Գրքեր

«Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից և անկեղծ հավատից բխած»

Սբ. Գրքի բազում պատգամների և պատվիրանների լրումը հանդիսացող գերագույն պատվիրանը սիրո պատվիրանն է: «Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը»,- ասել է Սբ. Պողոս առաքյալը (Ա Տիմոթեոս 1:5): Աստծո հանդեպ մարդու սերը վաղ թե ուշ արտահայտվում է  մերձավորի հանդեպ սիրով: Տիրավանդ պատգամ է սիրել մերձավորին, ինչպես ինքդ քեզ, այսինքն՝ տեսնել, գնահատել և սիրել դիմացինի մեջ առկա աստվածային պատկերը:  Աստվածային սերն ամուր կերպով է միավորում այդ պատկերը կրողներին: Արդյունքում նրանցից յուրաքանչյուրը՝ որպես որդի, վայելում է Աստծուն Հայր անվանելու և Նրա սերը զգալու ուրախությունը:

Գերագույն պատվիրանի շուրջ համախմբված Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին այցելեց Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան 4/32 հասցեում վարձակալությամբ բնակվող Առաքելյան ընտանիքին: Կարիքավոր ընտանիքի մայրը՝ 31-ամյա Առաքելյան Հասմիկը, երեք տարի է, ինչ ամուսնալուծված է և միայնակ է խնամում իր 8-ամյա որդուն՝ Բաղդասարյան Ալեքսեյին: Հասմիկը չի աշխատում և ընտանիքի հոգսերը փորձում է հոգալ ընտանեկան նպաստի գումարով:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Առաքելյան ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար):

«Ոչ ոքի ոչ մի բանով պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելու պարտավորությունից, քանի որ ընկերոջը սիրողը կատարած է լինում Օրենքը, որովհետև Աստծո պատվիրանները՝ «Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ վկայություն մի՛ տուր, մի՛ ցանկացիր», և բոլոր մյուսները խտացված են այս միակ պատվիրանի մեջ. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: Ով սիրում է իր ընկերոջը, չարիք չի անի նրան: Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծո Օրենքը լրիվ գործադրել» (Հռոմեացիներ 13:8):

 

 

Կարինե Սուգիկյան

13.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․