Գրքեր

Հակոբոս 2.13

13. Զի անողո՛րմ դատաստան լինելոց է այնմ, որ ո՛չ առնիցէ զողորմութիւն:

Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել:

Բոլոր գրքերը մեզ ամենուր ողորմություն են պատվիրում [անել], և նրանց գրեթե բոլոր ճառերը այս մասին են բովանդակում: Եվ հատկապես մեր Տերն ու Աստվածը հաճախակի սրա մասին օրենքներ է տալիս՝ երբեմն երանի տալով ողորմածներին և մեծագույն վարձքեր խոստանալով և երբեմն էլ սպառնալով անողորմներին և անեծքի արժանի համարելով:

Այս նույն միտքն է արտահայտում նաև մարգարեական խոսքը, թե՝ «Տերը բարիք է գործում բարիներին» (Սղմ. 124:4)՝ բարերարներին բարիք խոստանալով, իսկ սրանում ծուլացողներին հափշտակությամբ տանել նրանց մոտ, ովքեր անօրինություն են գործում: Սրա համար և սա տեսնելով հաճախ էր ողորմությունը պատվի արժանացնում՝ լիարժեք և անճառելի, իսկ երկմտորեն և անգթորեն գործողների մասին շատ է խոսում՝ բոլորի սրտերը կոտրելով և երկյուղով տագնապեցնելով:

Քանզի նրա համար, ով լսելով ողբալու արժանի խոսքեր, ձեռք չի բերում կոտրված սիրտը և չի հուսահատվում իր փրկության համար, որ կարող էր ողորմած լինել, ասում է. անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել:

Տեսնո՞ւմ ես, թե որքան շատ են սաստիկ սպառնալիքները, տեսնո՞ւմ ես աղետավոր տարակուսանքը որքան լի է դառնությամբ. ասում է. անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ:

Արդարև, քանի որ անողորմներն իրենց սովորեցրին, թե պետք չէ ողորմել, արդ՝ իրենց հանցանքով էլ կդատի նրանց, մինչդեռ «ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:2): Փոքր բաներ չտվեցին, այդ պատճառով էլ մեծը չեն ստանա, մի դանկ անգամ չտվեցին, այդ պատճառով էլ դահեկան չեն ստանա, մի կաթիլ ջուր չտվեցին, այդ պատառով էլ կաթ չեն ստանա, իրենց ծառայակիցների հանդեպ ողորմած չեղան, այդ պատճառով էլ շարժեցին անբարկանալի բնության բարկությունը՝ անողորմ դատաստանով դատել իրենց: Օրինազանցները դատաստանով [դատվեցին], ըստ օրենքի, և անողորմ տանջանքներով փոխհատուցեցին, ինչպես Աքադը, և այն զինվորը, որ շաբաթ օրով փայտ հավաքեց, որոնք սպանվեցին և իրենց ոսկորներն անապատում մնացին: Պետք է իմանանք նաև այս անողորմ դատաստանի մասին, որ լինելու է անողորմների հետ:

Արդ, այս մասին բազում օրինակներ կարող ենք բերել, որ արդարև անողորմ դատաստան է լինելու: Ուստի, ա՞յս միայն ասեմ, որ նրանց որդը չի մեռնում և կրակը չի մարում, մեծահարուստի և Ղազարոսի օրինա՞կը բերեմ ձեզ, թե՞ հիմար կույսերի, որոնց առջև փակվեցին դռները, և որոնց ձեռքերն ու ոտքերը կապեցին, թե՞ այն, որ հրամայեց սպանել, թե՞ այն ահավոր և սոսկալի ձայնը, որ ասելու է անողորմներին. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մատթ. 25:41): Եվ սա նրա համար, որ «Քաղցած էի և ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի և ինձ ջուր չտվիք, օտար էի և ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի և ինչ չհագցրիք» (Մատթ. 25:42-43), և նմանատիպ այլ անողորմ խոսքեր:

Տեսնո՞ւմ ես անողորմ դատաստանի պատկերը, թե որքա՞ն սաստիկ է և տագնապալի: Լսե՛ք, հարուստնե՛ր, և զարհուրեք, լսե՛ք, անողորմնե՛ր, և զարմացեք, բացե՛ք ձեր շտեմարանները՝ ողորմություն տալու համար, քանզի անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել: Երկրի երեսին բարեգործություն չարեցիր, այս կյանքում մարդասիրություն չցուցաբերեցիր, չունեցար, դրա համար չես ստանա, չես գտնի, որովհետև չհավաքեցիր, չես հավաքի, որովհետև չցրեցիր, չես հնձի, որովհետև չսերմանեցիր: Քո սերմին արժանի էլ հունձքդ է, դառնություն սերմանեցիր, և այդ էլ ստացար, անողորմությունը սիրեցիր՝ ստացար այն, ինչ սիրեցիր: Կարեկից և ողորմած չեղար, փախար ողորմությունից, ողորմածն էլ քեզանից կհրաժարվի, խորշեցիր աղքատից, ապա քեզանից էլ կգարշի նա, ով աղքատների համար աղքատացավ: Եթե այսպիսի բաներ ասվի, ապա մի՞թե անողորմ դատաստան չի լինելու:

Ո՞ւր կմնան այնժամ ոսկին, ո՞ւր՝ գանձերի կնիքը, ո՞ւր՝ ունեցվածքը պահելու համար գիշերային հսկումները, ո՞ւր են կողպեքն ու բանալին, ո՞ւր են հարստության նշանները, դրանք ի՞նչ կարողացան անել անողորմ դատաստանի աչքերի լացի և ատամների կրճտոցի դեմ:

Արդ, խոսելով անողորմների դատաստանի մասին և սարսափեցնելով, ապա նորից սկսում է մխիթարել ողորմածներին և քաջալերել ողորմություն տվողներին՝ ասելով.

Քանզի բարձրիգլո՛ւխ պարծեսցի ողորմութիւն առ դատաստանաւն:

Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց:

Առաքինության բազմաթիվ տեսակներ կան, որ մեզ դեպի վեր՝ Աստծու մոտ են տանում և արքայության ժառանգակից դարձնում, սակայն ոչ մի առաքինություն մեզ չի կարողանում Աստծու նման դարձնել, այլ միայն ողորմությունը: Եվ դա մեզ Տերն ինքը հայտնեց՝ ասելով, թե նմանվեք ձեր Հորը «որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45):

Տեսնո՞ւմ ես ողորմության մեծությունը, թե մեզ ում է նմանեցնում, ուրեմն պատկառենք այդ նմանությունից, ակնածենք մարդասիրությունից:

Քանզի ողորմությունը, ասում է,  բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց: Եվ ե՞րբ կլինի սա: Երբ որ Դատավորն իջնի ահեղ տեսքով և փողի բարձր [ձայնով], այդ ժամանակը երկինքը կգալարվի և երկիրը կդողա նրա գալստյան առաջ: Երբ նստի փառաց աթոռին, նրա առջևից հուր կհոսի և նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ, այդ ժամանակ մենք բոլորս հարություն կառնենք և տագնապահար կկանգնենք նրա առաջ՝ ամոթահար եղած և գլուխներս կախ ներքև կնայենք: Իսկ այդ ժամանակ նա միայն կասի, թե ողորմությունը բարձրագլուխ ներս կմտնի, չի ամաչի, անծանոթ չի լինի և չի դողա ահեղ սպառնալիքներից, այլ իր օրինակի պես վեր կբարձրանա՝ ասելով. ինձա՛նից սովորիր, ո՛վ դատավոր, ողորմածության շնորհը, քանի որ ես մարդ լինելով՝ արեցի, և դո՛ւ էլ արա, որ Աստված ես: Նմանվի՛ր ծառայիդ՝ Տերդ, աղքատիս, որ բոլորի թագավորն ես, ողորմած եղա պահանջողի համար և պատկառեցի աղաչողից, մի՛ մերժիր նաև դու բազում խնդրանքներս:

Ցնծությամբ տվեցի կարիքավորներին, նույնը նաև քեզ մոտ թող լինի, և երկու կարիքավորները թող միասին գոհանան: Ըստ քո կամքի ես ողորմություն արեցի, ապա թող քեզնով էլ զորանամ, բազմաթիվ անգամ ազգակիցներիս հանդեպ ողորմած եղա, նմանվի՛ր իմ մարդասիրությանը՝ բնությամբ մարդասերդ:

Եվ քանի որ թեթևագույն են իմինները, իսկ քոնը՝ մեծամեծ, ապա խոստովանում եմ ես, և իմացի՛ր նաև սա, թե որքա՜ն վերագույն ես բոլորից քո ամբողջ բարությամբ:

Ուստի արդարացի է, ըստ քո արժանի զորության, համեմատվել մեր ողորմության հետ, քանի որ փոքր-ինչ մարդասիրություն ցուցաբերեցի ես, որովհետև ավելին բնությունս ընդունակ չէր, բայց դու՝ որքան կամենաս, և ոչինչ չի կարող խափանել քո առատաձեռնությանը, քանի որ այն ամենը, ինչ ցանկանաս, կարող ես, և քանի որ կարող ես, նաև ցանկանում ես:

Այս են արտահայտում նաև հետևյալ խոսքերը. Ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց:

Եվ նորից, ինչպես, օրինակ, մի ըմբշամարտիկ, երբ մրցույթի է դուրս գալիս, և ըստ օրենքի հաղթելով իր մրցակցին, և իր ուժերին վստահ լինելով պարծենում է իր հանդիսատեսի առաջ և այդպես իր մարտավարից բարձրագլուխ պահանջում է իր պսակը, նույնպես է նաև ողորմությունը՝ դատաստանի դիմաց: Ուստի ինչպես է, որ բազմաթիվ առաքինություններ դատաստանի օրը չի հիշվում, բացի ողորմությունից: Եվ ինքը՝ Դատավորը, այլ բարի բան մեջ չի բերում, կամ պատվում և գովում և կամ օրհնության արժանի համարում, բացի ողորմությունից՝ ասելով. «Եկե՛ք, իմ Հոր օրհնեալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու, օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի և ինձ հագցրիք» (Մատթ. 25:34-36), այնուհետև նորից նույն միտքն է արտահայտում:

Արդ,  այսպիսի մեծագուն պարծանք, այսպիսի պարծանքի արժանի խոսքեր չկան մարդու համար պարծենալու, և Աստված այսպիսի վկայությամբ վկայելու է տիեզերական ատյանից: Մի՞թե այսպիսի խոսքերը ամեն տեսակ երանություններից և փառքի պսակներից բարձրագույն և երանելի չեն՝ առաջ կանչել մարդկանց օրհնությամբ և արքայությանը ժառանգակից դարձնել: Եվ ինչի՞ համար. տանիքի տակ առնելու, հագուստի, մի պատառ հացի և մի բաժակ ջրի, ինչպես որ ասաց:

 

Հորդորակ

Արդ, քանի որ այսպիսի հույս ունենք, ապա չդադարենք ողորմություն անելուց և օտար չմնանք Աստծուն նմանվելուց, այլ ձեռնամուխ լինենք ողորմություն գործելուն, որպեսզի Աստված հաշտվի մեզ հետ և համբույրի արժանացնի:

Փախչե՛նք, եղբայրնե՛ր, անողորմների դատաստանից, երկյուղե՛նք, սարսափե՛նք այդպիսի ահեղ սպառնալիքներից, քանզի ասում է. անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել:

Այսպիսի ահարկու ձայնը ո՞ր կարծր սիրտը չի կոտրի, մտաբերենք ողորմության շահի մասին և ճանաչենք դրանից առաջացած օգուտը: Անասունների նման անմիտ չլինենք և ոչ էլ փորն ու որովայնը գիրացնենք, ունեցվածքը չգրկենք և ոչ էլ մեզ սեղմած պահենք: Ամեն մարդ, որ գրկում է փուշը, վնասում է իր մարմինը, և ամեն մարդ, որ ագահության փուշն է հավաքում, վնասում է հոգուն: Արդարև, ունեցվածքի հանդեպ ցանկությունը վնասակար և խեղդող փուշ է: Ուստի ագահության նման ոչ մի ախտ չի կարող Աստծու սիրո հանգույցը քանդել, մինչդեռ ով գերի է դրան՝ Աստծուն մամոնայի հետ է փոխարինում, և ունեցվածքի հանդեպ սիրո պատճառով արհամարում է Աստծու պատվիրանները, գեհենի սպառնալիքը և արքայության պատիվը: Մինչդեռ եթե նա արհամարհում է արքայության Տիրոջը, և կորստյան որդու՝ Հուդայի նման վաճառում նրան ոսկով, ապա առավել պատվական ի՞նչ է մնում իրեն: Այսպիսիների վճիռը մեր Տերն ինքը հստակ հայտարարեց՝ ասելով. «Չեք կարող և Աստծուն ծառայել, և մամոնային» (Ղուկ. 16:13), այսինքն՝ ով Աստծու ծառան է, չի կարող մամոնային ծառայել և հնազանդվել, իսկ ով մամոնային է ծառա, ապա հեռանում է Աստծուն ծառայելուց և կռապաշտների հետ է դատապարտվելու: Ուստի և Քրիստոսի բերանը՝ Պողոսը, կռապաշտների հետ է դասում այդպիսիներին՝ ասելով. «ագահությունը, որ կռապաշտություն է» (Գաղ. 3:5): Այսքանից հետո այս թաքուն կռապաշտության ուրիշ ի՞նչ հայտնի օրինակներ և վկայություններ ես ուզում տեսնել: Կուռք չես կառուցել, մեռելի և ուրվականի պատկերներ չես քանդակել, սակայն ոսկին, որ պատվի է արժանանում և պահվում է քո կողմից, մի՞թե թագավորական պատկերով չէ քանդակված, և դու, Աստծու պատկերի պատիվը թողած, թագավորական պատկերն ես պատվում, սիրում և հողի մեջ թաղում: Չէ՞ որ սիրտդ էլ դրա հետ թաղված կմնա և կենդանի դժոխք կիջնես, ինչպես որ Տերն է ասում. «ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:21): Եվ քանի որ քո Տերը երկնավոր է, ապա պատվիրում է գանձեր երկնքում հավաքել և այնտեղ պահել սիրտդ, որպեսզի դու էլ երկնավոր լինես, բայց դու դժոխքի ծնունդ լինելով, երկրի մեջ ես թաղում քո ունեցվածքը, ուստի և սանդարամետականներին էլ հաղորդակից կլինես:

Արդ, ցանկանում եմ հարցնել քեզ, ո՜վ մարդ, և դու պատասխան տո՛ւր ինձ, ինչո՞ւ ես աշխատում և քրտնում, որ հարստություն դիզես և հողի մեջ թաղե՞ս: Եթե այս մարմնավոր կյանքի հանգստության, կամ ծերության ու հիվանդության և կամ այլ կարիքների համար է, ապա ճիշտ չես մտածում, և անհույսի պես կլինես Քրիստոսից, թե նա նախախնամություն չունի, և մեր կարիքները չի հոգում, և որ մեզ համար կարևոր կարիքները հայտնի չեն նրան, և կամ բավարար միջոցներ չունի մեզ լիացնելու համար: Արդ, մի՞թե մեծ բաներ տվողը փոքրերն անտես կանի, որ հոգին տվեց, մարմինը ստեղծեց, երևելի արարածներին պարգևեց և արքայությունն ու անճառ բարիքները խոստացավ, մի՞թե կարևոր բաներից պիտի զրկի, երբե՛ք, այլ ավելիով կտա, միայն թե մենք արժանի բաներ խնդրենք նրանից: Լսի՛ր մեր Տիրոջը և վստահի՛ր նրան, որ ասում է. «Նախ խնդրե՛ք Աստծու արքայությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6:33): Տեսնո՞ւմ ես պարգևողի առատաձեռնությունը, տեսնում ես աննախանձ շնորհները, դու մեկն ես խնդրում, բայց նա երկուսն է պարգևում և ավելին՝ բյուրապատիկը, քանի որ բազմաթիվ են մարմնական բարիքները, որ Աստված մեզ համար պատրաստեց, կթողնեմ գալիք [բարիքները], քանզի անճառելի են և անքննելի:

Իսկ եթե անտեղի պատճառներ բերես, թե ունեցվածքս մահվան թոշակի համար եմ պահում, որովհետև գրված է, թե. «նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ» (Ես. 33:6), և այս խոսքը, ասում են, մահվանն է վերագրված, թե օրենքով պիտի մատնվենք մահվան և մեր հարստությամբ միայն պիտի փրկվենք մահվան դատապարտությունից: Ուստի, դու, որ այսպես ես ասում, ճիշտ չես մեկնում մարգարեությունը: Արդ, ե՛կ մեկնեմ քեզ այդ խոսքը, որպեսզի գրվածքով չգայթակղվես: Նախ ասեմ, որ մարգարեությունը մահվան մասին չէ, այլ՝ մահացու մեղքերի և անհնազանդության մասին, այնինչ ունենալով օրենք՝ մենք մեր ձեռքով մոլորվեցինք և մեր փրկությունը գանձով միայն եղավ, ոչ թե ապականացու գանձով, այլ՝ Միածնի անապական գալստյամբ: Իսկ թե գանձերն ի՞նչ են, պետք չէ երկմտել, քանզի ինքը՝ մարգարեն, հաջորդիվ սովորեցնում է մեզ՝ ասելով. «մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը, ահա դրանք են արդարության գանձերը» (Ես. 33:6):

Տեսնո՞ւմ ես մարգարեության զորությունը, ուղի՛ղ մտածիր, որպեսզի չմոլորվես ճշմարտությունից: Իսկ եթե քո կարծիքի համաձայն ես ցանկանում հաստատել այս խոսքերը, ապա ինչո՞ւ ես քո բարիքն ուրիշների ձեռքը տալիս, քանզի ո՞վ է քեզ առավել սիրում, քան ինքդ քեզ և ո՞վ է առավել ցանկանում քո հոգու փրկությունը, քան դու, եթե ասես հայրդ, կամ մայրդ, որդիդ կամ հարազատ եղբայրդ, բան ասած չես լինի, մինչդեռ, եթե նրանք քո կենդանության ժամանակ են քեզ շատ բաներից զրկում, ապա մահվանիցդ հետո ինչպե՞ս քո ունեցվածքը ըստ քո կամքի կմատակարարեն: Չկա մեկը, որ մեռելին բարեկամ լինի, և ոչ ոք չի ամաչում նրանից: Հետևաբար դու քո կենդանության օրոք բաժանի՛ր և տո՛ւր աղքատներին, քանզի քո արդարությունը կմնա: Եվ մի՛ վախեցիր, թե ունեցվածքդ պակասելու հետ մեկտեղ արդարությունն էլ կպակասի, այլ ունեցվածքն անցնում է, իսկ արդարությունը առատորեն կա և կմնա հավիտյան (հմմտ. Սղմ. 111:9): Դու քո ձեռքով բաժանի՛ր և տո՛ւր, որպեսզի ծախսերիդ և աշխատանքիդ փոխարեն առավել շատ վարձք ստանաս:

Աստծու մարդասիրությանը երաշխավոր ես, քանզի Աստծու համար առավել մեծ է, երբ քո ձեռքը երկարես և աղքատին մի դահեկան տաս, քան տաս դահեկան ուրիշների ձեռքով, դու վառի՛ր քո ճրագները, որպեսզի առջևիցդ գնան, ուստի ի՞նչ օգուտ վառած լույսը ետևից բերելուց: Այլ դու հավաքի՛ր ողորմության յուղը, դու պայծառացրո՛ւ քո լապտերը, որպեսզի հարությանդ ժամանակ չհանգչեն: Առատությամբ սերմանի՛ր, որպեսզի առատությամբ էլ հնձես, եթե հունձը պատկանում է նրան, ով սերմ ունի, ապա դու ինքդ սերմանիր, այլ ոչ թե ուրիշների ձեռքով և փշերի մեջ: Ուստի ով մեռնելով իր հետևից հարստություն է թողնում, փուշ է թողնում, և ով սերմանում է նրա թողածի վրա, ապա փշերի մեջ է սերմանում, և փշերն էլ խեղդում են սերմը և անպտուղ է մնում: «Չխաբվե՛ք, Աստված չի ծաղրվում» (Գաղ. 6:7), քանզի ով ինչ սերմանում է, դա էլ հնձում է, չկա մեկը, որ որոմ սերմանի և ցորեն հնձի, կամ ցորեն սերմանի և որոմ հնձի: Ողորմություն սերմանեցիր, ապա հավիտենական կյանք կհնձես, մարդասիրություն սերմանեցիր, ապա գթություն կհնձես, անողորմություն սերմանեցիր, ապա փուշ ու տատասկ կհնձես: Դու ինքդ եղիր քո ունեցվածքի մատակարարը, մի՛ թող դրանք ընկնեն ուրիշի ձեռքը:

Ինչո՞ւ որպես կռապաշտ և ագահ մտնես գերեզման և թողնես, որ ուրիշները կործանեն քո կուռքերը և բաժանեն, քանզի դրանից քեզ ոչ մի օգուտ չի լինի: Ուստի, եթե երկյուղած մեկի ժառանգություն թողնես քո ունեցվածքը, և նա Աստծուց երկյուղելով բաժանի և տա աղքատներին, ապա դա քեզ արդարության շնորհներ չի տա, այլ ագահության չարիքը միայն կբռնի քեզ, որ մինչև գերեզման պահում և պատվում էիր դրան: Իսկ եթե աներկյուղի ձեռքը թողնես այն, և նա իր մեղքերի համար գործածի դրանք, ահա մեղքերիդ վրա մեղք կկուտակվի,  և տանջանքների տոկոսը կվճարես՝ նախ քո ագահության համար, ապա նրա, ում պատճառ եղար լրացուցիչ մեղքերի:

Արդ, այս ամենն իմանալով, հիմարների պես չանմտանանք, այլ իմաստուն լինենք մեր կյանքի մեջ, և Աստծու կողմից մեզ տրված հարստությունը նորից Աստծուն վերադարձնենք: Եվ պարտական դարձնենք մեզ մեծատուն Աստծուն, որպեսզի մեր տվածի տոկոսն այնտեղ ստանանք, խնայելով և ժլատությամբ չտանք, քանզի ինչքան առատաձեռն գտնվենք տալու մեջ, այնքան առավել շատ տոկոս կստանանք: Ոչ մի բան այնքան հաճելի չէ Աստծուն, որքան մեզանից փոխ վերցնելը, ոչ թե իր կարիքները բավարարելու համար, այլ որպեսզի փոխատուներիս հարստացնի:

Քանի որ այսպիսի առատաձեռն ու բարերար Տեր ունենք, չխնայենք նրան տալուց այն ամենն, ինչ մեր ձեռքն ունենք, որովհետև նա անարգամեծար Տեր է՝ անպիտանն ու չնչինը վերցնում է, բայց փոխարենը մեծ տոկոսով վերադարձնում: Ոսկի տալ և փոխարենը մեղքերի թողություն ստանալ, ավելի մեծ ի՞նչ կուզես, և դրա փոխարեն որպես տոկոս ստանալ Երկնքի արքայությունը: Մի նկանակ հաց տալ և դրա փոխարեն արքայության սեղանի սեղանակիցը և մասնակիցը լինել: Մի բաժակ ջուր տալ և համագո աղբյուրից խմել, հագուստ հագցնել և արժանանալ առաջին լուսեղեն պատմուճանին:

Սակայն այսպիսի մարդասիրության դիմաց շատերը կան, որոնք անծախ առաքինությունները լիովին կատարում են, պահք են պահում, աղոթում են, հոգոց հանում, չոր գետնի վրա են պառկում և ժուժկալում, սակայն աղքատին մի գրոշ անգամ չեն տալիս, ապա ի՞նչ օգուտ նրանց այս ամենից: Ուստի ոչ մի օգուտ չկա մյուսները կատարելուց, եթե այս [առաքինությունը] չունեն, քանզի մյուս առաքինությունները ճրագ են, իսկ սա՝ յուղ՝ պատճառ ճրագի լուսավորությանը, իսկ արդ, ով որ յուղ չունենա, ապա ի՞նչ օգուտ կստանա ճրագից, քանզի հիմար կույսերն էլ կորան, որոնք մյուս բոլոր առաքինություններով կատարյալ էին, բայց քանի որ միայն անգութ էին, և իրենց հետ չվերցրեցին ողորմության յուղը՝ լապտերի համար, ապա խավարում բնակվեցին և չարժանացան հարսանյաց առագաստին: Տեսնո՞ւմ ես, որ մյուսների [կատարումից] օգուտ չկա, եթե սա թերի է:

Արդ, ջանացեք հնարավորինս ողորմած լինել, ոչ միայն նյութականով, այլև խոսքով և կարեկից լինելով, և քաղցր ու մխիթարական խոսքը ողորմությունից փոքր բան չի համարվում: Մեղանչած եղբոր համար հոգոց հանելը, արտասվելը, սգակից և կարեկից լինելը, խրատելը և հորդորել բարի գործեր կատարելու մեջ, սիրել սեփական անձի պես, հիվանդներին այցելության գնալ, և սրանց նման բազում գործեր իրապես ողորմություն են համարվում և բարձրագլուխ պարծենում են դատաստանի դիմաց, որոնք մենք էլ չդադարենք անել, այլ սիրով, կարեկցանքով և հոժարությամբ կատարենք, որպեսզի հասնենք խոստացված բարիքներին, որ պատրաստված է ողորմածների համար՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, որի հետ նաև բովանդակ Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերիԿոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

03.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․