Գրքեր

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհաննես 7:37):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Մեր Տեր Հիսուս Քրիստոս կյանք է և կյանքի աղբյուր, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Տե՛ր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում» (Սաղմոս 35:10): Եսայու մարգարեության մեջ ասվում է. «Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի» (Եսայի 58:11):

Այսօրվա ավետարանական ընթերցվածքում կարդում ենք. «Ով Ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին Իրեն հավատացողները» (Հովհաննես 7:38, 39): Քրիստոսի ժամանակ մարդիկ անվերջ զբաղված էին՝ քննելով Հիսուսի անձը: Մի մասն ասում էր. «Գալիլիայից մարգարե դուրս չի գալիս», կամ՝ «Նրա մեջ պիղծ դև կա», մյուսները՝ որ՝ «Սա է Քրիստոսը», կամ թե՝ «Երբ Քրիստոսը գա, մի՞թե ավելի նշաններ պիտի անի, քան սա է անում»: Այսօր էլ մարդկանց մեջ նույն պառակտումը կա: Քրիստոս կատարյալ կյանքի մասին խոսեց ու խոստացավ, մինչդեռ Նրա Ավետարանը շարունակում է կասկածի տակ առնվել՝ շատ շատերի կողմից մնալով անտեսված ու չընթերցված: Մարդիկ զանազան բաների, աշխարհային երևույթների համար ժամանակ ու միջոցներ են հատկացնում, մինչդեռ Աստվածաշնչի ընթերցման համար ժամանակ չի մնում, որի պատճառն այն է, որ մարդկանց համար առաջնահերթություն չեն ներկայացնում և կարևորություն չեն ստանում Աստծո հետ իրենց հարաբերությունը, խղճի քննությունը, հոգևոր փնտրտուքները, ապաշխարությունն ու մեղքերի խոստովանությունը, Երկնային Արքայությանն արժանանալու համար ջանադրությունը: Յուրաքանչյուր ոք այսօր էլ իր պատճառաբանությունն է բերում Աստծուն չհավատալու համար: Մեկը երկնքից նշաններ է ուզում, մեկն իր հավատի կիսաճանապարհին մոմ է վառում և բավարարություն ստանում առ Աստված ունեցած իր հավատով, երրորդն իրեն աթեիստ է հռչակում, մյուսն իրեն համարում է աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրի ժառանգորդը և հպարտանում դրանով, մեկ ուրիշը, մոռանալով Աստծո խոստացած Երկնային Արքայության մասին, ցանկանում է առանց փորձությունների դրախտային կյանք ապրել երկրի վրա, մյուսը, չտեսնելով Աստծո պարգևած բարիքները, անվերջ բողոքում և դժգոհում է իր կյանքից, ուրիշը միայն աշխատանքի ու ընտանիքի մասին է մտածում՝ ապրելով առանց Երկնային Տիրոջն ապավինելու: Կամ էլ մարդկանց մի մասն էլ Աստծո անունով գուշակություններ է անում կամ տուրք տալիս տարբեր հմայություննների, սնահավատական միջոցների, միայն թե իրենց կյանքի ձախորդություններին ու փորձություններին բացատրություն և լուծում գտնեն՝ չցանկանալով խոստովանել, որ դրանով դավաճանում են Սուրբ Երրորդությանը և ապավինում դիվային զորություններին: Այս իրավիճակները կարելի է անվերջ թվարկել: Բոլոր ժամանակներին էլ դրանք բնորոշ են եղել: Մարդիկ միշտ պատճառներ են գտնում իրենց Արարչին մերժելու, ուրանալու, չերկրպագելու, հավատ չընծայելու համար: Մինչդեռ մեր Տերը հավատարիմ է և երբեք հուսախաբ չի անում Իրեն հավատացողներին: Նա մշտապես մեր առջևում է և ասում է մեզ. «Եկե՛ք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28), «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6), «Ես իսկ եմ հարություն և կյանք: Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհաննես 11:25), «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհաննես 8:12), «Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի» (Հովհաննես 6:35): Քրիստոս՝ մեր Տերը, ինչպես անսասան աղբյուրառատ ժայռ, կանգնած է՝ իբրև աներեր հող՝ մեզ կանգուն պահելու համար, իբրև աներկբա խոստում՝ մեզ հավիտենական կյանք պարգևելու համար, կանգնած է իբրև հավերժական փարոս մեր ճանապարհները լուսավորելու և հավիտենական նավահանգիստը անվրդով հասցնելու համար: Նա եկավ, քանի որ չէր ցանկանում մեղավորի մահը, այլ փրկությունը, հետևաբար՝ մենք, Նրանից բացի, այս աշխարհում այլ նեցուկ ու հենարան, այլ սատարիչ և օգնական ունենալ չենք կարող, Նրա բուժիչ և մեղսաքավիչ ձեռքերից բացի, այլ պատսպարան չենք կարող գտնել: Քրիստոս սամարացի կնոջն ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհաննես 4:13,14): Ինչպես համոզվում ենք, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խոսում է Սուրբ Հոգու մասին, որ տալու էր Իրեն հավատացողներին: Նա Պարգևիչ է և կենդանության Շնորհաբաշխող: Դա էլ հասկացնում է սամարացի կնոջը: Այն ջուրը, որ կարող է մեզ պարգևել Հիսուս Քրիստոս՝ Աստծո Որդին, չի կարող մեռնել մարդու մեջ, այլ շարունակաբար ավելանալով պիտի հոսի դեպի հավիտենական կյանք: Եսայու մարգարեության մեջ Հակոբի սերնդին ուղղված Աստծո օրհնությունը հետևյալ կերպ է արտահայտվում. «Ես ջուր պիտի տամ ծարավածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով, իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա» (Եսայի 44:3): Աստված այս օրհնությանը արժանացնելու է բոլոր հավատացյալներին: Դա տեսնում ենք նաև Հայտնության գրքում, որտեղ նույնպես կենդանի ջրի մասին է խոսվում: «Ես Ալֆան և Օմեգան եմ, Սկիզբը և Վախճանը, Ես ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից» (Հայտնություն 21:6): Կամ՝ «Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից» (Հայտնություն 22:1): Սիրելինե՛ր, Ինքը Տերն է պատվիրում մեզ այն կենդանարար ջուրը խնդրել Իրենից. «Եթե դու գիտենայիր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է «Ինձ խմելու ջուր տուր», գուցե ինքդ արդարև Նրանից կուզեիր, և Նա քեզ կենդանի ջուր կտար» (Հովհաննես 4:10): Ուրեմն՝ եկեք մենք էլ սամարացի անգետ կնոջ նման Տիրոջից խնդրենք պարգևել մեզ այն ջուրը, որ կհագեցնի մեր ծարավը. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ» (Հովհաննես 4:15): Երանի թե բոլորս կարողանայինք մեր երկրային կյանքի ընթացքում ճանաչել այդ ջուրը Պարգևողին, որը մեզ նաև կառաջնորդի դեպի Հավիտենական Կյանք:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

19.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․