Գրքեր

Գաղտնիքն այն է, որ սովորես չտեսնել չարիքը

- Ձեզ թվում է, թե ամենուր չարիք է․․․- սկսեց հայրը։- Ճիշտ չէ։ Քանի որ Աստծու Հոգով ամեն բան այլ կերպ է երևում։ Նրանով մարդ չարիքը չի տեսնում և, բնականաբար, արդարացնում է այլ մարդկանց բոլոր արարքները։ Բոլորն անխտիր։ Ի՞նչ ասացինք․ Քրիստոս «անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մտթ․ 5։45)։

Ես հենց քեզ եմ մեղավոր տեսնում, անգամ եթե ասես, որ մեղավորն այսինչը կամ այնինչն է։ Վերջին հաշվով դու էլ ինչ-որ բանում մեղավոր ես և կբացահայտես դա, երբ ասեմ քեզ։ Նման մտածելակերպ ձեռք բերեք այս կյանքում․ դա ձեզ համար անտեսանելի դուռ կբացի․․․ Գաղտնիքն այն է, որ սովորես չտեսնել չարիքը։

Խորամուխ եղեք ամեն ինչի մեջ, մակերեսային մի՛ եղեք։ Եթե Քրիստոսի մոտ չգնանք, եթե չդիմանանք, երբ անարդարացիորեն տառապում ենք, ապա անընդհատ կտանջվենք։ Գաղտնիքն այն է, որպեսզի զանազան իրավիճակներն ընկալենք ոչ թե մարմնական ուղեղով, այլ հոգևոր տեսողությամբ։ Սակայն դա պետք է սովորել։

Հենց դրա մասին է գրում Սիմեոն Նոր Աստվածաբանը․ «Բոլոր հավատարիմներին, մենք՝ հավատարիմներս, պիտի նայենք որպես մեկի․․․ և մտածենք, որ նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս է և յուրաքանչյուրին այնպիսի սիրով վերաբերվենք, որ պատրաստ լինենք մեր հոգին ու կյանքը զոհաբերելու հանուն նրա։ Ոչ մի դեպքում չպետք է որևէ մեկի մասին խոսել կամ կարծել, որ նա չար է, այլ բոլորին բարի տեսնել․․․

Քանի որ, եթե նույնիսկ տեսնես կրքերով բռնված որևէ մեկի, ատիր ոչ թե եղբորը, այլ կրքերը, որ պատերազմում են նրա դեմ և եթե տեսնես մեկին վավաշոտությամբ և նախկինում գործած մեղքերի սովորություններվ բռնված, ավելի խղճա նրան, որպեսզի ինքդ էլ չհայտնվես փորձության մեջ, քանի որ դու ևս այն նյութից ես, որը դյուրությամբ փոփոխվում է և բարուց դառնում դեպի չարը»։

Մեկ ուրիշ տեղ էլ նա գրում է․ «Մերձավորի հանդեպ սերն ընդամենը նախապատրաստություն և քննություն է ավելի մեծ՝ Աստվածային սիրուն հասնելու համար․․․»

Այսպիսով՝ Աստծու հանդեպ սիրո գաղտնիքն ամփոփված է մերձավորի հանդեպ սիրո մեջ։ Որովհետև եթե չես սիրում եղբորդ, որին տեսնում ես, ապա ինչպե՞ս կարող ես սիրել Աստծուն, Որին չես տեսնում։ «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ․ 4։20)։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

08.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․