Գրքեր

Համայնքի այցը Արցախի սահմանամերձ դպրոց

«Աստծո գոյությունն ընդունողը պետք է ընդունի նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությունների՝ ազգի, հայրենիքի, պետության»,- ասել է Հայոց առաջնագույն մեծերի շարքը դասվող Գարեգին Նժդեհը, որի համար մեծ մտահոգություն էր հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Բոլոր ժամանակների հայ ժողովրդի հավերժական սպարապետը՝ Նժդեհը, ասել է, որ լավ հայ լինելու համար, նախ պետք է լավ մարդ լինել, իսկ գերագույն երջանկությանը հասնելու համար՝ հարկավոր է նախ ուրիշին եջանկացնել: Հայրենիքի հանդեպ սուրբ պարտականության բարձր գիտակցումով՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը կյանքի կոչեց հերթական սոցիալական ծրագիրը: Հոկտեմբերի 19-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Արցախի թեմի փոխառաջնորդ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանի առաջարկով, ուղևորվեց Արցախ աշխարհ՝ այցելելու Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սահմանամերձ գյուղի հարյուր հիսունվեց աշակերտ ունեցող դպրոցին նվիրաբերեց կրթօջախին անհրաժեշտ պատճենահանման սարք և եռոտանի էկրանով պրոյեկտոր (400 000 դրամ արժողությամբ), ինչը կարևոր նշանակություն էր ունենալու ուսումնական պրոցեսներում որոշակի խնդիրների լուծման հարցում: Պատանի դպրոցականները հաճելի անակնկալ էին պատրաստել հյուրերի համար. նրանք նախ ներկայացան իրենց կերպարվեստի աշխատանքներով, ապա՝ հայրենասիրական գեղեցիկ կատարումներով՝ երգ ու պարով: Հայր Սահակը և դպրոցի տնօրինությունը շնորհակալություն հայտնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին, որ իրենց այցով ոգևորեցին և ուրախություն պարգևեցին սահմանամերձ գյուղի դպրոցին և համայնքին:

«Դեպի Իշխանաձոր տանող երկար ճանապարհն անցնելով՝ եկանք ու տեսանք այս փոքրիկների աչքերում երազելու, ապրելու, շենացնելու անսահման ցանկություն, Արցախի հեռավոր սրտում ծվարած այս փոքր, բայց և հզոր համայնքում տեսանք նաև հայի անկոտրում ոգին, ուժը, որի շունչը զգացինք նաև այս երեխաների պարի ժամանակ, նրանց ոտքերի հաստատուն դոփյունի ներքո, ինչը ստիպեց մեկ անգամ ևս արժևորել ազգին ու եկեղեցուն նվիրաբերվող ծառայության կարևորությունը»,- ասաց Տեր Գրիգորը և շնորհակալություն հայտնեց Հայր Սուրբին, դպրոցի տնօրինությանը և երեխաներին՝ հետաքրքիր միջոցառման համար:

Համայնքի այցը Արցախի սահմանամերձ գյուղի դպրոց նպատակ ուներ քաջալերու Հայոց սահմանը յուրովի պահպանող հայորդիներին, նպատակ ուներ առավել ամրացնելու նրանց կամքը, ոգին և տոկունությունը:

 

Կարինե Սուգիկյան

19.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․