Գրքեր

Եսասիրության ճահճից դուրս հանող առաքինությունը

«Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա»,- գրված է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (12:24): Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի զոհաբերի Իրեն հանուն մարդկության փրկության: Հողի մեջ նետված ցորենը քայքայվում է և մեռնում, բայց նրանից ծնվում է նոր կյանք, բազում նոր ցորեններ: Իսկ եթե ցորենը չմեռնի և պահպանի իրեն, ապա նոր կյանք և նոր պտուղ չի լինի:

Մեր Տերն աշխարհ եկավ զոհաբերության ուղիով և կոչ արեց. «Ով ուզում է Ինձ ծառայել, պետք է հետևի Ինձ, և որտեղ Ես եմ գտնվում, այնտեղ կլինի և Ինձ ծառայողը», նաև՝ «Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն այս աշխարհում, այն պահած է լինում հավիտենական կյանքի համար» (Հովհաննես 12:25-26):

Աստծուն ծառայելու և Նրան հաճելի լինելու հիմքում զոհաբերությունն է: Յուրաքանչյուր բարի արարք ոչ այլ ինչ է, եթե ոչ զոհաբերություն:

Պահքը, աղոթքը, հնազանդությունը, վանական կյանքը, եկեղեցի գնալը, ողորմությունը նույնպես զոհաբերություններ են: Օրինակ՝ անձը, պահք պահելով, իրեն զրկում է որոշ ուտեստներից, ողորմությամբ՝ իր ունեցածից: Սբ. Հովհան Մանդակունին ասում է, որ Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ՝ տվողի տրամադրությանը: Իսկ Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին այն ողորմություններն է նվիրատվություն համարում, որ Աստծո սիրո համար արդար վաստակից են բաշխվում կարոտյալներին՝ ըստ կարողության չափի, զվարթադեմ, անտրտունջ, անմիջապես և ծածուկ:

Եկեղեցի գնացողն ու աղոթողը նույնպես քայլում է զոհաբերության ուղիով, որովհետև զոհաբերում է իր ուժն ու ժամանակը, որ կարող էր իր անձի համար օգտագործել: Իսկ հնազանդության մեջ գտնվողը զոհաբերում է իր կամքը, որ հակում ունի դեպի ինքնասիրություն: Որևէ վանքում յուրաքանչյուր վանականի առաջին պարտականությունը հնազանդությունն է, և նրանք իրենց ողջ կյանքը նվիրաբերում են Աստծուն՝ խնդրելով Նրա ողորմությունն ողջ աշխարհի համար:

Այս կերպ քրիստոնեական կյանքը մշտապես պահանջում է զոհաբերություն և ինքնահրաժարում: Զոհաբերությամբ մարդն ընդօրինակում է Քրիստոսին, ինքն իրենից վեր բարձրանում՝ վայելելով երկնային ուրախություն և օրհնություն:

Ընդհանրական եկեղեցու պատմության էջերը լի են զոհաբերության, նահատակության ուղիով ընթացողների օրինակներով: Շատ սրբեր մեծ ուրախությամբ, սաղմոսերգությամբ իրենց կյանքն էին զոհաբերում հանուն Քրիստոսի, նրանց մեջ կային նաև կենդանի նահատակներ:

Բազմաթիվ ճգնավորների կյանքն որպես սերմ է հանդիսացել, որոնցից աճել են աշխարհը դարերով լուսավորող քրիստոնեական վանքեր: Մարգարեների, առաքյալների և հանուն Քրիստոսի նահատակվածների արյունը հանդիսացել է հիմքը եկեղեցու, որի անկյունաքարն է Ինքը՝ Քրիստոս: Նրանով է, որ ամբողջ կառույցը ներդաշնակ միասնությամբ աճել է ու դարձել Տիրոջ սեփական Սուրբ Տաճար (Եփեսացիներ 2:20-21):

Անդրադառնալով մեր եկեղեցու պատմությանը՝ հիշենք, որ աշխարհի առաջին քրիստոնյա պետության՝ քրիստոնյա Հայաստանի ծննդյան համար արգասաբեր սերմեր էին Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների, Սբ. Հռիփսիմյանց և Սբ. Գայանյանց կույսերի նահատակությունները, մեր առաջին հայրապետ՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի բազմամյա չարչարանքները:

Զոհաբերությունն առավելաբար գործում է նաև պատերազմի դաշտում: Հերոսն իր կյանքի գնով իր ազգին է պարգևում խաղաղ և հանգիստ կյանք:

Զոհաբերության գնացողը և առավելապես իր կյանքն ուրիշի համար զոհաբերողը մոտենում է Աստծուն, դառնում Նրա կատարելության, Նրա Սիրո նմանակողը: «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48),- պատվիրում է Ավետարանը:

 

 

Կարինե Սուգիկյան

11.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․