Գրքեր

Հակոբոս 1.1

1:1 Յակովբոս Աստուծոյ և Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ծառայ:

Հակոբոսը՝ Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա:

Հոգու բոլոր շնորհները նույն խորհուրդն ունեն, թեև Սուրբ Գրքում զանազան բառերով են արտահայտվում: Եվ քանի որ մեկն է ճշմարիտ ուղին և արքունական ճանապարհը, ապա պետք չէ ո՛չ աջ կամ ձախ շեղվել և ո՛չ էլ անմատչելի ճանապարհով գնալ, ո՛չ ուրիշների ուսմունքն ամենևին անտեսելով և ո՛չ էլ ամբողջովին նրանց հիմքի վրա կառուցելով մերը, ո՛չ դժվարըմբռնելի բաների և երազահանության վրա հույս դնելով, ո՛չ անկիրթ խոսքերով աղավաղելով մտքի տեսությունը և ո՛չ էլ ուսումնասիրողների ու բանասերների վայելուչն արհամարհանքի արժանի ներկայացնելով:

Հակոբոսը՝ Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա:

Եվ արդ, նախ և առաջ կջանամ ցույց տալ, թե արդյոք ո՞վ է սա, որ ընդհանրական թուղթ է գրել, քանզի սուրբ առաքյալների մեջ սրան այլ անվանակիցներ էլ կան, ինչպիսիք են Հակոբոս Ալփեանը և Հակոբոս Զեբեթեանը, որոնցից ոչ մեկն էլ չի գրել այս թուղթը, որովհետև Հակոբոս Ալփեանը ոչ մի գրություն չի թողել, ուստի, եթե թողած լիներ, ապա հայտնի կլինեին, ինչպես սրանցը: Իսկ Հակոբոս Զեբեթեանը շատ շուտ է սպանվել Հերովդեսի կողմից և ոչինչ չի հասցրել գրել: Քանզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունից հետո՝ առաջին տարում, գլխատվելու միջոցով՝ նահատակվեց: Ուստի, ըստ սուրբ Ավետարանի, բաղարջակերաց օրը մատնվեց մեր Տերը խաչի, իսկ ըստ մի այլ աստվածային գրքի, հաջորդ տարի բաղարջակերաց տոնի օրերին սպանվեց աստվածաշնորհ Հակոբոս Զեբեթեանը: Այս ամենից հստակ երևում է, որ սա գրել է այն Հակոբոսը, ով Քրիստոսի եղբայր էր կոչվում, ոչ թե Մարիամից, այլ՝ Հովսեփից ծնված:

Եվ ինչպես որ Հովսեփն աստվածային Ծնունդի համար հայր կոչվեց, այդպես էլ սա՝ եղբայր: Իսկ սա իր բազմափայլ առաքինության շնորհիվ, որ վեր է օրենքից, արդար կոչվեց, որովհետև կյանքի առաջին տարիներից մինչև պատանեկության տարիքն անձնատուր եղավ արդարության գործերին:

Ուստի, բաղնիք նա չմտավ և յուղով չօծվեց և նմանատիպ բաների հետ նա առնչություն չունեցավ: Եվ նրա ծնկները կոշտացան հաճախակի ծնրադրություններից, ինչպես ուղտինն է: Սրան առաքյալներն իր մաքուր անձի և կատարյալ հավատքի համար Երուսաղեմի եկեղեցու եպիսկոպոս ձեռնադրեցին՝ որպես այդ աստիճանին արժանավոր մարդու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ընտանիքի անդամի:

Ոչ թե որ պահի Ահարոնի քահանայությունը, ըստ մովսիսական օրենքի, անասուններ զոհաբերելով, «որոնք չէին կարող կատարյալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը» (Եբր. 9:9), այլ ըստ մեր ճշմարիտ քահանայապետի՝ Հիսուսի, մատուցելու նոր՝ անարյուն պատարագ, որ սուրբ Վերնատանն ավանդեց և տվեց իր աշակերտներին որպես կտակ իր մահվան սուրբ խորհրդի: Եվ որ այստեղից իմանալով հաստատեցին նախ և առաջ մատուցել աստվածային այս պատարագը՝ հետևելով առաջին մատուցողին՝ Հիսուսին, պաշտել և աղոթքներ մատուցել Աստծուն, որպեսզի սրբվի ժողովրդի անգիտությունը:

Արդ, սա էլ այսպիսի աստվածային գովելի գործով, նաև մարդկանցից և սրբազան այրերից նույնպես ոչ պակաս գովություն էր ստանում, ինչը և Պողոսը ցույց տվեց՝ գովերգելով նրան իր ճառում. «Առաքյալներից ոչ ոքի չտեսա, բացի Հակոբոսից՝ Տիրոջ եղբորից» (Գաղ. 1:19):

Տեսնո՞ւմ ես գովության ձևը, ո՛չ թե մարդկանց տուրք տվեց, այլ՝ Քրիստոսի ընտանիքի անդամի մոտ գնաց: Իսկ Ղուկաս ավետարանիչը սրա գերագույն պատիվը ցույց է տալիս Գործք Առաքելոցում՝ ասելով, թե հաջորդ օրը մտանք [վերնատուն] ողջունելու Պողոսին, Հակոբոսին (Տե՛ս Գործք 1:12)՝ Պողոսի պես համարձակորեն նույնն ասելով: Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, թե որքան շատ են հրեաների մեջ հավատացողները և բոլորն էլ օրենքի նախանձախնդիր հետևորդներ են:

Եվ նորից, երբ առաքյալները հավաքվեցին քննելու համար հեթանոս եղբայրների հարցը, և ստիպում էին նրանց թլփատվել, ապա այս դժվարագույն հարցին լուծում տալու, անմիաբանությունը վերացնելու և բոլորին լռեցնելու համար Հակոբոսը ոտքի է կանգնում և ասում, թե մարգարեների խոսքերը համընկնում են այստեղ՝ և թե չկա փրկության այլ եղանակ հրեաների և հեթանոսների համար, եթե ոչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Եվ ասում է. «Դրա համար ես ինձ իրավունք եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն» (Գործք. 15:19): Եվ դու փոքր բան մի՛ համարիր այդ «ես»-ը, այլ՝ պատվարժան և կարևոր հայտարարություն: Այդ պատճառով էլ առանց որևիցե բան ասելու՝ հավանություն տվեցին նրան:

Տեսնո՞ւմ ես շնորհի ընտրությունը, տեսնո՞ւմ ես նրա առաջադիմությունը և կատարելությունը: Արդ, սա հասնելով առաջնորդության շնորհի աստիճանին, քրտնաջանորեն հոգ էր տանում բոլորի փրկության համար: Մոտ գտնվողներին վարդապետության խոսքով էր լուսավորում, իսկ բացակաների և օտարների համար թուղթ էր գրում՝ հաստատելով ճշմարիտ հավատքի, առաքինության գործերի և սուրբ սիրո վրա՝ Տիրոջ սիրով:

Արդ, ինձ թվում է, թե ըստ ժամանակի կարգի, Հակոբոսի թուղթն առաջինն է, քան մյուս բոլոր առաքյալների թղթերը, այսինքն՝ քան Պողոսինը, Պետրոսինը, Հովհաննեսինը և Հուդայինը: Քանզի Պետրոսը իր թուղթը Հռոմում գրեց շատ ավելի ուշ, նույնպես նաև Պողոսը. հրեաներին և հեթանոսներին Ավետարանը քարոզելուց հետո նոր սկսում է գրել իր խրատական և զգուշավորության թղթերը:

Իսկ Հովհաննեսը Պատմոսի բանտից ազատվելուց և Եփեսոս գալուց ու հրաշալի տեսիլքը տեսնելուց հետո նոր գրում է Ավետարանը, և ապա նոր իր ընդհանրական թուղթը: Իսկ Հակոբոսը նրանցից առաջ, իր քահանայության սկզբնական շրջանում է գրում իր թուղթը:

Եվ ըստ իմ վարկածի, իր ընկերներն էլ իրենից են սովորում իրենց աշակերտների համար թուղթ գրել և հաստատել նրանց ճշմարիտ հավատքի, արդարության գործի, սիրո ու սրբության վրա: Եվ այս ամենից հստակ երևում է, որ այս թուղթը մայրն է և սկիզբը առաքյալների բոլոր աստվածաբանական թղթերի:

Հակոբոսը՝ Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա:

Ընդ որում, ինչպես որ ասացի, թե Պողոսն ու Պետրոսը նրանից սովորեցին թուղթ գրել, նմանապես նաև թղթի սկզբում իրենց անունները գրել, որպեսզի գողերը տունը չկտրեն և չգողանան նրանց այդ մեծագույն աշխատանքը և կարծեն, թե դա հերձվածողների գործ է: Բայց նախ և առաջ պետք է քննենք, թե ինչու Մովսեսը հինգ գիրք գրեց և այդ գրքերի ո՛չ մի գլուխներում իր անունը չգրեց և ո՛չ էլ կայծակնամաքուր Եսային և մարգարեներից և ոչ մեկը: Ինչո՞ւ նրանցից ոչ ոք չգրեցին, իսկ սրանք գրեցին: Պետք է ասել, որ մարգարեներն իրենց ծանոթների համար էին մարգարեանում և Իսրայելի ժողովրդի համար էին պատգամներ տալիս և գիրք գրում, ուստի և ավելորդ էր գրքերի գլուխներում իրենց անունները գրելը:

Իսկ սրանք բացակաների և հեռվում գտնվողների համար էին գրում, ովքեր իրենց մարմնապես չէին ճանաչում, նաև շատ անգամներ օտար հեթանոսների համար էին գրում, այդ պատճառով էլ առավել ևս ցանկանում էին, որ դրանով փափագելի դարձնեն նրանց համար իրենց խոսքը, դրա համար էլ գրում էին իրենց անունները, որպեսզի իմանան, թե ովքեր են գրքի հեղինակները: Թեև նրանք էլ նրանց անուններից պակաս օգուտ չէին քաղում քան գրվածքներից և պակաս զորավոր չէին նաև նրանց անունները, այլ բազում բարություն էին ավետարանում:

Քանզի եթե նրանց ստվերը բժշկում էր հիվանդների հիվանդությունները (տե՛ս Ղուկ. 5:15) և նրանց քրտինքը չորացրած թաշկինակը մեռելների էր հարություն տալիս և դևերին էր հալածում (տե՛ս Ղուկ. 19:12), ապա պատկերացրու, թե նրանց անունները միայն կանչելը ինչպիսի զորություն կունենար: Նաև մեկ այլ պատճառ էլ կա, որ մարգարեներն Իսրայելի խստապարանոցների և անթլփատների համար էին մարգարեություն գրում և եթե իրենց անունները չնշելու դեպքում էին նրանց այդքան հալածում, չարչարում, քարկոծում, սղոցում (շատ անգամներ նույնիսկ նրանց գրքերը վերցնում և այրում էին) և սուտ մարգարեներին ավելի էին հավատում քան նրանց: Իսկ եթե իրենց անունները գրեին, ապա ինչպիսի կատաղությամբ կլցվեին և այն ատելության պատճառով, որ նրանց հանդեպ ունեին, նրանց գրածները չէին ընթերցի: Այդ պատճառով էլ մարգարեներն իրենց անունները թաքցնում էին և չէին գրում: Իսկ սրանք (սուրբ առաքյալները), քանի որ իրենց աշակերտների համար էին գրում թղթերը, որ միակամք և միակարծիք էին դրանց հետ և հանուն իրենց վարդապետների հանդեպ ունեցած սիրո՝ իրենց անձերը բանտարկությունների և կապանքների էին մատնում:

Եվ ոչ միայն իրենց վարդապետներին տեսնելուց էին ուրախանում, այլ առավել ևս նրանց անունները լսելուց էին մեծապես ցնծում: Նմանապես նաև նրանք, իմանալով սրանց ուրախության և սիրո պատճառը, նրանց համար գրում էին իրենց անունները:

Հակոբոսը՝ Աստծո և  մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա:

Տեսնո՞ւմ ես մաքուր և Քրիստոսասեր անձի չափազանց և անհամեմատելի խոնարհությունը, քանզի ո՛չ թե առաքելության և քահանայապետության պատիվն է նրանց առջև բերում, այլ՝ Աստծուն ծառա լինելու, որը բարձր է բոլոր պատիվներից և Քրիստոս Աստծո սեփական առաքինությունն է:

Նա, որ Աստծո կերպարանքն ուներ, չգարշեց ծառայի կերպարանքն առնել և ասել. «ես եմ ձեր մեջ իբրև սպասավոր», և հարցնել. «ո՞վ է մեծը. սեղան նստողը թե՞ սպասավորը» (Ղուկ. 22:27), նա, ով ինքնահոժար կերպով ծառայության եկավ:

Նույնպես նաև արդար Հակոբոսը, ոչ միայն Հիսուսի եղբայր էր կոչվում, այլև խոնարհությամբ և հեզությամբ էր նրա նման: Այդ պատճառով էլ ասում է. Հակոբոսը՝ Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա:

Այս ծառայության պատվի մասին գիտե նաև երանելի Պողոսը, և այդ մասին է գրում իր Հռոմեացիների թղթի սկզբում. «Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառան» (Հռոմ. 1:1): Թե ինպիսի՞ պատիվ է սա՝ մարմնավոր կամ հոգևոր, որը [սակայն շատերի կողմից] պատվական մեծություն չի համարվում:

Քանզի եթե ասես, թե թագավորի կամ դեսպանի պատիվը մարդկանց առջև ճոխ ու պատվավոր է երևում Աստծո հույժ անարգ և նվաստ ծառայի պատվից, ապա հրեշտակ լինելը ևս Աստծո ծառա լինել է համարվում, ինչը նույնպես մեծ և պատվական է, ինչպես լույսը խավարի համեմատ, կամ բարին՝ չարի, կամ սուտը՝ ճշմարտության, և կամ հոգին՝ մարմնի:

Ուստի նա, ով Տիրոջ ծառան է, ազատ է ամեն տեսակ ապականություններից, իսկ մարդկանցից նա, ով ազատ է, ծառայ է մեղքերի և գերի՝ կրքերի, ուստի «ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքի ծառա է» (Հովհ. 8:34): Եվ այս ծառայությունը, որ Աստծուց է, երկակի է, մեկն՝ արարչությամբ, մյուսը՝ գնված լինելով:

Այն, որ արարչությամբ է, ընդհանուր է, իսկ որ գնված լինելով է՝ կամավոր: Եվ գնված լինելն ավելի պատկառեցնող է և ահավոր, որովհետև ո՛չ թե ապականացու արծաթեղենով կամ ոսկեղենով ենք փրկված, այլ՝ գառան՝ Աստծո Որդու անբիծ և անարատ արյամբ: Եվ Պողոսն էլ է ասում. «Մեծ գնով գնվեցիք, մարդկանց ծառաներ մի՛ եղեք» (Ա Կորնթ. 7:23): Եվ նորից. «Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար» (Գաղատ. 3:13):

Արդ, սրբերն այս ծառայության պատիվն իմանալով և փութալով այդ մտերմությանը, պարծանքով գրում են. «Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա»: Եվ ինչո՞ւ Պողոսի նման (Հակոբոսն) էլ չի գրում իր առաքելության պատվի մասին. կամ խոնարհության պատճառով, ինչպես որ նախապես ասացի և կամ, որ Տիրոջ կողմից կանչված տասներկու առաքյալների մեջ չէր, այդ պատճառով էլ չի գրում, որ թշնամիները չասեն, թե այն պատիվը, որում կոչված չէր, ինչո՞ւ է իրեն վերագրում:

Եվ եթե ոմանք ասեն, թե ահա Պողոսն էլ կոչված չէր այդ պատվին, բայց ամենուր գրում է. «Պողոս, առաքյալ Հիսուսի»: Ասեմ, որ Պողոսը հատուկ առավելությամբ կոչվեց, քան մյուսները: Որովհետև ոչ թե լճակից կանչեց նրան, ինչպես մյուսներին, այլ՝ երկնքից նրա հետ խոսելով: Եվ  նրանց պես չասաց, թե ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ, այլ՝ «նա ինձ համար ընտրյալ անոթ է» (Գործք 9:15): Եվ նորից. «Գնա՛, որովհետև ես քեզ պետք է ուղարկեմ հեռավոր հեթանոսների մոտ» (Գործք 22:21): Դարձյալ. «Բառնաբասին և Սողոսին առանձնացրեք ինձ համար, որ անեն այն գործը» (Գործք 13:2): Իսկ սուրբ Հակոբոսը Սուրբ Գրքում այսպիսի առաքելության վկայություն չուներ, այդ պատճառով էլ չէր գրում, այլ՝ ծառա լինելու պատվի մասին էր գրում, որ բարձր է, քան առաքելության պատիվը, ընդ որում մեկը աստվածային կոչում է, իսկ մյուսը՝ մարդկային կամքի և ինքնիշխանության:

Հակոբոսը՝ Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա:

Նախախնամության անունն է գործածում, որպեսզի վստահեցնի իր աշակերտներին, որ Բանն Աստված մարդ էր, որովհետև Քրիստոս անունը ո՛չ հատուկ աստվածությանն է վերաբերում և ո՛չ էլ մարդկությանը, այլ Քրիստոս եբրայերեն նշանակում է օծյալ:

Եվ արդ, քանի որ օծեց մարդկությունն աստվածայինով, այդ պատճառով էլ վայելչապես այս անունը ստացավ: Իսկ Հիսուս՝ Փրկիչ և Տիրոջ փրկություն է կոչվում, որ փրկեց ժողովրդին, ո՛չ  աշխարհի հասկացությամբ պատերազմողներին ձեռքից, և ո՛չ էլ մարմնավոր ծառայությունից, այլ՝ մեղքից և ապականությունից: Եվ որպեսզի ժառանգորդ դարձնի ո՛չ թե Աբրահամին խոստացած ավետյաց երկրի, այլ՝ ողջերի երկրի՝ երկնքի արքայության և անճառելի բարիքների, որ ոչ աչքն է տեսել և ոչ էլ ականջն է լսել և մարդու սիրտը չի կարող ընկալել:

Երկոտասան ազգացդ (ասէ), որ ի սփիւռսդ էք՝ ողջո՛յն:

Սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՛ւյն:

Տասներկու ցեղեր եբրայեցիներն էին կոչվում, ըստ Հակոբից սերած տասներկու նահապետների, ըստ որի էլ նրանք ազգերի բաժանվեցին:

Արդ, ինչո՞ւ են նրանք սփյուռքում՝ հեթանոսների մեջ կամ որտեղի՞ց էին նրանք ցրվել: Հայտնի է, որ Անտիոքի գերությունից, քանզի բաբելացիների գերությունից վերադարձել էին, և հռոմեացիների կողմից դեռևս գերության մեջ չէին ընկել:

Եվ որտեղի՞ց է դա հայտնի դառնում. Գործք Առաքելոցի այն հատվածից, որ ասում է, թե Հոգեգալստյան օրը, երբ Սուրբ Հոգին իջավ, և երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև, ասում են՝ «մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսում ենք: Մենք՝ պարթևներ, մարեր և իլամացիներ» (Գործք 2:8-9), և որոնց հերթով հիշատակում է աստվածային Ղուկասը:

Հայտնի է, որ այս ազգերի մեջ կային այնպիսիները, որոնք մնացել և սովորել էին նրանց լեզուն և դրանց էլ սփյուռք է կոչում, և նրանցից շատերը, որոնք այնտեղ էին հավաքվել Հոգեգալստյան օրը, տեսնելով այդ հրաշագործությունը և Աստծո մեծագործությունների վարդապետության մասին լսելով Պետրոսից, հավատացին Քրիստոսին և գնալով իրենց ազգերի մեջ, շատերի համար դարձան քարոզիչներ և ավետարանողներ և նրանց Քրիստոսի հավատքին դարձնողներ:

Արդ, նրանց էր գրում և ասում. Սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՛ւյն:

Այս ողջույնն այն է, որ մեր Տերը պատվիրեց իր աշակերտներին՝ ասելով. «Որ տունը մտնեք, նախ ասացե՛ք «խաղաղություն այս տանը». եթե այնտեղ կա խաղաղասեր մարդ, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի. ապա թե ոչ՝ ձեզ կվերադառնա» (Ղուկ. 10:5-7):

Արդ, այդ պատճառով էլ սուրբ առաքյալներն ուր որ գնում էին, նրանց անձամբ ողջունում էին՝ արժանիներին երկնավոր խաղաղություն պարգևելով, իսկ բացականերին և օտար երկրում գտնվողներին ողջույնի գիր էին գրում, և ուղարկում և նրանց պակաս չէր օգնում ողջույնի գիրը, քան լեզվով ճառելը:

Ուստի, ինչպես որ մտքից առաջացած խոսքը լեզվով արտահայտվելով և օդի միջոցով՝ հասնում է լսողին, այդպես էլ գրված խոսքը աչքերի ներգործությամբ նույն ազդեցությունն է ունենում:

Այս ամենն իմանալով՝ սուրբ առաքյալներն անխտրաբար երբեմն լեզվով էին ողջունում և երբեմն էլ գրով: Նույն այս ողջույնի մասին է տեղեկացնում աստվածային և աստվածընկալ Պողոսը և նրա ճաշակման օգուտն է ցույց տալիս, դրա համար էլ իր բոլոր թղթերի սկզբում և վերջում գրում է այդ՝ իր աշակերտներին հաստատելով դրանով: Քանզի իրապես իր վրա եկել էր շնորհը, և դա սոսկ ձայն չէր, այլ նույն ինքը՝ Աստծո բանը, երկնավոր խաղաղությունը միացրած մարմնին, ինչպես խոսքը՝ գրին և այդպես մտնելով մարդկանց կենցաղի մեջ, վերացնում էր այն ամենը, ինչ հակառակ է խաղաղությանը և սատանայական խռովությունը ամբողջովին ոչնչացնում էր:

 

Հորդորակ

Արդ, մենք էլ մեր անձերն արժանացնենք այդպիսի ողջույնի և բարեգործությամբ արժանանանք Քրիստոսին մեր մեջ ընդունելու: Ո՛չ թե առաքյալների միջնորդությամբ, այլ մեր հոժար կամքով, քանզի նրա տունն ենք մենք, և մաքրենք մեր զգայարաններն ու զարդարենք մեզ, և այն ամենն, ինչ հակառակ է աստվածային ողջույնին, իբրև անպիտան աղբ, հեռու վանենք մեզանից: Այդ ժամանակ՝ ոչ միայն Բանը մեր մեջ կմտնի և հակառակորդին կոչնչացնի, ինչպես Մարիամի դեպքում արեց, այլև Հայրը կբնակվի մեր մեջ, ինչպես որ ասում է. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ հայրը նրան կսիրի ու մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. 14:23): Իսկ ով ճշմարտապես սիրի Հիսուսին՝ իրական խաղաղությանը, չի գործի այնպիսի արարք, ինչն ատելի է ճշմարիտ Բանին: Ուստի, Քրիստոսի համար ատելի է ամեն տեսակ մեղքն ու անվայել արարքը, այսինքն՝ արծաթսիրությունը, ագահությունը, ատելությունը, ոխակալությունը, անողորմությունը, վրեժխնդրությունը, չարակամությունը, նախանձը, բամբասանքը, շնությունը, գողությունը, սպանությունը, որկրամոլությունը, հարբեցողությունը և այն ամենը, ինչ սրանց նման են, ատում է Հիսուսը՝ խաղաղություն տվողը:

Արդ, նրանք, ովքեր այսպիսի անպատշաճ կյանք են վարում, թո՛ղ չակնկալեն վայելել երկնային խաղաղություն և կամ Քրիստոսի սիրուն արժանանալ, իսկ նա, ով Քրիստոսի խաղաղությունից և սիրուց հեռանում է, զրկվում է Աստծուց և հավիտենական ուխտից անմասն է մնում:

Ինչպիսի՜ մեծ պատիժ, ամենավերջին թշվառություն և անտանելի սուգ, քանզի եթե մարմնական սիրուց մերժվելն այդքան մեծ վնաս է, ապա Աստծուց մերժվելը և հավիտենական կյանքից զրկվելն առավել ևս: Եթե բոլոր արարածները բերան ունենային և աղիողորմ ձայնով հավիտենապես ողբային, միևնույնն է, դա չէր համեմատվի այն իրական ողբի հետ:

Եվ արդ, այս ամենն իմանալով, երկյուղե՛նք, սիրելինե՛րս, և սթափվե՛նք այս մոլորություններից: Քննե՛նք մեր անձերը, թե ինչի՞ արժանի դարձանք և թե ինչ փոս ենք փորում անձամբ մեր անձերի համար:

Քանզի Քրիստոսի համար բնակության վայր եղանք և Աստծո Հոգու տաճար, սակայն այն նրան հակառակ բաներով ենք լցնո՞ւմ: Երկնավոր խաղաղության կանչվեցինք, սակայն մեղքերն ենք ընդունում մեր մեջ, ապա ո՞ր գեհենն իր մեջ չի առնի մեզ:

Չմնանք նույն տեղում կանգնած, աղաչում եմ, այլ ինչպես որ եղանք Աստծո որդեգիրներ, այդպես էլ մնանք: Արդ, ինչպի՞սի ներման կարժանանանք և կամ ո՞ր խավարը չի ծածկի մեզ: Քանզի եթե նրանք կռապաշտությունից ազատվեցին, կամ օրենքի դատապարտությունից և արժանացան աստվածային ողջույնին ու խաղաղությանը: Ապա առավել ևս մենք, որ այսքան վայելեցինք երկնավոր շնորհները և ճաշակեցինք աստվածային պարգևները, որ արգանդից սկսած և որովայնից կանչվեցինք և առաջին հասակից աստվածային այգի կոչվեցինք և կրեցինք օրվա ծանրությունը և տոթը, ապա այսքանից հետո ամենահետինն ու վերջինն ենք լինում և հետ մնում:

Այդպես մի՛ անմտացեք, սիրելինե՛րս, աղաչում եմ, այլ մի կողմ թողնենք մեր ժամանակը ծուլությամբ անցկացնելը և նորոգենք մեր սրտերը Քրիստոսի նորոգությամբ:

Մեր գործած մեղքերը խոստովանությամբ ապաշխարենք և հետագա մեղքերից զգուշանանք, որպեսզի նորից չդառնանք մեր փսխածին:

Այլ լվա՛նք մեղքերի տիղմն արտասուքների ջրով, մաքրե՛նք մեր անձերը և առավել սպիտակեցնենք, քան սպիտակ ձյունն է և մաքուր բուրդը (տե՛ս Հայտն. 1:14): Եվ սրա միջոցով՝ մեր վրա ուղղենք Աստծո մարդասիրությունը, որպեսզի արժանանանք խոստացված բարիքներին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Ում հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

 

04.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․