Գրքեր

Հակոբոս 2:6-12

6. Եւ դուք անարգէք զաղքատս:

Իսկ դուք անարգում եք աղքատներին:

Ձեր Տերն ու Արարիչը մեծարում և փառավորում է աղքատներին և արքայությանը բաժնեկից դարձնում, իսկ դուք անարգում եք և չեք ամաչում ու ակնածում, ապա ինչպես պիտի ներման և թողության արժանանաք: Եվ չե՞ք իմանում, թե նրա անարգանքները վեր՝ Աստծու մոտ են ելնում. «ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը:

Եվ արդ, եթե ասեն, թե նրա առաքյալներին չանարգեցին հավատացյալ լինելու համար, այլ աղքատության պատճառով պատվի չէին արժանացնում, ապա կասեք նրանց, որ հարուստ էին հավատով նաև սրանք, թեև հրաշքներ գործելու չափ հավատք չունեին, նրա պես, որ բոլորի գլուխն էր, սակայն առ Աստված ունեցած հավատն աներկբա խոստովանությամբ պահում էին, դրա հետ նաև աղքատությամբ պատվակից էին առաքյալներին, ապա նման ձևով նրանց անարգանքը նաև առաքյալների անարգանքն էին համարում:

Տեսնում ե՞ք աղքատներին անպատվելու օրինակը, թե ինչպիսի փոսի մեջ է ձեզ մղում ընկնել:

Եւ դուք անարգէք զաղքատս. ո՞չ մեծատո՛ւնք յաղթահարեն զձեզ՝ և նոքա՛ քարշեն զձեզ ի դատաստան:

Իսկ դուք անարգում եք աղքատներին: Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հենց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս:

Հանդիմանեց նրանց աղքատներին անպատվելու համար և զղջալ տվեց, ապա մորմոքեց նրանց հարուստների չարությամբ, և մեկը մյուսի ետևից ցույց է տալիս նրանց հանդգնությունը. հարուստները չե՞ն, ասում է, որ հարստահարում են ձեզ: Այսինքն՝ պատերազմողների պես են ընդունում ձեզ, մարտի են դուրս գալիս՝ կռվելու, մինչև որ թուլացնում են ձեզ, և ամեն ջանք ու գործ կիրառում են, մինչև որ զրկեն և ստրկացնեն ձեզ:

Հենց նրանք էլ, ասում է, ձեզ դատարան են քարշ տալիս: Ոչ թե կամավոր (ըստ իրավունքի), այլ՝ ակամա և անիրավությամբ, այլ ոչ թե իրավունքով են քարշ տալիս ձեզ ատյան, ասում է, զրպարտելով և մատնելով դատավորի ձեռքը, տուգանքների և տանջանքների: Եվ թվարկելով մարմնավոր տանջանքները, որ կրում են հարուստներից, ապա խոսում է անխուսափելի աղետի մասին և արտասուքի արժանի խոսքեր ասում.

7. Ո՞չ նոքա հայհոյէն զբարւոք անունն՝ որ կոչեցեալ է ի վերայ ձեր:

Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչված եք դուք:

Բարի անուն Քրիստոսի անունն է կոչում, որով մենք էլ արժանացանք նրա անվամբ կոչվելու և թե որտե՞ղ կոչեց այս բարի անունով մեզ, կիմանանք ստորև. հայտնի է, որ առաջին անգամ Անտիոք քաղաքում Պողոսը և Բառնաբասը կոչվեցին քրիստոնյա աշակերտներ (տե՛ս Գործք. 12:26): Արդ, հարուստներն, ասում է, այսպիսի բարի անունը հայհոյում են, պախարակում և ծաղրում են այս ահավոր անունը՝ հրեշտակների համար պաշտելի, իսկ դևերի համար զարհուրելի, քանզի եթե դևերը երկյուղից խոստովանում էին [այդ անունը], որի կողմից հալածվում էին, ապա սրանք դևերից առավել լիրբ և հանդուգն կերպով հայհոյում էին այդ պարծանքի արժանի անունը, որով դուք կոչվեցիք:

Նորից, կարծում եմ, որ բարի անուն աղքատությունն է կոչում, քանզի այնքան բարի է, որ պարծանքի է արժանի, ուստի ոչ միայն մարդիկ են պարծենում դրանով, որ չափավոր են և գիտեն դրա երանությունը, այլև Տերն էլ մարդկանց և հրեշտակների առջև պարծենում է դրանով, նա, ով հարուստ է և շքեղ իր աստվածային բնությամբ, սակայն պարծենալով ասում էր. «Մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Մատթ. 8:20): Տեսնո՞ւմ ես Աստծու Բանի վերջին աղքատությունը, տեսնո՞ւմ ես ամեն ինչի Տիրոջ ծայրագույն խոնարհությունը:

Արդ, տես նաև նրանց կատաղությունը, քանզի այդպիսի պանծալի անունը հայհոյում են և խորշում նրանից: Դրա համար է ասում՝ Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչված եք դուք:

8. Ապա եթէ զօրէնսն կատարիցէք զարքունականս ըստ գրոց, եթէ սիրեսցես զընկեր քո իբրև զանձն քո, բարւո՛ք առնէք:

Ապա եթե կատարեք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ», լավ եք անում:

Արքայական օրենք ասելով նկատի ունի մովսիսական օրենքը, քանզի աստվածատուր էին և դաստիարակող: Ինչպես, օրինակ, երբ երկրավոր թագավորները հաստատուն օրենք են հանում, ոչ ոք չի կարող լուծարել այն, իսկ ովքեր որ լուծարում են, մահապատժի են ենթարկվում, և ովքեր որ պահում են արքայական պատվի են արժանանում: Արդ, ցանկանալով այդ հիշեցնել, արքայական օրենք է ասում, որպեսզի ոչ ոք մտացածին օրենք չհամարի սա, այլ՝ Սուրբ Գրքի պատգամ: Եվ այս վկայությունը Ղևտականից է վերցնում, որպեսզի լսողի համար դյուրըմբռնելի դարձնի, որ պահեն օրենքը՝ այնտեղից ուսանելով: Եվ նորից, ցանկանում է հանդիմանել լսողին, քանզի եթե օրինակում և ստվերում այդպիսի հավատ էին պահանջում. սիրել ընկերոջը սեփական անձի պես, ապա ինչպիսի՞ երաշխիք կպահանջվեր նորի և ճշմարտության մեջ, որտեղ ոչ միայն սիրելու հրաման տրվեց, այլև սեփական անձն ընկերոջ համար տալու:

Այդ պատճառով էլ ասաց. ապա եթե կատարեք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ», լավ եք անում: Օրենքի պատգամի առաջին պատվիրանից հետո երկրորդը սա է դնում, քանզի առաջին և մեծ [պատվիրանը] ամբողջ սրտով և ամբողջ զորությամբ Աստծուն սիրելն է, իսկ երկրորդը՝ ընկերոջը սեփական անձի պես սիրելը: Սա նաև Տերը հարցրեց օրինականից՝ համարելով առաջին մեծ պատվիրանը՝ Աստծու հանդեպ սերը, և երկրորդը, որ առաջինից է բխում՝ ընկերոջ հանդեպ սերը: Այնուհետև ասաց. «Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները» (Մատթ. 22:40): Արդ, եթե սրա համար ես պատվում հարուստին՝ սիրո օրենքով լցվելով նրա հանդեպ, ապա լավ ես անում և երանության ես արժանի:

9. Իսկ եթէ աչառիցէք, մե՛ղս գործէք՝ յանդիմանեալք յօրինացն իբրև օրինազանցք:

Իսկ եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ դատապարտվելով օրենքից որպես օրինազանցներ:

Եթե, ասում է, հանուն սիրո չեք պատվում հարուստին և ոչ էլ ըստ օրենքի պատվիրանի չեք սիրում նրան սեփական անձի պես, այլ հարկադրաբար՝ մարդկանց աչքին երևալու համար և նրա երեսին կեղծավորություն եք անում, ապա՝ մեղք եք գործում, և բամբասանքի եք արժանի, քանզի ասում է. դատապարտվելու եք օրենքից որպես օրինազանցներ: Քանզի օրենքը պատվիրում է նրա անձը սիրել, իսկ դու կեղծավորություն ես անում նրա առջև, բարեկամաբար ողջունում ես ու շողոքորթում, բարեպաշտ անվանում, սակայն մտքում բամբասում ես և անիծում, դրա համար հանդիմանվում ես օրենքի կողմից որպես օրինազանց: Քանի որ օրենքը որպես արտաքին կերպար չի սովորեցնում քեզ, այլ հակառակը, ազատ և սուրբ մտքով սիրել բոլորին թե՛ հարուստներին և թե՛ աղքատներին: Նույնիսկ եթե նա թշնամի լինի, կեղծավորաբա՛ր մի սիրիր նրան, այլ՝ սուրբ սրտով, քանզի ինչպես որ օրենքն ինքնին ազատ է այսպիսի կեղծիքներից, այդպես էլ ցանկանում է, որ դու լինես, իսկ եթե այդպես չվարվես, կդատապարտվես օրենքի կողմից որպես օրինազանց:

10. Որ ոք զամենայն օրէնսն պահիցէ, և միո՛վ իւիք ինչ գթիցէ, եղև ամենայն օրինացն պարտական:

Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին:

Այս լսելով, սիրելինե՛րս, զարհուրենք, աղաչում եմ, և ակնածենք պատվիրանից, քանզի սա առավել մեզ է ուղղված, քան նրանց: Ուստի եթե որոտման ձայնը կամ ցնցումը մարդու սիրտն այդքան երկյուղի մեջ է գցում և տագնապեցնում միտքը, ապա ինչպես է այս ձայնը դողացնում և տագնապեցնում իմ սիրտը: Եվ եթե նույնիսկ կատարող լինեինք և պատվիրանապահ, ապա սա լսելով պետք չէր արիանալ, այլ՝ երկյուղել ու դողալ և ահից խոնարհվել, իսկ երբ ծուլացել ենք և հեղգացել, որ ոչ ըստ պատվիրանների ընթացանք և ոչ էլ օրենքի ճանապարհով քայլեցինք, ապա ի՞նչ պիտի անենք: Որ եթե նույնիսկ մեկ պատվիրից սայթաքողը չի կարող խուսափել տանջանքներից, ապա մենք ի՞նչ հույս ունենք փրկության, որ բոլոր [պատվիրաններից] ենք սայթաքել:

Նա, ով պահում է ամբողջ օրենքը, ասում է, և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին: Եվ քանի որ ասաց, թե ամբողջ օրենքը կատարելն ընկերոջը սիրելն է, իսկ նա, ով աչառություն է անում, մեղք է գործում, և կհանդիմանվի օրենքից որպես օրինազանց, ապա ավելացնում է նաև այս, որ եթե ամբողջ օրենքը պահես և ընկերոջդ անձիդ պես չսիրես աննենգ մտքով, այլ աչառություն անես, ապա ի՞նչ օգուտ մնացածը պահելուց, քանզի եթե դրա մեջ թերացար, ապա պարտական կլինես օրենքի առաջ:

Այնուհետև հերթով ներկայացնում է օրենքը, և այն, թե ի՞նչ օգուտ են տալիս:

11. Զի որ ասացն՝ ասէ, թէ մի՛ սպանանիցես, ասաց թէ և մի՛ շնայցես. զի եթէ սպանանիցես ո՛չ՝ բայց շնայցես, եղեր յանցաւո՛ր օրինացն:

Որովհետև նա, ով ասաց, թե՝ «Չպիտի սպանես», նաև ասաց, թե՝ «Եվ չպիտի շնանաս», քանզի եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ:

Սրանով ցույց է տալիս, թե նույն օրենքի տվողն է, և ուրիշ կամք չունի, այլ կարգ հաստատեց և օրենքին հետևել պատվիրեց՝ մի օրենքով մյուսը կատարել, որովհետև դրանք անբաժանելիորեն միահյուսված են միմյանց: Այդ պատճառով էլ գլխավորներն է սահմանում, որպեսզի դրանցով նաև մյուսները սովորեցնի: Քանզի այս երկու ցանկությունները այլ ախտերից առավել հանցավոր են դարձնում մեզ Աստծու առաջ, այդ պատճառով էլ առաջինը սրանց դեմ է օրենք սահմանում՝ ասելով. մի՛ սպանիր, և մի՛ շնացիր: Նույն ձևով նաև այստեղ, ցանկանալով մի թերությամբ ամբողջ օրենքը հայտնել, ասում է. ով ասաց, թե՝ «Չպիտի սպանես», նաև ասաց, թե՝ «Եվ չպիտի շնանաս»:

Արդ, եթե այդ մեծագույնից վախենաս դատաստանի համար և ձեռքդ հեռու պահես սպանությունից, սակայն շնությունից չհրաժարվես, ապա օրենքի առաջ հանցավոր կլինես: Եվ դա է հայտնում նաև մեծն Դավիթը, քանզի սպանությունից չառաջացավ շնությունը, այլ շնությունից հետո՝ սպանությունը: Ուստի ի՞նչ օգուտ եղավ նրան, որ նախապես հեռու մնաց Սավուղի և Սեմեի արյունից, սակայն, երբ չզգուշացավ շնությունից, ապա ամեն ինչում պարտական եղավ: Այդ պատճառով էլ ասաց. եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ:

Այսինքն՝ լուծարել օրենքը՝ արհամարհելով օրենսդրին, որովհետև այս նույն միտքն արտահայտելով նաև Պողոսն է հանդիմանում՝ ասելով. «օրենքով պարծենում ես՝ օրենքը խախտելով Աստծուն ես անարգում» (Հռոմ. 3:23): Տեսնո՞ւմ ես, թե ինչպես են այս երկուսը միավորվում օրենքը պահելու համար, և նման բաները, ինչպես օրինակ, Աստծու պատվիրանների թերակատարություն, օրենքի առաջ հանցավոր են ցույց տալիս:

12. Այնպէս ասէ խօսեցարո՛ւք՝ և այնպէս արարէ՛ք,

Այնպե՛ս խոսեցեք և այնպե՛ս գործեցեք,

Այնպե՛ս խոսեցեք. ինչպե՞ս, այնպես, ինչպես օրենքն է սովորեցնում. սիրել ընկերոջը սեփական անձի պես, և միայն սպանությունից հեռու մնալով՝ շնությամբ չապականվել: Եվ այն օրենքը, որ ասում է մի՛ շնացիր, նաև ասում է՝ մի՛ գողացիր, և որ ասում է մի՛ գողացիր, նաև ասում է՝ սուտ վկայություն մի՛ տուր, քանզի միայն սրանցից մեկը պահելով օրենքը լուծարվում է:

Այնպե՛ս խոսեցեք, ասում է, և այնպե՛ս գործեցեք. ձեր խորհուրդներն, ասում է, խոսքերն ու միտքը թող լինի միայն օրենքի մասին ստուգությամբ խոսելը, և այդ նույն օրենքով մարդկանց ու ընկերներին խրատելը և հորդորել, որ ըստ օրենքի գործեն, դրա համար ասում է. այնպե՛ս խոսեցեք: Մի առերևույթ բարեկամի պես հանդիմանի՛ր և քաղցր խոսքով դյութի՛ր լսողների մտքերն ու ականջները, իսկ հետո թշնամու գործն արա:

Այլ՝ խոսել այն, ինչ վայել է օրենսդիրին, քանզի նա աննենգ է և անսուտն, և նենգավորն ու երկմիտը հեռու են նրանից, իսկ նա, ով ճշմարտություն է խոսում, Աստծու զորությամբ է խոսում: Այդ պատճառով էլ խրատում է. այնպե՛ս խոսեցեք, որ ձեզ մերձավոր և հաղորդակից դարձնեք Աստծուն:

Որպէս զի ազատութեան օրենօքն իցէք դատելոց:

Որպես թե ազատության օրենքով եք դատվելու:

Վերում ասացինք, որ ազատության օրենքն Ավետարանն է, քանզի Ավետարանով ազատվեցինք հայրենատուր ավանդության ունայնությունից, և օրենքները մեզ Ավետարանին էին նայել տալիս: Եվ քանի որ սա հայտնվեց, ապա նա [օրենքը], որ մարդկանց ազատելու կարողություն չուներ, տեղը զիջեց նրան և հեռացավ: Արդ, ասում է, ըստ առաջին օրենքի չեք դատվելու, այն [օրենքի], որ փոքր մեղքի համար հրամայում էր մարմինը մասնատել, քանզի, ինչպես որ պարգևներն էին մարմնավոր, այդպես էլ պատիժներն էին մարմնավոր:

Իսկ Ավետարանի պարգևները երկնավոր են և աստվածային, և մենք, որ ընդունեցինք, իրապես վայելեցինք և երկնավոր առաքինություններին ձեռնամուխ եղանք, և եթե չանենք այնպես, ինչպես որ մեզ պատվիրված է և չխոսենք նրա մասին, ինչ որ ուսուցանվեց մեզ, ապա ազատության օրենքով կդատապարտվենք: Այսինքն՝ որ Ավետարանն ուսուցանեց այգու մշակների առակով, կամ տաղանդը թաքցնողի և հարսանյաց զգեստները չսպիտակեցնողի օրինակով:

Ահա սա է ազատության օրենքով դատապարտվելը հեղգացողների և ծույլերի համար: Քանզի եթե մեկը Մովսեսի օրենքն արհամարհեր, ապա անողորմ դատաստանի կարժանանար, ապա որքա՞ն առավել պիտի դատապարտվեն նրանք, ովքեր ոտնահարում են ազատության օրենքը: Կամ նորից ասում է, որ ազատ էին օրենքով մարդահաճությունից, կեղծավորությունից և անմիաբան լինելուց: Արդ, եթե դուք այսպիսի ախտերով ղեկավարվեք, ապա նույն այդ օրենքը, որ ազատ է սրանցից, վկա է, ասում է, դատավորի առաջ, որ դատապարտության եք արժանի:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորիՄեկնություն կաթողիկե յոթ թղթերիԿոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

25.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․