Գրքեր

Հակոբոս 4.1

Ուստի՞ պատերազմունք ի ձեզ, և ուստի՞ կռիւք. ո՞չ ապաքէն յայդպիսի ցանկութեանց ձերոց, որ զօրացեալ են յանդամս ձեր:

Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ:

Կարծում եմ այստեղ նորից մեր միտքը կենտրոնացնում է այն բանի վրա, որ մենք՝ մարդիկս երկու մասից ենք բաղկացած՝ հոգուց և մարմնից, և երկակի է նաև մեր հանդեպ մղվող պատերազմն ու կռիվը, այն կարող է լինել ներքին և արտաքին: Այդ պատճառով էլ ասաց. այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ:

Ինքը հարցնում է և ինքն էլ պատասխանում որպես իմաստուն և փորձառու բժիշկ, որ հարցնում է հիվանդին հիվանդության պատճառների մասին, որը, սակայն, չի կարողանում պատմել, և ինքը ցավի տեսակը իմանալով և երակների շարժումը քննելով՝ գտնում է ճիշտ պատճառը և նրա առջև դնում: Նույնպես նաև այս երանելին, հմուտ լինելով հոգևոր բժշկության մեջ, հարցնում է նրանց ցավի պատճառները, և իմանալով, որ պատասխան չի ստանալու, ինքն է հարկադրվում պատասխանել և մեջբերել պատճառները: Եվ քանի որ մարդ էր և ծանոթ մեր բնությանը, և գիտեր ախտածին պատերազմի պատճառները, որ կարող է հիվանդացնել մեր բնությանը, ասում է.  այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մեղում ձեր անդամների մեջ:

Ինչպես սկզբում ասացինք, նորից այդ պատերազմն է ցույց տալիս, բայց նախ քննենք, արդյոք նույն բանն են կռիվն ու պատերազմը, թե տարբեր են: Կարծում եմ, թե նույնը չեն, այլ տարբեր են, քանզի պատերազմն այն է, որ սպառազինված միմյանց են խառնվում, գործնականում խոցում են իրար և սպանում, իսկ կռիվն այն է, որ լեզվով և խոսքերով է իրագործվում՝ միմյանց հանդեպ թշնամանալով և կշտամբելով: Բայց շատ դեպքերում լինում է, որ կռվով սկսում են և պատերազմով երկարում, և այս երկուսն էլ մեր բնության մեջ են ու բնությունից դուրս:

Բնության մեջ [լինում է այնպես], ինչպես կրքերի ու վավաշոտության դեմ պատերազմում, որ սկսվում է այն ցանկության պատճառով, ինչը զորացել է մեր անդամների մեջ, և մտքին՝ մեր բնության դատավորին, գերեվարած տանում է, և ապա հոգուն անխնա խոցոտելով՝ սպանում: Իսկ խորհուրդների վեճերն ու կռիվներն ո՞վ կարող է թվարկել, քանզի խոսքի նման բազմաթիվ անգամներ վեր են բարձրանում, գործով պատերազմելով հոգու դեմ և սպանում նրան որպես դյուրահավան թշնամի և անողորմ հարևան:

Եթե ցանկանա խոսել նրա դեմ, չի կարող, անտեսելով չի հանդարտվում, չի ուզում բռնանալ նրան, իսկ նա որպես պատերազմող, վնասում է նրան, բայց նա որպես սիրելի հանդարտեցնում է նրան: Նա ատելությամբ հեռանում է նրանից, իսկ ինքը սիրով նորից գիրկն է առնում, թեև չարչարվում է նրանից, բայց խնայում է նրան, և հիվանդանալով՝ բժշկում է նրան, մերկանալով նրանից՝ հագցնում է նրան և սովամահ լինելով՝ կերակրում է նրան: Չգիտեմ, թե ինչ ողբաձայն երգեր երգեմ այս պատերազմի մասին, այս տնական պատերազմի մասին, որ հուզում է մեզ և խռովեցնում, և որ ախտավոր ցանկություններից է մեր մեջ առաջանում:

Իսկ արտաքին [պատերազմների մասին] ո՞վ կարող է ըստ արժանվույնս թվարկել, քանզի բազմազան են և տարաբնույթ թե՛ ցանկությունները և թե՛ պատերազմները, և ըստ բազմաթիվ ցանկությունների բազմաթիվ են նաև պատերազմները, ինչպես նաև կռիվները: Ուստի այլ է փառքի ցանկությունը, այլ՝ հարստության, այլ է կերակրի ցանկությունը, այլ՝ իշխանության, և նմանօրինակ այլ ցանկությունները, որոնք փոթորկի պես մեր մեջ են ընկնում և խռովքի մատնում մեր բնությանը, պատերազմներ և կռիվներ ծնում մեր մեջ՝ թե՛ ընտանիքներում և թե՛ օտարների մեջ: Արդ, երբ մեր ցանկալի բաները պակասում են, չենք կարողանում հանգստանալ և համբերել, ինչի պատճառով էլ կռիվներ ու պատերազմներ ենք առաջացնում:

Դրա համար էլ ասաց. այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մեղում ձեր անդամների մեջ: Հոգնակի է դնում ցանկությունը, որովհետև կարծում եմ, վերջինն է ուզում ցույց տալ, քանզի առաջին՝ վավաշոտ ցանկությունը, եզակի է, թեև տարբեր մարմինների ցանկությունից տագնապում է, և բազմաթիվ անգամներ բնությունից դուրս է կատարում:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

21.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․