Գրքեր

Համբարձում

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Մեծագույն ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ամենքիս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկնաբույր Համբարձման տոնի առթիվ և որպես ավետիս՝ շտապում եմ կրկնել Տիրոջ քաջալերող խոսքերը, որ Իր հոտին ուղղեց այդ մեծասքանչ իրադարձությունից անմիջապես առաջ. «….Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20):

Մարդացյալ Աստծու մասին խոսելիս՝ հաճախ Նրան կոչում ենք «հարուցյալ և համբարձյալ Տեր» և այս քարոզը պատրաստելիս, երբ մտորում էի այս տոնի խորհրդի մասին, ինձ համար արձանագրեցի, որ «հարուցյալ» ասելիս մեծ ոգևորություն և ուրախություն ենք զգում, ինչը բնական է, քանի որ այդ պահին գիտակցում ենք, որ կենդանի Աստծու, մահվանը հաղթանակած Աստծու հետևորդներն ենք: Սակայն Համբարձման տոնի խորհուրդն ասես այդքան էլ լիարժեքորեն չենք բացահայտել մեզ համար, ուստի և «համբարձյալ Աստված» ասելիս նույնպիսի ոգևորություն չենք ապրում, ինչպիսին Հարության դեպքում է: Եվ այսօր, Տիրոջ ողորմածությամբ, ուզում եմ, որպեսզի միասին քայլենք դեպի տերունական տոների լրումը համարվող Համբարձման տոնի խորհուրդն ու ընկալելով՝ այն նույնպես որպես հոգևոր մեծ ու անմար մի ջահ վերցնենք մեզ հետ՝ մեր փրկության ճանապարհը լուսավորելու:

Աստվածորդու երկրային կյանքի երեսուներեք տարին անցան հստակ ու մեզ համար անչափ կարևոր փուլերով. Ծնունդը եղավ դրանցից առաջինը, երբ Երկինքը բաց արեց իր գիրկը՝ մարդացյալ Փրկչին երկիր առաքելու համար, որին հաջորդեց Մկրտությունն ու Աստվածհայտնությունը, այնուհետև հասավ Խաչելության ժամանակը, որին էլ հետևեց Հարությունը, դե իսկ քառասուն օր անց Երկինքը կրկին բաց արեց իր թևերը, որպեսզի Փրկչի Համբարձմամբ լիարժեք դառնա մեզնից յուրաքանչյուրի փրկության աստվածային ծրագիրը: Տեր Հիսուս Քրիստոս Հոր ծոցից երկիր իջավ ու խաչը բարձրացավ՝ ժողովելով ու խաչին գամելով մարդկային բոլոր մեղքերը: Քրիստոսի սրբասուրբ մարմնի մեջ մխրճված վերջին գամի խուլ զնգոցի պահին տիեզերքում թնդաց մեկ այլ զնգոց. արարածին գերած մեղքի կապանքների խորտակման զնգոցն էր դա, ազատության թնդյունը, որ հնչեց Քրիստոսի խաչելության պահին և հավերժացավ գալիք բոլոր սերունդների պատմության մեջ: Երեք օր անց տեղի ունեցավ հրաշափառ Հարությունը, որը լիակատար հաղթանակ էր մահվան նկատմամբ և Տիրոջ խոստումն առ այն, որ ինչպես Ինքը մարմնով հարություն առավ, այնպես էլ մենք ենք մարմնով հարություն առնելու Նրա փառավոր երկրորդ գալստյան ժամանակ: Այս ամենը գիտենք, հավատում ենք և պարզ է մեզ, սակայն ի՞նչ խորհուրդ ունի Տիրոջ համբարձումը, և ի՞նչ է այն նշանակում մեզ համար:

Համբարձման դրվագը Ղուկասի ավետարանում հետևյալ կերպ է նկարագրվում. «Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադաձան Երուսաղէմ: Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (24:50-53): Եթե մենք էլ մի պահ հայտնվենք առաքյալների կողքին, սիրելի՛ հավատացյալներ, և հոգու հայացքով հետևենք դեպ երկնքի անհունները բարձրացող Քրիստոսին, ապա կտեսնենք, որ Հոր ծոցը՝ Վերին Երուսաղեմ, Երկնքի Արքայություն է վերադառնում մարմնացյալ Աստված, որ հարությունից հետո քառասուն օրերի ընթացքում բազմիցս երևաց աշակերտներին, կերավ ու խմեց նրանց հետ՝ ցույց տալով, որ մարմնով է հարություն առել և այժմ էլ Իր գահին է վերադառնում խաչելության գամերի վերքերը կրող այդ մարմնով: Սա մեզ համար մեծագույն ուրախություն ու մխիթարություն է, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, սքանչելի ավետիս է, քանի որ Բարձրյալն Աստված չխորշեց մարդկային բնությունից, չհրաժարվեց դրանից, այլ հենց դրանով բարձրացավ Երկինք: Եվ երբ ասում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս մարդու առջև հավիտյանս բաց արեց դրախտի դարպասները, պիտի հասկանանք, որ դա հնարավոր եղավ միայն այն ժամանակ, երբ մարդացյալ Աստված Իր մարդկային մարմնով համբարձվելով՝ Իր հետ տարավ նաև մարդկությանը և նստեց Հոր աջ կողմը (Մրկ. 16:19):

Սա մարդկային տկար միտքը ցնցող մի գիտակցություն է, սիրելինե՛ր, և, իհարկե, մեծ ուրախություն՝ հավիտանական կյանքի հույսն ունեցող յուրաքանչյուր հավատացյալի համար: Հիշե՛ք, թե որքան ուրախ էին առաքյալները համբարձումից հետո: Ինչպիսի՜ ոգևորությամբ վերադարձան Երուսաղեմ և ինչպես էին գոհանում Աստծուց: Նրանք բաժանվել էին սիրելի Վարդապետից, սակայն ուրախ էին: Ինչո՞ւ: Որովհետև այժմ՝ տեսնելով Նրա փառավոր համբարձումը, վերջնականապես համոզվել էին, որ Ճշմարիտ Աստծուն էին աշակերտել: Նաև հասկացել էին, որ Տիրոջ՝ Երկինք համբառնալով ոչ թե ավարտվել էր պատմությունը, այլ նոր էր սկսվում: «Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ: ….եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ. 14:1-4), «….լավ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետև, եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16:7), և ի վերջո՝ «ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: Սքանչելի ու մխիթարող, ոգևորիչ ու գոտեպնդող ինչպիսի՜ խոսքեր բոլոր նրանց համար, որոնց հույսն ու ապավենն Աստված է: Տերունական այս սքանչելի խոսքերը պիտի մեր անբաժան ուղեկիցները լինեն այս ժամանակավոր կյանքում, սիրելինե՛ր: Եվ հատկապես պիտի մխիթարեն մեզ դժվարության ու նեղության պահերին, որոնք անխուսափելի են փրկության ճանապարհին: Դրանք հատկապես անհրաժեշտ են համավարակի այս դժվարին ժամանակներում, երբ խավարի իշխանն ու ստի հայրը, առիթից օգտվելով, գործի է դրել հնարավոր ու անհնարին լծակները՝ մարդկանց մոլորեցնելու, հոգևոր հավասարակշռությունից ու խաղաղությունից զրկելու և ահ ու սարսափի մեջ պահելու համար: Եվ եթե թեկուզ փոքր-ինչ թուլացնենք մեր հոգևոր զգոնությունը, մեր կենդանի կապն Ամենակալի հետ, ապա շատ դյուրությամբ ինքներս կարող ենք հայտնվել չարի ծուղակում:

Երբ մտածում էի սրա մասին, հիշեցի մեր եկեղեցու հավատացյալներից մեկի պատմությունը, երբ նա տասներկու տարեկան հասակում հայտնվել էր հայտնի աղանդներից մեկի ծուղակում: Արտաքնապես կարծես ամեն ինչ լավ էր ընթանում. հարազատ ու ծանոթ մարդիկ էին շրջապատում նրան, բարեհամբույր էին նրա հետ, միասին հաճելի երգեր էին երգում, պատկերազարդ ամսագրեր ու գրքեր կարդում: Սակայն այս աղանդի գլխավոր ուսուցումներից մեկը, այն է՝ թե այժմ Աստված իշխանությունը հանձնել է չարի ձեռքը, ողջ աշխարհը սատանայի տիրապետության տակ է, և աղանդի հետևորդներն իրենք պետք է պայքարեն թշնամու դեմ, հանգիստ չէր տալիս այս մատաղ հոգուն: Չնայած իր հոգևոր անփորձությանն ու անգիտությանը, նա չէր կարողանում ընդունել այն միտքը, որ Արարիչ Աստված կարող է Իր զավակներին լքել ու միայնակ թողնել ոսոխին դեմ հանդիման, իսկ Ինքը միայն չեզոք դիտորդի դեր զբաղեցնել: Այս միտքն իսկական խռովություն էր բարձրացրել նրա մատաղ հոգում և պատճառ դարձել, որպեսզի նա մեկընդմիշտ մերժի աղանդն ու դուրս գա դրա շարքերից:

Փա՜ռք Տիրոջն արարածի հանդեպ Իր անսահման գթության ու հարատև հոգատարության համար: Այս օրինակը հիշեցի այսօր, քանի որ կարծում եմ, որ տասներկուամյա երեխայի հոգու համեմատաբար մաքրությունն ու խաղաղությունն էր պատճառը, որ նա կարողացավ լսել իր հոգում հնչող աստվածային ճշմարտության ձայնը ու դուրս գալ այդ կործանարար մոլորությունից: Եկեղեցու հայրերն ասում են, որ երկինք համբարձվող Քրիստոս հենց Ինքն էր Երկինքը, այսինքն՝ այն սրբությունը, այն բարձրագույն վեհությունը, որին կոչված ենք ամենքս: Եվ այդ է պատճառը, որ Եկեղեցին անդադար մեզ կոչ է անում մեղքերից ազատագրվելու, սրբության ձգտելու, քանի որ իր հոգում Երկինք ունեցողն է Երկինք բարձրանում, իսկ դժոխային հատկություններով՝ մեղքերով ու կրքերով ծանրացած հոգին, բնականաբար, դեպի վար՝ դժոխք է ընթանում: Աստված Եղիա մարգարեին հայտնվեց մեղմիկ քամու ձայնով, և եթե մենք էլ ենք կամենում լսել այդ սուրբ ու նվիրական ձայնը, ապա պետք է թշնամական աղմուկից զերծ հոգևոր ունկեր ունենանք, պետք է գոնե ժամանակ առ ժամանակ լռեցնենք մեր միտքը, և սովորենք տարբերել անանց ուրախություն ու ճշմարիտ խաղաղություն պարգևող Փրկչի ձայնը ատելություն, խուճապ ու վախ սերմանող բանսարկուի ձայնից: Անդադար չարի դեպ կռիվ մղելու, աղտեղի ու սարսափեցնող մտքերը հուսահատորեն մեզնից հեռու վանելու փոխարեն, աղոթքի մեջ հարատևելով՝ հարուցյալ ու համբարձյալ Քրիստոսի լուսավոր պատկե՛րը վառ պահենք մեր հոգում, սիրելի՛ հավատացյալներ: Չարի դեմ պայքարենք բարո՛ւն ծառայելով: Խավարը ցրենք Ավետարանի՛ լույսով՝ հավատարիմ մնալով նրա ծառայությանը: Առաջադիմե՛նք առաքինությունների մեջ և մեղքերն իրենք կնահանջեն մեզանից, մանավանդ որ ամեն ինչ ունենք Տիրոջից տրված՝ դրանում հաջողելու համար:

Զորացե՛ք Փրկչով, սիրելինե՛ր, Նրան միավորվելով սուրբ Հաղորդության միջոցով: Զորացե՛ք Նրա հետ երկխոսությամբ, երբ Սուրբ Գրքի և սրբերի շուրթերով Ամենակալ Աստված է խոսում ձեզ հետ, և աղոթքով, երբ դուք եք Նրա հետ խոսում: Զորացե՛ք Եկեղեցով՝ անխախտ պահելով ձեր հավատն ու գործելով հանուն Մայր Եկեղեցու շինության ու բարօրության: Միմյանցո՛վ զորացեք՝սիրելով ու հոգ տանելով իրարու: Թող որ համբարձվող Տիրոջ օրհնություններն առաքյալների միջոցով այսօր հասնեն նաև ձեզ՝ մերօրյա աշակերտներիդ և միշտ հիշեցնեն, որ ինչ էլ պատահի՝ մենակ չենք, այլ Տերը մեզ հետ է մինչև աշխարհի վախճանը. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

21.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․