Գրքեր

Երկրաշարժ, բայց ոչ սրտաշարժ

«Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն»:

«Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար» (Սաղմ․ 46։1-2, 12)։

Հայաստանի քաղաքներից Լենինականի և շրջակա 37 գյուղերի՝ երկրաշարժի հետևանքով ավերվելը մեզ ամենքիս խոր ցավ պատճառեց և մի նոր վերք ավելացրեց մեր սրտին։ Հետզհետե մեզ հասնող հեռագրական տեղեկություններն ու թերթերը հայտնում են, որ 100․000 մարդ ձյան, բքի և անձրևի տակ է մնացել։ Երկրաշարժի հետևանքով ավերակների տակ հայտնված հարյուրավոր մարդիկ մեռած կամ վիրավոր են, բացի դա նաև խոլերայի համաճարակ է սկսվել ու ամենուր մահ սփռել։

Լենինականի ու շրջակա գյուղերի մեր սրտակից հայրենակիցները դեռ նոր էին խաղաղ սրտով շինարարության գործին լցվել, դեռ նոր էին սկսել զբաղվել մեր հետանկյալ գյուղերն ու անտառները շենացնելու և ծաղկեցնելու գործով, սգավոր սրտերը դեռ նոր էին սկսել սեփական տներում իրենց ապահով զգալ, բայց ահա նրանց ողջ չարչարանքը, բոլոր ջանքերի ու թափած քրտինքի արդյունքը գրեթե ամբողջովին հօդս է ցնդում։

Ի՞նչ պետք է անենք այս նոր աղետի առջև, որ մեզ իրապես անդամալույծ է դարձնում և, պետք է ասեմ, որ մեզ դարձյալ հուսահատության է տանում։ Սակայն ի՞նչ է, այս երկրաշարժը, որն ավերեց պատմական մեծ քաղաքն ու նրա շրջակա գյուղերը, մի՞թե կարող է ավերել նաև մեր սիրտն ու զգացումները, մի՞թե կարող է հուսահատեցնել ու զարհուրեցնել մեզ։ Բնա՛վ, երբե՛ք։ Այլ ընդհակառակը, բոլոր ժամանակներից ավելի պետք է կանգուն լինենք ու վառ պահենք մեր լավատեսությունն ամեն տեսակի վտանգների և աղետների հանդեպ ու Ամբակում մարգարեի հետ կրկնենք․ «Ես Տիրոջով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ, Տեր Աստված իմ զորությունն է» (Ամբ․ 3։18-19)։

Չէ՞ որ ի բնե սիրտն էլ իր հերթին մարդու հավատի միջոցով մեզ նույն բանն է ասում։ Փարիզյան թերթերից մեկը հաղորդում է, որ Ճապոնիայի վերջին մեծ երկրաշարժի սարսափելի աղետից հետո այդ թերթի խմբագիրներից մեկը հանդիպում է մի ճապոնացու, որն ընկճված ու տխրադեմ լինելու փոխարեն մյուս ժամանակների պես ժպտադեմ էր։ Խմբագիրն այդ ճապոնացուն իր ցավակցությունն է հայտնում երկրաշարժի մեծ աղետի առթիվ։ Ճապոնացին, առանց իր ժպիտը թաքցնելու, պատասխանում է․ «Ա՜հ, երկյուղի կամ ցավի բան չկա։ Մենք Ճապոնիայում արդեն իսկ վարժվել ենք երկրաշարժերի, մեր կղզիները մշտապես ցնցվում են»։

Հաջորդ օրը դարձյալ այդ նույն ճապոնացուն հանդիպելով՝ կրկնում է իր ցավակցությունն ավելի զգայուն շեշտադրությամբ, քանի որ նոր-նոր հաղորդված թարմ լուրերն ավելի դառնությամբ էին նկարագրում երկրաշարժի հետևանքով առաջացած ցավագին վիճակը։

Ճապոնացին՝ նորից ժպտադեմ, ասում է․ «Ճշմարիտ է, աղետը մեծ է, բայց, անկասկած, այդ աղետից բարիք պիտի բխի․ կործանված քաղաքների թաղամասերը կառուցված էին այնպես, որ կյանքի համար խիստ վտանգ էին ներկայացնում, իսկ այժմ մենք պարտավոր ենք դրանք վերաշինել առողջապահական բոլոր նորմերը պահպանելով»։

Մի քանի օր անց խմբագիրը կրկին հանդիպում է ճապոնացուն և բացատրում, որ աղետը կարծվածից ավելի սահմռկեցուցիչ ու ահավոր է եղել, իսկ ճապոնացին, առանց ժպիտն այլայլելու, պատասխանում է խմբագրին․ «Իրավունք ունեք այդպես ասելու, աղետը սարսափելի էր, սակայն խորհե՛ք այն մասին, որ մենք անգամ այս պարագայում բախտավոր ենք, քանի որ կայսրը չի տուժել երկրաշարժի արհավիրքից։ Բացի դա, երկրաշարժը շաբաթ օրն է եղել․ դպրոցականների մեծ մասը զերծ է մնացել վտանգից, քանի որ մեզ մոտ շաբաթ օրը դպրոցները չեն գործում։ Դա մի՞թե բարեբախտություն չէ, քանի որ, վերջապես, նկատի՛ ունեցեք՝ մանուկները հայրենիքի ապագան են»։

Երբ ընթերցում ենք այսպիսի անվեհեր գաղափարախոսություն ունեցող մի ժողովրդի վերաբերմունքի մասին, շփոթվում ենք՝ նկատելով, որ ոչ քրիստոնյան հավատավոր համարվող քրիստոնյայից ավելի լավատես ու վստահ է անգամ ամենածանր աղետների ժամանակ և անայլայլ ու անվրդով առաջ է նայում։

Արդ, հեթանոս մարդու կեցվածքում մի՞թե մեզ ուղղված ազդարարություն չեք տեսնում՝ կանգուն ու հաստատուն մնալու այն բոլոր դեպքերում, որ մեզ կպատահեն։ Իմ բնաբանն այն հատընտիր համարներից է, որ գրված է աղետների ժամանակ մեզ քաջալերելու համար․ «Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն: Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար»։

Որքա՜ն ցանկալի կլիներ, որ ամեն հավատացյալ իրենը դարձներ այս խոսքն ու իր վտանգի և փորձության պահերին մշտապես լավատես հոգով կարողանար կրկնել այն։ Նախ և առաջ հարկ է ասել, որ Հայաստանի այս նոր աղետը, ինչպես որ սահմռկեցուցիչ բոլոր իրադարձությունները մեզ ուժգնորեն ստիպում են մեր հենակետը փնտրել նյութական աշխարհից վեր մի ուրիշ վայրում։

Այս երկրաշարժի ցնցումները շատ խոսուն են, դրանք մեզ ուղղված պատգամներ ունեն, դրանք մեզ ստիպում են խորհել, որ դողացող երկիրը մեր ճշմարիտ հենակետն ու ամուր խարիսխը չի կարող լինել, այլ անպայմանորեն նյութեղենից վեր մի աննյութական աշխարհ պետք է որ լինի։

Առհասարակ նյութական հայտնագործությունների հետևանքով մեր հակումները մեզ ծայրահեղորեն կապում են նյութական աշխարհին և մենք կարծում ենք, որ ամեն բան նյութական աշխարհի մեջ է։ Այսպիսի աղետներն են, որ խզում են մեր կապը նյութական աշխարհի հետ և մեզ մղում են խորհելու աննյութական, հոգևոր աշխարհի մասին։ Եթե այդպես չլիներ, մենք հոգեպես կմահանայինք։

Երբ արծվի ձագերը սկսում են մեծանալ, ծնողներն անգթորեն ավերում են այն բույնը, որի մեջ, մեր կարծիքով, ձագերը պետք է դեռ ապրեին, սնվեին ու մեծանային։ Ձագերը մնում են առանց բույնի, ցուրտ ու լերկ ժայռերի վրա՝ բոլորովին շվարած։ Այս բնազուրկ կացությունն է, սակայն, որ ձագերին գիտակցել է տալիս, որ իրենք թևեր ունեն թռչելու և սլանալու համար։ Եվ ինչպիսի՜ հրաշք․ այդ ճվճվացող և հազիվ թևերը շարժող ձագուկները սկսում են շարժել իրենց թևերն ու թռչել, ճախրել հրաշալիորեն, սլանալ անտառներից էլ վեր ու մինչև լեռների գագաթները։

Այդպես է նաև մարդու համար․ նա երկինք սլանալու ու ճախրելու է կոչված, նա սահմանված է երկնքի համար։ Մի հայրական ձեռք շատ հաճախ ավերում, քարուքանդ է անում մեր տաքուկ բները, մեր օջախները, մեր չարչարանքով կանգնեցված ու քրտինքով կառուցված տները, և մենք մնում ենք անպատսպար, անօգնական։

Այդ խղճալի ու ցավագին վիճակն է, սակայն, որ մեզ մղում է խորհելու, որ մենք մեկ այլ տեղ պիտի փնտրենք մեր հենարանը, մեր հաստատուն ու ամուր ապաստանը, և ահա այդժամ հոգին վեր է սլանում նյութական աշխարհից դեպի աննյութական աշխարհը՝ այնտեղ փնտրելու իր հենակետը։ Աննյութական աշխարհի կենտրոնն Ինքը՝ Աստված է, Ում Երկնավոր Հայր ենք կոչում։

Երբ մարդ տառապում է, ոչ թե նյութական առարկա ու իր է փնտրում, այլ փնտրում է մեկին, հոգեղեն ու բարոյական մի էակի, մի զորություն, որի հետ կարող է խոսել, որին կարող է ապավինել։ Անփոփոխ ու հաստատուն մի ուժ, մի վեմ է փնտրում, որին կկարողանա ամուր կառչել և որով կկարողանա ամրանալ։ Արդ, այդ զորությունը, այդ վեմը կա․ այդ հաստատուն ամրությունը նույն Ինքը՝ Աստված է։

Օ՜հ, գիտեմ, որ շատերը պիտի առարկեն՝ ասելով, որ իրենց տակավին դժվար է հավատալ մի Աստծու, Որը կամենում կամ թույլատրում է այդպիսի աղետներ։ «Մի՞թե Աստված սիրո Աստվածը չէ»,- պիտի ասեն նրանք։ Գուցե նաև ասեն․ «Մի՞թե Նրա դեմ թշնամանալ, Նրա անունը սրբապղծել չի լինի, եթե կարծենք, որ այդ աղետները Նրա ծրագրի մի մասն են կազմում»։

Ճիշտ է, մենք գտնվում ենք մի անգութ խորհրդի առջև ու անկարող ենք այն բացատրել, հասկանալ։ Իսկապես, ասել, որ Աստված թույլատրում է այդ աղետները, կնշանակի ասել, որ Աստծու կամքով են դրանք տեղի ունենում։ Սակայն մենք գիտենք, որ Աստծու կամքն այլ բան է։ Աստված ավերումի, կործանումի մեջ չէ։ Միևնույն ժամանակ գիտենք նաև, որ ամեն բան Աստծու գիտությամբ է լինում, նույնիսկ ճնճղուկը գետին չի ընկնում առանց Աստծու գիտության։ Արդ, Աստված բոլոր աղետներից բարիք է բխեցնում․ բավական է միայն, որ մարդու սիրտը որպես հենակետ ընտրած լինի Աստծուն, և իր սիրտը հանգչեցնի Աստծու սրտի վրա։

«Լեռան քարոզ»-ի մեջ առկա իմաստուն և հիմար մարդկանց կառուցած տների առակով Հիսուս բացատրում է, թե իմաստուն մարդն ինչպիսի հիմքի վրա պետք է կառուցի իր տունը, որպեսզի այն չկործանվի և չավերվի երկրաշարժի, փոթորիկների ու հեղեղների հետևանքով։ «Ամեն մարդ, որ լսում է Իմ խոսքերը ու կատարում է դրանք, նմանվում է այն իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցել է ժայռի վրա»։ Ժայռի վրա կառուցված տունն այլ բան չէ, եթե ոչ Աստծու բարության հանդեպ խորունկ գիտակցությունը, անայլայլ հավատը և հետևաբար Նրա նախախնամող կամքի հանդեպ հնազանդությունը։

Եվ երբ այս խորունկ գիտակցությունը, այս անայլայլ հավատն ու հնազանդությունը մեկ անգամ հիմնավորվում են մարդու մեջ, ոչ մի երկրաշարժ, ոչ մի հեղեղ, ոչ մի փոթորիկ չի կարող իսկապես քանդել այդ մարդու տունը։ Եվ եթե նյութական շենքերը ենթակա են կործանման, ապա հոգևոր շենքն իրականում հաստատուն է մնում, այդպիսով նաև սիրտն է անսասան մնում։

Եվ ընդհակառակը, երբ տունը կառուցված է տարակույսի, անհաստատ ավազի վրա, «երբ հեղեղ բարձրանա, գետը կզարկի տանը և այն իսկույն փուլ կգա, և այդ տան կործանումը մեծ կլինի» (հմմտ․ Ղուկ․ 6։48-49)։

Ես կցանկանայի ողջ ուժով գոչել ու այս խոսքերը լսելի դարձնել նրա՛նց ականջներին, ովքեր կարծում են, որ չեն կարող հավատացյալ մնալ բնության այս աղետների ու պատմության վայրիվերումների առջև։ Ես միայն պետք է նրանց խնդրեմ, որ Աստծու հանդեպ ունենան այն պատշաճ կեցվածքը, որն ունեցել են մեր նախնիները, և այնժամ կհամոզվեն, որ եթե այս երկրաշարժերը կործանում են քաղաքները, սակայն չեն կարող կործանել հավատքի հիմքերի վրա կառչած ազգին։ Ուստի նրանք Աստծուն քննադատելու փոխարեն թող մեկ անգամ ևս նայեն անցյալի մեր պատմությանը, որը լուսեղեն հավատքի խորան է, և այդժամ կհամոզվեն, որ երկրաշարժերը մեզ ավելի շատ մոտեցրել են մեր աստվածային կոչմանը, քան հեռացրել։

Կարդացե՛ք Հովհաննես Պատմաբանի, Թովմա Արծրունու երկերը և կհամոզվեք, որ մեր հայրենիքին անծանոթ չեն աղետաբեր երկրաշարժերը։ Պատմիչները մասնավորապես նկարագրում են Դվինի մեծ երկրաշարժը, և մենք կարող ենք դասեր քաղել այդ նկարագրությունից։ Այն տեղի է ունեցել Սմբատի թագավորության երրորդ տարում, այսինքն՝ 893 թվականին, որ ավելի սաստիկ երկրաշարժ է եղել, քան Զաքարիա Ձագեցու օրոք տեղի ունեցած և երեք ամիս ձգված երկրաշարժը։

Դվինը հիմնահատակ կործանվեց, սրբատեղիները գետնին հավասարվեցին, 70․000-ից ավելի մարդիկ մահացան, և քանի որ այդքանին թաղելն անհնար էր, նրանց նետում էին վիհերից ու անդունդներից՝ աղեկտուր տեսարաններ ստեղծելով։

Ավա՜ղ, ես չունեմ արժանիքը Մաշտոց Եղիվարդեցու, որն իր Սևանա անապատից Դվինի երկրաշարժի աղետյալներին ուղղված մխիթարական նամակով սփոփեց բոլոր սգավորներին ու տուժածներին։ Սակայն ես ունեմ մի աղաչանք, որը ցանկանում եմ ողջ սրտով հղել ձեզ․ երբ կառուցում ենք մեր հաստատությունները, մեր շենքերը, մեր բնակարանները, Տիրոջո՛վ կառուցենք (Սաղմ․ 126։1), կառուցենք հավատքի վեմի վրա՝ իբրև լույսի խորաններ, որպեսզի երբ երկրաշարժերը գան ու ավերեն մեր նյութեղեն շենքերը, չկարողանան, սակայն, քանդել ու ավերել մեր սրտերը, որպեսզի դարձյալ կարողանանք զորեղ հավատով ձայնակցել սաղմոսերգուին՝ ասելով․ «Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն: Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար»։

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

28.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․