Գրքեր

Հակոբոս 2:5

5. Լուարո՛ւք ինձ եղբա՛րք իմ սիրելիք:

Լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ:

Ուստի սա է սրբերի և հատկապես Տիրոջ սովորությունը, քանզի երբ ցանկանում են մեծագույն ճառ սկսել, ապա նախ լսել են պահանջում. «Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում եք ինձ» (Ղուկ. 6:27), և նորից. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» (Ղուկ. 8:8): Նման ձևով սա էլ այստեղ է ասում. լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Արդ, ճշմարտության մասին եմ խոսում ձեզ հետ, ինչն արժան է լսելու: Եվ ինձ ասելով վկայության ստուգությունն է ցույց տալիս, ինձ, ասում է, լսեցեք, որ ողջ ճշմարտությունն եմ ձեզ ուսուցանելու, և ոչ երբեք ստություն:

Արդ, եթե [կոչում է] իմ եղբայրներ և [հատկապես] սիրելի եղբայրներ (Աստծո սիրով կապված), ապա պարտավոր եք, ասում է, լսել ինձ, քանզի ոչ թե երկրավոր բաների և մարդկանց պարգևների մասին եմ պատրաստվում խոսել ձեզ հետ, այլ՝ աստվածային շնորհների և ձրի պարգևների:

Ո՞չ ապաքէն Աստուած ընտրեաց զաղքա՛տս աշխարհիս, որ են մեծատունք հաւատովք:

Չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով: Հետևաբար նրանց հորդորում է լսել՝ մտաբերելով Աստծու մարդասիրությունը, թե ինչպիսի անարգությունից է ոտքի կանգնեցնում աղքատներին և ինչպիսի աղտեղությունների միջից է բարձրացնում տառապյալներին և իր բարեկամությանն է արժանացնում:

Տեսնո՞ւմ ես բարի ընտրության ձևը. չէ՞ որ, ասում է,  Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով: Եվ արդեն իսկ ընտրեց նրանց, և ինչո՞ւ է Պողոսն ասում. «Նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրով» (Եփես. 1:4):

Արդ, նախ և առաջ տեսնենք, թե կա՞ այնպիսի մարդ, որ Աստծու ընտրությանն արժանի լինի: Ըստ բնության արդարև արժանի է, քանզի ընտրեց բնությունը և ստեղծեց գեղեցիկ ու վայելչական, որը կորցրինք, և որը նաև ընտրության արժանի համարեց: Իսկ ըստ անկման՝ երբեք, այլ ըստ ընտրության, որ եկավ և ընտրեց մեր աղքատացած բնությանը, և դա եղավ ըստ Աստծու շնորհների, քանզի անկախ մեր արժանիքներից ընտրեց մեզ:

Իսկ բնության ընտրությունն այն է, ինչի մասին Պողոսն ասաց. «ընտրեց մեզ նախքան աշխարհի արարումը»: Այս է, որ ասում է. չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին: Աղքատ ասելով նկատի ունի կա՛մ խոնարհներին, կա՛մ նրանց, որ զուրկ են ամեն տեսակ ունեցվածքից, և կամ երկուսը միասին: Սակայն կարծում եմ, որ աղքատներ ասելով նկատի ունի առաքյալների դասը, որ կրկնակի աղքատությամբ էին զարդարված, քանզի թողնելով արտաքին ունեցվածքը, գնացին նրա հետևից, և իրենց խոնարհությամբ գերազանցում էին բոլոր մարդկանց: Սրանց, ասում է, ընտրեց Աստված աշխարհից. աղքատներին, ձկնորսներին, տգետներին, մաքսավորներին և որոնց էլ երանության արժանացրեց. «Եվ Հիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրա և ասաց. երանի հոգով աղքատներիդ, որովհետև Աստծու արքայությունը ձերն է» (Ղուկ 6:20): Եվ որպեսզի աղքատներից ոչ ոք չվհատվի՝ հարուստին երանելի համարելով, ասաց. «Վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք» (Ղուկ. 6:24):

Աստված ընտրեց, ասում է, այս աշխարհի աղքատներին.

Եվ լավ ասաց՝ աշխարհի, քանզի մարմնավոր և աշխարհային իրերից էին աղքատ, այլ ոչ թե հոգևոր և աստվածային, ինչը և ցույց է տալիս հաջորդ խոսքում. որոնք հարուստ են հավատով: Մարմնավոր հարստությունը սարդոստայնի պես է, քանզի անցավոր է և հեշտությամբ վնասվող, ինչն առաքյալները որպես փոշի թափ տվեցին և հարստացան անանց հարստությամբ, այսինքն՝ հավատով, և որը չկարողացան ոչնչացնել ո՛չ կենցաղային խաբկանքները, ո՛չ բանսարկության չարությունը, ո՛չ թագավորների բռնությունները:

Արդ, տեսնենք, թե ինչ է նշանակում այս հավատը. ընդհանրական հավա՞տքն է սա, որ բոլորս էլ ունենք՝ հավատալ Աստծուն և հրաշքներին: Կարծում եմ երկուսն էլ առաքյալներին էր վերաբերում, այդ պատճառով էլ հարուստ անվանեց նրանց, որով հարստացան բոլոր մարդկանցից առավել (հարազատ մնալով հավատին, որ նրանցից հետո առավել մեծացավ):

Այս հավատի հարստության մասին մեր Տերն էլ հայտնեց նրանց՝ ասելով. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթ. 17:19): Ուստի ո՞ր մի հարուստը կամ ո՞ր թագավորը կարող էին այսպիսի զորություն ունենալ, ինչպես աղքատները, անտուններն ու անգետները: Եթե աշխարհի բոլոր հարուստներին մի տեղ հավաքես, չեն կարող նույնիսկ ընդամենը մի մեռելի հարություն տալ, և ոչ էլ մի կաղի բժշկել, ինչպես որ ձկնորս ու անգետ Պետրոսն արեց՝ ասելով. «արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ, հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր» (Գործք. 3:6), և խոսքերն արդյունավետ եղան, սկսեց քայլել, ցատկոտել և օրհնել Աստծուն:

Տեսա՞ր հավատի մեծությունը, արդ, տե՛ս նաև մեկ ուրիշ բան, որ առաջինից ավելի մեծ է: Հոպպեում Տաբիթային մեռելներից հարություն տվեց և սրբերի ու այրիների առջև կենդանի կանգնեցրեց [նրան] (տե՛ս Գործք 9:36-43):

Արդ, տեսնելով այս ամենը, ո՞ւմ վրա ես առավել զարմանում. հարուստների, որ տկարանում են այսպիսի բաներում, թե՞ Պետրոսի, որ հավատով էր հարուստ և այսպիսի հրաշքներ էր գործում: Պարզ է, որ Պետրոսի վրա ավելի ենք զարմանում, գովաբանում ենք նրան ու երանի տալիս, և ամբողջ աշխարհի հարստություններն անպիտան աղբ ենք համարում այսպիսի շնորհի առավելության հանդեպ: Եվ եթե համընդհանուր՝ բոլոր նմանատիպ աղքատների մասին այսպես ասես, ոչ մի բան պակաս չի լինի ճշմարտությունից, և որն էլ իմաստությամբ ակնարկում են այս խոսքերը:

Երբ հավատի հարստության մասին խոսեց, ապա նաև վարձքը [մեր առջև] դրեց.

Եւ ժառանգաւորք արքայութեանն, զոր խոստացաւ սիրելեաց իւրոց:

Եվ ժառանգորդներ այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին:

Քանզի Աստծու բոլոր սիրելիներն էլ հավատով արդարացան և արքայությանն արժանացան. Աբելը, Ենովքը, Նոյը, Աբրահամը և բոլոր մարգարեները: Արդ, այս պսակներին, արքայությանն ու անճառ բարիքներին սրանք էլ արժանացան, ովքեր հավատով հարստացան:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերիԿոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

28.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․