Գրքեր

«Հաղթության Մյուռոն»-ով օրհնվեց ջուրը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում

Աստվածային ծագում ունեցող Սրբալույս Մյուռոնը՝ Սբ. Թադեոս առաքյալի կողմից Հայոց աշխարհ բերված և Հայոց հայրապետների ձեռամբ դարեդար օրհնված, վերածվել է ազգային դրոշմի՝ Հայոց Մյուռոնի:

Ամեն մի մյուռոնօրհնեք յուրաքանչյուր հայորդու համար հոգևոր ուրախություն է և սփոփանք, նաև հիշեցում, որ իր ազգն Մյուռոնով սրբված Սուրբ Հոգու մխիթարիչ էջքով շարունակ նորոգվում է և հզորանում:

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, հերթական անգամ հայը մասնակցեց Սրբալույս Մյուռոնի օրհնության նվիրական արարողությանը: Հայոց Մյուռոնը հերթական անգամ հրաշագործեց. բաշխվեց՝ միավորելով աշխարհասփյուռ հայությանը:

1991թ-ից Հայոց Մյուռոնը նորանկախ Հայաստանում մի նոր ճանապարհ անցավ. երջանկահիշատակ Վազգեն Վեհափառ հայրապետի ձեռամբ օրհնվեց՝ կոչվելով «Անկախության Մյուռոն», հաջորդ մյուռոնօրհնեքին՝ 1996թ-ին, այս անգամ երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետի կողմից կոչվեց «Վերածնության Մյուռոն», այնուհետև երկու անգամ օրհնվելուց հետո 2015 թ-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այն կոչեց «Հաղթության Մյուռոն»: Եվ Վեհափառ հայրապետի բարձր տնօրինությամբ էլ հոկտեմբերի 4-ին՝ հավարտ Սբ. Պատարագի անկախացած, վերածնված և հաղթանակած Մյուռոնի օրհնությունը բաշխվեց Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում: Հաղթության նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի կարգ:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հավարտ Սուրբ Պատարագի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը մյուս խորհրդակատար քահանաների հետ միասին Ջրօրհնյաց կարգ կատարեց: Օրհնված ջրի միջոցով ներկաները հաղորդ դարձան նորօրհնյալ Մյուռոնի, այսինքն՝ Սուրբ Հոգու զորության և օրհնության խորհրդին:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ Տաթևն ամեն տարի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Սբ. Պատարագի ավարտին, ի հիշատակ Քրիստոսի մկրտության, մասնակցում է Ջրօրհնյաց արարողությանը՝ իր օջախ տանելով օրվա օրհնությունը: Նա ուրախ է, որ այս տարի ևս մեկ առիթ ունեցավ մասնակիցը լինելու Ջրօրհնյաց կարգին՝ ի հիշատակ Հաղթության Մյուռոնօրհնեքի: «Այն, ինչ օրհնվում է մեր եկեղեցում, աստվածային զորություն է կրում իր մեջ և նյութականի օրհնությամբ բոլորս ստանում ենք հոգևոր օրհնություն»,-ասաց նա:

Ջրօրհնյաց արարողության հետ կապված Տեր Գիրգորի մաղթանքն էր, որ յուրաքանչյուր հայորդի օրհնված ջրի միջոցով կրողը և տարածողը լինի այն Սուրբ Լույսի, որ ճառագում է նորօրհնյալ Մյուռոնից: «Սուրբ Լույսի առկայությունն Աստծո ներկայությունն է մեր կյանքում, որ պարգևում է մեզ ճշմարիտ երանություն: Բոլոր մարդիկ այդ երանության կարիքն ունեն, թերի են զգում իրենց կյանքերն առանց դրա: Սրբալույս Մյուռոնի օրհնությունից մաս ունենալով՝ Աստծո ներկայությունն ամեն պահ մեր սրտերում զգանք ու գործեք այդ ներկայության համաձայն: Եվ թող Տերը ուժ և հաստատակամություն պարգևի ամենքիս՝ Իր ճանապարհին հետևելու ու Երկնային Արքայությանն արժանի լինելու համար»,- ասաց Տեր Հայրը:

«Հաղթության Սրբալույս Մյուռոն»-ի օրհնությունը գալիս է հիշեցնելու բոլորիս այն հորդորը, որ դեռևս հնչել էր «Անկախության Մյուռոն»-ի օրհնության ժամանակ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի շուրթերից. «Հայե՛ր, հոգևոր զավակներ Մեր, այս սրբազան Մյուռոնով միացե՛ք, եղբայրացե՛ք, եղե՛ք մեկ կամք, եղե՛ք մեկ ուրախություն, եղե՛ք մեկ ցավ: Եղեք մե՛կ ազգ, մե՛կ ընտանիք, մե՛կ ժայռացած երդում և հավատացե՛ք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ Էջմիածնի ներքո»:

 

 

Կարինե Սուգիկյան

05.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․