Գրքեր

Հակոբոս 1:25

25. Իսկ որ յառեալ և ի կատարեա՛լ օրէնս ազատութեանն հայեցի, և ի նմին կացցէ, ո՛չ եղև նա լսօղ մոռացութեան, այլ առնելի՛ գործոյն. նա՝ յառնելն իւրում լիցի երանելի:

Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի:

Ինչպես որ օրինակով ցույց տվեց և հավաստիացրեց, թե լսելուց օգուտ չկա, եթե չկատարես, ապա բացում է կատարման դուռը և ներս է մտցնում լսողներին, և երկու օրենքներով հաստատում է խոսքը, քանզի եթե երկու մարդկանց վկայությունը հավաստի է, ապա որքան առավել կլինի երկու աստվածային օրենքներինը:

Այդ պատճառով էլ ասաց. իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին: Օրենքին նայել ասելով կարծում եմ, որ նկատի ունի Մովսեսի, քանզի Աստված տվեց, և Մովսեսն էլ վերցրեց՝ տախտակի վրա գրված, սակայն դրանք ոչ թե ազատության օրենքներ էին, այլ՝ դատապարտության և հանդիմանության, քանզի գրավոր օրենքները չկարողացան մարդկանց արդարացնել, այլ առավել ևս հարվածեցին անեծքով և կյանքի կրճատմամբ, քանզի նրանց աչքի դեմ աչք ասաց, ատամի դեմ ատամ, և արյան դեմ արյուն և օրենքի բազում այլ նմանատիպ դատապարտություններ:

Բայց չի հանդիմանում օրենքին որպես չար բանի, քանզի որպես դաստիարակ էր՝ մարդկանց խրատելու և դեպի ճշմարտությունն առաջնորդելու, և ովքեր պահում էին այն, չէին կատարում ըստ իրենց կամքի և հոժարության, այլ՝ ահաբեկվելով և երկյուղելով:

Եվ դա է ցույց տալիս նրանց բազում անգամներ հակառակվելը և օրենքից դուրս գործելը, իսկ օրենքի պաշտպանները տանջում էին նրանց ինչպես ուսման հանդեպ ըմբոստացած երեխայի, այդ պատճառով էլ հառած ասաց:

Իսկ ոմանք հառելը այստեղ նայել են թարգմանում, ինչը, սակայն, ճիշտ չէ, քանզի թեև նրանց միջև գտնվող «և»-ը խոսքի համար որոշիչ նշանակություն չունի, սակայն կարող է այստեղ հայելուն վերաբերել, բայց եթե «և»-ը որպես որոշիչ է դրվում՝ ցույց տալու համար երկու օրենքները, ապա պետք չէ այդպես գրել՝ այլ ճշմարտությունն է պետք տեսնել:

Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին. մովսիսական օրենքը թեև Աստծո կողմից էր տրված, բայց կատարյալ չէր, քանզի երկրավոր էր ու մարմնավոր, և տրված էր որպես մանուկների ձեռքի խաղալիք, այդ պատճառով էլ Պողոսը աղբ է համարում այն (Փիլիպ. 3:8): Իսկ կատարյալ օրենքն Ավետարանն է համարում, որը Քրիստոսի միջոցով տրվեց, այլ ոչ թե Մովսեսի, այն օրենքը, որ ազատության օրենք է, արդարության և որդեգրության, քանզի երկնավոր է և մեզ դեպի երկինք է նայել տալիս:

Եվ քանի որ օրենքն իր բազմաթիվ գործունեություններով չկարողացավ վճարել, ապա այն Քրիստոսի շնորհով վճարվեց, այս մասին նաև Առաքյալն է խոսում՝ ավելացնելով. «ինչ որ անհնար էր օրենքի համար, որ տկարանում էր… Աստված հնարավոր դարձրեց, ուղարկեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ և մեղքի համար ու մարմնի մեջ դատապարտեց մեղքը» (Հռոմ. 8:3), և [մեր փոխարեն] վճարեց օրենքի առջև պարտքը: Արդ, սա է նշանակում ազատության կատարյալ օրենքը, որին նայում է, ասում է և դրա մեջ էլ հարատևում:

Կարծում եմ, որ այստեղ հառածը պետք է հասկանալ քննել և իմանալ իմաստներով, թե օրենքն ինչ ուժ ունի, և ինչ՝ պատվիրանը, և կամ ինչի վրա է մեզ կենտրոնացնում օրենքը, կամ որն էր նրա էությունը. զոհաբերությունները, շաբաթը, թլփատությունը և նմանատիպ մյուս բոլոր ստվերագրությունները: Եվ թե սրանք մեզ համար ի՞նչ օրինակ էին, և կամ ի՞նչ է ազատության օրենքը, որ Քրիստոս ավանդեց մեզ, և կամ ինչո՞ւ է մեզանից պատվիրանապահություն պահանջում:

Օրենքի զոհաբերության փոխարեն՝ մարմինները ողջակիզել Աստծու համար, և շաբաթվա փոխարեն ազատվել ամեն տեսակ չարիքներից, և թլփատության փոխարեն մեր մեջ առաջացած մեղքը կտրել և հեռացնել [մեզանից], և տղայական կաթ և մեղրի փոխարեն մեր մեջ խաչն ու մեխերը իրագործել:

Եվ ասում է դրա մեջ էլ հարատևում. այսինքն՝ ընտրության՝ օրինակը օրինակ համարելով և ճշմարտությունը՝ ճշմարտություն, քանզի օրինակը ստվեր էր հանդերձյալ բարիքների համեմատ, ինչպես որ Պողոսն է անվանում այն, այլ ոչ թե ճշմարտություն, օրենքն այդպես պետք է մնա:

Իսկ ազատության օրենքը միայն նրա համար չէ, որ նրանում մնանք և ճշմարտություն վերագրենք նրան, այլ այն, որ արժան է ճշմարտությանը, այսինքն՝ գործով կատարելը: Քանզի իրապես նրանում հարատևելը ոչ թե երկմտելն է, այլ՝ հավատքով հաստատուն վեմի վրա ամրապնդվելը, այնպես որ ոչինչ չկարողանան նրան շարժել. ոչ անձրևների սաստկությունը, ոչ քամիների ուժգնությունը, ոչ գետերի բարձրանալը, այլ այս ամենը հաղթահարած նստում է՝ ամուր պահելով առաքինության գետը և հակառակորդների դեմ անդրդվելի և անշարժ մնալով: Եթե նույնիսկ իր ունեցվածքը տա, իր սիրելիներին Աստծու սիրո համար, թեև իր ամբողջ մարմինը տա, և նույնիսկ հոգին, սակայն Աստծու սիրուց չի նվազի, այլ դրանում կա և կմնա անշարժ ու հաստատուն:

Այսպես դաստիարակեց մեզ օրենքը, սա սովորեցրեց մեզ Քրիստոսը, դեպի սա առաջնորդեցին մեզ առաքյալները և նրանցից հետո՝ վարդապետները: Ապա իրավամբ ասաց, թե ոչ միայն նայել ազատության օրենքին, այլ՝ հարատևել նրանում:

Այդ պատճառով էլ ասում է, թե ոչ միայն լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է, և [այս խոսքը] հետևյալն է նշանակում. ովքեր իրապես նայում են ավետարանյան պատվիրաններին, և հաստատուն են նրանում՝ ամբողջովին այն կատարելով, այլ ոչ թե լսածի մի մասը կատարելով և մյուս մասը անտեսելով, այլ աշակերտաբար լսելով պատվիրանները, ամբողջն անթերի կատարում են, այսպիսիները միայն լսող և մոռացող չեն:

Մոռացության մատնել է համարում այն, որ ասված խոսքը միայն ականջներին է հասնում և հօդս ցնդում. շահավետ և օգտակար խոսքեր են, սակայն մարմնավոր և անօգուտ, որոնց վրա ուշադրություն չի դարձվում և չի մտապահվում, և գործով չի կատարվում, այլ իսկույն այն մոռացվում է:

Արդ, սա է նշանակում, եթե մեկը մնում է Տիրոջ օրենքների մեջ՝ գիշեր ու ցերեկ մտածելով այդ մասին, ապա նա ոչ միայն լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է: Սուրբգրային յուրաքանչյուր խոսք միահյուսված է գործի հետ, քանզի չի կարող գործը կատարվել առանց խոսքը լսելու և ոչ էլ լոկ խոսքը՝ առանց կատարման, քանզի սրանք երկուսը լրացնում են իրար և միմյանցից անբաժան են, քանզի խոսքն ասում են լսելու համար:

Խոսքը կատարվեց գործով՝ արարչագործությամբ, խոսքը ստեղծեց կամարաձև երկինքն իր բոլոր զարդերով, խոսքը ստեղծեց երկիրը և այն ամենն, ինչ գտնվում է իր մեջ, խոսքն ստեղծեց ծովն իր ամեն ինչով, խոսքը ստեղծեց մարդուն՝ արարչական պատկերին և արարածների իշխանին, խոսքի միջոցով տրվեցին օրենքը, մարգարեություններն ու ավետարանները, խոսքի միջոցով տրվեցին կենարար պատվիրանները:

Տեսնում ես, եթե ամեն ինչ խոսքի միջոցով եղավ և հաստատվեց, ըստ Դավթի սաղմոսի, թե՝ «Նա ասաց՝ և ստեղծվեցին, նա հրամայեց՝ և հաստատվեցին» (Սղմ. 32:9), և ոչ  թե պատահական և պարզ գործ էր, այլ երևելի և շատ կարևոր՝ աստվածային արարչագործությանն արժանի:

Արդ, նա, ով լսելով խոսքը և դրան հաջորդող գործը, որ լսելով է իմանում, և այն, ինչ պետք է կատարի, գործով կատարում է, նա, ասում է, լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է: Եվ ապա իր առջև է ունենում վարձքը և երանությամբ պսակվում, նա, ասում է իր արածի մեջ երանություն կգտնի: Եվ այդ երանությունը, որ որպես առաքինության հաղթանակ խոստացավ, բոլոր բարիքների ամբողջությունն է, որպեսզի դրանով ցույց տա, որ թեև այդ գործի աշխատանքը մեծ է և դժվար, սակայն չի կարող համեմատվել դրա փոխարեն [ստանալիք] վարձքի հետ:

Ուստի այս կյանքի չարչարանքները չեն կարող համեմատվել հանդերձյալ կյանքի փառքի հետ, որ մենք ստանալու ենք, այդ պատճառով էլ ասաց. իր արածի մեջ երանություն կգտնի: Արդ, ինչ ավելի մեծ երանություն կարող է մարդու համար լինել, քան այն, որ մի փոքր նեղություն տալ մարմնին պատվիրանապահության գործում, և Աստծու անճառելի բարիքներն ու երկնքի թագավորությունն ստանալ որպես ժառանգություն:

Արդարև, մեծ երանության է արժանի նա, ով ազատության օրենքին նայելով, այստեղի կենցաղը անպիտան աղբ համարի՝ փառքը, ունեցվածքը, սիրելիներին, հայրենիքը և նույնիսկ [սեփական] մարմինը:

Եվ իր պատիվը, փառքը, ունեցվածքը, հայրենիքը, սիրելիին, մեծությունները, կենդանությունը ազատության օրենքին վերագրի, և դրա համար աշխատի, և գիշեր ու ցերեկ դրա մասին մտածի, այսպիսին կարող է Դավթի հետ ասել. «խորհուրդներս ամեն ժամ Տիրոջ առջև են» (հմմտ. Սղմ. 18:15), այդ պատճառով էլ այդպիսի մարդուն երանելի է համարում, այդպիսի մեկը, ասում է, իր արածի մեջ երանություն կգտնի:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերիԿոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

 

22.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․