Գրքեր

«Գերեզմանում քունը տևական չէ»

Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նրանց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է, որ այդ սովորությանը հետևեն, հակառակ պարագայում միջավայրը կդատի իրենց…

Արդյո՞ք մեր հարգանքը ննջեցյալի հանդեպ սահմանափակվում է միայն գերեզման այցելելով: Բայց չէ՞ որ կան այլ սովորություններ ևս, որ քրիստոսահիմն եկեղեցին դարեր շարունակ պահպանում է: Օրինակ՝ մինչև գերեզման գնալը, տարվա մեջ հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերին բոլոր եկեղեցիներում Սբ. Պատարագ է մատուցվում, որի ավարտին հոգեհանգստյան արարողությամբ ներկաները հոգևորականի հետ միասին աղոթում են ննջեցյալների հոգիների հանգստության համար՝ հայցելով Տիրոջ ողորմածությունը: Ինչպես նաև սովորություն կա ննջեցյալների անունից ողորմություն տալ կարիքավոր մարդկանց:

Գերեզմանների հանդեպ մարդկանց հարգանքի մասին ֆրանսիացի գրող, դիվանագետ Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանն (1768-1848 թթ.) իր «Քրիստոնեության հանճարը» գրքում բարոյական մի ուրիշ ապացույց է ներկայացնում հոգու անմահության վերաբերյալ. «Այնտեղ անհաղթահարելի մի թովչանքով, կյանքը կապված է մահվան: Մենք մեր նախնիների աճյունները հարգում ենք նրա համար, որ ներքին մի ձայն ասում է, թե ամեն ինչ ջնջված, վերջացած չէ նրանց համար: Եվ այդ ձայնն է, որ սրբագործում է հոգեհանգստյան պաշտոնը երկրագնդի բոլոր ժողովուրդների մոտ: Բոլորն էլ հավասարապես համոզված են, որ քունը տևական չէ նույնիսկ գերեզմանում, և որ մահն ուրիշ բան չէ, եթե ոչ փառավոր մի այլակերպություն»:

Ինչո՞ւ է կարևոր աղոթել մահացածի համար, ի՞նչն է մեզ դրդում այդ աղոթքին: Քրիստոսի խոսքի համաձայն՝ մենք պետք է սիրենք մեր մերձավորներին ինչպես ինքներս մեզ և մահացածի համար աղոթելով՝ արտահայտում ենք մեր անկեղծ և նվիրյալ սերը նրանց հանդեպ: Այդ սերը շատ թանկ է մահացածների համար, քանի որ իրենք, անօգնական լինելով, ստանում են այդքան սպասելի օգնությունը: Շատերն իրենց մահացած հարազատների, ընկերների և ծանոթների հիշատակը վառ են պահում՝ իրենց մոտ որպես հուշ ունենալով նրանց համար առանձնահատուկ իրեր, նրանց նկարները կամ էլ ի հիշատակ նրանց հուշարձաններ են կառուցում՝ շուրջը ծառեր և ծաղիկներ տնկելով: Բայց արդյո՞ք դա է նրանց հիշելու ամենաառաջնային և անհրաժեշտ ճանապարհը: Եվ դա միանգամայն նման է նրան, որ սովից մահացողին հացի փոխարեն որևէ մեկն անուշահոտ ծաղիկներ նվիրի: Մարդիկ տարբեր հարգանքի նշաններ են ցույց տալիս ի հիշատակ մահացածի՝ մոռանալով նրա համար ամենակարևորը՝ աղոթքը: Մի՞թե գթությամբ չի լցվի որևէ սիրտ և օգնության ձեռք չի մեկնի, երբ տեսնի ոչ այդքան խորը ջրափոսի մեջ ընկած երեխային, որ դժվարանում է դուրս գալ այնտեղից: Նույնն է և պարագան մահացածների դեպքում, ո՞վ կարող է նրանց օգնության հասնել, եթե ոչ կենդանի մարդիկ: Ցավալիորեն, կենդանի մարդիկ շատ հաճախ մոռանում են նրանց՝ անտեսելով հոգին և կարևորելով միայն տեսանելին: Եկեղեցու հայրերն ասում են, որ մահացածի համար աղոթողը նաև իր համար է աղոթում, քանի որ Տերը, տեսնելով մահացածի հանդեպ մեր ողորմածությունը, Ինքն էլ է մեզ ողորմում: Նրանք նաև հորդորում են մահացածի համար աղոթքն ուղեկցել նրանց հիշատակին նվիրված ողորմություններով: Սբ. Հովհան Ոսկեբերանն իր ուսուցումներից մեկում խրատում է, որ մահացածին չենք օգնի արցունքներով, այլ աղոթքներով, ողորմածությամբ և ընծաներով: Ապա՝ հարգիր մահացածի հիշատակը ողորմածությամբ և բարեգործությամբ, քանի որ ողորմածությունը ծառայում է հավիտենական տանջանքներից ազատմանը: Աստվածաշնչում պարզորեն ասված է այս մասին. «…ողորմությունը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից, ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում են կյանքով» (Տոբիթ 12:9):

Մահացածի վիճակը նման է այն մարդու դրությանը, որը լողում է շատ վտանգավոր գետով, և նրա համար ասված աղոթքն ասես մի փրկարար պարան լինի, որ նետում է մարդը խեղդվող իր հարազատին:

Իսկ սբ. Պաիսիոս Աթոսացին էլ հորդորում է. «Մահացածի համար աղոթքն Աստծու կողմից իրեն տրված վերջին հնարավորությունն է մինչև Երկրորդ գալուստը: Այդ պատճառով է եկեղեցին սահմանել հոգեհանգստյան արարողությունը: Երբ դու աղոթես մահացածի համար, նրա հետ միասին աղոթիր նաև մյուս մահացածների համար: Ինչո՞ւ գնացքն այդքան հեռու գնա մեկ ուղևորով, չէ՞ որ այն կարող է և այլ ուղևորներ էլ վերցնել: Գիտե՞ք, թե ինչքան մահացածներ կան, որ աղոթքի կարիք ունեն: Դժբախտներն օգնություն են խնդրում, բայց չկա մեկը, որ նրանց համար աղոթի: Մահացածի համար հոգեհանգստյան արարողությունից առավել կարևոր և օգտաշատ է հոգևոր կյանքում մեր ուշադրությունը, այն պայքարը, որ մղում ենք թերություններից ազատվելու և հոգին մաքրելու համար: Քանի որ կրքերից և նյութական իրերից մեր ազատագրումը ոչ միայն մեզ է թեթևություն բերում, այլ նաև մեր մահացած նախնիներին: Մահացածն ուրախություն է ապրում, երբ տեսնում է, որ իր հետնորդն աստվածահաճո կյանքով է ապրում: Եթե մենք բարի հոգեվիճակում չենք, ապա մեր մահացած ծնողները, պապերն ու նախապապերը, մեր նախնիները տխրում են մեզ համար: Իսկ հակառակ պարագայում նրանք ուրախություն են ապրում, քանի որ եղել են Աստծու համագործակիցները՝ նպաստելով մեր ծննդյանը, և Աստված ինչ-որ կերպ պարտավորվում է օգնել իրենց»:

 

Կարինե Սուգիկյան

14.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․