Գրքեր

«Ես մահացա, ընկա դժոխք, բայց Քրիստոս ինձ վերադարձրեց հետ»

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր ժամանակակցի անկեղծ պատմությունը, որը կլինիկական մահ է տարել և եղել դժոխքում:

Բարի օր: Անունս Արգիրիս Միտցիս է: Ես ապրում եմ Կիլկիս շրջանի (Հունաստան) Մեգալի-Վրիսի քաղաքում: Այսօր ձեզ կպատմեմ այն, ինչ վերապրեցի կլինիկական մահից հետո: Ես խորհրդակցեցի իմ հոգևոր հոր՝ հայր Կիրիլի հետ, և նա ինձ առաջարկեց պատմել մարդկանց դրա մասին: Հավանաբար ձեզնից ոմանք կծիծաղեն ինձ վրա: Բայց եթե հարյուրից գոնե մեկը հավատա իմ պատմածին, արդեն իսկ վատ չի լինի. հնարավոր է, որ գեթ մեկ հոգի փրկվի: Դժվարությամբ եմ որոշում կայացրել հրապարակավ ելույթ ունենալու, սակայն պատրաստ եմ պատասխան տալու խոսքերիս համար: Եթե կլինեն մարդիկ, որ կկասկածեն ու կասեն, թե «չափազանցում եմ», ապա կարող եմ հիվանդանոցում տրված փաստաթղթերը ցույց տալ, որոնք ապացուցում են խոսքերիս ճշմարտացիությունը:

Ես մի մարդ էի, ով սխալ կյանք էր վարում: Գիշերներն աշխատում էի խորտկարանում և անդադար զազրախոսում էի ու հայհոյում Աստծուն ու Աստվածամորը: Ոչ մի սրբություն չունեի:

Մի անգամ սրտի նոպա սկսվեց ինձ մոտ, ու ես ընկա «Պապա Գեորգիու» հիվանդանոցը: Այնտեղ աշխատում է ինձ ծանոթ մի բժիշկ՝ Մոսխարոս Լամբրոսը: Նա հեմոդինամիկայի բաժնի վարիչն է: Մենք որոշեցինք կորոնագրաֆիա անել հասկանալու համար, թե ինչ է կատարվում:

Անգամ այնտեղ՝ հիվանդանոցում, ես շարունակում էի սարսափելի հայհոյել Տեր Հիսուս Քրիստոսին ու Աստվածածնին: Սարսափելի է անգամ հիշելը, թե ինչ բառեր էի ասում: Կորոնագրաֆիայի արդյունքները ստանալով, բժիշկները որոշում կայացրին վիրահատել սիրտս և տեղադրել հատուկ գլանանոթ ու ստենտ:

Վիրահատությունը սկսվեց: Ինձ տեղային անզգայացում էին արել: Ներարկում էին արել ողնաշարիս մեջ ու ես ամենևին ցավ չէի զգում: Վերջույթներս թմրել էին, և ինչ-որ պահի ես անջատվեցի:

Հայտնվեցի մեկ այլ վայրում, ամբողջովին մթության մեջ: Շուրջբոլորս մարդկային հոգիներ էին, որ օգնության էին կանչում և ներում աղերսում: Սարսափելի գարշահոտություն էր տիրում: Ինչ-որ մեկն ուժգին հարվածեց ինձ, և ես սաստիկ այրոց զգացի աջ թևիս:

Որպեսզի գեթ ինչ-որ չափով զգաք այն, ինչ ես եմ զգացել, պատկերացրեք, որ հայտնվել եք մութ սենյակում: Ինչ-որ մեկը սեղմել է ձեր բերանն ու քիթը, և դուք չեք կարողանում շնչել: Իսկ ականջներում բղավոցներ ու տնքոցներ են: Ձայներ են լսվում. «Ողորմի՜ր մեզ: Փրկի՜ր մեզ: Դո՛ւրս հանիր այստեղից»: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ դժոխքում եմ գտնվում: Ես ինձ նույն անձնավորությունն էի զգում, ինչ նախկինում, սակայն մարմին չունեի՝ ո՛չ ձեռքեր, ո՛չ ոտքեր… Գլուխս ցած խոնարհեցի, որպեսզի ինձ նայեմ, սակայն ոչինչ չտեսա: Հանկարծ դիմացս կարմիր այրվող աչքեր հայտնվեցին և ուղիղ ինձ էին նայում: Հետո մի բարձր ու ազդու ձայն լսեցի. «Վերջապես եկար, ես սպասում էի քեզ: Ես այսինչն եմ»: Եվ նա ասաց իր անունը: Ես չեմ ուզում այդ սատանայական անունը բարձրաձայն արտասանել: Ապա նա սկսեց ուժգին հարվածել ինձ և այրել աջ թևս կրակով: Ցավն անհավատալի էր: Ինձ խեղդում էին՝ վզիցս բռնելով: Ես այնպիսի բաներ եմ վերապրել, որ եթե այդ բոլորը գրի առնեի և դուք կարդայիք, ապա գիշեր ու զօր ծնկաչոք կաղաչեիք, որպեսզի Տերը ողորմի ձեզ: Ես չեմ խորանա մանրամասների մեջ, որպեսզի պատմությունս շատ չերկարի: Բացի այդ, իմ տանջանքներից շատերը կապված էին իմ գործած մեղքերի հետ, որոնց մասին կարելի է պատմել միայն Խոստովանության ժամանակ:

Գտնվելով նման աղետալի վիճակում, ես սկսեցի հուսահատվել և քառասունութ տարվա մեջ առաջին անգամ աղոթքով դիմեցի Աստծուն: Ես բացականչեցի. «Տե՛ր, օգնի՜ր ինձ: Ես հավատում եմ Քեզ: Ինձ դո՛ւրս բեր այստեղից»:

Եվ այդ պահին տեսա, որ վերևում լույս հայտնվեց: Այդ լույսը մոտենում էր ինձ:

Հոգումս հույս շողաց, սրտապնդվեցի: Ինձ պարուրող խավարը ցրվեց և իմ առջև խարտյաշ մազերով, փոքրիկ մորուքով ու կանաչ աչքերով մի Պատանու տեսա: Նա ձեռքը դրեց գլխիս ու ասաց. «Մի՛ վախեցիր, Ես այստեղ եմ»:

Դրանից հետո ես բաց արի աչքերս ու կրկին հայտնվեցի վիրահատարանում: Դեմքս ծածկված էր սավանով: Երեք րոպե առաջ սիրտս կանգ էր առել, և բժիշկները քննարկում էին, թե ինչպես հայտնեն կնոջս, որ մահացել եմ: Ես սավանը մի կողմ գցեցի դեմքիցս ու ասացի. «Ո՞ւր եք գնում, տղե՛րք: Ես այստեղ եմ, ողջ եմ»: Իմ բժիշկ Կոստասն իր օգնականի՝ Գեորգիի հետ վազեցին ինձ մոտ, առանց մի խոսք ասելու ներարկեցին ու շարունակեցին վիրահատել: Նրանք չէին կարողանում հավատալ իրենց աչքերին: Հետո ինձ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք… Երբ բժիշկը հիվանդասենյակ մտավ, ասաց. «Գիտե՞ս, որ կլինիկական մահ ես տարել»: Ես պատասխանեցի. «Չգիտեմ՝ մեռած էի արդյոք, բայց որ ինչ-որ տեղ գնացի, հաստատ է»:

Երբ ցավազրկողի ազդեցությունն անցավ, աջ թևս և աջ ոտքս ուժգին ցավում էին: Անհավատալի ցավ, այրոց էր: Բուժքույրը մոտեցավ, որպեսզի կերակրի ինձ: Նա նայեց թևիս ու հարցրեց. «Ե՞րբ եք սա հասցրել անել»:

Գլուխս շրջեցի և թևիս վրա այրվածք տեսա թագի տեսքով, որի վրա երեք վեց կար: Երեք հատ վեց, որ ստացել էի այնտեղ՝ դժոխքում:

Բժիշկս վաղուց է ինձ ճանաչում, և լավ գիտի, որ կյանքում շատ մեղքեր եմ գործել, սակայն երբեք կապ չեմ ունեցել սատանայապաշտության և նման բաների հետ: Նա ասաց, որ չի կարողանում հասկանալ, թե այդ այրվածքը որտեղից է հայտնվել: Նա բացարձակ աթեիստ էր և հավատում էր միայն իր գիտությանը:

Չորրորդ օրը ինձ դուրս գրեցին հիվանդանոցից: Թևս չէի կարողանում վեր բարձրացնել և նրանից գարշահոտություն էր տարածվում: Երեք վեցերով այրվածքը առաջվա պես խիստ ցավում էր: Կարծում եմ, որ այն դժոխքում էի ստացել, այլ տարբերակ չկա:

Այն ժամանակ մի շատ հավատացյալ ծանոթ ունեի՝ Դիմիտրին: Թող Աստված օրհնի նրան, որ առաջարկեց ինձ տանել մենաստան: Սկզբում չէի ուզում գնալ. «Ի՞նչ հիմարություններ ես ասում, ի՞նչ մենաստան»: Հավատս դեռ շա՜տ տկար էր:

Հա՛, մոռացա ասել: Երբ պառկած էի հիվանդանոցում, մահճակալիս դիմաց մի սրբապատկեր էր կախված, և դրա վրա պատկերված սուրբը ուղիղ աչքերիս էր նայում: Ես մշտապես զգում էի նրա հայացքն ինձ վրա: Կանչեցի բուժքրոջն ու խնդրեցի հանել պատից այդ սրբապատկերն ու ինձ մոտեցնել: Նա այդպես էլ արեց: Դա սուրբ Պաիսիոս Աթոսացին էր:

Երբ դուրս գրվեցի հիվանդանոցից, Դիմիտրին ինձ տարավ մենաստան (անունը ձեզ չեմ ասի): Ծերը լսեց պատմությունս, և ես խոստովանեցի մեղքերս, կյանքումս առաջին անգամ:

Պետք է ասեմ, որ հենց մտա մենաստան, սարսափելի չարություն պատեց ինձ: Ես պատրաստ էի ծեծել բոլոր վանականներին և ուղղակի խելագարվում էի: Երեք օր ու գիշեր մենաստանի հոգևորականությունը աղոթում էր ինձ համար: Այդ ողջ ընթացքում նրանք շատ բարի էին իմ հանդեպ, և ինչ-որ կերպ, Աստծու օգնությամբ վերապրեցինք այդ սարսափելի օրերը: Գիշերները սատանան այցելում էր նրանց, աղմկում, ծեծում դռներն ու անմարդկային մռնչյունով բղավում. «Որտե՞ղ է իմ Արգիրիսը: Նրան ի՛նձ տվեք, նա իմն է»:

Սակայն ծերը տրամադրված էր վճռականորեն: Նա ասաց. «Կա՛մ քեզ ավելի լավ կզգաս, կա՛մ ես կմեռնեմ քեզ հետ միասին»: Նա իսկապես հոգևոր մարդ է, վերին աստիճանի արժանավոր, և ես երբևէ չէի խոսի նրա մասին հրապարակավ, եթե դա ճիշտ չլիներ:

Երրորդ օրը, արթնանալով, տեսա, որ վեցերով դրոշմը, որ թևիս վրա այրել էին դժոխքում, համարյա ամբողջությամբ անհետացել էր: Բայց զզվելի հոտը դեռ մնում էր, և դեռևս չէի կարողանում թևս վեր բարձրացնել: Դիմիտրին եկավ ինձ այցելության, և ես խնդրեցի, որպեսզի մի լավություն անի ինձ՝ տանի Սուրոտի, սբ. Պաիսիոս Աթոսացու գերեզմանին: Այնտեղ տեղի ունեցավ երկրորդ հրաշքը, որը չեմ կարող բացատրել:

Դիմիտրին ինձ տարավ Սուրոտի, և ես տեսա, որ բազմաթիվ մարդիկ կան սուրբ Պաիսոսի գերեզմանի մոտ, մի ամբողջ բազմություն: Քիչ հեռվում մի տնակ կար, որի մոտ մի քանի միանձնուհի էին կանգնած մայրապետի հետ: Նա իր մոտ կանչեց ինձ.

- Արի՛ այստեղ:

- Ի՞նձ եք ասում:

- Այո,- պատասխանեց նա:- Անունդ Արգիրի՞ս է:

- Որտեղի՞ց գիտեք:

Կարծեցի, թե Դիմիտրին է պատմել իմ մասին, բայց ե՞րբ պիտի հասցրած լիներ: Եվ ահա մայրապետն ասում է.

- Սուրբն է ասել մեզ, որ գալու ես: Հետևի՛ր ինձ:

Նա ինձ տարավ նրա գերեզմանի մոտ ու ասաց. «Աղոթիր հորդ գերեզմանի մոտ»: Ես խոնարհվեցի ու համբուրեցի խաչը: Իսկ երբ արդեն պատրաստվում էին հեռանալ, մայրապետը կրկին կանգնեցրեց ինձ ու մեծ պատվի արժանացրեց. նա ինձ տարավ սրբի խուցը, որտեղ նա քնում էր և որտեղ նրա աթոռակն էր: «Միայն թե իմանայիք, թե ինչքա՜ն եմ նրան սիրում»,- ասացի ես: Իսկ մայրապետը պատասխանեց. «Դու կհանդիպես նրան»:

Այն պահից իմ կյանքը շատ է փոխվել: Ես աղքատ եմ ապրում, բայց իմ տանը ներկա է Քրիստոս, իսկ սուրբ Պաիսիոսը մշտապես կողքիս է: Մեկի համար նա ուղղակի սուրբ է, իսկ ինձ համար հոր պես է: Այն պահից, ինչ զգում եմ նրա ներկայությունը իմ կյանքում, սկսել եմ ապրել բոլորովին այլ կերպ: Նա ուղղորդում է ինձ, խորհուրդներ տալիս:

Վեց ամիս հետո ես կրկին սրտի նոպա ունեցա: «Շտապ օգնություն»-ով ինձ տարան հիվանդանոց: Նույն սրտաբանականը: Բժիշկն ասաց. «Անհրաժեշտ է սրտի շտապ բաց վիրահատություն կատարել, այլապես երկու օր էլ չես ապրի: Եթե չանենք, ապա դա հաստատ մահ է, իսկ եթե անենք, ապա ապրելու տասը տոկոս հավանականություն կա: Վիճակդ շատ ծանր է»:

Խնդրեցի ինձ տասը րոպե տալ մտածելու համար: Մենակ մնալով, նայեցի սրբի պատկերին, որն ինձ մոտ էր, և սրտապնդվեցի: Ասես մեկն ականջիս կամացուկ ասեր. «Գնա ու ոչ մի բանից մի վախեցիր»: Կանչեցի բժշկին.

- Գեո՛րգի, գնանք վիրահատարան: Դու մենակ չես լինելու:

- Այդ ի՞նչ է նշանակում, Արգիրի՛ս:

- Քո ձեռքով մեկ ուրիշն է վիրահատելու:

Ես պառկեցի վիրահատական սեղանին՝ ունենալով ապրելու տասը տոկոս հավանականություն: Վիրահատությունը տևեց ավելի քան տասներեք ժամ: Հետո ինձ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Երբ ուշքի եկա, չէի կարողանում շնչել: Վազելով եկան բժիշկն ու բուժքույրը և խողովակ դրեցին կոկորդիս մեջ թթվածնի համար: Բժիշկն ասաց. «Այդքան էլ լավ լուրեր չունենք: Վիրահատությունը տարօրինակ անցավ, և ոչ այնպես, ինչպես կուզենայի: Երեք-չորս օր կպառկես այստեղ, ապա կտեղափոխվես ուրիշ բաժանմունք, որտեղ տասը օր միացված կլինես հատուկ սարքերի»:

Այդ ժամանակ կատարվեց ևս մի հրաշք. կյանքումս առաջին անգամ սրբի հայտնվելը: Ես պառկած նայում էի առաստաղին, երբ հանկարծ զգացի, որ հիվանդասենյակը լցվեց անուշահոտությամբ: Եվ այդ ժամանակ տեսա սուրբ Պաիսիոսին: Նա ասաց. «Վե՛ր կաց, ծույլիկ, հերիք է պառկես: Ամեն ինչ կարգին է քեզ մոտ: Վե՛ր կաց և մահճակալդ զիջիր մեկ այլ հիվանդի»:

Ես կարող եմ բժշկական տեղեկանքներով հաստատել, որ երկու օրից ինձ անջատեցին բոլոր սարքավորումներից, և ես սկսեցի քայլել: Իմ բժիշկը նույնը կասի ձեզ: Երկրորդ օրը, երբ նա այցելեց ինձ, ես ինձ հրաշալի էի զգում, ասես ոչ մի վիրահատություն էլ չէին արել: Բժիշկը մոտեցավ մահճակալիս, նայեց կողասեղանին դրված սրբապատկերին ու հարցրեց. «Սա այն քահանա՞ն է, որի մասին ասում էիր»: Ուշադրությո՛ւն դարձրեք. նա աթեիստ էր, բացարձակ անհավատ մարդ: Նա ծնկի իջավ, խաչակնքվեց ու համբուրեց սրբապատկերը: Ես դա երբևէ չեմ մոռանա: Նայում էի նրան ու մտածում, որ դեռ պարզ չէ, թե մեզնից որ մեկի համար էր այդ հրաշքն ավելի օգտակար…

Այդ ամենը կատարվեց շաբաթ օրը: Իսկ հաջորդ՝ կիրակի օրը մի ծեր վանական մտավ մեր հիվանդասենյակ, որ եկել էր հարևանիս տեսակցության: Բոլորը, ովքեր հայտնվում էին այս սենյակում, արագ ապաքինվում էին ու տուն գնում, քանի որ այնտեղ էր գտնվում սուրբը: Վանականը նայեց ինձ ու հարցրեց.

- Քեզ ի՞նչ է պատահել, որդյակ:

- Սրտի բաց վիրահատություն եմ տարել:

- Բոլորի մոտ այցելուներ են գալիս, իսկ քեզ մոտ եկող չկա: Ինչ է, ո՞րբ ես:

- Այո, ո՛չ հայր ունեմ, ո՛չ՝ մայր:

Ահա թե ինչ պատասխանեց ինձ.

- Որդյա՛կ, քո մայրը սուրբ Աստվածածինն է, իսկ սնարիդ մոտ հրեշտակներն են: Նրանք պաշտպանում են քեզ:

Ես դուրս գրվեցի հիվանդանոցից և ապրում եմ իմ կյանքով: Չգիտեմ, թե դուք ինչ կմտածեք իմ պատմածի մասին: Ինձ մոտ կոկորդի քաղցկեղ հայտնաբերեցին, բայց մինչ օրս դեռ ոչ մի անգամ չեմ խնդրել սրբին ինձ բժշկելու համար: Ես ամեն օր աղոթում եմ ողջ աշխարհի համար, ու նաև… Չգիտեմ, միգուցե հանդգնություն է, բայց խնդրում եմ Տիրոջը, որպեսզի, երբ իմ ժամը հասնի այս կյանքից հեռանալու, իմ հետևից սուրբ Պաիսիոս Աթոսացին գա: Որպեսզի ձեռքս բռնի ու այդպես միասին գնանք…

Անհնար է թվարկել, թե քանի հրաշք է տեղի ունեցել այն օրվանից, երբ նա հայտնվեց իմ կյանքում: Մի անգամ ես անզգուշաբար ձեռք տվեցի բաց հոսանքալարին, և կրկին սուրբ Պաիսիոսը փրկեց ինձ: Անգամ նկարագրել չեմ կարող, թե կյանքս որքան է փոխվել այն բանից հետո, ինչ այդ սուրբը մտավ իմ կյանք:

Բայց, իհարկե, աշխարհում ամենից շատ ես Փրկչին եմ սիրում, մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Իմ խոստովանահայրը՝ հայր Կիրիլը, մի անգամ ասաց ինձ. «Արգիրի՛ս, Աստված իսկապես օրհնել է քեզ: Ես պատանի հասակից ապրում եմ մենաստանում, սակայն Տերն ինձ չի արժանացրել նման անգին փորձառության: Այն Պատանին, որ քեզ դժոխքից փրկեց, ամենայն հավանականությամբ, հենց Ինքը Քրիստոս էր: Նա քեզ ևս մեկ հնարավորություն է տվել և երկարացրել երկրային կյանքդ, որպեսզի ապաշխարես գործածդ բոլոր մեղքերը և Աստծու առջև կանգնես մաքրված հոգով»:

Գիտեմ, որ պատմությունս կարող է անհավանական թվալ ձեզ, բայց ես ճշմարտությունն եմ ասում, ողջ հոգով: Ես այդ ամենը իրականում վերապրել եմ: Ես բազում մեղքեր եմ գործել իմ կյանքում, և այսօր ողջ եմ միայն Աստծու ողորմածությամբ:

Եհովայի վկաներն ինձ ֆինանսական օգնություն էին առաջարկում, որպեսզի կարողանամ լուծել խնդիրներս, բայց ես հրաժարվեցի: Իմ տանը միշտ կլինի միայն Քրիստոս:

Ես այս պատմությունը պատմեցի առանց ավելորդ մանրամասների, որպեսզի չհոգնեցնեմ ձեզ երկար պատմությամբ: Իմ տան դռները միշտ բաց են նրանց առջև, ովքեր ցանկանում են շփվել ինձ հետ այս թեմայով: Գլխավորը, ինչ կցանկանայի ասել՝ չգիտեմ, թե որքան կապրեմ այս աշխարհում և դեռ որքան կբաբախի սիրտս: Իհարկե մի օր ես էլ կգնամ: Եվ այն, ինչ վերապրեցի դժոխքում, մղձավանջի պես հետապնդում է ինձ: Երբեմն գիշերը սարսափից վեր եմ թռչում անկողնուց:Այդ ձայները դեռ հնչում են գլխումս: Ես չեմ վախենում մահից, բայց վախենում եմ դժոխք ընկնելուց: Աստված մի արասցե կրկին այնտեղ հայտնվել: Թող Տերը գթա ու ողորմի մեզ բոլորիս:

Վերջում ուզում եմ ասել այն, ինչ կինս ամենևին չի սիրում լսել: Այո, իհարկե, այժմ ստիպված ենք համբերել տառապանքին ու ցավին, բայց, ինչպես իմ սիրելի սուրբ Պաիսիոս Աթոսացին էր ասում. «Բոլոր հիվանդություններից մեզ կբուժի հողը»: Շնորհակալ եմ ուշադրության համար:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

07.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․