Գրքեր

Հակոբոս 5.4-5

4. Ահաւասիկ վարձք մշակաց, որ գործեն զանձս ձեր՝ առ ձեզ են, զրկեալն ի ձէնջ աղաղակէ՛, և բողոք հնձողացն եհա՛ս յականջս Տեառն զօրութեանց:

Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին:

Հարուստների մասին խոսում է որպես վայրի գազանների, քանզի, ինչպես օրինակ, նրանք վայրենի վարք են ցուցաբերում՝ հոշոտելով և ուտելով, ընդ որում գիշակեր են և գազանային, այդպես էլ հարուստներն անգթություն են ցուցաբերում՝ զրկելով և հարստահարելով աղքատներին: Եվ նրանք, քանի որ տկար են զրկանքի դիմաց ամբարիշտներին հատուցելու, ապա միայն աղաղակում են Աստծուն՝ ասելով. «Տե՛ս, Տեր, և մի՛ լռիր, այլ մեր փոխարեն վրեժ լուծի՛ր այս անաստվածներից»: Եվ հոգոց հանելով ասում են, թե այրում են մեզ և վառում, ըստ մարգարեության. «Ամբարշտի ամբարտավանելուց տոչորվում է աղքատը» (Սղմ. 9:2), իսկ դու լսում ես, Տեր, և չես պատժում նրանց իրենց չարության համար: Եվ այս ձայնը շատ անգամներ շարժում է Աստծու վրեժխնդրությունը:

Դրա մասին նաև Աստված ինքն ասաց մարգարեի միջոցով. «Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար այժմ ես կելնեմ, ասում է Տերը» (Սղմ. 11:6): Քանզի Աստծուն բարկացնող առավել որևէ բան չկա, քան աղքատին զրկելն է, ու որբևայրուն անիրավության ենթարկելը: Այս մասին նաև Պողոսը հանդիմանական խոսք ասաց՝ փնովելով նրանց, ովքեր կողմ են զրկելուն. «Ինչո՞ւ ինքներդ զրկանք չեք կրում և առավել ևս ինքնրդ նեղություն չեք քաշում, այլ դուք եք զրկում և նեղում, այն էլ՝ նույնսիկ եղբայրներին: Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում» (Ա Կորնթ. 6:7-9): Տեսնո՞ւմ ես, զրկանքների և անիրավության փոխարեն արքայությունից է զրկում, քանզի եթե բազում քահանաներ Աստծու առջև աղոթքով և պաղատանքով իրենց ձեռքերը բարձրացնեն զրկողներից որևէ մեկի համար, բայց մի զրկված այրու աղաղակը և արտասուքը կարող է համարձակորեն Աստծու առաջ հասնել, իսկ նրանց աղոթքը մերժվել, այսինքն՝ անընդունելի համարվել: Քանզի անհնար է, որ զրկողը ողորմություն գտնի Աստծուց, եթե զրկածը զրկվածին չվերադարձնի, եթե ողորմություն չանի այդ զրկած իրից և ուխտով Աստծուն չընծայի, ապա ընդունելի չի լինի, և Աստված չի հաշտվի նրա հետ, քանզի չի հաշտվի Հայր Աստվածը Որդու արյամբ:

Նույնը ցույց տվեց նաև Տերը՝ մտնելով Զաքեոսի տուն, չգովաբանեց նրան, երբ նա ասաց՝ ունեցվածքիս կեսն աղքատներին եմ տալիս, քանզի զրկելով էր այն կուտակել: Իսկ երբ ասաց՝ ում զրկել եմ քառապատիկով կհատուցեմ, այդ ժամանակ միայն ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է» (Ղուկ. 19:9): Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի օրինակով օրենք դրեց զրկողների համար՝ դրանց միավորել գործը և հետո փրկության արժանանալ, և եթե որևէ մեկն այդպես չանի, ապա այդպիսի մարդը թող հույս չունենա Աստծուց որևէ բան ստանալու:

Եվ հնձվորների բողոքը, ասում է, հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Հերթով խոսում է հարուստների բազմաթիվ չարությունների մասին՝ մե՛կ ցույց տալով նրանց ագահության և արծաթասիրության կերպարանքը, մե՛կ աղքատներին զրկելու եղանակները՝ նրանց իրենց ունեցվածքից մերկ և զուրկ թողնելը, և ցույց է տալիս անվարձ ու սոված ծառայեցնելը: Դրա համար էլ ասում է. հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Այս խոսքով փնովում է հարուստների և իշխանների սովորությունը, քանզի իրենց ձեռքի տակ եղողների հանդեպ իրավունք են վերապահում բռնությամբ հնձել տալ իրենց արտերը տոթին և փոշու մեջ՝ ոչ կերակուր տալով նրանց և ոչ էլ ըմպելիք: Եվ նրանք ամբողջ օրը աշխատելով և տառապելով, սոված ու ծարավ, տարակուսած մտքով և զայրացած սրտով Աստծուն են բողոքում: Եվ նրանց սրտերի հեծությունը և մտքերի մռունչը արծվի պես սլանալով երկրից երկիքն՝ հասնում են զորությունների Տիրոջ ականջին: Քանզի Տերը ոչ միայն լսում է սրտի հեծությունը, ինչպես Մովսեսինը (տե՛ս Ելք 32:11-14), և լուռ շուրթերի [աղոթքը], ինչպես Աննայինը (տե՛ս Ա. Թագ. 1:13), այլ լսում է նաև երկրի վրա թափված արդարի արյան աղաղակը:

Նման ձևով նաև այստեղ բողոք է անվանում սրտի կսկիծը և մարմնի տառապանքը: Այդ պատճառով էլ ասում է. հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Ականջ ասելով նկատի ունի խոնարհելը, քանզի Սուրբ Գրքում ընդունված է այսպես խոսել Աստծու մասին՝ ասելով. Աստծու աչքը, ականջը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, և անգո Աստծուն գոյություն տալ՝ ըստ մեր նմանության: Եվ քանի որ մենք ընդունակ չենք Աստծու մասին բարձրագույն ճառեր լսելու, այդ պատճառով էլ մեր իմացած օրինակն է մեր առջև դնում: Ուստի մենք խոսում ենք, տեսնում, լսում, գործում և քայլում, նման կերպ էլ պատկերացնում ենք աստվածային ներգործությունը, որն ամբողջովին անճառելի է խոսքերով, և հասանելի չէ մտքին: Այդ պատճառով էլ մարգարեական պատգամները, որոնք մեզ են ուղղված, Աստծու բերան են կոչում, ընդ որում ասվում է, որ Ամենակալ Տիրոջ բերանն ասաց այդ: Իսկ քաղցրությունը՝ աչք, և մեր աղոթքներն ընդունողն ու հառաչանքները լսողը՝ ականջ, իսկ մեղքերի համար պատժողը՝ ձեռք, և լավագույնից չարիքի փոխվելը, իսկ չարիքից՝ լավագույնի՝ ընթացք (այսինքն՝ խնամելուց անցումը դեպի պատիժ, որը չար ենք կոչում և պատժից՝ խնամելուն), և վրեժխնդրությունը՝ սիրտ, ու նմանատիպ բազում այլ բաներ:

Այդ պատճառով էլ այստեղ ասում է. հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Այս ասելով ցանկանում է վախեցնել հարուստներին, որպեսզի բոլոր աղքատներին անխտիր տկար չհամարեն և ուստի և չարչարեն, քանզի նրանց վրեժխնդիրը և այցելուն Ամենակարող է, և բավական է նրա ձեռքը, որպեսզի ձեր չարիքների փոխարեն չարիքով հատուցի, և փրկի նրանց ու ապրեցնի:

5. Փափկեցայք ի վերայ երկրի, և զբօսա՛յք:

Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք:

Ուրիշներին զրկելով և նրանց աշխատանքով ձեզ համար հարստություն կուտակեցիք՝ որպես ձեր փափկության պատճառ, և աղքատների արտասուքն ու հառաչանքը, ասում է, ձեզ համար ուրախության առիթ էր: Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա, ասում է, և շվայտացաք:  Փափկություն ասելով նկատի ունի կյանքի հեշտությունը. առատ սեղանները, լի խմիչքները և տարատեսակ խորտիկները, որովհետև թմբուկներով և պարերով գինի էին խմում, երգեցիկ թռչուններին և գեղեցիկ կանանց իրենց մոտ կանգնեցնում: Այսպիսի խրախճանքները և զվարճությունները փափկություն կոչեց: Եվ իրավ է ասում. մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա, քանզի հարուստները սրանից հետո մխիթարության և հանգստյան հույս չունեն, այլ անասունի պես մարմնավոր կենցաղը նրանց համար հանգիստ, մխիթարություն և փափկություն համարվեց, իսկ մահվանից հետո՝ ցավ, տրտմություն և արտասուք:

Արդ, սրանց դատաստանի մասին Տերն անձամբ հայտնեց՝ ասելով. «Վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք» (Ղուկ. 6:24): Տեսնո՞ւմ ես դատապարտության անսխալ դատավճիռը, թե ինչպես անհույս թողեց նրանց փրկությունից:

Սնուցէք զսիրտ ձեր՝ իբրև աւուր սպանման:

Ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար:

Հերթով բոլորին հայտնում է հարուստների անխուսափելի կործանման մասին՝ ասելով. ձեր սրտերը պարարտացրեք մորթվելու օրվա համար: Կարծում եմ, թե այստեղ պարարտացրեք ասելով նկատի ունի սովորեցրեք, այսինքն՝ այստեղ սովորեցրեք ձեր սրտերին անողորմ լինել՝ աղքատներին զրկելու և տառապանք պատճառելու համար: Իսկ մորթվելու օրվա համար ասելով նկատի ունի այն, որ, ինչպես, օրինակ, երբ մեկը թշնամուն բռնում է, չի խնայում նրան և ոչ էլ ողորմում է, այլ հաճույքով սպանում է, և դրանով ուրախանում և զվարճանում: Այդպես էլ, ասում է, դուք ձեր սրտերը սովորեցրել եք զրկել աղքատին, տառապանք պատճառել այրի կնոջը և նեղել որբին, և չեք զղջում, չեք ողորմում ձեր ազգակիցներին և ոչ էլ գթություն եք ցուցաբերում բնության կարիքների հանդեպ, այլ՝ թշնամի եք համարում նրանց և այդպես զրկում ու սպանում եք:

Եվ կամ նորից, սրտերը պարարտացնելը նշանակում է նրանց փափուկ կյանքը և զվարճությունները, քանզի զվարթ սիրտ ունեցողների երեսն ուրախ է: Արդ, ինչպես, օրինակ, եթե կենդանիներից մեկին պատրաստվում են մորթել, օրինակ՝ խոզին, զվարակին կամ որևէ այլ կենդանու, ապա պարարտացնում են նրան և հատուկ պահում մորթելու օրվա համար: Այդպես էլ, ասում է, և դուք ձեր սրտերը պարարտացրեք, այսինքն՝ գիրացրեք ձեր մարմինները՝ պահելով ձեր իրական մորթվելու օրվա՝ Քրիստոսի արդար դատաստանի օրվան՝ աստվածային բարկության սրի միջոցով, որ կտրում անցնում է մինչև  ոգու և հոգու, հոդերի ողնուծուծի բաժանման սահմանը և քննում է սրտի խորհուրդները (տե՛ս Եբր. 4:12):

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

28.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․