Գրքեր

«Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի»

«Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գա առ Իս՝ ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ոչ երբեք ծարաւեսցի»: (Հովհ. Զ 35)

Այսօրվա  ավետարանական ընթերցվածը մեզ պատմում է հացի բազմացման հրաշքի մասին, որից հետո Քրիստոս Իր աշակերտների հետ անցնում է ծովի մյուս ափը, իսկ երբ ժողովուրդը գտավ Նրան` ասաց. «Րաբբի, ե՞րբ եկար այստեղ»: Հիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Դուք Ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ նրա համար, որ կերաք այն հացից ու կշտացաք»:

Այստեղ, սիրելինե՛ր, հավաքվածները ոչ թե ընդունում էին Քրիստոսի վարդապետությունը և հետևում Նրան, այլ ընդհակառակը` նրանք իրենց մարմնավոր կարիքներին հագուրդ տալու համար էին փնտրում Հիսուսին: Դրա համար մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Գնացեք, աշխատեք և կորստական գործեր մի կատարեք»: Այսինքն` ով որ չարություն է խորհում և չար գործեր է կատարում, նա ինքն իրեն անհիշատակության և մահվան է դատապարտում: Քրիստոս, նրանց կորստական մտածելակերպը և սրտի ցանկությունները իմանալով, պատվիրեց` ասելով. «Գնացեք, ոչ թե ժամանակավոր կյանքի կերակրի մասին հոգ տարեք, այլ այն կերակրի մասին, որ հավիտենական կյանքի համար է»: Եվ որպես ճշմարիտ հաց Ինքն Իր մարմինն է տալիս մեզ ու հավիտենական ջրի փոխարեն` Իր արյունը: Ի՜նչ երևելի բան պետք է լիներ, եթե մի թագավոր սեղան նստած իր ամանից բաժին ուղարկեր մի աղքատի: Բայց Հիսուս հաղորդության Սուրբ Սեղանից մեզ կերակրում է ոչ թե մի կտոր բաժին ուղարկելով կամ Իր մսից ու արյունից մի փոքր բաժին հանելով, այլ տալիս է մեզ Իր ամբողջ մարմինն ու արյունը, հոգին և աստվածությունը:

Մեր Փրկիչն Իր սերը միայն մարդանալով չհայտնեց, այլ տալով Իր մարմինն ու արյունը ամբողջությամբ, ցանկացավ, որ ամեն մեկիս հետ առանձին միանա: Դրա համար Իր անձը խառնեց, շաղախեց մեզ հետ, որ մեկ դառնանք, որովհետև իսպառ սիրեց ու ասաց. «Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի»:

Սիրելի հավատացյալ ժողովուրդ,

Քրիստոս Սուրբ Հաղորդության խորհուրդը հաստատեց և այս խորհրդով մի փոքր սիրո գանձ չէ, որ տվեց մեզ, այլ ամբողջը: Ինքը մարդացավ, բնակվեց մեր մեջ, որպեսզի մենք աստվածանանք և այդ իսկ պատճառով ասաց. «Ես իջա երկնքից, ոչ որ Իմ կամքով արեցի, այլ Նրա կամքով, Ով ուղարկեց Ինձ»: Մեզ համար պետք է հասկանալի լինի հոգևոր և մարմնավոր կերակուրների տարբերությունը: Մարմնավոր կերակուրը միայն փոփոխման է ենթարկում մարմինը և որոշակի ժամանակ է միայն ուժ հաղորդում նրան, իսկ հոգևոր կերակուրը, որ է Քրիստոսի մարմինն ու արյունը, գալով և բնակվելով մեր մեջ` բժշկում է մեր հոգիները և անկասկած` նաև մեր մարմինները:

Արդ, սիրելիներ, ինչպես մենք մարմնավոր կերակուր ուտելուց առաջ պատրաստվում ենք, լվանում ենք սնունդը, մեր ձեռքերը, սեղան ենք պատրաստում, ապա նույն ձևով պետք է մաքրենք մեր հոգիները բոլոր տեսակի չար մտածումներից, չար գործերից, մեղքից հրաժարվենք ու նոր մոտենանք հոգևոր կերակրին և գոնե ամենափոքր պարտականությունները կատարելուց հետո միայն Աստծուն ընդունենք մեր մարմնավոր տաճարներից ներս: Թե ծարավ ենք, չհապաղենք, որովհետև քաղցրաբուխ կյանքի աղբյուրը Տերն է, որ ասում է. եթե որևէ մեկը ծարավ է, թող գա Ինձ մոտ և հագենա, որովհետև հավիտենապես չեն ծարավելու:

Տիրոջ խոսքի համաձայն` նրանց որովայններից կենդանության ջրերի գետեր կհոսեն, իսկ ովքեր որ քաղցած են, թող չհուսահատվեն, որովետև Տիրոջ պատգամը հստակ է, որ ասում է. «Ես եմ կենաց հացը երկնքից իջած, եթե որևէ մեկն ուտի այս հացից, հավիտյան կապրի»: Եթե մեկը մեղքին ծառա գտնվի, Տերն Իր մարմնով և արյամբ մաքրելով, սրբագործելով կազատի ու մեզ կդարձնի Աստծով ընտրյալ, ճշմարիտ զավակներ:

Եսայի մարգարեն մարգարեական շնորհ ստանալուց առաջ տեսիլք է տեսնում, որ սերովբեներից մեկը վկայության խորանի վրա երկնքից իջած լույսից վառվող ունելիով մի փոքր բերում և իր շրթներին է հպում ու դրանից հետո է միայն մարգարեական շնորհ ստանում: Այս տեսիլքի մասին Շնորհալի Հայրապետն ասում է շարականի մեջ. «Տեր Հիսուս, Քո աստվածային կայծերին անարժանությամբ մոտեցանք ու պարտապան եղանք»:

Ահա այսպիսին է մեր Տիրոջ մարմինն ու արյունը, սիրելի՛ հավատացյալներ: Անգամ սերովբեները, որ մշտապես փառաբանում, գովերգում և Սուրբ, Սուրբ են երգում, ունելիով և երկյուղածությամբ էին մոտենում Տիրոջ մարմնին ու արյանը: Ապա մենք` հողեղեններս, մեղքերով պարուրված, ինչպիսի ահով և դողով պետք է մոտենանք Սուրբ խորհրդին: Մոտենանք ոչ թե դատաստան ընդունելու, այլ հավիտյան ապրելու համար:

Այսպիսով, սիրելինե՛ր, Տիրոջ Սուրբ մարմնին մշտապես մոտենալուց առաջ ասենք. «Տե՛ր, մենք արժանի չենք Քեզ մեր մեղավոր անձերից ներս ընդունելու, բայց գիտենք, որ Դու անչափ, անհաշվելի բարի ես: Մեր մեջ գալով՝ Դու մեզ կլուսավորես Քո սրբության լույսով: Տե՛ր, Քեզ մոտենում ենք իբրև հիվանդը՝ բժշկին, և ինչպե՞ս կարող ենք Քեզ չճանաչել և մեր մեջ չընդունել, չսիրել Քեզ ամբողջ սրտով ու հոգով»:

Թող աստվածային սիրո և խաղաղության մեջ հարատև լիենք. Ամեն:

 

Տ. Մակար աբեղա Հակոբյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում  մատուցված Ս. Պատարագին, 4 փետրվարի 2007 թ.)

03.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․