Գրքեր

Գործուն հավատի դրսևորումները

Փետրվարի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, այցելեց Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքի, որ բնակվում է Դավթաշեն 4 փ․, տ․ 8 հասցեում: Ծայրահեղ կարիքի մեջ հայտնված ընտանիքը բաղկացած է երեք հոգուց. հաշմանդամություն ունեցող Օֆելյա Մարտիրոսյանը միայնակ է խնամում իր երկու անչափահաս թոռնիկներին: Երեխաների ծնողները լքել են ընտանիքը՝ ողջ հոգսը թողնելով տիկին Օֆելյայի ուսերին: Երիտասարդաց միության անդամներն ընտանիքին փոխանցեցին 96 000 դրամի վառելափայտ և 30 000 դրամի սնունդ ու հագուստ: Տիկին Օֆելյան անչափ զգացված էր՝ իր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Հայ եկեղեցու սուրբ հարկից ներս ձևավորված երիտասարդաց միությունները նպաստում են, որ երիտասարդները եկեղեցու լիարժեք անդամ դառնան՝ գործուն հավատ դրսևորելով: Գործուն հավատ ունենալ՝ նշանակում է սեր, համբերատարություն, խաղաղություն, խոնարհություն, ողորմածություն և այլ առաքինություններ ունենալ: Ըստ եկեղեցու հայրերի՝ ճշմարիտ հավատքը չի կարող լինել առանց գործերի, ով իսկապես հավատում է, նա անպայման գործեր կունենա: Ճշմարիտ հավատքը սիրով համեմելով է, որ հնարավոր է փրկվել, իսկ սերը միշտ արտահայտվում է գործերով:

«Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանն ասաց, որ երիտասարդը Աստծու խոսքի իրագործմամբ է իրական և ճշմարիտ արժեքներ ձեռք բերում. ««Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով»,- ասում է Աստվածաշունչը (Սաղմ. 118:9): Իսկապես, երիտասարդները պատվիրանապահությամբ է, որ կարող են հանձնվել Ամենազոր Աստծու ապահով ձեռքերի խնամակալությանը: Իր կյանքի սկզբունքների համար Աստվածաշունչը՝ իբրև առաջնորդ ընտրելով՝ երիտասարդը սխալ ուղղով չի ընթանա, մեղքերի հորձանուտը չի նետվի, մեղքերն իրեն քաղցրալի չեն թվա, անտրամաբանական ընթացք չի ունենա, այլ կփորձի իմաստավորել իր կյանքը՝ բարիք գործելով, կհասկանա իր առաքելությունն այս աշխարհում՝ ապրելով ոչ միայն սեփական անձի կարիքների գոհացման համար, այլ նաև շրջապատող մարդկանց կարիքները թեթևացնելով»:

 

Կարինե Սուգիկյան

 

04.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․