Գրքեր

Հակոբոս 1.10-11

10.  Եւ որ մեծատունն իցէ ի խոնարհութի՛ւն իւր:

Իսկ հարուստը թո՛ղ պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն:

Տեսնո՞ւմ ես Հոգու շնորհների անճառելի խորհուրդը, թե ինչպիսի զանազան միջոցներով է խրատում մարդկանց աշակերտել ճշմարտությանը՝ ըստ դեմքի, ըստ հասակի և ըստ պատվի:

Ովքեր իրականում խոնարհ են, ցույց է տալիս նրանց այն անտեսանելի բարձրությունը, որ Աստծուց է, իսկ ովքեր մարմնականի մեջ հղփացած են մեծությամբ և հարստությամբ, նրանց ցույց է տալիս պարծանքի արժանի խոնարհությունը՝ որպես օրինակ մատնանշելով Աստծուն:

Եվ եթե նույնիսկ մեկը մեծահարուստ է, ասում է, ապա Աստծո չափ հարուստ չէ, քանզի նրանն են երևելի և աներևույթ ամեն ինչ, սակայն կտավով զգեստավորվեց և խոնարհվեց հողեղենների ոտքերի առջև (իր աշակերտների) և ծառայաբար լվաց նրանց ոտքերը: Եվ Աստված լինելով հանդերձ պարծանքով ասաց. «Ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր» (Ղուկ. 22:27):

Եվ արդ, ո՞վ մեծատուններ, ահա ունեք ձեր առջև օրինակ, և եթե նույնիսկ խոնարհվես, ապա խոնարհվում ես ինչպես մարդ քո նման և քո պատկերով մարդկանց առջև, քանզի Աստծո կողմից՝ արարչությամբ նրանցից առավել ոչինչ չես ստացել, որովհետև բարի Արարիչը բոլորին  միապատիվ է ստեղծել:

Եվ այն, որ մի անգամ ձեռք ես բերել անիրավությամբ և զրկելու պատճառով, ապա պետք չէ դրանով պարծենալ: Եվ ինչպես Առաքյալն է ասում. «Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես» (Ա Կորնթ. 4:7), և մի այլ տեղ, թե. «Իմաստունը թո՛ղ չպարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ: Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում և ճանաչում է Տիրոջը» (Ա Թագ. 2:9):

Իրապես Տիրոջը ծառայելը և նրան ճանաչելն է խոնարհությունը, հատկապես եթե նրա պատկերն ու նրա փառքի կերպարանքն ունի, նմանապես նաև այստեղ է խրատում՝ ասելով, թե հարուստը թո՛ղ պարծենա իր խոնարհությամբ: Քանզի հարուստի համար այլ մեծագույն պատիվ չկա, քան խոնարհությունն է: Ուստի, եթե ասես, թե թագով կամ ծիրանիով և կամ ոսկեզօծ և մարգարտապատ զգեստներով ես պարծենում, սակայն միևնույնն է, ոչինչ չի կարող համեմատվել այն մեծության հետ, ով Քրիստոսի կերպարանքով է զգեստավորված: Այդպիսի մեկը ոչ միայն պարծանքի է արժանի, այլև մեծագույն երանության և բազմաթիվ պսակների, և որպեսզի այսպիսի բաներ լսելով հարուստներին դժվար չթվա խոնարհությունը, հաջորդ նախադասությամբ հանդիմանում է նրանց, ովքեր հպարտանում են սնոտի փառքով և փառազուրկ մեծությամբ: Հետևաբար ասում է.

Քանզի իբրև զծաղիկ խոտայ (վաղվաղակի) անցցէ:

11. Զի ծագեաց արև հանդերձ խորշակաւ և ցամաքեցո՛յց զխոտն, և թօթափեցաւ ծաղիկն նորա, և կորեա՛ւ վայելչութիւն գեղոյ նորա:

Քանի որ հարստությունը պիտի անցնի ինչպես խոտածաղիկը, որովհետև արևը ծագեց՝ խորշակով հանդերձ և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ:

Ուստի, ինչպես գարնանը խոտը վայելչական է և կանաչագեղ, հատկապես երբ ծաղիկների վայելչությամբ է զարդարված, տեսնողների համար հաճելի և վայելուչ է երևում և երփներանգ գույներով բոլորի աչքերը հրապուրելով իր վրա է կենտրոնացնում: Իսկ երբ ծագում է արեգակը՝ խորշակով հանդերձ, խոտը չորանում է և ծաղիկն էլ շուտով թափվում ու կորչում է նրա վայելուչ գեղեցկությունը, այդպես է նաև հարուստը.

Եվ մեծատունն հանդերձի զահիւքն իւրովք թորշամեսցի:

Նույնպես և հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ:

Քանզի մարդկանց անցավոր փառքը այլ բան չէ, քան խոտածաղիկը և մահվան փորձությունն ավելի ուժգին է, քան արևի սաստիկ ջերմությունը, և մինչդեռ մարդն իր փառքի մեջ ծաղկում է և հեշտություններ է ճաշակում, ապա շուտով խամրում է և ապականվում:

Եվ այս [խոսքերը] մարգարեությունից վերցնելով՝ նոր խոսքով և նոր մտքով է վկայակոչում՝ համապատասխանեցնելով իր գրածին, որպեսզի թշնամիներից ոչ ոք չասի, թե դրանք մտացածին խոսքեր են և Սուրբ Հոգու խրատները չեն:

Արդ, ասա, թե ինչն է մարդուց ավելի դյուրաթառամ կամ հեշտ վնասվող, թեկուզ լինի նա հարուստ կամ թագավոր: Այսօր հղփանալով հպարտանում է և մեծախոսում, իբրև կյանքի և մահվան տերն է, և շողշողուն զգեստներով ու ոսկեզօծ գոտիով փքվելով ամբարտավանում, սակայն հաջորդ օրն ընկնում և մեռնում է և որդերով պատվում և նրա ամբողջ փառքն ու վայելչությունը խոտածաղկի պես արագորեն թառամում և կորչում է: Եվ այս օրինակը բերեց մեզ՝ խոտածաղիկ ասելով, այլ ոչ թե ծառ, քանզի թեև ծառի ծաղիկը թառամում է և ընկնում, բայց ծառը կա և մնում է և չի անցնում: Իսկ խոտը և նրա ծաղիկը նույն վայրկյանին երկուսն էլ անցնում են, նման ձևով նաև յուրաքանչյուր մարդ: Եվ ավելի վատ, քան խոտը, քանզի, երբ ծաղիկն ընկնում է, խոտը դեռ մի որոշ ժամանակ մնում է և նոր է չորանում: Իսկ մարդը նախ չորանում է և կորչում, և ապա նրա փառքը ծաղկաթափ լինելով վերանում է: Այս ամենի մասին խորհելով ասաց. նույնպես և հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ:

 

Հորդորակ

Արդ, այս ամենն իմանալով չզարմանանք ծաղկաթափ եղած փառքի վրա և երանի չտանք հարուստներին, քանզի նրանց փառքը ոչ միայն հեշտ թորշնող խոտածաղկի պես է, այլ սարդոստայնից ավելի անարգ է, ստվերի և երազի պես է նրանց կյանքը, քանզի ավելի հեշտ է հավատալ ջրի վրա գրելուն, քան նրանց հարստությանը: Այնքան վաղանցուկ են և հեշտությամբ վնասվող, որ անձրևի պղպջակից էլ արագ են պատռվում և անհետանում և իրենց շահած մեղքերն իրենց հետ առնելով տանում են՝ անցավորի պատճառով զրկվելով հավիտենական փառքից, և դրանք էլ չվայլելով:

Արդ, լացենք նրանց համար և մեծապես ողբանք, քանզի ցանկանում են ստանալ ժամանակավորը և երևելի փառքով պատվել, որով Աստծո հավիտենական փառքից են զրկվում: Ափսո՜ս նրանց մտքի կուրության և չափազանց անզգամության համար: Արդ, հարցրեք նրանց, թե ինչո՞ւ են այդքան բորբոքվում ցանկության շահի համար զուր տեղն աշխատելով և դատարկ տեղը խռովելով՝ գիշեր-ցերեկ մտածելով աղքատներին զրկելու, նեղելու, ճնշելու և տանջելու մասին, որբերին ու այրիներին լացեցնելու, և չգիտեն, թե ո՞ւմ համար են հավաքում:

Արդ, ի՞նչ պիտի ասեք, կամ ինչ արդարացի պատասխան պիտի տաք: Եթե ասես, թե ինքս ինձ համար եմ հավաքում, որպեսզի հանգիստ վայելեմ կյանքը՝ մարդկանց մեջ շքեղ և փառավոր երևալով: Սակայն այսպես ասելով անմիտներից ավելի անմիտ և անզգամ ես երևում՝ չերկյուղելով Սուրբ Գրքի այն դատաստանից, որ դատապարտում է, սպառնում և ասում. նույնպես և հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ:

Եվ եթե այս ամենին չես հավատում՝ աստվածաշնչային պատգամների հանդեպ անհավատ գտնվելով, ապա գոնե նայի՛ր առաջին հարուստներին և նրանցից սովորիր դրա ունայնության մասին, քանզի սարդոստայնից առավել անզոր գտնվեցին և փոթորկից քշված հող ու մոխրից ավելի արագ անհետացան և այրվող կարմիր կակաչից ավելի արագ ոչնչացան և այստեղի հարստությունից ոչինչ չտարան իրենց հետ բացի մեղքից, ինչը պատճառ է Աստծո բարկության և առիթ՝ այնտեղի տանջանքների, քանզի ով ինչքան շատ է կուտակում իր հարստության վրա, անքան առավել շատացնում է իր տառապանքները և իր համար խավար, որդ և գեհեն է հավաքում:

Ո՜վ հարուստ, եթե ցանկանում ես հանգիստ գտնել ու փառք վայելել, հեռու մնա անիրավությունից և զրկանքներից և ահ ու դողը քեզ երբեք չի պատի և ոչ էլ որևէ հակառակ բան քեզ տագնապի մեջ կգցի: Ուրեմն, ասա՛ ինձ ճշմարտությունը, որն է ավելի հանգիստ, խաղաղ և հեշտ. հոգալը և երկյուղելը, թե հոգս չունենալը և խաղաղվելը, բոլորին որպես պատերազմող և թշնամի ունենալն է բարի, թե սիրելի և բարեկամ: Եվ ահա, ամենաանմիտները նույնիսկ գիտեն, թե իսկապես որն է բարին, այն, որ բարուն է պատկանում և մյուսը՝ չար, որ հստակ չար է, այսինքն՝ արծաթսիրությունը: Եվ ինքն իր համար կուտակելն ու պահելը ի՞նչ կարող է լինել, եթե ոչ ագահություն, ինչը երկրորդ կռապաշտություն է: Արդ, սա նրանց համար է, ովքեր ասում են, թե իրենց համար հավաքում են հանգիստ վայելելու համար:

Իսկ ովքեր ասում են, թե իրենց որդիների համար են հավաքում և դա հարմար պատճառաբանություն են համարում, սակայն սա ևս խաբեություն է և բանսարկության արվեստ, որ չկարողանալով բացահայտորեն կռապաշտությամբ խաբել, աշխարհից ելնելիս էլ իր որդիներին խորհուրդ է տալիս նույնն անել՝ անհույս դարձնելով Քրիստոսից: Ո՜վ հիմար, նա, ով քեզ ստեղծեց, մի՞թե որդուդ էլ չստեղծեց, ապա ինչպես է, որ քեզ հարստություն տվեց և որդիներիդ էլ չի՞ կարող տալ: Մի՞թե քեզ ավելի շատ է սիրում քան նրան, և քեզ տվեց, նրան պիտի զրկի՞: Մի՞թե նրան քո հոգածությանը հանձնեց և զրկեց իր խնամակալությունից: Եվ ինչպե՞ս կարող է մեծը տալ և փոքրին զլանալ. մարմինը ստեղծեց, հոգին տվեց, և այն, ինչ հոգու և մարմնի համար անհրաժեշտ են, չպիտի՞ տա: Չլսեցի՞ր Քրիստոսից, որ ասաց. «չէ՞ որ կյանքն ավելի է քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը» (Մատթ. 6:25), իսկ եթե լսել ես, ապա ինչո՞ւ ես անհավատ լինում և թույլ չես տալիս Արարչին յուրայիններին խնամել: Եթե մեծ մասը խնամքիդ չհանձնեց, ապա փոքրին պիտի՞ հանձնի: Ապա ինչո՞ւ ես զրկում որդուդ Արարչի խնամքից քո տարօրինակ խնամակալությամբ: Նրա կողմից է ստեղծված, նրան էլ ապավինի՛ր: Իսկ դու վայելուչ առաքինություն սովորեցրո՛ւ նրան՝ կատարել Աստծո պատվիրանները, ագահությամբ կուտակածը բաժանել և տալ աղքատներին, որի արդարությունը կա և կմնա հավիտյան:

Արդ, եթե իսկապես Աստծուց ես ստացել հարստությունդ, ապա վստահ եղի՛ր և հավատա՛, որ որդուդ էլ առատորեն կտա, եթե դու ցանկանաս: Կասես, թե ինչպե՞ս եթե ցանկանամ: Այն, ինչ Աստծուց ես պարգև ստացել և ունես, ապա նորից Աստծուն պարգևի՛ր և տո՛ւր, իսկ որդիներիդ քո բարեպաշտության օրինակը թո՛ղ, այլ ոչ թե բազում ունեցվածքդ: Աղքատների բազմության հանդեպ գթություն ցուցաբերելով՝ նրան վերահասու դարձրո՛ւ Աստծո անսահման գթությանը, այլ ոչ թե ոսկու պայծատությանը, սովորեցրո՛ւ նրան ողորմության բարիքը, այլ ոչ թե անգթության չարիքը, սովորեցրո՛ւ նրան պաշտել Աստծուն, այլ ոչ թե մամոնային, սովորեցրո՛ւ նրան երկնավոր բաներ ցանկանալ, այլ ոչ թե երկրավոր: Վարդապետի՛ր նրան սիրել վերին պատիվը, այլ ոչ թե ունայն կենցաղի ծաղկաթափ փառքը: Սովորեցրո՛ւ նրան սիրել ոչ թե առօրյա կյանքն ու անցավորը և ամբողջապես դառնությամբ և թշվառությամբ լցվածը, այլ՝ կայունն ու մնայունը և բազմաթիվ հանգստություններով լցվածը:

Իսկ եթե անօրինություններով և զրկանքների միջոցով ես հարստություն ձեռք բերել, որն էլ պատրաստվում ես թողնել որդիներիդ, ապա մտապահի՛ր և հավատա՛, թե ուր անիրավություն է և զրկանք, այնտեղ էլ Աստծո բարկությունն է: Ապա ինչո՞ւ նախ և առաջ չես վերացնում՝ Աստծո բարկության պատճառները՝ բաժանելով և տալով, այլ Աստծո բարկությանը կցորդ և բաժնեկից ես դարձնում նաև որդիներիդ: Եվ սա, ահա, ատելության նշան է, այլ ոչ թե սիրո, որովհետև քո չար գործերի փոխանորդ ես նշանակում որդուդ, հատկապես, որ քեզանից սովորած անիրավությունն ու զրկանքն ավելի բուռն նախանձախնդրությամբ է իրագործում: Եվ ուրեմն, ումի՞ց պիտի ներում գտնես: Քանզի եթե դու առանց օրինակի և ուսուցչի համարձակվեցիր այսքան չարիք գործել, ապա քո որդին քեզ ունենալով որպես օրինակ և ուսուցիչ՝ անօրինությունը որպես արդարություն քեզանից սովորելով, ապա ինչպիսի՞ չարիքներ պիտի հնարի: Եվ եթե ճշմարիտ է Սուրբ Գրքում ասվածը, թե. «Հայրերն ազոխ են կերել, զավակների ատամներն է առել» (Եզեկ. 18:2) և այն էլ, երբ գործով պարտական չէին իրենց հայրերի մեղքերին, ապա երբ որդիներն առավել լինեն իրենց հայրերից չարության մեջ, ապա ինչպիսի՜ տանջալի վրեժով հատուցում չեն գտնի Աստծուց:

Արդ, հարուստնե՛ր, այս ամենը լսելով՝ զղջացե՛ք ձեր սրտերում և փրկե՛ք ձեր անձերը և ձեր որդիներին՝ երկյուղելով Աստծո դատաստանից, ձեր և ձեր որդիների համար կորստյան պատճառ լինելուց, և ասում է. «ողորմություն տվե՛ք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի» (Ղուկ. 11:41): Այստեղի հարստությամբ այնտեղի հարստությունը ձեռք բերեք, քանզի Աստված զուր տեղը չտվեց քեզ հարստություն և վերակացու չնշանակեց, որպեսզի անարժան բաների վրա ծախսես և մեղք գործես, այլ որպեսզի դրանց միջոցով անճառելի բարիքներ ժառանգես:

Որին մենք բոլորս էլ կարողանանք հասնել՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, նրա հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, պատիվ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

 

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

 

17.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․