Գրքեր

Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,

Այսօրվա ավետարանական ընթերցվածքը, որ վերցված է Հովհաննես առաքյալի Ավետարանից, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մի դրվագի մասին է պատմում, որն իմ կարծիքով այսօր առավել արդիական է, քան երբևէ: Դա հասկանալու համար նախ ընթերցենք ավետարանական հատվածը: «Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7.37-39):

«Մեծ տոնը», որի մասին խոսում է ավետարանիչը, հրեական Տաղավարաց տոնն էր, որ մինչ օրս նշվում է հրեա ազգի կողմից՝ ի հիշատակ Եգիպտոսի գերությունից իրենց ազատագրման, և նաև տոնակատարվում է որպես առատ բերքի փառատոն: Սա հրեական ամենաուրախ տոնն է և ինչպես Հիսուսի օրերում, այնպես էլ այսօր այն տևում է յոթ օր, որոնցից ամենատոնականն առաջին ու վերջին օրերն են: Ահա տոնի վերջին օրվա մասին էլ պատմում է Հովհաննես Ավետարանիչը, երբ ժողովուրդը, քահանայապետերի գլխավորությամբ և մեծ հանդիսավորությամբ, ուղևորվում էր տաճար՝ կրոնական հերթական ծիսակարգը կատարելու, որի ընթացքում քահանայապետերից մեկը ոսկե մեծ գավը ջրով էր լցնում Սիլովամի աղբյուրից և այնուհետև կատարվում էր ջրի հեղման արարողությունը: Սա խորհրդանիշն էր այն հրաշքի, որ Ամենակարող Աստված գործել էր նրանց համար անապատում՝ ժայռից ջուր բխեցնելով (Թվեր 20:7-11): Եվ այս արարողության ընթացքում բոլորը երգում էին Եսայու մարգարեության խոսքերը. «Ուրախության ջուր առեք փրկության աղբյուրներից» (12:3):

Ահա այս տոնը պատճառ հանդիսացավ, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոս ասի Իր հայտնի խոսքերը, որ ընթերցեցինք արդեն: Հրեա ժողովուրդը մեծ շուքով տոնում էր իր ֆիզիկական ազատությունը գերությունից, Քրիստոս հրավիրում էր հոգու ազատության՝ մեղքի գերությունից: Հրեա ժողովուրդը ուրախությամբ նշում էր մարմնապես ծարավի հագեցումը, Քրիստոս կոչ էր անում հոգու ծարավը հագեցնել: «Մարմինը մեռած է առանց հոգու»,- ասում է Հակոբոս առաքյալը (2:26), և հենց այս ճշմարտությունն է, որ անդադար ուսուցանում էր Քրիստոս՝ ցույց տալով անմահ հոգու առաջնահերթությունը, և Նրանից հետո շարունակում է ուսուցանել Քրիստոսահիմն Եկեղեցին: Հրեա ժողովուրդը, որ նախկինում Աստծո ընտրյալ ազգն էր, և վայելում էր թե՛ Ամենակարողի անմիջական հովանավորությունը, թե՛ Սուրբ Հոգու ներկայությունը մարգարեների ժամանակներում, Քրիստոսի օրերում արդեն զրկված էր իր արտոնյալ կարգավիճակից, քանի որ աղավաղել էր ճշմարիտ հավատը, և ինքն իրեն դարձրել օրենքի տառի գերին: Նրանք այնքան էին խճճվել Մովսիսական օրենքի վրա ավելացված բազմապիսի ու բազմաքանակ հավելյալ օրենքների ու ծիսակարգերի մեջ, որ նրանց խստացած ու ցամաքած հոգիներն այլևս անզոր էին արձագանքելու Մարմնացյալ Աստծո կանչին: Նրանց հոգիներն այլևս դեպի Երկինք չէին նայում, ուստի նրանք սպասում էին այն Մեսիային, ոըր կազատեր իրենց հռոմեացի կեղեքիչներից և Աստծո խոստացյալ թագավորությունը երկրի վրա կհիմներ: Այսինքն նրանց բոլոր տոները, ծեսերը, հույսերն ու սպասումները մարմնական էին, ժամանակավոր, իսկ Քրիստոս կենդանի ջրերի գետեր էր խոստանում, որ մարդու հոգում պիտի բխեին:

Սիրելի՛ հավատացյալներ, եթե հիշում եք, քարոզի սկզբում ասացի, որ Տիրոջ խոսքերը մեր օրերում էլ շատ արդիական են, քանի որ ողջ աշխարհն այսօր, առավել քան երբևէ, լի է ծարաված հոգիներով, և մեր ֆիզիկական ներկայությունն էլ Եկեղեցում դեռևս չի նշանակում, որ այստեղ ենք մեր հոգու ծարավը հագեցնելու համար: Դա հայտնի կդառնա այն ժամանակ, երբ ինքներս մեզ համար պարզենք, թե ինչ ենք փնտրում Եկեղեցում: Ուղղակի ծեսերի հանդեպ սե՞րն է մեզ այստեղ բերում, մարդկային գործո՞նը, միգուցե սովորությո՞ւնը: Ի՞նչ է փնտրում մեր հավիտենական հոգին, ի՞նչ է խնդրում Աստծուց՝ նյութական բարեկեցությո՞ւն, անձնական երջանկությո՞ւն, մարմնի առողջությո՞ւն, երազանքների իրականացո՞ւմ… Հուսամ, որ ոչ, քանզի ֆիզիկական ծարավից մեռնողի համար ուղղակի ինքնասպանություն կլիներ ջուրը թողած, այդ ամենի ետևից վազելը: «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»,- սովորեցնում է Տերը (Մտթ. 6:33): Իսկ մենք, ցավոք, շատ հաճախ ենք մոռանում դրա մասին: Աստծուց անդադար շոշափելի բարիքներ ենք խնդրում, որոնք լավ են իհարկե, բայց անիմաստ՝ առանց հավիտենական կյանքի հույսի: Պատկերացրեք միայն, թե որքան ունայն է այն մարդու կյանքը, ով նյութական բոլոր բարիքներն ունի, բայց չի հավատում հավիտենական կյանքի գոյությանը: Այդ պարագայում ամեն ինչ փուչ ու անիմաստ է դառնում, քանզի նյութականը սահմանափակվում է ժամանակով, և երկրային ժամանակավոր կյանքի տված ուրախությունն այնքա՜ն կարճ ու աննշան է, որպեսզի դրա դիմաց կորցնես հավիտենական երանությունը: Սակայն, այսօրվա աշխարհին նայելով, ցավով տեսնում ենք, թե որքա՜ն փոքրաթիվ է հրապարակում աղաղակող Քրիստոսի շուրջը հավաքված մարդկանց քանակը, ովքեր Տիրոջ մոտ են եկել իրենց ծարավը հագեցնելու, իսկ նրանց շուրջը շարունակում են անթիվ ու անհամար պապակված հոգիներ շրջել մոլորության մեջ՝ անդադար ջրելով ու սնուցելով իրենց մարմինները և չհասկանալով, թե այդքանից հետո ինչու բավարարություն չեն գտնում կյանքում:

Աստծո Միածինն աշխարհ եկավ և ամենաբարձր գինը վճարեց մարդու հոգու փրկության համար: Իր սրբասուրբ արյան հեղմամբ խորտակեց մեղքի ու մահվան ծանր շղթաները՝ հոգևոր ազատություն պարգևելով նրանց դարեր տևած գերությունից, և կյանք պարգևող Աղբյուր դարձավ իրենից խմողների համար: Խաչի մահվամբ, հարությամբ ու համբարձմամբ փառավորվելուց հետո Սուրբ Հոգուն ուղարկեց Հոգեգալստյան տոնին, որպեսզի կյանքի ջրերի գետերը Նրանով շարունակվեն և Նրա շնորհներով առատապես բխեն Քրիստոսին իրենց մեջ առած սրտերից: Սա մեծ մխիթարություն և անգին հույս է ճշմարիտ հավատն ունեցողների համար, սիրելինե՛ր, քանզի Սիրող Հայրն ազատել է մեզ ժամանակավոր կյանքի վախճանի համար ունեցած տրտմությունից՝ պարգևելով հավիտենական կյանքի ուրախությունը: «…ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»,- խոստացել է Նա (Հովհ. 4:13, 14): Ողորմությունների Տերը մեզ իրական, անփուտ ուրախություն է պարգևել, հոգու խաղաղություն և կյանքի իմաստ՝ անգին գանձեր, որ անհավատ մարդիկ փնտրում են ողջ կյանքում և այդպես էլ ձեռնունայն հեռանում դրանից:

Արդ մենք, սիրելինե՛ր, անասելի երջանիկ ենք, քանի որ լսել ենք Քրիստոսի կանչն ու հոգիների ծարավը Հագեցնողի անմիջապես կողքին ենք գտնվում: Ուստի հույս ունեմ, որ միայն Կյանքի Աղբյուրը գտնելով չենք բավարարվի, այլ մեր ունեցած հավատով, Տիրոջ սուրբ Խոսքով, առաքինության ու հավատի գործերով, եկեղեցական ծառայություններին մասնակցելով կընդունենք մեր մեջ կյանքի ջրերի գետերը, և Աստծո պարգևած ճշմարտության լույսը մարդկանց մեջ տանելով՝ կօգնենք նրանց հոգևոր կուրությունից ազատվելու և տեսնելու Կենսատու Քրիստոսին, Ով պատրաստ է կյանք պարգևող ջուր բխեցնել յուրաքանչյուր մաքուր ու հավատով լի սրտում՝ ծաղկող բուրաստանի վերածելով անապատացած հոգիները: Արդ, մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որ Ամենակալի մեծ ողորմածությամբ այնպիսի հավատով ու մաքրությամբ լցվեք, որպեսզի արժանի կրողները լինեք Կենաց Աղբյուրի, և Նրա Երկրորդ գալստյան ժամանակ, արդարների շարքում կանգնած, անդադար փառաբանություն մատուցեք Ամենասուրբ Երրորդությանը՝ երգելով. «Օվսաննա՜, փա՜ռք ի բարձունս»: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

04.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․