Գրքեր

«Գնա Աստծո հետևից և կկառուցես կյանքդ»

Քրիստոնյայի համար կարևորագույն նպատակ է ամեն օր հոգևոր աճ ունենալը, կյանքն այնպես ապրելը, որ այն ուղղորդի իրեն դեպի փրկություն: «Ինչի վրա, որ ծախսես կյանքդ, այն էլ կդառնա կյանքիդ իմաստը: Նրա համար, ով սիրում է Աստծուն, կյանքը դառնում է հավիտենություն: Գնա Աստծո հետևից և կյանքդ կկարգավորվի, սկսիր կյանքդ կարգավորել, կկորցնես թե՛ այն և թե՛ Աստծուն»,- ասել է վանական Սիմեոն Աթոսացին:

Հունվարի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Թովմասյան Աննային (35տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Աննան իր ամուսնու՝ Հակոբյան Հակոբի (40 տ.) և երեք անչափահաս զավակների հետ բնակվում է Բելիսնկու 55ա հասցեում: Հակոբյան ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրը, շինարար լինելով, մշտական աշխատանք չունի: Թովմասյան Աննան իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին:

Տերը ողորմած մարդու շնորհիվ մեծ բարիքներ և օրհնություններ է բաշխում: Այս պատմությունը դա է վկայում. «Ոմն ծեր վանական մի եղբոր հետ ապրում էին միասին: Վանականը ողորմած անձնավորություն էր: Երբ սով սկսվեց, որոշ մարդիկ սկսեցին գալ վանականի մոտ և ողորմություն խնդրել: Նա բոլորին հացի կտորներ էր բաժանում: Եղբայրը, տեսնելով դա, ասաց վանականին. «Տուր իմ բաժին հացը, իսկ քո բաժնի հետ վարվիր այնպես, ինչպես ցանկանում ես»: Վանականը եղբորը տվեց իրեն հասանելիք բաժինը և այդուհետ ողորմություն էր տալիս իր բաժնից: Շատերը լսելով, որ վանականը ողորմություն է տալիս, գալիս էին նրա մոտ: Եվ Աստված, տեսնելով նրա բարի հոժարակամությունը, օրհնեց հացը: Իսկ եղբայրը, ուտելով իր բաժինը հացը, ասաց վանականին՝ Աբբա, քանի որ իմ հացը քիչ է, թույլ տուր, որ միասին ապրենք, ինչպես նախկինում: Վանականն ասաց՝ կանեմ այնպես, ինչպես դու ես ցանկանում և նորից սկսեցին միասին ապրել: Երբ բարի ժամանակներն եկան, նորից կարիքավորներ էին գալիս՝ ողորմություն ստանալու: Եվ պատահեց մի օր, երբ եղբայրը տուն մտավ, տեսավ, որ հացերը նվազել են, և այդ ընթացքում մի աղքատ եկավ, վանականը եղբորն ասաց, որ հաց տա նրան: Բայց եղբայրն առարկեց՝ Աբբա, չկա հաց: Վանականն ասաց նրան՝ գնա և փնտրիր: Եղբայրը, ներս մտնելով, ուշադիր նայեց և տեսավ հացամանը՝ լի հացով: Դա տեսնելով՝ նա զարհուրեց և հաց տվեց աղքատին: Եվ, ճանաչելով վանականի հավատն ու առաքինությունը, փառք տվեց Աստծուն»:

 

 

Կարինե Սուգիկյան

11.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․