Գրքեր

Հանապազօրյա հացը

Մի անգամ տանջված դեմքով մի խեղճ կին մտավ մթերային խանութ և նպարավաճառին խնդրեց մի քիչ մթերք տալ իրեն, որպեսզի ճաշ պատրաստի իր երեխաների համար: Նա հարցրեց կնոջը, թե որքան գումար ունի: Կինը պատասխանեց.

- Ամուսինս պատերազմի ժամանակ է զոհվել, և ես ոչինչ չունեմ՝ փոքրիկ աղոթքից բացի:

Առևտրականը խոստովանեց, որ այն օրերին ինքն այնքան էլ սենտիմենտալ չէր և կարծում էր, որ նպարեղենի խանութը կարիքավորներին անվճար հաց բաժանելու տեղ չէ: Նա անփութորեն պատասխանեց կնոջը.

- Գրեք այն թղթի վրա,- և կրկին իր գործին անցավ:

Ի զարմանս իրեն, կինը գրպանից թղթի մի կտոր հանեց և մեկնեց նպարավաճառին՝ ասելով.

- Ես դա գիշերն եմ արել, երբ հիվանդ երեխայիս էի խնամում:

Չհասցնելով անակնկալից ուշքի գալ՝ նպարավաճառը վերցերեց թղթի կտորն ու նույն պահին էլ ափսոսաց, քանի որ չգիտեր, թե այժմ ինչպես պետք է վարվի և ինչ պատասխանի: Հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում: Առանց աղոթքը կարդալու, նա թղթի կտորը կշեռքին դրեց և ասաց.

- Տեսնենք, թե այն որքան արժե:

Ի զարմանս իրեն, երբ կշեռքի մյուս նժարին մի հաց դրեց, կշեռքի սլաքը տեղից նույնիսկ չշարժվեց: Նա ավելի շփոթվեց, երբ սլաքը շարունակեց տեղում մնալ, չնայած որ ինքը մթերքները արագ-արագ ավելացնում էր կշեռքի վրա, քանի որ մյուս գնորդներն իրեն էին նայում: Նա փորձեց կոպիտ լինել, սակայն ոչինչ չստացվեց: Դրանից կարմրեց և ավելի զայրացավ: Ի վերջո քրթմնջաց.

- Վերջ, կշեռքն ավելին չի տանի: Ահա՛ տոպրակը, ինքներդ տեղավորեք այդ ամենը, ես զբաղված եմ:

Կամացուկ հեկեկոցով կինը վերցրեց տոպրակն ու սկսեց ուտելիքը տեղավորել՝ թևքով սրբելով արցունքները: Նպարավաճառը փորձում էր չնայել նրա կողմը, բայց աչքի պոչով նկատեց, որ բավականին մեծ տոպրակ է տվել, ուստի դեռ մի փոքր ազատ տեղ էր մնում դրանում: Նա, առանց մի բառ ասելու, մի գլուխ պանիր բերեց ու նետեց վաճառասեղանի վրա: Նա չտեսավ այն երկչոտ երախտագիտական ժպիտը, որ փայլեց կնոջ թաց աչքերում՝ ի պատասխան նպարավաճառի բարության, որը հերքեց նրա ժլատության մասին առաջին խաբուսիկ տպավորությունը: Երբ կինը հեռացավ, նպարավաճառը, ծոծրակը քորելով, մոտեցավ կշեռքին: Որոշ ժամանակ անց հասկացավ, թե այդ ինչ հանելուկ էր: Կշեռքը փչացել էր: Տարիներ անց նպարավաճառը հաճախ էր հիշում այս դեպքը և դեռ բազմաթիվ հարցականներ էին մնացել նրա հոգում: Ինչո՞ւ էր այն կնոջ աղոթքն արդեն գրված ու պատրաստ, որպեսզի բավարարի իր անսպասելի պահանջը: Ինչո՞ւ այդ խեղճ կինը եկավ հենց այն ժամանակ, երբ կշեռքը փչացել էր: Ի՞նչն իրեն այդքան շփոթեցրեց, որ նույնիսկ չնկատեց կշեռքի անսարքությունը և շարունակեց մթերքներ ավելացնել նժարի վրա, երբ մյուս կողմում ընդամենը թղթի կտոր էր դրված: Նպարավաճառն այլևս չտեսավ այն կնոջը, և նախկինում էլ չէր տեսել, սակայն վստահ էր, որ այն դեպքն իր երևակայության արդյունքը չէր, քանի որ դեռ պահպանում էր թղթի այն կտորը, որի վրա կնոջ աղոթքն էր գրված. «Խնդրում եմ, Տե՛ր, տուր մեզ մեր հանապազօրյա հացը»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

03.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․