Գրքեր

Հակոբոս 3:5-6

5. Սոյնպէս և լեզուս՝ փոքր ինչ անդամ է՝ և զմեծամեծս բարբառի:

Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում:

Ըստ օրինակի էլ հանդիմանել է սկսում, քանզի այնտեղ ասաց, թե այն մեծ և հսկայական [նավը] մի փոքր թիի միջոցով այս ու այն կողմ է թեքվում ըստ նավավարի կամքի, իսկ այստեղ լեզուն, որ մարմնի փոքր անդամ է, սակայն թիի պես է, ասում է: Ուստի նա ոչ ձեռքի պես երկար է, ոչ ոսկորների պես կարծր, ոչ ոտքի պես հաստատուն է և ոչ էլ գլխի չափ մեծ, այլ տկար է և բարակ, փափուկ է և հեշտությամբ շարժվող, սակայն մեծամեծ բաներ է բարբառում, և այնքան մեծամեծ, որ մարդու ուժը չի կարող պատել: Եվ մեծամեծ է ասում նրա գործերը, քանզի ոչ ոք չի կարող ճանաչել, իմանալ նրա մեծությունը, այդ պատճառով էլ հայտնի օրինակ է բերում՝ ցույց տալով այն չարիքի մեծությունը, որ լեզվի միջոցով է գործվում:

Ահաւասիկ և սակաւ ինչ հուր զո՞րպիսի անտառս հրդեհէ:

Ահա թե մի փոքր կրակը ինչպիսի՞ անտառներ է հրդեհում:

Ինչպիսի ասելով նշանակում է բազմաթիվ անտառներ, սաղարթախիտ մայրիներ, խիտ և ծառաշատ, երկայնաճյուղ, իսկ կրակն այնքան փոքր է, որ աչքն հազիվ է նշմարում, սակայն երբ անտառի մեջ է ընկնում, մի ակնթարթում ամեն ինչ հրդեհում է և ապականում:

6. Եւ լեզու հուր՝ զա՛րդ անիրաւութեան:

Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության:

Կրակն ինքնին, իր չափի մեջ կրկնակի պիտանի է. մեկը, որ տաքացնում է և կերակուր պատրաստում, իսկ մյուսը լուսավորում է, որով ճանաչում ենք նրա զարդարուն վայելչությունը, իսկ երբ պետք եկածից առավել ուժգնանում է, ապա մոտ է անիրավությանը, քանզի արդեն վնասատու է, այլ ոչ թե զարդարող:

Նմանապես նաև լեզուն, երբ անհրաժեշտաբար է օգտագործվում, ինչպես կրակը, բարեպաշտության զարդ է, իսկ երբ առավելանում է չարությամբ, ապա, կրակի պես, մի աշխարհ անիրավություն է դառնում: Անիրավությունն ինքնին խավար է, և բոլորին ծանոթ է որպես չարիք, իսկ լեզուն կրակի պես վառվելով՝ լուսավորում է նրան և բոլորի առջև զարդարված և տենչալի է ցույց տալիս: Ապա հաջորդ խոսքում ցույց է տալիս նրա մյուս վնասակար կողմերը՝ ասելով.

Լեզու հաստատեալ է յանդամս մեր, որ զամենայն մարմինն ապականէ:

Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը:

Արարիչն այն մեր մարմնի մեջ հաստատեց ոչ թե նրա համար, որ կորստյան պատճառ դառնա մեզ համար, այլ Տերը մեզ պարգևեց այն՝ որպես մեծ մարդասիրության նշան, որպեսզի կատարյալ և անթերի միտքը դրա վրա իմաստուն ներգործություն ունենա, ընդ որում այն նուրբ է և հեշտ շարժվող, որպեսզի ամեն տեսակ բարի գործերի համար հնարավոր լինի շարժել այն և հատկապես՝ աղոթքի և Աստվածության խոստովանության, որի շնորհիվ էլ կարողանանք տնօրինել մեր փրկությունը:

Սակայն մարդկային ծուլության առաջ գալը և մտքի բարիքներից զուրկ լինելը լեզվի վրա բարի ներգործություն չունեցան, և այն, որ փրկության պատճառ էր, բնության համար ապականության միջոց դարձավ: Այդ պատճառով էլ ասաց.

Լեզու հաստատեալ է յանդամս մեր, որ զամենայն մարմինն ապականէ, և վառէ հրով զանիւ ծննդեան, և բորբոքեալ տոչորի ի գեհենի:

Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով:

Այդքան էլ հստակ չէ խոսքի իմաստը, և հեշտ չէ գտնել սրա ճիշտ մեկնությունը, սակայն այն, ինչ ես մտածում եմ, տարակուսանքով կասեմ:

Ամբողջ կյանքը. կարծում եմ, որ սկզբում ամբողջ մարմինն ասաց, իսկ այստեղ ամբողջ կյանքն ասելով նորից նույնն է ցանկանում ասել: Քանզի կատարյալ անդամների և զգայարանների թվով անիվի պես մի շրջան է կազմվում և ծննդյամբ ի հայտ գալիս ու ժամանակի մեջ գլորվում, և լեզվի ոչ բարի շարժման պատճառով կրակի պես վառվում է՝ բորբոքված գեհենի կրակով:

Կամ նորից՝ անիվ է կոչում խոսքը, որը մտքի ծնունդ է և լեզուն է սպասավորում, քանզի կլոր է ամեն խոսք, ըստ տեսակի և ըստ ձևի, և ըստ լսողության՝ ընդունողների համար, քանզի անիվի պես ծնվելով մտքում պտտվում է և ընկնում լեզվի վրա, իսկ նա իր չարությամբ կրակի պես վառում է խոսքը, որը մտքի ամբողջ կյանքն է, և բորբոքելով՝ վառում է միտքն ու հոգին ինչպես գեհենի կրակով:

Արդ, իմ մտքում սա առաջացավ ասել, և եթե մեկը կարող է ավելի լավ միտք արտահայտել Սուրբ Հոգու ներգործությամբ, ապա թող մեզ չմեղադրի:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

11.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․