Գրքեր

Համբարձման տոնը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում

Քրիստոնեության արշալույսից առ այսօր եկեղեցիների սուրբ խորաններից, ի լուր աշխարհի, ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Ավետիս, որ ըստ մարգարեների և առաքյալների` կատարյալ փրկություն է ավետում: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Համբարձումը տոնախմբեց մայիսի 25-ին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը քարոզին մասնավորաբար ասաց. «Համբարձման մասին մենք ողջ տարին հիշում ենք Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում: Յուրաքանչյուր անգամ կրկնում ենք հետևյալ բառերը. «Համբարձե՛ք, իշխա՛նք, զդրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից, և մտցէ Թագաւոր փառաց» (Վե՛ր բարձրացրեք, իշխաննե՛ր, ձեր դռները, թող բարձրացվեն հավիտենության դռները, և մտնի Փառքի Թագավորը): «Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» (Ո՞վ է այս Փառքի Թագավորը, Հզոր Տերն Իր զորությամբ, պատերազմում՝ զորեղ Տերը): Այս խոսքերը Դավթի 23-րդ սաղմոսից են, ուղղված են հրեշտակներին և ազդարարում են Տիրոջ համբարձումը դեպի երկինք, սակայն ամեն վերաբերության ժամանակ մենք կրկնում և բարձրաձայնում ենք դրանք, քանի որ մենք էլ մեր սրտերը պիտի բացենք Քրիստոսի առջև, որպեսզի գա և բազմի Փառքի Թագավորը մեր սրտերում և հոգիներում»:

Քարոզխոսությանը հաջորդեց Հայրապետական մաղթանքը, քանի որ ամեն տարի Համբարձման տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ազգային կոլորիտով զարդարուն բակում, «Անուշ» օպերայի նախերգանքի ներքո կրկին անգամ ազդարարվեց Սուրբ Համբարձման ավետիսը՝ հրավիրելով բոլորին ներկա գտնվելու օրվա տոնախմբությանը: Հանդիսատեսը կրկին վերապրեց Համբարձման ավետարանական պատմությունը, որի լրումը հանդիսացան Տիրոջ հաղթական խոսքերը՝ «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16:33) և «Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:20)»:

«Այժմ եկեք տոնախմբենք, երգենք, պարենք, վիճակ հանենք, ծաղիկներից փնջեր կապենք, այս սուրբ օրվա գովքն անենք»,- այս խոսքերով ազդարարվեց միջոցառման երկրորդ մասը՝ Համբարձման ժողովրդական տոնախմբությունը: ժողովուրդը Համբարձման տոնը անվանել է Վիճակի օր, ինչը կապված է Քրիստոսի համբարձվելուց հետո առաքյալների կողմից Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ (Գործք Առաքելոց 1:26):

Հնչեց վիճակահանության ժողովրդական երգերից «Ջանգյուլում»-ը, մի խումբ աղջիկներ վիճակի սափորով, յոթ աղբյուրից ջուր լցրած կժերով, վիճակի զամբյուղներով, ծաղկաթերթերի թասով, Ծաղկամեր խաչով, Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն երգելով, մոտեցան ժողովրդին և սափորի մեջ վիճակ հավաքեցին:

«Անուշ հոտով, անուշ խոսքով, վիճակ հանենք համ ու հոտով».- սկսվեց վիճակ հանելու գեղեցիկ սովորույթը, որի ընթացքում հնչում էր այն հորդորը, թե Տիրոջ խոսքով թե առաջնորդվենք, կյանքում միշտ էլ մենք կօրհնվենք:

Համբարձման տոնախմբությունը շարունակվեց ավանդական երգ ու պարով: Սովորաբար, ըստ սովորույթի, որոշ գավառներում տղաները ջանգյուլումի ժամանակ` տոնական խնջույքի, երգ ու պարի թեժ պահին, իրենց ուժն էին ցուցադրում խաղ-մրցույթներով՝ կոխ էին բռնում, ձի հեծնում, պարան ձգում և այլ ուժաչափ խաղեր էին խաղում: Այս սովորույթը ևս չխախտվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնախմբության ժամանակ:

«Ու պարից հետո լեն հրապարակ բաց արին էնտեղ, արձակ գլխատան, զուռնաչին փչեց կոխի եղանակ, ահել ու ջահել իրարով անցան». զուռնայի երաժշտության ներքո կոխ բռնեցին տղաները՝ հանդիսատեսի ուշադրությունը հրավիրելով դեպի իրենց:

Քանի որ Համբարձման տոնը հայտնի է նաև «Կաթնապրի օր» անունով և կաթնապուր եփելը պարտադիր էր, ուստի, սովորույթի համաձայն, ներկաներին բաժանվեց կաթնապուր: Ապա տոնական սեղանը զարդարվեց տիկնանց միության կողմից պատրաստված տոնական տորթով, համայնքի անդամների կողմից բերված անուշեղեններով: Տիկնանց միության անդամները ներկաներին նվիրեցին ծաղկեփնջերով փոքրիկ զամբյուղներ, որոնց մեջ դրված «Երկու լումա» հղումը հիշեցնում էր յուրաքանչյուրին իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալ եկեղեցու կողմից կազմակերպված ձեռնարկներին:

Սուրբ Համբարձման խորախորհուրդ և ուրախ տոնախմբությունը կայացավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության նախանձախնդիր ջանքերի շնորհիվ: Իսկ ավետարանական պատմության բեմադրությանն ու ժողովրդական տոնախմբությանը մեծ սիրով իրենց մասնակցությունն էին բերել Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 և Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցների աշակերտները:

Եկեղեցու հայրերն ասում են, որ այս օրը հրաշալի է ու պատվարժան, որովհետև մեր բնությունը, միավորվելով Աստծո խոսքին, անզուգական փառքով ելնում է ավելի վեր, քան բոլոր իշխանություններն ու պետությունները, և մեզ էլ նույնն է խոստանում՝ ըստ խոսքի. «Ուր Ես եմ,այնտեղ էլ կլինի Իմ ծառան» (Հովհաննես 12:26):

 

Կարինե Սուգիկյան

25.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․