19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Հակոբոս 3.14-16

14. Ապա եթէ նախանձ և դառնութիւն և հակառակութիւն ունիցիք ի սիրտս ձեր, մի՛ պարծիք սուտ առնել զճշմարտութիւնն:

Իսկ եթե ձեր սրտերում դառը նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը:

Երբ ասաց, թե իրական իմաստունն այն է, ով ճշմարիտ իմաստությանը նայելով, ըստ դրա հեզության ուղղում է իր ընթացքը և բարի գործերով բոլորին ցույց է տալիս իր իմաստությունը:

Ապա մի ուրիշ երկյուղ է առաջ բերում, և ճշմարիտ իմաստության հակառակը մեջբերելով՝ ասում է. իսկ եթե ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք: Այս կրքերից յուրաքանչյուրը, երբ իրենց են ծառայեցնում որևէ հոգու, ապա կարող են արատավորել նրան, և հատկապես՝ իմաստուններին, քանզի իմաստունը պարտավոր է ազատ լինել նախանձից, դառնությունից, հակառակությունից, ոխակալությունից, և ապա նոր իրական իմաստուն կլինի: Իսկ եթե չարախոսությունը, նախանձը, դառնությունը, հակառակությունը կուտակած պահում է իր սրտում, ապա թո՛ղ չպարծենա այդպիսին, որ սուտ է հանում ճշմարտությունը:

Արդ, ճշմարտությունը անմասն է այս ամենից, և դատապարտում է այդպիսի չարիքները, ինչպես որ ասում է. «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմս. Սող. 2:24), և թե՝ «Ամեն դառնություն և բարկություն ձեր բերանից թո՛ղ չելնի» (հմմտ. Եփես. 4:29, 31), և թե՝ «Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփես. 4:30), ասաց Առաքյալը, և նորից. «Եթե մեկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորություն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները» (Ա Կորնթ. 11:16):

Տեսնո՞ւմ ես, թե ինչպես են ճշմարտության կողմից դատապարտվում այսպիսի չարիքները. մեկը որպես մահվան պատճառ ցույց տալով, մյուսը՝ Սուրբ Հոգու տրտմության, իսկ երրորդը՝ Աստծու սուրբ եկեղեցուց և Սուրբ Գրքի սովորությունից օտար համարելով:

Արդ, եթե մեկն իր սրտում այսպիսի բաներ է կուտակել, թող չպարծենա, թե ըստ Աստծու իմաստուն է, այլ օտար է այսպիսին ճշմարտությունից և լեցուն է հակառակ բաներով ու վայր է բանսարկուի համար: Եվ հատկապես, որ ինքն իրեն իմաստուն է համարում ըստ Աստծու, և դրանով պարծենում է, և անխտիր կենցաղավարում այդ ախտերի մեջ, ապա իսկապես սուտ է հանում ճշմարտությունը:

15. Ո՛չ է իմաստութիւնս այս իջեալ ի վերուստ. այլ երկրաւո՛ր՝ շնչաւոր՝ և դիւական:

Այս իմաստությունը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրավոր է, մարմնավոր և դիվային:

Դու, ասում է, այնպես ես պարծենում և վստահ ես, որ երկնավոր իմաստություն ունես և այն կրում ես քո մեջ, բայց ես, ասում է, կասեմ քեզ, որ այնպիսի իմաստությունդ, որը նախանձ, դառնություն և հակառակություն է ծնում քո մեջ, ոչ միայն երկնքից իջած չէ, այլ՝ երկրավոր է, մարմնավոր և դիվային: Տեսնում ես, թե որքան միջոցներով է հեռացնում Աստծուց այդպիսի իմաստությունը և տանելով՝ կանգնեցնում դևերի մոտ: Երկրավոր ասելով ցույց է տալիս, որ երկնային շնորհներից ոչ մի մաս չունի: Իսկ մարմնավոր՝  ցույց տալու համար, որ օտար է Հոգուց: Առաքյալն ասում է, թե. «Ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար» (Ա Կորնթ. 2:14): Իսկ դիվային է ասում, որպեսզի ուսուցանի, որ այսպիսի իմաստությունները, որ երկրավոր են, մարմնավոր, դևերի հորինածն են:

16. Զի ուր հեռ և նախանձ, ա՛նդ է անկարգութիւն՝ և ամենայն իրք չարք:

Որովհետև, ուր հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան:

Երբ հավաստիացրեց, որ այս իմաստությունը, որը խառնված է տարատեսակ չարիքների հետ, դիվային է, ապա հայտնում է. ուր հակառակություն և նախանձ կա, այսինքն՝ սրտում, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան: Ամեն չարիքների մորը՝ անկարգությանն է մեջբերում, այսինքն՝ նախանձը, քանզի անկարգություն ասելով նկատի ունի ամեն տեսակ բարիքների պղծումն ու ապականումը, քանզի այնտեղ, որտեղ անկարգություն է, այնտեղ ամեն ինչի խառնաշփոթ է, իսկ խառնաշփոթը կործանման սկիզբն է, և կործանումն էլ դիվային գործ է:

Տեսնո՞ւմ ես, թե որտեղից սկսեց և ուր հասցրեց խոսքը: Եվ ասելով. ամեն չար բան, հայտնում է, որ ոչ մի պակաս բան չունի չարից, որ իր սրտում կուտակած չլինի, քանզի ով իր մեջ ունենա մարմնավոր և դիվային իմաստություն, ապա դրանից կառաջանա նախանձ, նախանձությունից՝ անկարգություն, իսկ անկարգությունից էլ ամեն չար բան, և այս ամենը ներս ընդունելով, ընդունում է նաև դևերին՝ ամեն տեսակ չարիքների վարդապետներին: Այդ պատճառով էլ չարը հոգնակի է դնում և ոչ թե եզակի:

Հորդորակ

Արդ, սիրելինե՛րս, այս ամենն իմանալով, զգուշությամբ ընտրություն կատարենք իմաստությունների մեջ, որպեսզի չլինի թե ճշմարիտ իմաստության հետքերից շեղվելով՝ մոլորվենք և երկրավոր, մարմնավոր և դիվային իմաստության հետևից գնանք:

Ուստի միշտ զարհուրում և տագնապում եմ՝ մեր բոլորի մեջ անխտիր տեսնելով այս իմաստության պատճառները, և թվում է, թե ինքներս մեզանից բան ենք ներկայացնում և մարդկանց առջև կեղծավորելով, մենք մեզ ախտերից ազատ ենք ցույց տալիս, բայց ահա ռամիկից ավելի անարգ ենք գտնվում, ինչպիսի՜ չարիք: Եվ այս ամենով հանդերձ հանդգնում ենք մեզ իմաստուն վարդապետ համարել, երբ նույնիսկ աշակերտի աստիճանի չենք հասել, որովհետև անկարգաբար ընկնում ենք ամեն տեսակ աղտեղությունների մեջ՝ չարության, նախանձի, դառնության, կռվարարության, գրգռության, ամբարտավանության, փառասիրության, ագահության, արծաթասիրության, կեղծավորության, չարակնության, ատելության, ոխակալության, բարբաջանքների, բամբասելու, չարախոսության, երկերեսանիության, սուտ երդման, որովայնամոլության, արբեցողության, մարդահաճության, իշխանասիրության և նմանատիպ բազում այլ բաների մեջ:

Եվ այդ պատճառով որպես ստրուկներ կամ կերուխում սիրողներ ջորիներով ենք շրջում, և իշխանների դռներն ընկնում ու պարիսպների վրա քարոզում, և հրապարակներում համարձակորեն խոսում, ո՛չ Աստծու փառքի համար ենք գործում և ո՛չ էլ՝ ընկերոջ օգուտի, այլ՝ մեզ փառավորելու և մարդկանց կողմից վարդապետ կոչվելու: Եվ այդ պատճառով էլ անհամացանք, և ոչ միայն ոտնատակ եղանք մարդկանց կողմից, այլև մեղքերի տարատեսակ ախտերի, և ծառա դարձանք փառասիրությանը:

Ամեն ինչով ջանում ենք նմանվել օտար փիլիսոփաներին, որոնք գոռոզանում էին վերարկուով և խիտ մորուքը տարածելով, և իրենց գլուխները պատվելով, ու պարծենում իրենց աշակերտներով: Սակայն սրանցից առավել վատը եղանք մենք, քանզի թեև նրանք այսպիսի բաներում տգետ էին, սակայն ուսման համար ջանք չէին խնայում և շատ նեղություններ էին կրում. կարասի մեջ էին մտնում, լուռ էին մնում, այնպիսի հեռավոր քաղաքներ էին գնում, որտեղ կատարյալ իմաստուններ կային: Եվ թեև այդտեղ աստվածային գրքեր չէին ուսանում, այլ՝ մի բան ասելու կամ նոր բան սովորելու համար մեծ ծախսեր էին անում, և երկար ժամանակ ուսման մեջ էին անցկացնում՝ մինչև ճանաչեին իմաստությունն իր բոլոր մասերով: Եվ այս ամենն ավարտելուց հետո միայն իմաստասեր էին կոչվում:

Իսկ մենք այդպիսին չենք, այլ դեռևս նոր սկսած լինելով և եռանդուն, նախքան սովորելը գավազան ենք պահանջում և սկսելուց առաջ աթոռների տեղերն ենք փնտրում: Եվ քիչ օրեր ուսման մեջ անցկացնելուց հետո, ոչ թե աշխատելով, այլ մի տասը-քսան բանի մասին կցկտուր տեղեկացված լինելուց, և ոչ թե կատարյալ ուսանելուց հետո այնպես ենք գոռոզանում և հպարտանում՝ մեզ իմաստասեր համարելով, որ Վերնատան մեջ Սուրբ Հոգու շնորհներն ստացածներն անգամ այդպես չարեցին: Այդ իսկ պատճառով էլ սովորելու մեջ ծույլ ենք, իսկ սովորեցնելու մեջ՝ արագ, կարդալու մեջ դանդաղ և փիլիսոփայելու մեջ՝ արագ:

Եվ այս ծուլության հետ մեկտեղ գրքեր ենք հավաքում ոչ թե ընթերցելու և քննելու համար, ըստ Աստծու պատվիրանների խորհելու և իմանալու համար իմաստունների ճառերը, խոսքերն ու առակները, այլ որպեսզի անուն և կոչում ստանանք: Ոչ մի օգուտ չենք ստանում դրանցից, այլ հակատակը՝ առավել դատապարտվում ենք, քանզի կա՛մ ընդհանրապես չենք ընթերցում դրանք, կա՛մ ընթերցում ենք, սակայն ոչ մի օգուտ չենք ստանում, որովհետև առանց ուսման և մեծ ջանք թափելու՝ գրքերի իմաստն ընկալելն անհնար է: Ուստի, ի՞նչ օգուտ մեկին փակված աղբյուրից կամ թաքցված գանձից, եթե ծարավ է կամ աղքատ, նույնն է, երբ առանց ուսանելու միայն գիրք են հավաքում:

Սրանցից ոմանք արհամարհում են նախորդների կարգադրությունները, ոմանց՝ աղոթքի կարգերը, մյուսների՝ պահեցողության կարգը, ուրիշների էլ՝ տոնակատարությունները, և ջանում են նոր կարգ ու կանոն ներմուծել՝ չվախենալով նրա դատաստանից, որ ասում է. «ցանկապատ քանդողին կխայթի օձը» (Ժող. 10:8): Նոր դպիրներ ու փարիսեցիներ և Քրիստոսի հանդիմանությանն արժանացողներ են նրանք, ովքեր արտաքինը գեղեցիկ կերպով լվանում են, սակայն ներքուստ լի են անառակությամբ, անժուժկալությամբ և ամեն տեսակ պղծություններով, որոնք «ծանր և դժվարակիր բեռներ են դնում մարդկանց ուսերի վրա, սակայն իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք» (Մատթ. 23:4):

Ոմանք պատվիրաններից շատերը լուծարում են՝ արհամարհելով և ոչ մի խղճմտանք չունենալով, մի մասը [պատվիրանների] սաստկության պատճառով խեղդվում են, մյուսներն էլ գահավիժում՝ թուլության պատճառով, և երկուսն էլ արտասուքի են արժանի, որովհետև մարդահաճության և փառասիրության պատճառով ընկան դրանց մեջ: Մի մասը, որ կրոնավոր և խստակյաց երևան՝ պատվիրվածից շատ են պահում, իսկ մյուսներն էլ քաղցր և ողորմած երևալու համար պատվիրաններից շատերը լուծարում են՝ իրենց անձերի համար հանդիմանություն և լսողների համար դատապարտություն հանդիսանալով:

Իսկ ովքե՞ր են նրանք, որ հրաման ստացան միջին՝ արքունական ճանապարհով ընթանալ՝ առանց աջ ու ձախ շեղվելու: Ուստի մենք, հանուն անվան կամ կործանարար արծաթի, երկու կողմն էլ թեքվում ենք, և դուրս ենք ընկնում արքունական ճանապարհից, որն առանց կեղծավորության պարզություն է, և այս ամենի հետ մեկտեղ մենք՝ երկնավոր եղբայրներս, միմյանց վիրավորում ենք՝ չիմանալով, թե ում հոգուց ենք: Դրա համար նախանձում ենք միմյանց և ատում իրար, թշնամանում ենք և բամբասում, հակառակությամբ ենք վարվում մեր ուսումնակիցների հետ, և ընկերոջ շնորհը ցավ է պատճառում մեզ և նրանց մասին գովասանքի խոսքերը խոցում են մեր սրտերը, իսկ նրանց առաջադիմությունը վշտացնում է մեզ, և նրանց պատիվը մեզ որպես անպատվություն ենք համարում: Այդ պատճառով չարախոսում ենք նրանց մասին՝ ապաշնորհ, աշխարհասեր, սնափառ, մարդահաճո, կեղծավոր, խռովարար, հպարտ և ամբարտավան ասելով և ամեն տեսակ անպատի անուններ վերագրելով նրանց:

Եվ եթե Սուրբ Հոգու աշակերտներս այսպես ապականվում ենք, ապա ո՞վ կարող է ազատվել այսպիսի աղտերից: Ուստի, եթե արդարև Հոգուց լինեինք, ապա պետք էր մեր մեջ Հոգու հեզությունն ունենայինք և բոլորին սիրելի լինեինք, բոլորին մեր անձերի պես սիրեինք, բոլորի հոգու վերքերը մերը համարեինք: Լացեինք լացողների հետ, և ուրախանայինք ուրախացողների հետ, որպեսզի մենք էլ կարողանայինք Պողոսի հետ ասել. «Կա՞ տկար մեկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞ գայթակղված մեկը, որի համար իմ սիրտը այրված չլինի» (Բ Կորթն. 11:29): Սակայն սրանցից անչափ հեռացանք, և թերևս մեզ համար ասվեց հեռվից Աստծու ձայնը, ինչը լացի և արտասուքի է արժանի, թե. «Իմ Հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. 6:3): Եվ այդ պատճառով շնչավոր դարձանք և հողի հետ կապվեց մեր իմաստությունը և հատկապես՝ տգիտությունը:

Բայց երանի թե իմաստուն լինեինք, թեկուզ երկրավոր, բայց ոչ շատախոս և դատարկախոս, քանզի երկրավոր իմաստությունն էլ բնության բարեկարգման համար պակաս նպաստավոր չեղավ: Ուստի, թե՛ քաղաքական օրենքները, թե՛ դատավարական խնդիրները, չափն ու կշիռը, վաճառականության, առևտրական փոփոխությունները և սրանց նման շատ բաներ դրա միջոցով իրագործվեցին: Արդ, այս չունենք, և երկնավորից էլ վաղուց հրաժարվել ենք, և մեր պատճառով եկեղեցու օրենքներն էլ խաթարվեցին, և մարդիկ անկարգության մեջ ընկան: Ուստի, եթե կանոնը սխալ լինի, ապա որքան առավել նրանք [սխալ կլինեն], ովքեր դրանով են ուղղվում, նույնպես նաև մենք, որ տգետների առջև մեզ կանոնագետ և գրքերի աշակերտ ենք ցույց տալիս, սակայն անկիրթ մարդուց առավել վատ ենք վարվում միմյանց և ուրիշների հետ, իսկ նրանք, ովքեր մեզ աշակերտում են, ինչպիսի՞ անկարգությունների մեջ չեն ընկնի և չարի մեջ չեն հաստատվի՝ իրենց մեղքերի օրինակ և պատառ ունենալով մեզ:

Եվ քանի որ աղի մորմոքող բնությունը մի կողմ թողեցինք և անհամացանք, այդ պատճառով էլ ոտքերի կոխան և ծաղր ու ծանակ եղանք ամբողջ աշխարհի առջև, և Աստծու անունն ու վարդապետությունը մեր պատճառով հայհոյվում է հեթանոսաբարո մարդկանց կողմից: Եվ իրոք, ինչպիսի՞ չար անուն նրանց կողմից մեզ վրա չդրվեց, և ոչ թե անիրավացի, այլ՝ արդարացիորեն: Մեզանից ոմանց բամբասում են որպես անգութ և ագահ, ոմանց՝ հպարտ և ամբարտավան, ոմանց՝ գազանաբարո և անկիրթ, ոմանց՝ որկրամոլ և շռայլ, ոմանց՝ կեղծավոր և մարդահաճո, ոմանց՝ ման եկող և թափառաշրջիկ, ոմանց՝ վավաշոտ և ցանկասեր, մի մասին՝ արծաթասեր և հարստության գերի, մյուներին՝ քնասեր և ծույլ, ուրիշներին՝ իշամեղու և այլոց աշխատանքի հաշվին ապրող:

Եվ ճշմարտապես մեզ վրա կատարվեց Դավթի մարգարեությունը, որն ասում է. «Մեր հարևանների նախատինքին արժանացրիր մեզ և մեր շուրջը գտնվողների խայտառակ ծաղրուծանակին» (Սղմ. 43:12), ինչպես նաև Մովսեսի մարգարեությունը. «Նրանք ինձ բարկացրեցին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց կանհանգստացնեմ իրավ ազգ չեղող մարդկանցով» (Բ Օրին. 32:21): Ուստի եթե այդքան վատթար չլինեինք, նրանց կողմից չէինք ծաղրվի, հակառակ դեպքում եթե ծաղրանքի ենթարկվեինք, ապա երանության կարժանանայինք:

Ինչո՞ւ մեր առաջին վարդապետներին չէին նախատում և բամբասում, և հատկապես այն երանելիներին, որ մեր աչքերով տեսանք, այլ սիրում և պատվի էին արժանացնում, և հրեշտակներից մեկն էին համարում նրանց, քանզի մեզ պես անիրավ չէին և Աստծու խոսքի վաճառական, այլ նրանց յուրաքանչյուր խոսքն ու գործը Աստծու կամքի համաձայն էր և Աստծու համար: Ուստի նրանք աղ էին պիղծերի, լույս՝ սրբերի համար, և առավել գործով էին վարդապետում քան խոսքով: Եվ եթե պատահեր, որ մարդկանցից մեկը նախատեր նրանց, սակայն դա էլ հանուն Աստծու, հանդիմանական խոսքն ու անաստվածներին սաստելու համար էր լինում, ինչն էլ նրանց երանություն էր համարվում, ըստ տերունական պատվիրանի: Իսկ մեր կրած նախատինքը ոչ մի մխիթարություն չունի, այլ ողբի և վայի է արժանի, քանզի մեր աղտեղությունների պատճառով ենք նախատվում նրանց կողմից, ովքեր գայթակղվում են մեզանից, այդ պատճառով էլ երկնաքարի ենք արժանի, թեև չենք զարհուրում Քրիստոսի դատաստանից, որ ասաց. «Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկնաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը» (Մատթ. 18:6), և նորից. «Գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18:7):

Արդ, այս ամենը լսելով, եղբայրնե՛ր, նայենք մեզ վրա և սթափվենք սաստիկ արբեցությունից, եթե կարելի է մեր վիճակը արբեցություն անվանել, այլ ոչ թե խելագարություն, և ուշադիր լինենք մեր անձերի համար: Եվ յուրաքանչյուրս մեր սովորական մեղանչումները մի կողմ թողնելով՝ վարդապետներին հետևենք, և հատկապես՝ նմանվենք նրանց ամեն տեսակ բարեկրթությամբ: Առավել ևս Սուրբ Գրքի ընթերցվածը մտապահենք, մեր միտքն ու աչքերի լույսը նրա վրա օգտագործելով, որպեսզի այն լինի մեզ թե՛ կերակուր և ըմպելիք, թե՛ գանձ և հարստություն, թե՛ փառք, զորություն և հանգստություն: Եվ սրանք ոչ թե ես, այլ Պողոսն է պատվիրում ձեզ, և հատկապես՝ Պողոսի Տերը, ուստի նա էլ գրեց իր աշակերտին՝ ասելով. «Հետամտի՛ր Աստծու խոսքը ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին: Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մեջ է» (Ա Տիմ. 4:13-14), իսկ Տերն ասում է. «Քննեցե՛ք գրքերը» (Հովհ. 5:39):

Արդ, մենք էլ հետևենք այս խրատներին, աղաչում եմ, և նմանատիպ բոլոր թերություններն իրապես ուղղենք և վերացնենք բոլոր պատճառները, և խորհենք Աստծու պատվիրանների մասին՝ տանը նստելիս, թե ճանապարհ գնալիս, քնած թե արթուն, դրանք գրենք մեր տների մուտքի և դռների վրա (տե՛ս Բ Օրին. 6:7-9), և այսպիսի իմաստությամբ այլ առաքինություններ էլ իսկապես զգուշորեն կատարենք, որպեսզի արժանանանք խոստացված բարիքներին, շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Որի հետ նաև Հորը համագո և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

07.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․