Գրքեր

Գրաբարյան օրեր. «Ծանիր զքեզ»

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը դեռևս մեկնարկվել էր 2014թ-ի հոկտեմբերի 5-ին: Ծրագիրը նպատակ ուներ արժևորելու Սբ. Թարգմանիչների գործը և վերացնելու գրաբարի շուրջ ստեղծված կարծրատիպերը: Թեմի կողմից նախաձեռնած «Գրաբարյան օրեր» ծրագրի մտահղացման հեղինակներն էին Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և Qahana.am կայքի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմ Անդրեասյանը:

Երևանի պետական և մասնավոր ավագ դպրոցների աշակերտները «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում մասնակցել են տարբեր միջոցառումների, գրաբար տեքստերի ընթերցումների, գրաբարի տեսադասընթացի ցուցադրության, փոքրիկ թեստային մրցույթի, ինչպես նաև առաջին անգամ կազմակերպված գրաբարի օլիմպիադայի:

Մայիսի 15-ին նույն այդ օլիմպիադայի մասնակից աշակերտները մանկավարժների ուղեկցությամբ և Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ մեկնեցին ուխտի Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց և Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցիները: Մինչ մեկնելը Սբ. Սարգիս եկեղեցում ուխտավորները միասնաբար Տերունական աղոթքն ասացին և ստացան ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս քահանա Մալյանի օրհնությունը:

Թվով յոթանասուհինգ ավագ դպրոցականներ և Երևանի տարբեր եկեղեցիների երիտասարդաց միության անդամներ ուխտի ճանապարհ անցան ազգային հայրենասիրական երգերի՝ «Գինի լից», «Զեյթունցիների հիմնը», «Սարդարապատ», «Հպարտ գնացեք», «Երկիր հայրենի», «Բարի արագիլ», «Ախպերս ու ես», «Աղբյուր Սերոբի երգը», «Լեբլեբիջիների խմբերգը» խրոխտ երգեցողությամբ:

Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ուխտավորները «Այբուբենի աղոթքն» ասելուց հետո իրենց խոնարհումը բերեցին մեծ վարդապետի շիրիմին:

Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանն ողջունեց ուխտավորներին, իր ուրախությունը հայտնեց, որ դպրոցականները մասնակցել են «Գրաբարյան օրեր» ծրագրին՝ համախմբվելով հայոց ոսկեղենիկ գրաբարի շուրջ: Տեր Հայրը նշեց, որ երկու սյուների՝ լեզվի և հավատքի շնորհիվ է, որ այսօր հասել ենք 21-րդ դար: Ապա Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան երկհարկանի դպրատանը Տեր Վիգենի ուղեկցությամբ ուխտավորները անցան սյունազարդ և գմբեթավոր դահլիճների ցուցասրահներով՝ ծանոթանալով ներկայացված հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններին, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների սաների կտորի գեղարվեստական ձևավորման, կավագործության, մակրամեի, գեղանկարչության պայծառ և գունագեղ աշխատանքներին:

Այնուհետև դպրատան դահլիճում Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը համառոտ ներկայացրեց Արագածոտնի թեմի սրբավայրերի հարուստ և բազմադարյան պատմությունը՝ նշելով, որ թեմում կա 160-ից ավելի եկեղեցիներ, 50 մատուռներ և 1500 պատմամշակութային կոթողներ:

Աշակերտների ու մանկավարժների հուզող հարցերի վերաբերյալ անմիջական զրույց ծավալվեց:

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է, և ուխտավորները, բաժանվելով չորս խմբերի, փորձեցին իրենց տեսակետից ներկայացնել գյուղի ընտանիքի առօրյան: Հանձնարարությունը նպատակ ուներ վեր հանել ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարտականությունն ու պատասխանատվությունը:

««Գրաբարյան օրեր» ծրագիրը մեծ արձագանք և արդյունքներ տվեց, նույնիսկ որոշ դպրոցներում smart դասեր անցկացվեցին, Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում գրաբար լեզվով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ կազմակերպվեց: «Ծիրանի մշակութային հանգույցի» հետ համագործակցությամբ և թույլտվությամբ դպրոցներում ներկայացվեց նաև գրաբարի ուսուցման համար ստեղծված www.grabar.am կայքում տեղադրված ինը տեսադասերը: Գրաբարը ինքնաճանաչման միջոց է, որով կոտրվում է նաև այն կարծրատիպը, որ մեր փոխարեն ինչ-որ մեկը պետք է գործի»,- ասաց Նոյեմ Անդրեասյանը: Եվ հավելեց, որ ուխտագնացությունը մի առիթ է, որ հնարավորություն կտա պատանիներին ճանաչելու իրենց հոգևոր արժեքները, այսինքն՝ իրենք իրենց, որով և ճանաչելի կդառնան նաև աշխարհին:

Տեր Պարթև քահանա Մուրադյանը, կարևորելով երկրի և մշակույթի ճանաչումն ու պահպանումը, նշեց, որ տուն կառուցողն ինքն է զբաղվում իր տան խնդիրներով և ոչ թե որևէ մեկին մեղադրում իր քանդված տան կամ վատ դաստիարակված երեխայի համար, նույն է պարագան մեր երկրի հետ կապված, որը մեր մեծ ընտանիքն է: Ապա Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց Արագածոտնի թեմի առաջնորդին՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, արժանապատիվ քահանաներին տեղեկատվական և բովանդակալից զրույցների համար և նաև ուխտավորներին:

«Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված օլիմպիադայի մասնակից դպրոցներին տրվեցին շնորհակալագրեր:

Սիրո ճաշից հետո ուխտավորների ուղին դեպի Մուղնու Սբ. Գևորգն էր: Եկեղեցու բակում նրանք ազգային երգի մրցույթ ունեցան, պարեցին: Ապա եկեղեցում նրանք գրաբարով աղոթեցին, շարականներ երգեցին: Եվ մասնակցելով երեկոյան ժամերգությանը՝ վերադարձան Երևան լի այն հարուստ տպավորություններով, որ հիմք է դառնալու վերանայելու, ճանաչելու, գնահատելու մեր հայաշունչ և հայակերտ անգին գանձերը:

Օլիմպիադայի մասնակիցները իրենց համար հարազատ դարձած ոսկեղենիկ գրաբարով աղոթում են, կարդում: Արդեն նկատելի է ծրագրի արդյունքները. Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում, մասնակցելով երեկոյան ժամերգությանը, աշակերտները համակ ուշադրությամբ փորձում էին հասկանալ գրաբարյան արարողությունը:

«Ես վաղուց արևմտահայերեն էի ուսումնասիրում, հետագայում, գրաբարին ծանոթանալով, թե՛ ինքնակրթությամբ և թե՛ մանկավարժի օգնությամբ փորձեցի ավելի լավ հասկանալ մեր գրաբարյան աղոթքները, սաղմոսները, շարականները: Այժմ գրաբարով «Նարեկ» աղոթամատյանն եմ կարդում»,- ասաց օլիմպիադայի մասնակից թիվ 2-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մկրյան Աշոտը:

Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտուհի Քրիստինա Մուրադյանը գոհ է ստացած գիտելիքներից և օլիմպիադայի արդյունքներից: Նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության մանկավարժ Լուիզա Սարգսյանը նշեց, որ դժվարությամբ են ընտրություն կատարել, քանի որ օլիմպիադային մասնակցել ցանկացողների թիվը մեծ էր:

«Սիրում եմ գրաբարը, այն ինձ համար քաղցր լեզու է, որ վաղուց է դիպչել սրտիս, այս լեզվով ես աղոթում եմ: Օլիմպիադայի մասնակցությամբ գրաբարի ակունքներին հասնելու հնարավորություն ունեցա»,- ասաց օլիմպիադայում հաղթող ճանաչված Լիանա Պողոսյանը (Երևանի թիվ 97 ավագ դպրոց):

Հայ զավակը, երբ փոքրուց է հագենում իր ազգային և կրոնական պատկանելիության արմատների ակունքից, ապա նրա մեջ աճում և հասակ է առնում իր իսկ բուն դիմագիծը՝ հայ քրիստոնյայի դիմագիծը:

 

Կարինե Սուգիկյան

15.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․