Գրքեր

Հակոբոս 1.5

1.5. Ապա թէ ոք ի ձէնջ իցէ նուազեալ յիմաստութենէ, խնդրեսցէ յԱստուծոյ, որ տայն ամենայնի առատապէս՝ և ո՛չ նախատէ. և տացի՛ նմա:

Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թո՛ղ խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի:

Սրանով մատնանշում է մարդկային բնության տկարությունը, նաև խնդրել է հորդորում և Աստծո անսահման գթությունն է ցույց տալիս, որպեսզի, նայելով գայթակղվող և հեշտությամբ վնասվող բնությանը, ոչ ոք չհուսահատվի անձի կատարելության գործում:

Ուստի և ասում է. եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի:

Նախապես ասաց, թե կատարյալ եղեք և ոչ մի բանով պակաս չլինեք, ապա նայելով մարդկային բնությանը, տեսնում է, որ դա ոչ բոլորին է հասու, ապա նորից տեղիք է տալիս, ըստ մեր տկարության և ավելացնում. Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի:

Իմաստություն ասելով ոչ թե նկատի ունի մարմնավոր և բանական իմաստությունը, որ բազմաքանդակ է, խրթին և լի խաբեություններով, այլ՝ հոգևոր ու երկնային, որ վեր է այդ հիմարությունից և իմաստուններին ամոթահար է անում, քանզի սա իմաստության մայրն է և Աստծո երկյուղն ունի և պատճառ է հանդիսանում ամեն տեսակ առաքինությունների: Եվ կարողանում է տարբերություն գտնել երկու կյանքերի միջև. մեկի դժվարությունները և չար կրքերը և անողորկությունը համբերությամբ կրելու և մյուսի հեշտությունն ու հավիտենականությունը և անճառ բարիքները վերստին մեզ վերադարձնելու: Դրա համար է ասում. եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի:

Սա է իրական բարին և երկնային բարիքների պատճառը և Քրիստոսի ճշմարիտ իմաստության հետ մերձեցնողը, որի շնորհիվ Հորը ճանաչեցինք և երկրային վիճակից ազատվեցինք: Եվ որպեսզի ոչ ոք սրա մեջ իրեն թերի տեսնելով չհուսահատվի կատարելության հասնելուց, և որպես առաջինի գրավական, դնում է Աստծո անճառելի մարդասիրությունը:

Թո՛ղ խնդրի Աստծուն, ասում է, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի:

Հորդորելով մեզ խնդրել, և չսովորեցնելով միայն ստանալ՝ մեր առջև է բերում Աստծո անսահման բարությունը, այն, որ պատրաստակամ է իրենից խնդրողների համար, և որ ասաց. «դեռ նրանք ձայն չտված… պիտի ասեմ, թե՝ ի՞նչ եք ուզում» (Ես. 65:24): Բայց այստեղ առավելապես է խնդրածը տալիս, այդ պատճառով էլ ասում է. բոլորին այն տալիս է առատապես, այսինքն՝ բազմապատիկ հանդերձյալում և այս կյանքում. «խնդրե՛ք, ասում է, Աստծո արքայությունը և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ» (Ղուկ. 12:31):

Տեսնո՞ւմ ես շնորհի առավելությունը, տեսնո՞ւմ ես ձրի պարգևը. խոսքով խնդրել և իրականում ստանալ, ոչ թե ապականացուն, այլ՝ անապականը, երկնայինն ու աստվածայինը:

Արդ, տեսե՛ք, թե սրանով ինչ է ուզում ասել. որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում:

Բոլորին է ասում, որպեսզի մարդկանց մեջ խտրականություն չդնի, թե արդարներին տալիս է, մեղավորներին՝ ոչ, այլ ընդհանրապես բոլորին տալիս է: Արդարներին չափում է և տալիս, որպեսզի արդարությունը չկորցնեն, իսկ մեղավորներին չափում և առավելագույնն է տալիս, որպեսզի մեղքը ոչնչացնեն և արդարությամբ զգեստավորվեն, ինչպես նաև, որ Աստծո անհիշաչարության մասին քարոզի: Եվ սա է նշանակում, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում: Այսինքն՝ չի խորշում մեղավորներից և ոչ էլ երես է դարձնում նրանցից, այլ ընդառաջ է ելնում զղջացողներին և ապաշխարողներին, գրկում է ինչպես անառակ որդուն և համբուրում է աստվածային սիրով և չի խորշում աղտեղացած բերանից, չի խոսում նրա վրա և չի նախատում խոզի կերակուր ուտելու համար, այլ զգեստով է զարդարում և մատանիով փառավորում և կոշիկներով ամրապնդում և նրա խնդրածն առատությամբ շնորհում է՝ մորթելով պարարտ եզը և բազմաթիվ այլ ուրախություններով:

Երբ հորդորելով խնդրելուն և հանդիմանությունների մասին չմտածելուն, այնուհետև ստանալուն նույնպես երաշխավոր է լինում, ավելացնում է. և նրան կտրվի: Մի՛ վախեցիր, ասում է, և մի՛ հուսահատվիր, թե չես ստանա, որովհետև առատաձեռն է պարգևատուն և չի խնայում իր պարգևները:

Միայն երկու պատճառով կարող ես չստանալ պարգևներ. կամ, որ անհոգ և վատ խնդրեցիր, կամ էլ չխնդրեցիր այնպես, ինչպես վայել է Աստծուն: Քանզի եթե Աստծո վայելչությունը խնդրես ուղիղ մտքով և մաքուր հավատքով, ապա անհնար է, որ չստանաս:

Եվ այս խոսքերի հավաստիությունը հաստատելու համար մեր Տերն ասում է. «ով որ ուզի, ստանում է» (Մատթ. 7:8) և եթե մեկը բազմաթիվ անգամներ խնդրի և չստանա, թո՛ղ չհուսահատվի, քանզի Աստված է պարգևողը և խնդրվածը տվողը կամ արգելողը:

Եվ քանի որ բարության աղբյուր է և արդար դատավոր, ապա երբ տեսնում է, որ խնդրանքն օգուտ է և շահ է խնդրողի համար, թույլ է տալիս ստանալ, և երբ տեսնում է, թե խնդրանքը խնդրողի համար սրի պես է և վնասակար, ապա չի տալիս, թեև մեզ թվում է, թե բարի բան ենք խնդրում:

Եվ սա ոչ միայն սովորական մարդկանց դեպքում է երևում, այլ բազում անգամներ նաև սրբերի հետ է այդպես եղել: Արդ, Երեմիային Աստված ասաց. «Մի՛ աղոթիր… որովհետև քեզ չեմ լսելու» (Երեմ. 7:16) և Մովսեսն էլ խնդրեց մտնել Ավետյաց երկիրը, սակայն Աստված  թույլ չտվեց նրան: Եվ Պողոսին էլ ասաց.  «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. 12:9): Բայց այստեղ սա իրապես ստանալ է նշանակում, որովհետև ասում է. թո՛ղ խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

25.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․