Գրքեր

Հակոբոս 5.16

16. Խոստովա՛ն եղերուք միմեանց զմեղս, և աղօ՛թս արարէք ի վերայ միմեանց, որպէս զի բժշկեսջիք:

Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք:

Երբ խոսեց մարմնավոր ցավերը երեցների խնդրվածքների միջոցով բժշկելու մասին, միաժամանակ հայտնեց նաև այդ մեղքերի թողության միջոցով հոգու փրկության մասին: Ապա ուղղվելու համար մեկ այլ ճանապարհ էլ է ցույց տալիս՝ մեղքերի խոստովանություն, որ մայրն է բոլոր բարիքների, և նավահանգիստ բոլոր՝ մեղքերով նավաբեկվածների համար: Որ կորուսյալներին գտնողն է, և մոլորվածներին դարձի բերողը, որ սպեղանի է վիրավորների համար և քաղցր դեղ՝ հիվանդների, որ հույս է անհույսների համար և մխիթարող բոլոր վշտացածների, որ ձեռքում պատրաստ պահած զենք է մեղքի դեմ և բանսարկուին անխնա խոցող, որ օգնական է անօգնական ընկածների համար, և գավազան՝ գլորվածների համար, որ Աստծուն մարդկանց հետ հաշտեցնող է և մեղքերի պատերազմը դադարեցնող, որ սկզբից ամեն ինչին գերազանցեց և հասակակից է մարդկությանը:

Ուստի այնտեղ՝ աշխարհի սկզբում հաստատվեց սա, որովհետև, երբ պատվիրանազանցությունը պարդկային կյանք ներխուժեց և ի հայտ եկան մեղքերը, դրա հետ մեկտեղ երևաց նաև Աստծու մարդասիրությունը՝ Ադամին քաղցրությամբ կանչելով մեղքերի խոստովանության և ասելով. ո՞ւր ես: Մեղանչելուց հետո Աստված այդպես հարցնելով նրան ի՞նչ էր ցանկանում ցույց տալ ամենատես բնությունը, եթե ոչ նրան խոստովանության կանչել, որին չհնազանդվելով՝ դատապարտվեց: Քանզի ամեն տեղ մարդկանցից նա, ով ասաց իր մեղքերի մասին և խոստովանեց, քավություն գտավ, իսկ ով ոչ՝ դատապարտվեց:

Նայի՛ր Կայենին և Ղամեքին և նրանցից սովորի՛ր, թե ինչն է ճշմարիտ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն էլ մեկ մեղք գործեցին՝ սպանություն, և որ հատկապես Ղամեքինը սաստիկ էր և մեծ, քանզի կրկնվում էր և իր առջև օրինակ ուներ, իսկ Կայենինը՝ առաջինն էր և առանց օրինակի: Քանի որ Ղամեքը վախեցավ Աստծու դատաստանից (որովհետև Կայենին ուներ իր առջև), դատապարտեց իր անձը և ավելի մեծ դատապարտության տակ մտավ, քան Կայենը, և այդ պատճառով խոստովանեց իր կանանց և ասաց. «Ով կանայք, ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետև նա ինձ վիրավորել և հարվածել էր: Եթե սպանության համար Կայենից յոթ անգամ վրեժ է պահանջվում, ապա Ղամեքից՝ յոթանասունյոթ անգամ» (Ծննդ. 4:23-24): Այսպես ասելով և խոստովանելով գաղտնի գործած մեղքը՝ անցկացրեց իր վրայից Աստծու բարկությունը: Իսկ Կայենն այդպես չարեց, այլ կանչվեց խոստովանության, սակայն ըմբոստացավ և այդ պատճառով էլ դատապարտվեց, ոչ միայն չզղջալու համար, այլ առավել ևս՝ անպատկառության, քանզի Աստված քաղցրությամբ էր հարցնում, իսկ նա խստությամբ և անամոթաբար էր պատասխանում: Եվ այդ պատճառով էլ Տերն առավել ատեց անպատկառներին, քան հանցավորներին, քանզի մինչդեռ միայն հանցավոր էր, հարցնում էր նրան և խոստովանության կանչում, ու պատճառներ փնտրում մեղքերի թողություն տալու  և արդարացնելու համար, իսկ երբ անպատկառություն ցուցաբերեց՝ պատժեց, և չընդունեց նրա զղջումն ու խոստովանությունը:

Տեսնո՞ւմ ես խոստովանության օրինակը, թե որտեղից է սկզբնավորվել, և որքան զորություն ունի՝ մեղավորին արդարացնելու, և դատապարտելու նրան, ով իր ժամանակին սիրով չընդունեց այն: Նման ձևով նաև Աստված մարդկանց հորդորում է խոստովանության՝ ասել մեղքերի մասին և արդարանալ: Ասա՛ դու, ասում է, քո մեղքերի մասին, որպեսզի արդարանաս, և մեղքը, որ խոստովանում է, թեթևանում է, իսկ չխոստովանված մեղքն առավել ծանր է: Այս մասին նաև Դավիթն է ասում սաղմոսում. «Կխոստովանեմ մեղքերն իմ, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը» (Սղմ. 31:5): Եվ սրանով Աստված անսահման մարդասիրություն է ցուցաբերում, և մեր մեղքերի ծանրությունը, որ լեռների չափ են, թեթևացնել է ուզում խոստովանության միջոցով: Ուստի և բնության մեջ խոսքից առավել թեթև ի՞նչ կա. ժամանակի և ջանքի կարիք չի զգում ծնվելու համար, այլ չափազանց հեշտությամբ մտքից լեզվի վրա են ընկնում, և ճառում են, և սրտի գաղտնիքները հայտնապես պատմում է այնպես, ինչպես ցանկանում է:

Այսպիսի թեթև բան է խնդրում մեղքերի թողության համար, ասում է, ասա՛ քո մեղքերի մասին, և որևէ այլ ծանր բան չի պահանջում. ոչ սարեր կտրել-անցնել, կամ օտար աշխարհ գնալ, կամ ծովերի վրայով ընթանալ կամ երկինք թռչել, որը մեր բնության համար անհնար է: Ուստի, եթե նման բաներ սահմաներ մեղքերի թողության համար, ապա բոլորս անհույս կկորչեինք: Այլ ի՞նչ: Ասում է՝ ասա՛ և կարդարանաս: Այս մասին նաև Դավիթն ակնարկեց՝ թերևս Աստծուց ուսանելով, քանզի մեղքերը պատմելու և ամբարշտություններին և անօրինություններին թողություն տալու համար որևէ այլ բան չավելացրեց, որ աշխատանք և ջանք կպահանջեր, այլ Հոգու միջոցով մեզ հայտնեց, որ մեղքը, ինչ աստիճանի և ինչ չափի էլ լինի, խոստովանելով թողություն կգտնի, և հատկապես, որ խոստովանությունն ուղիղ մտքով լինի՝ ըստ իրադարձությունների բերման և ըստ մեղքերի տեսակի: Ոչ թե ինչ-որ պատճառներով և մարդկանց աչքին երևալու համար, և ոչ էլ կեղծավորաբար, այլ՝ ճշմարտությամբ սեփական անձն ամբաստանելով և ինչպես օտար մեկի դատապարտելով: Չամաչելով, եթե նույնիսկ գործը ամոթարար լինի, և ոչ էլ պատկառելով, ոչ այլոց դեմքով և ոչ էլ կցկտուր, այլ՝ մեղքի հանդեպ ատելությամբ, առավելագույնս պետք է ասել՝ ինչպես թշնամուն չարախոսելով: Մեղքերի մասին ասել և խորշել, և մեղքին հաղորդակից լինելուց հեռու փախչել և այնուհետև ամեն օր ջանալ ուղիղ վարքով ապրել, արդարև այսպիսի մեղքն է միայն խոստովանությամբ թողության արժանանում:

Նման ձևով նաև սա, տեսնելով խոստովանության բարիքները, հորդորում է՝ ասելով. ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք: Եվ տե՛ս, թե ինչ օրինակ է բերում. Ձեր մեղքերը միմյանց խոստովանե՛ք, ասում է, այլ ոչ թե հրապարակում և փողոցում, և ոչ էլ բազմաթիվ վկաների առաջ, այլ՝ միմյանց: Այսինքն՝ մի անկյունում, հեռու տեսնողներից և լսողներից, մեկ քահանայի առջև, ոչ թե անմիտ քահանայի, այլ շատ երկյուղած և իմաստուն, որ գիտե հմտորեն բժշկարար դեղ պատրաստել վերքերի համար, և գիտե բժշկել հոգու ցավերը: Իսկ միմյանց ասելով՝ խոստովանության համարձակություն է տալիս լսողներին: Մի՛ կարծիր, ասում է, թե պատվիրում եմ մեղքերդ հրեշտակին ասել, որի սրբության առջև դու այդքան մեղավոր լինելով վախենաս, թե մեղքերիդ համար կպատժվես նրա կողմից: Այլ ասում եմ, որ քեզ նման մեղավոր մարդու մոտ խոստովանես մեղքերդ, որ քեզ պես կարիքներ ունի, և կարող է իր տկարությամբ չափել նաև քոնը և մարդասիրությամբ ուղղել, քանզի ինքն էլ կարիք ունի Աստծու մարդասիրության, ուստի և քո հանդեպ ներողամիտ կգտնվի: Դրա համար է ասում. ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք:

Խոստովանությունից հետո քահանային հորդորում է աղոթել մեղավորի և զղջացողի վրա, որովհետև այնտեղի ամոթի մի մասն այստեղ քո առջև խոստովանությամբ է վճարում, և արժանի է կարեկցանքի: Եվ դու, ասում է, պարտավոր ես լալ լացողների հետ և սգակից լինել սգավորներին, ուստի և աղոթքով պարտավոր ես պարտքը հատուցել: Դրա համար էլ ասում է. միմյանց համար աղոթք արե՛ք որպեսզի բժշկվեք: Ոչ թե միայն մարմնավոր մեղքերից, այլև մեղքերի վերքերից, որ առավել է խոցում հոգին, քան ցանկացած մարմնի ցավ:

Քանզի յո՛յժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութիւն:

Քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է:

Այսպես է ասում, որպեսզի ոչ ոք չերկմտի, ինչպես որ մարդկային սովորությունն է թերահավատ գտնվել բարձրագույն և մեծ գործերի հանդեպ, ուստի և ասում է. միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք:

Եվ որպեսզի չասեն, թե ո՞վ գիտե, որ իրոք օգտակար են մարդկային տկարությամբ կատարված աղոթքները, և մեղքի մեջ ընկածը [կարո՞ղ է] ուրիշների մեղքերին բժշկություն տալ, ապա ավելացնում է. արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է: Թեև, ինչպես տեսնում ենք, մարդ են, և բնության կարիքների մեջ են, սակայն քանի որ քահանա են, և արդարներ ու Աստծու կողմից ընտրվածներ, ապա այդ պատճառով նրանց աղոթքներն ազդեցիկ են այսպիսի գործեր կատարելու համար: Եվ ոչ միայն ազդեցիկ, այլ՝ շատ ազդեցիկ: Այդ ասելով՝ ուսուցանում է, որ անհնարին ոչինչ չկա, քանզի այն ամենն, ինչ հավատով խնդրեն Աստծուց, իրապես կստանան: Եվ երբ սուրբ սրտով և անկեղծ հավատով աղոթք են մատուցում, շատ ազդեցիկ են՝ օգնելու յուրաքանչյուր հիվանդի. թե մեղքով հիվանդացածին, որն ավելի մեծ է, և թե մարմնավոր ցավերին:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

25.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․