Գրքեր

Հակոբոս 1:22-24

22. Լինիջի՛ք առնելիք բանին, և մի՛ լսելիք միայն համարեսջիք յանձինս:

23. Զի եթէ ոք լսօղ միա՛յն իցէ բանին՝ և ո՛չ առնելի, նման է նա մարդոյ, որ պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր, որ ծնանիցին ի հայելւոջ:

24.  Զի հայեցեալ ետես զինքն, և զանց արար, և անդէն մոռացա՛ւ թէ որպիսի ոք էր:

 

Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը:

Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը:

 

22. Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեք դուք ձեզ:

Ասում է՝ հեզությամբ է պետք ընդունել խոսքը, այսինքն՝ խոնարհությամբ ունկնդրելով խոսքը, կմտապահեն այն: Եվ որպեսզի միայն լսելը բավական չհամարեն փրկության համար, ավելացնում է. խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ: Միայն լսելը, ասում է, պատվիրանը կատարել չէ, այլ ընդունելը, քանզի լսողները շատ են, իսկ պահողներն ու կատարողները՝ քիչ: Արդ, լսելով ոչ մի ջանք և քրտինք չենք թափում, և ի՞նչ կա լսելուց ավելի հեշտ: Քանզի Արարիչը բաց ստեղծեց լսելու զգայարանը և ոչինչ չի կարող խոչընդոտել լսողությանը բացի խոսքի պակասությունը: Ուստի, բերանով արտասանված խոսքը օդի միջոցով ականջներից ներս է մտնում՝ առանց որևէ աշխատանք պահանջելու, իսկ խոսքն ընդունելն ու իսկապես կատարելը մեծ աշխատանք է պահանջում, անհամար տառապանք և քրտինք:

Հետևաբար խրատում է. խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեք դուք ձեզ: Այս նույն բանը նաև Պողոսն է ասում. «որովհետև օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն» (Հռոմ. 2:13): Տեսնում եք, այս երկուսի միջոցով Հոգին արտահայտում է իր միտքը և տարբեր խոսքերի միջոցով մատուցում մտքին, թե ոչ մի օգուտ չենք ստանա լսելով, եթե այն կատարողներ չլինենք, քանզի ասված խոսքերը, որ լսողությանն են բախվում և հօդս են ցնդում, ի՞նչ օգուտ կարող են ունենալ, իսկ քանի որ կատարելը իրագործել է, ապա ամեն տեսակ հոգևոր օգուտները դրանով կրկնապատկում է և հավիտյան կա ու մնում է անքակտելի, այդ պատճառով էլ լսելուն ավելացնում է կատարելը:

23. Քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նման է մի մարդու, որ ակնապիչ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը:

24. Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում-գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը:

Սոսկ լսելու անարժեքությունը ցանկանալով ցույց տալ բոլորին, նմանատիպ օրինակ է մեր առջև դնում, որ բոլոր օրինակներից տպավորիչ է և [միևնույն ժամանակ] աննշան: Տպավորիչ, որովհետև առանց նենգության է, քանզի այն պատկերն, ինչ ինքն է տեսնում, երբեք չի կարող ծածկվել, լինի դա պատվական թե անարգ: Եվ աննշան, քանզի կատարյալ պատկերն ամբողջությամբ չի արտացոլում, այլ չնչին և փոքր մասը, որպես օրինակի, ինչպես որ Առաքյալն ասաց, թե այժմ «տեսնելով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ» (Բ. Կորնթ. 3:18), (իսկ այն ժամանակ՝ դեմ հանդիման), այդ պատճառով էլ ասաց. եթե մեկը միայն լսող լինի խոսքը, և դա բավական համարի արդարության կատարման համար և ջանք չթափի այն գործով իրագործել՝ նեղ և անձուկ ճանապարհով գնալով, ապա նման է նա մի մարդու, ասում է, ով չգիտե, թե ինչպիսի տեսք ունի, դեղնավուն է արդյո՞ք, կարմրած, սև կամ սպիտակ, խորը սպիներո՞վ, թե՞ խեղաթյուրված, և ապա աչքերը հառած նայում է հայելու մեջ՝ ջանալով հասկանալ իր տեսքը և չի կարողանում ճիշտ կաղմնորոշվել, քանզի ինչ տեսնում է, նիհար և նուրբ է տեսնում, և համարձակ չի խոսում դրա մասին: Հետևաբար փոքր ինչ հեռանալով դրանից՝ արագ մոռանում է իր տեսածը:

Այդ պատճառով էլ նման օրինակ դրեց մեր առջև, քանզի լսելուց առավել հայելու մեջ [սեփական] պատկերը տեսնելն է, քանզի Աստծո պատվիրանները լսելով պատկերի պես նկարագրեց այն իր մտքում՝ ոչ կատարյալ և ոչ էլ անկատար, այլ որպես ստի և ճշմարտության միջև սահման: Եթե տեսնելու պես էլ ձեռնամուխ լինի գործով խոսքի կատարմանը, ապա ճշմարիտ պատկերը նկարագրած կլինի, իսկ եթե իր տեսած օրինակին սքանչացած նայի և դրանում էլ մնա, ապա ստվեր է, և խոսքի հանդեպ մեղանչելու պատճառով մոռացել է ճշմարիտ կերպարանքը:

Սակայն խոսքն իր էությամբ նման է բնության օրինակին, այն սուրբ և ջինջ հայելի է՝ զերծ ժանգից, սուրբ և հստակ արվեստով է կազմված պատվիրանների խոսքը՝ ամեն տեսակ հակառակություններից զերծ, իմաստությամբ գործադրվող, ըստ այսմ. «Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են» (Սղմ. 11:7): Ինչպես որ աննենգ է հայելու բնությունը, այդպես էլ աննենգ է Աստծու բնությունը, և մարդուց ակնկալիք չունի, այլ դատում է յուրաքանչյուրին ըստ իր կերպարանքի. մեծին և փոքրին, հարուստին  և աղքատին, և բոլորին էլ խնամում է՝ խրատելով և հանդիմանելով: Ոչ անպատիվ հարուստին է պատվում և ոչ էլ պատվարժան աղքատին է անարգում, այլ յուրաքանչյուրին ըստ իր գործերի է դատում՝ հայելու նման յուրաքանչյուր պատկեր ցույց տալով իր էությունը:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

 

07.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․