Գրքեր

Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37, 38):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Քարոզիս և օրվա խորհրդածության թեման այսօր Հովհաննեսի ավետարանի յոթերորդ գլխում գրի առնված խոսքերն են, որ Տեր Հիսուս Քրիստոս արտասանեց Երուսաղեմի տաճարի բակում հրեական մեծագույն տոներից մեկի՝ Տաղավարաց տոնի վերջին օրը: Ավելի ճիշտ լինելու համար ասեմ, որ Տեր Հիսուս ոչ թե արտասանեց այդ խոսքերը, այլ ինչպես ավետարանիչն է նկարագրում. «Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37, 38):

Պատկերացրե՛ք, սիրելի՛ հավատացյալներ, մարդացյալ Աստված կանգնել էր տաճարի բակում և աղաղակում էր: Վստահաբար ծանրակշիռ պատճառներ կային տարօրինակ թվացող ու անսովոր այս պահվածքի համար և դրանցից մեկը, հավանաբար, մարդկային հոծ բազմությունն էր, որ ներկա էր քաղաքի գլխավոր տաճարի բակում: Հրեական երեք գլխավոր տոներից այս մեկը ևս ուխտի օր էր հրեաների համար, և նրանք ամեն տարի երկրի տարբեր ծայրերից, իրենց ընտանիքներով, հարազատներով, բարեկամներով գալիս էին Երուսաղեմ, ժամանակավոր կացարաններ պատրաստում ու վրաններ կանգնեցնում, և յոթ օր շարունակ մեծ ուրախությամբ ու շուքով նշում այդ կարևոր տոնը: Տոնի կարևորագույն՝ կրոնական մասն անցկացվում էր տաճարում, ուստի, եթե չասենք միլիոնավոր, ապա հարյուր հազարավոր մարդիկ հաստատ միաժամանակ այնտեղ ներկա էին գտնվում: Տարեցտարի նրանք հավաքվում էին՝ նշելու իրենց պապերի ազատագրումը եգիպտական գերությունից, և Աստծու հոգատար խնամքն՝ անապատում անցկացրած քառասուն տարիների ընթացքում: Եվ տոնական ծիսակատարության պարտադիր մաս էր կազմում անապատում կատարված Աստծու հրաշքի հիշատակումը, երբ Տերն ապառաժից ջուր բխեցնելով՝ կյանք էր պարգևել նրանց՝ հագեցնելով ծարավը: Այս արարողակարգով, հատուկ աղոթքներով և ծիսական երգերով մարդիկ օրհներգում ու փառաբանում էին Աստծուն իրենց փրկության համար և խնդրում, որպեսզի այդուհետ էլ շռայլ գտնվի իրենց հանդեպ և երկնային առատ պարգևների արժանացնի:

Տոնի ժամանակ հիշատակվող իրադարձություններն, անշուշտ, մնացել էին հարյուրամյակների հետևում, Աստծու և ընտրյալ ժողովրդի փոխհարաբերությունները վաղուց արդեն կորցրել էին ջերմ նրբերանգները, հեռավոր անցյալում էին մնացել այն օրերը, երբ Տեր Աստված ակնհայտորեն խնամում ու հոգ էր տանում այդ ժողովրդին: Բայց նրանք շարունակում էին իրենց ընտրյալ համարել և սպասում էին Աստծու խոստացյալ Մեսիային՝ հույս փայփայելով Աստծու արքայության հաստատումը երկրի վրա տեսնելու: Նրանք Ամենակալին խնդրում էին ազատագրել իրենց հռոմեական լծից և իսրայելական թագավորությունը հաստատել երկրի վրա: Խնդրում էին օրհնել իրենց աշխատանքն ու առատ բերք պարգևել: Հաջողություն էին խնդրում սկսած ու ձեռնարկելիք գործերում: Այսինքն՝ երկնքից ակնկալվող պարգևները միայն երկրայինին, նյութականին էին վերաբերում: Նույնիսկ Մեսիային էին սպասում՝ երկրային բարիքների ակնկալիքով: Ուստի նաև այդ պատճառով էր Տեր Հիսուս աղաղակում այդ բազմահազարանոց ժողովրդի մեջ, որպեսզի փրկարար ճշմարտությունն այն մասին, որ իրական արժեք ունեցող պարգևը, իրական փրկությունը, իրական կյանքն Ինքն է և պետք չէ հեռու տեղ փնտրել այն, լսելի դարձներ նրանց:

Մարդիկ պահպանում ու սերնդեսերունդ փոխանցում էին իրենց պապերի փրկության մասին պատմությունը, իսկ Քրիստոս նրանց հրավիրում էր սեփական փրկության պատմությունը կերտելու: Եվ չնայած Տիրոջ աղաղակած խոսքերը աննախադեպ ու ցնցող էին, սակայն ամենևին էլ խորթ կամ տարօրինակ չէին նրանց ականջին, քանի որ մեկ անգամ չէ, որ կարդացել ու լսել էին Մեսիային վերաբերող մարգարեությունները, և ինչպես ավետարանիչն է նկարագրում. «Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարեն. ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը» (Հովհ. 7:40, 41): Եվ միգուցե այսպես ասողներն իսկապես հավատացին Քրիստոսին ու խմեցին կյանք պարգևող փրկության Ջրից, բայց գիտենք, որ մեծամասնությունն այդպես էլ չընդունեց Նրան ու մնաց հոգու ծարավից ցամաքած սրտերով՝ ինքն իրեն դատապարտելով անխուսափելի մահվան:

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»: Տիրոջ այս խոսքերը ջրի պես պարզ ու զուլալ են, և մեծ ուրախության աղբյուր են իսկապես ծարաված սրտերի համար: Բայց Տերը խոստանում է նաև ավելին՝ Իրեն հավատացողների ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն: Թվում է՝ առավել ի՞նչ է մեզ անհրաժեշտ: Ի՞նչ է անհրաժեշտ ծարավը հագեցնելու ու ծարավի պատճառով չմեռնելու համար: Ջուր գտնել ու խմել: Ու եթե հաշվի առնենք, որ Քրիստոս, բնականաբար, խոսում էր հոգու ծարավի մասին, և Ինքն էլ ցույց տվեց այդ ծարավը հագեցնելու միջոցը, ապա թվում է, թե ընդհանրապես մտահոգվելու ոչինչ չունենք. չէ՞ որ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Բայց արի ու տես, որ միլիարդավոր մարդիկ մեռնում են հոգևոր ծարավից, և ամենասարսափելին՝ Եկեղեցի հաճախողներից շատերը նույնպես: Երկու բացատրություն կա դրան, սիրելինե՛ր, կա՛մ մարդիկ չեն գիտակցում, չեն ընդունում իրենց հոգևոր ծարավն ու չեն գալիս դեպի Քրիստոս, կա՛մ գալիս են, բայց այդպես էլ չեն խմում կյանքի ջրի Աղբյուրից:

Տերը կարևորագույն նախապայման է նշում՝ եթե մեկը ծարավ է: Ծարավ են իհարկե բոլորը, քանի որ բոլոր մարդիկ, անխտիր, աստվածադիր հոգի ունեն, բայց քչերն են զգում և ընդունում այդ ծարավը: Դավիթ թագավորն անգամ, որ Սուրբ Հոգուց մարգարեության շնորհն էր ստացել և վայելում էր Աստծու առանձնահատուկ սերն ու բարեհաճությունը, երգում էր. «Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստված. հոգիս ծարավ է քեզ, Աստված հզոր և կենդանի» (Սղմ. 41:2, 3):

Այժմ բժիշկները, սննդաբանները շատ են խոսում այն մասին, որ հաճախ ծարավի զգացումը շփոթում ենք քաղցի զգացումով և ջուր խմելու փոխարեն սնունդ ենք ընդունում: Կամ էլ փորձում ենք ծարավը հագեցնել զովացուցիչներով կամ այլ խմիչքներով, ինչը ևս սխալ է ու ընդամենը՝ ժամանակավոր լուծում, քանի որ ոչինչ ի զորու չէ ջրին փոխարինել: Ջուրն անփոխարինելի է: Եվ Տեր Աստված հենց այս ճշմարտությունն է բացատրում մեզ երկու հազար տարի՝ մարդու կյանքի ու կենսագործունեության համար Աստված անփոխարինելի է: Դրանում համոզվելու համար նայեք ձեր շուրջը, սիրելինե՛ր. վերցրե՛ք մարդուց ճշմարիտ հավատն ու տվե՛ք աշխարհի բոլոր հարստությունները, հաճույքները: Փորձե՛ք փոխարինել այն զանազան փիլիսոփայություններով ու կրոնական բազմապիսի ուղղություններով: Տվե՛ք փառք ու ճանաչում, հեղինակություն ու տարատեսակ տաղանդներ: Կարծում եք, որ նա իրական երջանկություն, կամ ճշմարիտ ուրախություն, խաղաղարար անդորր ու լիարժեք ներդաշնակություն կունենա՞: Եթե կասկածում եք, ապա «հավատ» բառը փոխարինեք «ջուր» բառով, և այդժամ վստահ կտեսնեք, որ աշխարհի ոչ մի հարստություն կամ վերը թվարկածներիցս և ոչինչ գրոշ անգամ չարժե, եթե օրինակ՝ մարդն անապատում է և մեռնում է ծարավից: Իսկ ծարավից չմեռնելու համար, ինչպես արդեն նշեցի, նախ պետք է ընդունել, գիտակցել, որ ծարավ ենք, իսկ այնուհետ՝ խմել կենաց աղբյուրի ջրից, այսինքն՝ հավատալ, որ Քրիստոսն է մեզ կյանք ու ամենայն բարիք պարգևողը: Բայց հիշո՞ւմ եք, սիրելինե՛ր, որ խոսքիս սկզբում մի սարսափելի բան ասացի եկեղեցի հաճախողների մասին, որ անգամ նրանցից շատերն են մեռնում հոգևոր ծարավից: Միգուցե զարմանաք, թե դա ինչպես է հնարավոր, քանի որ եկեղեցի հաճախելն արդեն իսկ խոսում է մարդու ունեցած հավատի մասին: Ու ես ձեզ կհիշեցնեմ ավետարանական ճշմարտություններից իմ սիրելի տողերը, որոնցով Հակոբոս առաքյալն ուղղակի ոչ մի քննադատության չդիմացող փաստարկներ է բերում՝ ասելով. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: … Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2:19-20, 26): Սա էլ ձեզ Կյանքի Ջրից խմելու հրահանգը, սիրելի՛ հավատացյալներ. կլինե՞ն հավատի գործեր՝ կնշանակի խմել եք այդ ջրից և ինքներդ եք պատրաստ մյուսներին այդ ջուրը տալու, այսինքն՝ ընդունելու Սուրբ Հոգու շնորհներն ու կիսելու դրանց պտուղները մերձավորների հետ: Չե՞ն լինի գործեր՝ կնմանվեք զուլալ աղբյուրի մոտ ծարավից մեռած անմիտ մարդու: Ընտրությունը ձերն է:

Իսկ ես, որպես ձեր հոգևոր հովիվ, աղոթքս եմ վերառաքում առ Տեր՝ աղաչելով, որպեսզի աշխարհի որ ծայրում էլ գտնվեք, ֆիզիկական, նյութական և հոգևոր ինչ վիճակում էլ լինեք, հոգու ունկերով լսեք Երուսաղեմի տաճարի բակում աղաղակող Տիրոջ կանչն ու դառնաք ձեր փրկությանը: Իրական ու անկեղծ զգացմունքներով, Տիրոջը նվիրվածությամբ ու հավատարմությամբ, ձեր խոսքերով, գործերով ու ապրած կյանքով ապացուցեք, որ կենդանի է Քրիստոս ձեր հոգիներում, որ Նրանից խմած կյանքի ջուրը չի ճահճացել անշարժ մնալու և չգործածվելու պատճառով, այլ անդադար նորանում է հավատի ամենօրյա գործերով:

Սուրբ Հովհաննես առաքյալը Պատմոսի քարայրի տեսիլքներից մեկում լսեց Աստծու ձայնը, որ ասում էր. «Ես Ալֆան և Օմեղան եմ, Սկիզբը և Վախճանը. ես ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից» (Հայտ. 21:6), և ես խնդրում եմ Տիրոջը, որպեսզի մենք էլ այդ ծարավածների շարքում լինելով և խոնարհվելով Կենաց Աղբյուրի առջև, ստանանք պապակած հոգիները ոռոգող և հավիտենական կյանք պարգևող ջուրը: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

24.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․