ, և ո՞րն է դրա գաղտնիքը:

- Յուրաքանչյուրիս համար այդ բառի մեջ մի առանձնահատուկ նշանակություն է ամփոփված՝ շատ գողտրիկ ու խիստ անձնական: Երջանկությունը չի կարող պայմանավորված լինել միայն արտաքին մի երևույթով, ինչպիսին ասենք հաջողությունն է, փողը կամ առողջությունը: Դրանք չեն կարող արտահայտել երջանկության զգացումն ամբողջությամբ: Բնականաբար, ֆիզիկական լավ վիճակում գտնվելը երջանկություն է, բայց ոչ լիարժեք: Ոմանց համար փողն էլ է երջանկություն, բայց նաև վտանգ է ու տառապանքի աղբյուր: Հաջողությունն էլ է երջանկություն, սակայն բերում է վախ և լարվածություն: Հատկանշական է, որ որքան  արտաքին բնույթ է կրում երջանկությունը, այնքան այն ավելի  է փխրուն  դառնում: Մի իմաստուն ասել է. «Մարդիկ մեծագույն երջանկություն են համարում փողը, առողջությունը, գեղեցկությունը, փառքը և այլն, սակայն իրականում իսկական երջանկությունը հոգևոր ազատությունն է այդ ամենից»: Իսկ այդ ազատությանը հասնում ես Աստծո հանդեպ ունեցած սիրո օգնությամբ: Երբ մենք բացում ենք մեր սրտերն Աստծու համար, Նա Իր կենարար լույսով է լցնում դրանք և այլևս տեղ չի մնում արտաքին երևույթների համար, որոնք երջանկության ժամանակավոր ու փուչ արտացոլանքներն են միայն: Մարդն, առանց Աստծո, անընդհատ փնտրտուքների մեջ է: Նա երջանկություն է փնտրում ամենուր, սակայն չի գտնում: Երջանկության բանալին միմիայն Աստծո մեջ է: Փնտրեք Աստծո՛ւն: Եվ կգտնեք Նրա անսահման սերը, որն էլ ձեզ երջանկություն կպարգևի:

- Շնորհակալություն հարցազրույցի համար:

 

Զրուցեց Շամիրամ Վարդխաթունյանը

 

Աղբյուրը՝ Հայաստան ամսագիր

 

 

 

 

 

07.09.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․