11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

«Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից»

«Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»։

«Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից» (Մատթեոս 6։13)։

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

Այսօր 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի հիշատակության օրն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք մեզ համար սոսկ զոհվածներ չեն, այլ սուրբեր, որոնք չհրաժարվեցին իրենց հավատից և իրենց հավատարմության ուխտը հաստատեցին իրենց Աստծուն՝ չնայած նրանց կրած մեծագույն զրկանքներին և անասելի տանջանքներին։

Մեր ժողովրդի պատմության մեջ դարերի ընթացքում պատահել են բազում փորձություններ։ Փորձությունն առհասարակ բնորոշ է այս աշխարհում ապրող բոլոր մարդկանց։ Աղետներ, երաշտ, սով ու համաճարակ, սպանություններ և օտար ազգերի լուծ, երկրաշարժեր կարող են պատահել ցանկացած ժամանակ աշխարհի ցանկացած կետում։ Այսօր ևս մեզ բոլորիս համար անորոշության, անհանգստության, հիվանդության հանդեպ վախի, կարիքի ու բարդ կացության պահ է, ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև ողջ մարդկության։

Սիրելինե՛ր, փորձությունը, այո՛, ծանր բան է մարդու հոգու համար, որի ժամանակ կարևորը հավատքը Աստծո նկատմամբ չկորցնելն է։ Մարդու համար երբեմն խիստ դժվար է դիմանալ փորձություններին, որոնք կարող են ներկայանալ ամենատարբեր ձևերով։ Սուրբ Գիրքը մեզ տալիս է կյանքի ծանր իրավիճակների զանազան օրինակներ, որոնց դեպքում երևում է՝ ինչպիսի դրևորումներ է ունենում թե՛ անհատական և թե՛ ժողովրդական համընդհանուր վարքագիծը։ Ամենադիպուկ օրինակը Հոբի գիրքն է, որտեղ Հոբը, արդար և ողորմած լինելով, ուզում էր հասկանալ իր զավակների ու ունեցվածքի կորստի պատճառը։ «Փորձություն չէ՞ միթե երկրի վրա կյանքը մարդու», – ասում է Հոբը (Հոբ 7։1)։

Աբրահամը փորձության ժամանակ հավատարիմ գտնվեց և դրա համար արդար համարվեց (Մակաբայեցիներ Ա 2։52), սակայն, մինչև այդ, եգիպտացիների վախից իր կնոջը՝ Սառային, ներկայացրեց որպես իր քույր, որպեսզի նրա գեղեցկության պատճառով իրեն չսպանեն։ Սակայն Աստված պատժեց եգիպտացիներին։ Աբրահամը, ինչպես տեսնում ենք այս օրինակով, մեզ նման սովորական մարդ էր, որ ուներ իր մարդկային տկարությունները։

Սուրբերն իրենք էլ են վախ զգացել, բայց ընկել են փորձության մեջ և կոփվել, առավել բարձրացել ու առաքինացել։ Ցանկացած բարդ իրավիճակ կարող է համարվել փորձություն։ Փորձությունները մարդու կյանքում կարող են լինել և՛ մեղքերի պատիժ, և՛ ոչ։ Հիշենք Հիսուսի փորձություններն անապատում։ Այդպես էլ մարդու կյանքում փորձություն կարող է դառնալ նույնիսկ ընտրություն կատարելը՝ Աստծո պատվիրանների կատարման և գիտակից հրաժարման միջև, ինչպես Տերը բացատրեց սերմնացանի առակի առնչությամբ։ Ապառաժի վրա ընկած սերմերը «այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում» (Ղուկաս 8։13)։

Հիշենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ապրումները Գեթսեմանիի պարտեզում։ Երեք աշակերտներին ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»։ Եվ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրա ընկավ գետին և աղոթում էր, որ եթե կարելի է, այդ ժամը իրենից հեռանա. «Աբբա՛, Հա՛յր, ամեն ինչ Քեզ կարելի է. այս բաժակը Ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու ես կամենում»։ Հիսուս եկավ ու իր աշակերտներին քնած տեսավ և ասաց. «Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկոս 14։32-42)։

Աստված այնքան բարի է ու ներողամիտ, որ ներում է մարդկանց մեղքերը, որոնք նույնպես կարող են կախված լինել օրհասական պահերից։ Ինչպես Աստված ներեց Պետրոսի ուրացությունը, որ ուրացավ ու լքեց հենց Իրեն՝ Տիրոջը, քանի որ առաքյալը անկեղծորեն զղջաց, հասկացավ իր մեղքը և լաց եղավ։ Պետրոսի հետ կապված ևս մի պատմություն, երբ նա ցանկացավ քայլել ծովի վրայով, սակայն Աստծո՝ տիեզերքի Արարչի առջև գտնվելու փաստի վրա մի պահ ուշադրություն չդարձրեց, այլ հայացքը դարձրեց չորս կողմն ու տեսավ և սարսափեց փոթորկող ծովից, ուժգին քամուց ու սկսեց սուզվել։ Հիսուս Քրիստոս, ձեռքը երկարելով նրան, հարցրեց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթեոս 14։22-33)։ 

Սիրելինե՛ր, բոլորիս սրտերը այժմ մխիթարության և գոտեպնդության կարիք են զգում։ Սուրբ Գրքում փնտրեցինք փորձությունների տարբեր օրինակներ, բայց գիտենք նաև, որ Աստվածաշնչում 365 անգամ կրկնվում է «մի՛ վախեցիր» արտահայտությունը։ «Սիրաքի իմաստության» մեջ ասվում է.

Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստի՛ր։

Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։

Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։

Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ և հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։

Ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։

Հավատա՛ Տիրոջը, և Նա կպաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները և հույսդ դի՛ր նրա վրա։

Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք Նրա ողորմությունը և մի՛ խոտորվեք, որպեսզի չգլորվեք։

Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, հավատացե՛ք Նրան, և չի կորչի ձեր վարձը։

Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք բարիքներ, հավիտենական ուրախություն և ողորմություն։

Նայեցե՛ք հին ազգերին և տեսե՛ք՝ ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։

Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և Նա անտես արեց նրան։ 

Արդարև, Տերը գթած է և ողորմած, ներում է մեր մեղքերը և փրկում է մեզ նեղության ժամանակ (Սիրաք 2։1-13)։

Աստվածաշնչում որքան որ խոսվում է փորձությունների մասին, այնքան էլ չվախենալու, հույսը չկորցնելու, գոտեպնդվելու և քաջ լինելու հորդոր ու պատվիրան է տրվում։ Այս օրերը Հինունքի՝ Աստծո Միածին Որդու հարության հիսնօրյա տոնական շրջանն է, և հարության ավետիսն է հնչում. «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28։20)։

Աստված խաղաղության Աստված է, ահա թե ինչու Նա ասում է. «Մի՛ երկնչիր»։  «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16։33)։ 

Աստծուց երկյուղ ունեցողները չպիտի երկյուղեն ոչ մի բանից, որովհետև Տիրոջ օգնությունն ու առաջնորդությունը նրանց հետ է, ինչպես Տոբիթի պարագայում, որ օտար միջավայրում հավատարիմ էր իր նախնիների հավատքին, Աստծու պատվիրաններն էր կատարում և Տերը նրան օգնության ուղարկեց Ռաֆայել հրեշտակին, որ օգնեց Տոբիթին և նրա ընտանիքին։ Տերը հավատարիմ է մեզ։ Մենք պետք է հավատարիմ լինենք Նրան և, անկասկած, կտեսնենք Նրա խոստացած փրկությունը։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

24.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․