Գրքեր

Ես եմ կյանքի դուռը

Ընտրություն, որի պտուղը կքաղենք հավիտենության մեջ:

Մեկ ուղի կա և մեկ դուռ դեպի Արքայություն տանող, այդ ուղին և դուռը Հիսուս Քրիստոսն է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհաննես 14:5-6) և «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի» (Հովհաննես 10:9): Դուռը հնարավորություն է և միջոց մուտք գործելու մեկ ուրիշ տարածք: Քրիստոս՝ որպես կյանքի ճանապարհ և կյանքի դուռ, հնարավորություն տվեց բոլորին մուտք գործելու Երկինք, հավիտենական կյանք:   

Մինչ փրկարար և նեղ դռանը հասնելը՝ քրիստոնյան, Տիրոջ խոսքի համաձայն, պետք է անցնի նեղ և դժվարին ճանապարհով. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է և ճանապարհը՝ ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթեոս 7:13-14): Երբ Հայր Ամոնին հարցրեցին. «Ո՞րն է նեղություններով լի նեղ ճանապարհը»: Նա պատասխանեց. «Ահա սա է. Աստծո սիրո համար բռնություն գործադրել սեփական մտածումների վրա և արմատախիլ անել սեփական կամեցողությունները: Սա է նաև այս խոսքի նշանակությունը. «Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից» (Մատթեոս 19:27)»:

Նեղ ճանապարհը և նեղ դուռը ենթադրում են ծառայասիրություն և խոնարհություն: Հնարավոր չէ ընդարձակել ո՛չ այդ ճանապարհի և ո՛չ դռան չափերը, այդ ճանապարհով և դռնով անցնելու համար հարկավոր է հրաժարվել այն «ես»-ից, որ չի ցանկանում խոնարհվել: Ս. Եփրեմ Ասորին նշում է, որ խոնարհությունը Արքայության ուղին է և երկնային դուռը. «Չարի զենքը հպարտությունն է, որով նա սպանեց մեր հորը՝ Ադամին, և շարունակում է սպանել նրա բոլոր որդիներին: Իսկ մեր Արարչի զենքը խոնարհությունն է, որը Նա ուղղել է չարի դեմ, որով Նա երկնքից ցած նետեց նրան: Խոնարհությամբ են զինվել առաքյալները, նրանով են հաղթանակել ճշմարիտ հավատացյալները, նա հաղթանակ է պարգևել բոլոր ժամանակների մարդկանց: Նա, ով ցանկանում է նեղ դռնով մուտք գործել Երկնքի Արքայություն, պետք է զինվի խոնարհության զենքով»:   

Թեոփիլոս անունով եպիսկոպոսն իր խրատներից մեկում հորդորում է. «Ջանացեք մտնել նեղ դռնով: Նայեք, օրինակ, ծառերին և խոտերին, որոնք եթե ձյուն և անձրև չտեսնեն, չեն կարող պտղաբերել: Այդպես և մենք, որովհետև այս կյանքը ձմեռ է, եթե ճգնություն և վիշտ չկրենք, չենք կարող մտնել Աստծո Արքայությունը»:

Նեղ ճանապարհին մեր Տերը՝ որպես բարի հովիվ, հովվում է և ուսուցանում՝ գթասրտություն և համբերություն ցուցաբերելով բոլոր նրանց հանդեպ, ովքեր շեղվել են փրկարար ուղուց: Փրկարար ուսուցումներից մեկը, ի լուր ամենքի, ազդարարում է. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդապարտվի» (Մարկոս 16:16):  Մկրտությամբ վերստին ծնված և Աստծո որդեգրությանն արժանացած անձը, Սուրբ Գրքի համաձայն ապրելով, կարժանանա փրկարար ուղին և երանելի սահմանը Քրիստոսով անցնելու և Նրա ներկայությամբ հավիտենական երանելի կյանքն ապրելու մեծագույն պատվին:

Կընթանանք լա՞յն, թե՞ նեղ ճանապարհով, մուտք կգործենք լա՞յն, թե՞ նեղ դռնով, այսինքն՝ կընտրենք կործանարա՞ր, թե՞ փրկարար ճանապարհը, մեր ընտրության հարցն է, ինչն էլ կորոշի մեր ապագան հավիտենության մեջ:

 

Կարինե Սուգիկյան

 

20.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․